իսկ որոշ դեպքերում նրանից անջատվում մանրամասներով։ Մոնումենտալ-դեկորատիվ Բ․ կիրառվում է ճարտարապետության մեջ։ ԲԱՐՁՐԱՔԱՇ Ա․ ԳՐԻԳՈՐ ՎԱՆՔ (X– XIII դդ․), ճարտարապետական հուշարձան։ Գտնվում է Թումանյանի շրջանի Դսեղ գյուղից 2 կմ հյուսիս–արևելք, Սաղուձոր գետի ձորալանջին, անտառի մեջ, կիսավեր վիճակում։ Վանքի կազմում են՝ երկու եկեղեցիները, գավիթը, մատուռը և Մամիկոնյանների տոհմական գերեզմանոցը։ Ա․ Աստվածածին կաթողիկեն 1221-ին կառուցել է Մամիկոնյան Սարգիս իշխանի որդին՝ Մարծպանը։ Զույգ մույթերով, ներսից հնգանիստ աբսիդով, արլ-ից երկհարկ ավանդատներով գմբեթավոր եկեղեցի է։ Կաթողիկեին հվ–ից կից է քառակուսուն մոտ հատակագծով, չորս սյուներով գավիթը (1259), իսկ հս–ից թաղածածկ դահլիճի տիպի, ավանդատներով եկեղեցին (X դ․)։ Հուշարձանախմբի հվ․ կողմում է Ս․ Հարություն մատուռը (1204)։ Կառույցներն (ֆիլզիտ, տուֆ և բազալտ) ունեն քանդակներ և արձանագրություններ։ Սպիտակ երանգի համար անվանվել է նաև «ճերմակ վանք»։ Շրջակայքում կան աղբյուր, ձիթհանքի մնացորդներ, խաչքարեր և Սմբատ Մամիկոնյանի որդի Համլիկի ու նրա կնոջ՝ Մամքանի կառուցած Սաղուձորի վանքապատկան կամուրջը։ Գրկ․ Եղիազարյան Հ․, Ալավերդու շրջանի կուլտուրայի հուշարձանները, Ե․, 1952։
ԲԱՐՁՐԲԵՐԴ, բերդ Հայկական Կիլիկիայում, նույնանուն գավառի կենտրոնը։ Սիսից մոտ 30–35 կմ հյուսիս–արևմուտք։ Տավրոսյան լեռների վրա, անառիկ վայրում և շրջակայքի նկատմամբ ուներ իշխող դիրք։ 1080-ին Կիլիկիայի Ռուբեն իշխանը Բ․ գրավեց հույներից և դարձրեց իր հիմնադրած հայկ․ իշխանության աթոռանիստը։ Հետագայում Կիլիկիայի հայ թագավորների գանձարան-դղյակներից էր, եպիսկոպոսանիստ, մշակույթի կենտրոն։ Բ–ում զարգացած է եղել գրչարվեստը։ Բ․ ուներ իր իշխանները, որոնք թագավորական շրջանում արքունի տոհմից էին կամ նրանց մերձավորներից։ Բ–ի մասին կարևոր տեղեկություններ է հաղորդել Հեթում պատմիչը։ Բ․ 1465-ին գրավել են օսմանյան թուրքերը և վերանվանել Բերաբերդ (Պերսպերթ), Բերսբիրդ (Պերսպիրթ)։ Երբեմն ուղղակի հիշատակվել է որպես անառիկ ավան (գյուղ)։ Բ–ի շրջակայքում տարածվում էր համանուն լեռնային գավառը։ Կիլիկիայի Հայկ․ թագավորության անկումից հետո պահպանում էր իր ներքին ինքնուրույնությունը, ուներ եպիսկոպոսություն։ Սինչև XVIII դ․ բնակելի էր։ Այժմ պատմական Բ–ի տարածքը մտնում է Ադանայի վիլայեթի մեջ։ Բ–ում են ծնվել հայ մշակույթի հայտնի գործիչներ՝ Կոստանդին Բարձրբերդցին, Ստեփանոս եպիսկոպոսը և ուրիշներ։ Գրկ․ Ալիշան Ղ․, Սիսուան, Վնտ․, 1885, էջ 147–49։ Տեր–Ղազարյան Հ․, Հայկական Կիլիկիա, Անթիլիաս, 1966։
ԲԱՐՁՐՈՒԹՅՈՒՆ, երկրի մակերևույթի, շրջապատի նկատմամբ հարաբերական բարձրադիր հատված (200 մ-ից ավելի, օրինակ՝ Վալդայան, Միջին Ռուսական)։ Հաճախ աստիճանաբար ձուլվում է կից դաշտավայրի հետ։ Մակերևույթը սովորաբար մասնատված է ոչ խոր հովիտներով և խանդակաձորային խիտ ցանցով։
