Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/33

Այս էջը սրբագրված է

ճառով։ Թատրոնի գաղափարական հովանավորությունն ստանձնել է Տ․ Սվաճյանի «Մեղու» պարբերականը։ Թատերախումբը առաջին թատերաշրջանում գործել է իտալացի ռեժիսոր Ասթիի, 1862-64-ին Զմյուռնիայում՝ դերասաններ Տ. Վարդովյանիու Մ․ Մնակյանի, ապա՝ Ս. Էքշյանի գլխավորությամբ։ 1865-68-ին «Արևելյան թատրոն» կոչվել է «Տայ դերասանական ընկերություն»՝ Ս․ Հեքիմյանի տնօրինությամբ։ Թատրոնի խաղացանկը կազմված է եղել տարբեր ժանրերի ու ժամանակների պիեսներից, մեծ տեղ են գրավել ֆրանսիական ռոմանտիկական դրաման (Վ․ Հյուգո, Ա․ Դյումա–հայր), իտալական կլասիցիզմի ներկայացուցիչների (Պ․ Մետաստազիո, Վ․ Մոնթի, Վ․ Ալֆիերի), Մոլիերի գործերը և իտալական ավանդական սյուժեներով կատակերգությունները։ Հայ ազգային դրամատուրգիայից «Արևելյան թատրոն» բեմադրել է Մ․ Վանանդեցու «Միհրդատ»-ը, «Մեծն Ներսես»-ը, Թ․ Թերզյանի «Սանդուխտ»-ը, Մ․ Պեշիկթաշլյանի «Արշակ Բ»-ն, Ս․ Հեքիմյանի «Վահրամ»-ը, Դ․ Տեր–Պողոսյանի «Մխիթար դյուցագն»-ը։ Այստեղ է սկզբնավորվել արևմտահայ դերասանական դպրոցը՝ ի դեմս Ա․ Փափազյանի, Ս․ Էքշյանի, Պ․ Մաղաքյանի, Տ. Վարդովյանի, Մ․ Մնակյանի, Հ․ Աճեմյանի, Ե․ Գարագաշյանի, Դ․ Թրյանցի, Թ․ Ֆասուլաճյանի։

1869-76-ին որոշ ընդհատումներով թատրոնը գործել է Պ․Մաղաքյանի գլխավորությամբ։ Խմբի առաջատար դերասաններն են եղել Պ․Ադամյանը, Ա․Հրաչյան, Աստղիկը, Դ․Թրյանցը, Սիրանույշը, Մարի Նվարդը։ Այս շրջանում է վերջնականապես ձևավորվել և պրոֆեսիոնալ բարձր մակարդակի հասել արևմտահայ դերասանական դպրոցը՝ ռոմանտիկ–սենտիմենտալ և մելոդրամային խաղաոճի որոշակիորեն արտահայտված տարրերով։ «Արևելյան թատրոն» նպաստել է 1860-70-ական թթ․արևմտահայ լուսավորական շարժմանը և ազգային–ազատագրական ձգտումներին, զգալի ավանդ ներդրել ազգային թատերական արվեստի զարգացման մեջ։

Գրկ․ , Թրքահայ բեմն և իր գործիչները, ԿՊ, 1914։ Ասատուր Հ․, Բերայի «Արևելյան թատրոն»-ին աոաջին երկու տարեշրջանները, «Ընդարձակ տարեցույց», ԿՊ, 1926։ Ստեփանյան Գ․, Արուսյակ Փափազյան, Ե․, 1955։ Նույնի, Ուրվագիծ արևմտահայ թատրոնի պատմության, հ․ 1, Ե․, 1962։ Հովհաննիսյան Հ․ Վ․, Մարտիրոս Մնակյան, Ե․, 1969։ Հ․ Հովհաննիսյան

