Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/32

Այս էջը սրբագրված է

մոտ, Նորսիբիրական կղզիների և Վրանգելի կղզու միջև: Հյուսիսային սահմանն անցնում է մոտավորապես 200 մ իզոբարով: Տարածվում է մայրցամաքային ծանծաղուտի ծայրեզրով: Մակերեսը 936 հզ․ կմ² է, միջին խորությունը՝ 45 մ, առավելագույնը՝155 մ: Ջրի ծավալը՝ 42 հզ․ կմ³: Ափագիծը թույլ է կտրտված: Առաջացնում է Չաունյան խորշը և Կոլիմայի ծոցը: Արևելա–Սիբիրական ծովում են գտնվում Նորսիբիրական կղզիների մի մասը, Արջի կղզիները, Այոն, Շալաուրով կղզիները և այլն: Արևելա–Սիբիրական ծով են թափվում Կոլիմա, Ալազեյա, Ինղիգիրկա և ուրիշ գետեր: Կլիման արկտիկական է: Ձմռանը ամբողջ ծովը սառցակալում է, ամռանը արևմտյան մասն առափնյա գոտում (երբեմն մինչև մի քանի հարյուր կմ լայնությամբ) ազատվում է սառույցներից, բայց լողացող սառույցները արևելյան ափերի մոտ պահպանվում են: Ջրի ջերմաստիճանը ամռանը բաց ծովում 0°C և -1°C է, ձմռանը սառույցի տակ տատանվում է -1,2°-ից մինչև -1,8°C, մեծ խորություններում - 1,5°C -ից ցածր է: Աղիությունը՝ մինչև 30‰: Մակընթացությունները կեսօրյա բնույթի են և աննշան: Հոսանքները շրջանաձև են, ունեն ժամսլաքի շարժման հակառակ ուղղություն: Արևելա–Սիբիրական ծովը հարուստ է արդյունագործական նշանակություն ունեցող գազաններով և ձկներով: Գլխավոր նավահանգիստներն են Պևեկը, Ամբարչիկը: Արևելա–Սիբիրական ծովը Հյուսիսային ծովային ուղու մասն է:

«ԱՐԵՎԵԼԻՑ ԿՈՂՄԱՆՔ ՀԱՅՈՑ», Արցախ և Ուտիք նահանգների միասնական անվանումը միջնադարում: 428-ին, Արևելյան Հայաստանում Արշակունյաց հարստության վերացումից հետո, Պարսկաստանը Մեծ Հայքի ծայրակալ նահանգները միացրեց հարևան մարզպանություններին․ Գուգարքը՝ Վիրքին, Փայտակարանը՝ Ատրպատականին, Ուտիքն ու Արցախը՝ Աղվանքին: Կարճ ժամանակ հետո, հատկապես 451-ի ապստամբության պատճառով, պարսից արքունիքն ստիպված եղավ հպատակ մարզերին տալ որոշ արտոնություններ: Այս հանգամանքից օգտվելով՝ Արցախը և Ուտիքը մարզպանության ներսում ձեռք բերեցին ինքնուրույնություն (տես Առանշահիկներ): Այդ ժամանակվանից հիշյալ երկու նահանգների տարածքը հայկական աղբյուրներում սկսել է կոչվել «Արևելից կողմանք հայոց», «Արևելից կողմանք», «Հյուսիս–արևելից կողմանք», «Արևելք», որովհետև այն Հայքի արևելյան (հյուսիս–արևելյան) երկրամասն էր, նաև՝ «Աղվանից կողմանք», «Աղվանք», քանի որ այն մտնում էր «Աղվանք» մարզպանության մեջ: Արաբական տիրապետության հաստատումով բուն Աղվանքում ստեղծվեցին Շաքիի, Շիրվանի,Դարբանդի պետական միավորումները, և Անդրկուրյան երկրամասը կոչվեց հիշյալ անուններով՝ դուրս մղելով դասական «Աղվանք» անունը: Վերջին անվանումը մնաց միայն աջափնյա հայաբնակ մարզերի վրա, և «Արևելից կողմանք հայոց», «Արևելք», «Արևելից կողմանք» անունների փոխարեն առավել գործածական դարձան «Աղվանից կողմանք», «Աղվանք» անվանումները:

Գրկ․ Մովսես Կաղանկատվացի, Պատմություն Աղվանից աշխարհի, Ե․,1969: Կիրակոս Գանձակեցի, Պատմություն Հայոց, Ե․, 1961: Մնացականյան Ա․, Աղվանից աշխարհի գրականության հարցերի շուրջը, Ե․, 1966: Ուլուբաբյան Բ․, «Ալբանիա», «Աղվանք» և «Առան» տեղանունները, «ՊԲՀ», 1971, № 3: Բ․ Ուլուբաբյան


ԱՐԵՎԵԼՅԱՆ ԱՍԻԱ, բնական երկրների խումբ Ասիայում, հյուսիսային լայնությանմոտ 20° և 60° միջև, ընդգրկում է ԽՍՀՄ և ՉԺՀ արևելյան մասը, ԿԺԴՀ, Հարավային Կորեան և ճապոնիան: Ռելիեֆում տիրապետող են լեռներն ու բարձրավանդակները (Ջուգջուր, Սիխոտե–Ալին, Բուրեական լեռնաշղթա, Մեծ Խինգան, Կամչատկայի լեռներ), որոնք հերթագայվում են կուտակումային խոշոր հարթավայրերով (Մերձամուրյան, Չինական Մեծ և այլն): Կլիման մուսոնային է՝ խոնավ ամառներով և համեմատաբար չոր ձմեռներով: Ամռանը և աշնանը հաճախ Արևելյան Ասիաի վրայով անցնում են թայֆունները: Բուսածածկույթը հիմնականում անտառային է, աչքի է ընկնում տեսակների բազմազանությամբ և էնդեմիկների առատությամբ: Բարեխառն գոտում փշատերև և խառն անտառներն են, մերձարևադարձային և արևադարձային գոտում՝ խառը տերևաթափ–մշտադալար անտառները, ավելի քիչ խոնավ վայրերում՝ անտառատափաստանը և տափաստանը:

ԱՐԵՎԵԼՅԱՆ ԱՐՓԱՉԱՅ, գետ Հայկական ԽՍՀ–ում: Տես Արփա:


ԱՐԵՎԵԼՅԱՆ ԱՖՐԻԿԱ, բնաշխարհ Աֆրիկայում: Տարածվում է Աֆրիկայի արևելյան մասի հասարակածային և մերձհասարակածային լայնություններում՝ Եթովպական սարահարթի, Կոնգոյի իջվածքի, Զամբեզիի ստորին հոսանքի և Հնդկական օվկիանոսի միջև: Բացառությամբ ծովափնյա նեղ շերտի, ընդգրկում է ավելի քան 1000 մ բարձրություն ունեցող Արևելա–Աֆրիկական սարահարթը: Ռելիեֆին բնորոշ են տեկտոնական խզվածքները, բեկորային և հրաբխային բարձրավանդակները, լավային սարավանդները և մեկուսի հրաբխային կոները: Այստեղ են գտնվում մայրցամաքի հանգած խոշոր հրաբուխներ Կիլիմանջարոն (5895 մ), Քենիան (5199 մ) և Ռուվենզորին (5109 մ): Կլիման հասարակածա–մուսոնային է, շոգ, սեզոնային խոնավ: Արևելա–Աֆրիկական սարահարթը ջրբաժան է Նեղոս, Կոնգո, Զամբեզի և Հնդկական օվկիանոս թափվող գետերի ավազանների համար: Տեկտոնական իջվածքներում են գտնվում Տանգանիկա,Նյասա, Վիկտորիա, Ռուդոլֆ խոշոր լճերը: Բուսածածկույթում գերակշռում են սավաննաների զանազան տիպերը և նոսր անտառները, լեռներում՝ բուսականության ուղղաձիգ գոտիականությունը, օվկիանոսի ափերին՝ մանգրովային թփուտները: Կենդանական աշխարհը հարուստ է, բազմազան և բնորոշ Եթովպական կենդանաբանական մարզի Արևելա–Աֆրիկական ենթամարզին:


ԱՐԵՎԵԼՅԱՆ ԳԱԹԵՐ, Արևելյան Գհաթներ, Դեկանի սարահարթի (Հնդկաստան) արևելյան ծայրամասի լեռների ընդհանուր անվանումը: Արևելյան Գաթերն ընդգրկում են տարբեր կառուցվածք և ծագում ունեցող լեռնախմբերը՝ Արևելյան լեռները, Նալամալա, Վելիկոնդա, Պալկոնդա, Շևարոյ լեռնաշղթաները:


«ԱՐԵՎԵԼՅԱՆ ԴԱՐ», կիսամսյա հանդես: Լույս է տեսել 1860-63-ին, Կ․Պոլսում: Խմբագիր–տնօրեն՝ Մ․ Տեյիրմենճյան: Հանդեսն ունեցել է պահպանողական ուղղություն, ավանդույթների ու բարքերի, եկեղեցու և դավանանքի պահպանմամբ քարոզել է ազգային միաբանություն: Տեղեկություններ է տպագրել հայ դպրոցների մասին, հետամտել գավառի կրթական կյանքի զարգացմանը, դավանաբանական սուր պայքար է մղել «Մեճմուայը հավատիս»-ի դեմ: «Արևելյան դար» բանավիճել է նաև «Մեղու» հանդեսի հետ՝ սահմանադրության շուրջ, հակադրվել դեմոկրատ–սահմանադրականներին: Տպագրել է գրական նյութեր, հրապարակախոսական հոդվածներ, Եզոպոսի առակներից, թարգմանություններ հունական գեղարվեստական արձակից: Մ․ Խառատյան


«ԱՐԵՎԵԼՅԱՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ», կազմակերպվել է Թիֆլիսում, 1907-ի սկզբներին, Վ․ Քեշիշյանի նախաձեռնությամբ: Ընկերության նվագախումբը (թառ, քամանչա, շվի, դարիա, դուդուկ, ջութակ, ֆլեյտա և այլ գործիքներ) կազմված է եղել 30 հոգուց: Երկացանկում ընդգրկվել են հայկական, վրացական, պարսկական, քրդական և այլ եղանակներ՝ նվագախմբի համար Վ․ Քեշիշյանի մշակումներով: Առաջին համերգները, որոնք արևելյան երաժշտության բազմաձայն կատարման լուրջ փորձերից էին, կայացել են նույն թվի ապրիլի 2-ին և 8-ին: Թիֆլիսից բացի, նվագախումբը նույն թվի ամռանը ելույթներ է ունեցել Ալեքսանդրապոլում (այժմ՝ Լենինական), բայց նյութական վնաս կրելով դադարել է գործելուց: Մ․ Մուրադյան


ԱՐԵՎԵԼՅԱՆ ԵՓՐԱՏ, գետ Արևմտյան Հայաստանում: Տես Արածանի:


ԱՐԵՎԵԼՅԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ, մշակութային կազմակերպություն: Հիմնվել է 1876-ին, Կ․Պոլսում՝ հայաբնակ վայրերում դպրոցներ բացելու, դրանք մանկավարժներով ու գրքերով ապահովելու նպատակով: 1878-ի հունվարի 1-ին, «Դպրոցասիրաց ընկերության» հետ միանալով, կազմել է միացյալ Դպրոցասիրաց–արևելյան ընկերությունը:

(նկ․) «Արևելյան թատրոն»-ի «Մովսես մարգարե» բեմադրության ծրագիրը


«ԱՐԵՎԵԼՅԱՆ ԹԱՏՐՈՆ», հայ առաջին պրոֆեսիոնալ դրամատիկական թատրոնը նոր ժամանակներում: Հիմնադրվել է 1861-ին, Կ․Պոլսում՝ Ս․ և Ա․ Ալթունյան եղբայրների ջանքերով: Առաջին ներկայացումը (Ռոթայի «Երկու հիսնապետներ») տեղի է ունեցել 1861-ի դեկտեմբերի 14-ին և նշանավորվել Մ․ Նալբանդյանի «Ազգային թատրոն Պոլսի մեջ» ծրագրային