ԲԱՐՁՐՈՒԹՅՈՒՆ (երկրաչափական պատկերի), պատկերի բոլոր կետերից իր հարթ հիմքի կամ նրա շարունակության վրա իջեցրած ուղղահայաց հաովածներից ամենամեծը։ Պատկերի Բ–ների թիվը հավասար է նրա հարթ կողմերի թվին։ Օրինակ, եռանկյունն ունի 3, քառանկյուն բուրգը՝ 5 բարձրություն։ ԲԱՐՁՐՈՒՆԻ (մինչև 1935-ը՝ Սուլթանբեկ), գյուղ Հայկական ՍՍՀ Ազիզբեկովի շրջանում, Վայքի լեռների հարավային լանջին, շրջկենտրոնից 21 կմ հարավ։ Մեղվաբուծական սովետական տնտեսությունը (միավորված է Սերսի հետ) զբաղվում է նաև անասնապահությամբ և դաշտավարությամբ։ Ունի ութամյա դպրոց, ակումբ, գրադարան, բուժկայան, կինո։ Բնակիչների նախնիները ներգաղթել են Պարսկաստանի Խոյ և Սալմաստ գավառներից (1828-29)։ ԲԱՐՁՐ0ԿՏԱՆԱՅԻՆ ՎԱՌԵԼԱՆՅՈՒԹԵՐ, բենզիններ, որ օգտագործվում են մեծ սեղմմամբ և մակափչմամբ աշխատող ներքին այրման կարբյուրատորային շարժիչներում։ Պարունակում են օլեֆիններ, իզոալկաններ, արոմատիկ ածխաջրածիններ և փոքր մոլեկուլային զանգվածով ցիկլոպարաֆիններ։ Կայուն են դետոնացիայի նկատմամբ և ապահովում են համաչափ այրումը շարժիչում։ Կայունությունը բնորոշվում է օկտանային թվով և բենզինի տեսակայնությամբ (տեսակայնությունը ցույց է տալիս, թե ինչ հզորություն է զարգացրել տվյալ վառելանյութով աշխատող շարժիչը իզոօկտանով աշխատող շարժիչի էտալոնային հզորության նկատմամբ)։ Ինքնաթիռային լավագույն բենզինների օկտանային թիվը 98–100 է, ավտոմեքենայինը՝ 98 («էքստրա»)։ Սովորաբար օգտագործվում են 76 և 93 օկտանային թիվ ունեցող ավտոբենզինները։ Բ․ վ․ պարունակում են հակադետոնատոր՝ տետրաէթիլկապար Pb(C2H5)4 (ՏԷԿ), որը ավելացվում է «էթիլային հեղուկի» (էթիլբրոմիդի և ՏԷԿ–ի խառնուրդ) ձևով։ Արտամղման գազերում թունավոր նյութերի պարունակությունը փոքրացնելու նպատակով կարևոր է ՏԷԿ չպարունակող Բ․ վ–ի ստացումը։ Բ․ վ․ պատրաստում են կրեկինգի բենզինին խառնելով արոմատացված բենզին և պոլիմերբենզին կամ ալկիլատ։ Վերջիններիս պարունակությունը պայմանավորում է բենզինի կայունությունը դետոնացիայի նկատմամբ, ցնդելիությունը, այրման ջերմությունը, խտությունը։ Տես նաև Բենզիններ։ ԲԱՐՁՈՒՆՔ, երկրի մակերևույթի ոչ այնքան բարձրադիր, փոքր հատված։ Կարող է լինել մեկուսացած թումբ, բլուր, զառիկող լանջերով նեղ ու երկար բարձրություն, ինչպես նաև լեռնագագաթ։ Ըստ ծագման Բ–ները լինում են տեկտոնական, հրաբխային, մնացորդային։
ԲԱՐՁՈՒՆՔԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ, հիվանդագին վիճակ, առաջանում է բարձրությունների վրա (3000 մ–ից բարձր), երբ ներշնչվող օդում նվազում է թթվածնի մասնակի (պարցիալ) ճնշումը։ Բ․ հ․ սկիզբ է առնում առանձին օրգանների, համակարգերի, առաջին հերթին կենտրոնական