ԱՐԵՎԵԼՅԱՆ ԼԵԳԻՈՆ կամ Հայկական լեգեոն, զորամաս, որ կազմվել է 1916-ին, Մարկ Սայքսի (Անգլիա), Ժորժ Պիկոյի (Ֆրանսիա) և Հայ Ազգային պատվիրակության նախագահ Պողոս Նուբարի միջև Լոնդոնում կնքված համաձայնագրի հիման վրա (հոկտեմբերի 27)։ Հայ լեգեոնականները ֆրանսիական զորքերի կազմում պետք է մասնակցեին Թուրքիայի դեմ պատերազմական գործողություններին սիրիա–պաղեստինյան ռազմաճակատում, որի դիմաց Ֆրանսիան խոստանում էր Կիլիկիայի հայերին պատերազմից հետո ինքնավարություն տալ։ 1916-ի նոյեմբերին ֆրանսիական կառավարությունը սահմանեց կամավորագրության սկզբունքները, լեգեոնական կարող էին լինել միայն հայերն ու արաբները, հրամանատարները լինելու էին ֆրանսիացի սպաներ, լեգեոնի ծախսերը հոգալու էր ֆրանսիական կառավարությունը և այլն։ Կամավորագրությունը սկսվեց նոյեմբերի կեսերից, Եգիպտոսում։ Առաջին գումարտակը զինավարժությունների համար փոխադրվեց Կիպրոս կղզու Մոնարկա վայրը, որտեղ հետագայում ստեղծվեցին 2-րդ և 3-րդ գումարտակները՝ հիմնականում ամերիկահայերից։ Արևելյան լեգիոն մարտական առաջին մկրտությունն ստացավ 1918-ի սեպտեմբերի 19-ին, Պաղեստինում (տես Արարայի ճակատամարտ 1918), իսկ այնուհետև, անգլո–ֆրանսիական զորքերի կազմում, մասնակցեց Սիրիայի ու Լիբանանի համար մղված մարտերին։ 1918-ի հոկտեմբերի կեսերին Բեյրութում ստեղծվեց 4-րդ գումարտակը, լեգեոնի հայ զինվորների թիվը հասավ 5000-ի։ Նոյեմբեր–դեկտեմբերին լեգեոնը, որն արդեն Հայկական էր անվանվել, մտավ Կիլիկիա, գրավեց կարևոր ռազմավարական կետեր և մասնակցեց նրա պաշտպանությանը։ Ֆրանսիայի արևելյան քաղաքականության մեջ տեղի ունեցած շրջադարձից հետո (երբ Ֆրանսիան սկսեց մերձենալ քեմալականների հետ) լեգեոնը ենթարկվեց մասնակի, իսկ 1920-ի օգոստոսին՝ վերջնական լուծարքի։

Գրկ․ Պոյաճյան Տ., Հայկական լեգեոնը, Ուոթրթաուն, 1965։ Véou P․ du, La passion de la Cilicie, 1919 -1922, P․, 1954․ Շ․Թորոսյան

ԱՐԵՎԵԼՅԱՆ ԽՈՑ, պենդինյան խոց, տես Լեյշմանիոզ։

(նկ․) «Արևելյան ծանուցմունք» շաբաթաթերթի գլխագիրը

«ԱՐԵՎԵԼՅԱՆ ԾԱՆՈՒՑՄՈՒՆՔ», շաբաթաթերթ, արևելահայ առաջին պարբերականը։ Լույս է տեսել 1816-ին, Աստրախանում։ Խմբագիր՝ Կ․ Շահվերդյան։ Հրատարակման նախաձեռնողներն էին Աստրախանի գիմնազիայի գերմաներենի դասատու Ի․ ֆոն Վեյսքհոֆենը և Կ․ Շահվերդյանը։ Թերթը տպագրել է գավառագիտական, գիտամատչելի և գրական նյութեր, օդերևութաբանական տեղեկություններ։ Հրապարակվել են տեղեկություններ Կասպից ծովում նավագնացության մասին, առևտրական հայտարարություններ, որոնք հետաքրքրություն են ներկայացրել գլխավորապես վաճառականների համար։ Թերթը զգալի տեղ է տվել հայ ժողովրդի պատմությանը և ազգագրությանը։ «Արևելյան ծանուցմունքը» լույս է տեսել նախ ռուսերեն («Восточныя извѣстия», 1813-ից), 1816-ին՝միաժամանակ ռուսերեն և հայերեն։ Վ․Խաչատրյան


ԱՐԵՎԵԼՅԱՆ ԿԱՐՊԱՏՆԵՐ, Կարպատյան լեռների միջին մասը։ Տես Կարպատներ։


ԱՐԵՎԵԼՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ, Հայաստանի արևելյան մասի անվանումը։ Հայաստանը իր աշխարհագրական դիրքի պատճառով եղել է մրցակից զորեղ տերությունների պայքարի ասպարեզ։ 387-ին այն բաժանվել է Բյուզանդիայի ու Պարսկաստանի միջև։ Սակայն Հայաստանը էթնիկական, տնտեսական և հոգևոր–մշակութային առումով մնացել է միասնական։ VII դարի կեսից արաբական խալիֆայության կազմում հիմնականում վերականգնվել է Հայաստանի տերիտորիալ ամբողջականությունը, իսկ 885-ից՝ միասնական Հայաստանում ստեղծվել է Բագրատունիների թագավորությունը։ Վերջինիս անկումից հետո սելջուկ–թաթարական նվաճողները իրենց գերիշխանության տակ են գցել ամբողջ Հայաստանը։ Սակայն XVI դ․օսմանյան Թուրքիայի և Սեֆևյան Պարսկաստանի միջև պատերազմների հետևանքով Հայաստանը բաժանվել է նրանց միջև, և Ամասիայում 1555-ին կնքված պայմանագրով Արևելյան Հայաստանը անցել է Պարսկաստանին։ Սահմանը Արևելյան Հայաստանի և Արևմտյան Հայաստանի միջև կազմել են Ախուրյան գետը և Հայկական պար ու Կոտուր–Զագրոշյան (Վասպուրականի) լեռները։ Մինչև 1828-ը Արևելյան Հայաստանը սովորաբար կոչվել է նաև Պարսկահայաստան, իսկ Ռուսաստանին միացվելուց հետո՝ Ռուսահայաստան։ 1828-ին ռուս, կայսրության կազմում ստեղծվեց Հայկական մարզը, 1850-ին՝ Երևանի նահանգը, որը գոյատևեց մինչև 1918-ը։ 1877-78-ի պատերազմի հետևանքով Ռուսաստանին միացվեց Կարսի մարզը, և Արևելյան Հայաստանի արևմտյան սահմանն Ախուրյան գետից տեղափոխվեց արևմուտք՝ Դևեբոյնի ու Կարգաբազարի լեռների ջրբաժան գիծը։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո Կարսի մարզը Սուրմալուի գավառի հետ միասին նվաճեց Թուրքիան։ 1918-ի սկզբին, օգտվելով Հայաստանի համար ստեղծված անբարենպաստ իրադրությունից, թուրքական կառավարությունը փորձեց գրավել նաև Արևելյան Հայաստանը և բնաջնջել ամբողջ հայությանը։ Հայ ժողովուրդը Սարդարապատի ճակատամարտում ջախջախեց թուրքական զորքին։ Թուրքական կառավարությունը ստիպված ժամանակավորապես հրաժարվեց Արևելյան Հայաստանին տիրելու մտադրությունից։ 1920-ի սեպտեմբերին քեմալական Թուրքիան հարձակվեց Արևելյան Հայաստանի վրա։ Արևելահայությունը նույնպես կբնաջնջվեր, եթե օգնության չհասներ Խորհրդային Ռուսաստանը։ 1920-ի նոյեմբերի 29-ին Հայաստանում հռչակվեց խորհրդային իշխանություն, և Արևելյան Հայաստանի հիմնական մասից կազմվեց Խորհրդային Հայաստանը (տես նաև Հայաստան և Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն հոդվածները)։

ԱՐԵՎԵԼՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ ՄԻԱՑՈՒՄԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ, պատմական ակտ, որը վավերացվել է Թուրքմենչայի պայմանագրով 1828-ին։ Հայկական հողերի միացումը Ռուսաստանին սկսվել է 1801-ից, երբ Արևելյան Վրաստանի կազմում Ռուսաստանին անցան Հայաստանի հյուսիսային շրջանները՝ Փամբակը, Լոռին, Շամշադինը և այլն։ 1804-13-ի ռուս–պարսկական պատերազմի հետևանքով Ռուսաստանի կազմի մեջ մտան նաև Շորագյալի սուլթանությունը (Արևելյան Շիրակ), Ղարաբաղը, Զանգեզուրը, Ղափանը և Մեղրին (տես Գյուլիս–