Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/344

Այս էջը հաստատված է

իմպերիալիստներից անկախ քաղաքականությանը։ «Անգլո-ֆրանսիական իմպերիալիստների հետ որևէ համաձայնություն կնքելուց վճռականորեն հրաժարվելը,- ասում է Վ․ Ի․ Լենինը,-Բաքվի ընկերների միակ ճիշտ քայլն է, քանի որ չի կարելի նրանց հրավիրել, առանց ինքնուրույն սոցիալիստական իշխանությունը, թեկուզ և կտրված տերիտորիայում, վերածելու իմպերիալիստական պատերազմի ստրուկի» (Լենին Վ․ Ի․, Երկ․, հ․ 28, էջ 9)։ 1918-ի հուլիսի 31-ին սովետական իշխանությունը Բաքվում ժամանակավորապես ընկավ։ Օգոստոսին գրավելով քաղաքը՝ անգլիական իմպերիալիստներն իրենց գործակալների հետ միասին դաժան հաշվեհարդար տեսան Բաքվի հերոսական կոմունայի և նրա պանծալի ղեկավարների հետ։ Ս․ Շահումյանը, Պ․ Ջափարիձեն, Մ․ Ազիզբեկովը, Ի․ Ֆիոլետովը, Գ․ Կորգանովը և այլ կոմիսարներ ձերբակալվեցին և 1918-ի սեպտ․ 20-ին գնդակահարվեցին։ Բաքվի և Ադրբեջանի աշխատավորությունը, բոլշևիկների ղեկավարությամբ, շարունակեց պայքարը սովետական իշխանության համար և կարմիր բանակի օգնությամբ 1920-ի ապրիլի 28-ին Ադրբեջանում հաստատեց սովետական կարգեր։ (Տես նաև Բաքվի 26 կոմիսարներ հոդվածում)։

Գրկ․ Լենին Վ․ Ի․, Ճառ Համառուսաստանյան կենտգործկոմի, Մոսկվայի սովետի, Մոսկվայի ֆաբրիկա–գործարանային կոմիտեների և պրոֆեսիոնալ միությունների միացյալ նիստում 1918 թ․ հուլիսի 29-ին, Երկ․, հ․ 28։ Ն ու յ ն ի, [телеграмма] С․ Г․ Шаумяну, 14 мая, 1918 г․, Поли․ собр․ соч․, 5 изд․, т․ 50; Շահումյան Ս․, Երկ․, հ․ 3, Ե․, 1958։ Ջափարիձե Պ․ Ա․, Ընտիր հոդվածներ, ճառեր, նամակներ 1905–1918 թթ․, Ե․, 1970։ Միկոյան Ա․ Ի․, Պայքարի ուղիով, գիրք 1, Ե․, 1972։ Шаумян Сурен, Бакинская коммуна, Баку, 1927; Последние дни комиссаров Бакинской коммуны, по материалам судебных процессов, Баку, 1928; Очерки истории коммунистических организаций Закавказья, ч․ 1, Тб․, 1967; Шаумян Л․ С․, Двадцать шесть бакинских комиссаров, М․, 1968; Гарибджанян Г․ Б․, В․ И․ Ленин и большевики Закавказья, М․, 1971 Գ․ Ղաբիբջանյան

ԲԱՔՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԹԱՏՐՈՆ (Բաքվի պետական հայկական թատրոն 1920–31, Ադրբեջանի պետական կարմրադրոշ հայկական դրամայի թատրոն 1931–39, Ադրբեջանի Լ․ Գ․ Երամյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոն, 1939–49), կազմակերպվել է Բաքվում, Ռեալական գիմնազիայի աշակերտության ուժերով, Մարդասիրական ընկերության աջակցությամբ։ Բացումը կատարվել է Ն․ Կրասիլնիկյանի նորակառույց տանը, 1870-ի փետր․ 28-ին, Ն․ Փուղինյանի «Դալալ Ղաղո» և Գ․ Սունդուկյանի «Գիշերվան սաբրը խեր է» վոդևիլների բեմադրությամբ (ռեժ․ Պետրոս Ասլանյան, նկ․ գերմանացի Կիպե)։ 1871-ին թատերախումբը ղեկավարել է Գեորգ Ամիրաղյանը։ Խաղացվել են Մ․ Վանանդեցու «Մեծն Ներսեսը», Ն․ Ալադաթյանի «Վայ իմ կորած հիսուն ոսկին», Մ․ Պատկանյանի «Միջի մարդը», Թ․ Թերզյանի «Մանդուխտ կույսը», ինչպես նաև Մոլիերից փոխադրած «Վուր տրաքվիս, պիտի պսակվիս» և այլ պիեսներ։ Թատրոնի զարգացման գործում իրենց մասնակցությունն են բերել Ա․ Շիրվանզադեն, Ա․ և Տ․ Աբելյանները։ Նշանակալից է եղել Մ․ Սաֆրազյանի բեմադրած «Վարդան Մամիկոնյան»-ը (1880), որը նպաստել է ռեալիզմի ամրապնդմանը պրոֆեսիոնալիզմի ուղու վրա կանգնած թատրոնում։ 1880-ական թթ․ թատրոնը բեմադրել է Գ․ Մունդուկյանի «Քանդած օջախ»-ը (1881), «Էլի մեկ զոհ»-ը (1886), Շիլլերի «Ավազակներ»-ը (1883)։ Այս շրջանից թատրոնի հետ է կապել իր անունը Հ․ Աբելյանը։ Բաքվում է բեմ բարձրացել նաև Գ․ Ավետյանը, 1897–1901-ին։ Բ․ հ․ թ–ում են գործել հայ դերասանական լավագույն ուժերը՝ Միրանույշը, Գ․ Պետրոսյանը, Տ.Աբելյանը, Պ․ Արաքսյանը, Ա․ Վրույրը, Ա․ Հարությունյանը, Գ․ Ավետյանը, Վարդուհին, Ի․ Ալիխանյանը, Օ․ Մայսուրյանը, Ա․ Իփթարյանը, Ս․ Ադամյանը և ուրիշներ։ Բեմադրվել են (ռեժ․ Ս․Հախումյան, Գ․ Պետրոսյան և Հ․ Աբելյան) Դյումա–որդու «Կամելիազարդ տիկինը», Ա․ Օստրովսկու «Արդյունավոր պաշտոն», «Անմեղ մեղավորներ», Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններ», «Պաղտասար աղբար», Շեքսպիրի «Անսանձի սանձահարումը», Մունդուկյանի «Պեպո», Գոգոլի «Ռևիզոր», Շիլլերի «Ավազակներ» և այլ պիեսներ։ Բաքվի հայ թատերական գործիչները սերտ կապի մեջ են եղել տեղի ռուս և ադրբ․ թատրոնների հետ․ դեռևս 90-ական թթ․ ադրբ․ թատրոնում հանդես են եկել Մ․ և Ա․ Սաֆրազյանները, Հ․ Աբելյանը, 1910-ական թթ․ Բաքվի ադրբ․ թատրոնում բեմադրություններ են տվել Տ․ Աբելյանը, Գ․ Ավետյանը, 1910-ին Ե․ Մելիք–Շահնազարյանը Դեզդեմոնայի դերում եղել է Տ․ Արաբլինսկի–Օթելլոյի խաղընկերը, իսկ 1913-ին Ա․ Ոսկանյանը՝ Ու․ Տաջիբեկովի «Արշին մալ ալան» երաժշտական կոմեդիայի առաջին բեմադրության Ասյայի դերակատարը։ Բ․ հ․ թ–ի զարգացմանը մեծապես նպաստել է Բաքվի հայոց կուլտուրական միությունը, որի թատերական մասնաճյուղը սիստեմատիկաբար ներկայացումներ է կազմակերպել ինչպես քաղաքում, այնպես էլ բանվորական ավաններում։ 1906–15-ին Բաքվի հայ թատերական կյանքը տարբեր ժամանակ ղեկավարել են Տ․ Աբելյանը, Տ․ Զարիֆյանը, Տ․ Ոսկանյանը։ Դրամատիկականի հետ միաժամանակ գործել է նաև օպերետային խումբը։ Հոկտեմբերյան հեղափոխության հաղթանակը Ռուսաստանում մեծ խանդավառությամբ են դիմավորել նաև Բաքվի թատերական գործիչները։ 1918-ին, Բաքվի կոմունայի շրջանում, սովետական իշխանության կողմից նշվել է Հ․ Աբելյանի բեմական գործունեության 35-ամյակը։ Բ․ հ․ թ–ի ծաղկումն սկսվել է Ադրբեջանում սովետական կարգերի հաղթանակից հետո։ 1920-ի սեպտեմբերին կազմակերպվել է պետական թատրոնը։ 1920-ական թթ․ բեմադրություններով հանդես են եկել Ժասմենը, Գ․ Թավրիզյանը, Ա․ Արմենյանը, Վ․ Փափազյանը, Ա․ Իվանովը, Ա․ Տուգանովը, Լ․ Քալանթարը, Ա․ Քափանակյանը, Մ․ Աաղյանը և ուրիշներ։ 1930-ական թթ․ թատրոնը թևակոխել է զարգացման նոր շրջան, բեմ է բարձրացել արդիական դրամատուրգիան։ Հայկական ժամանակակից և դասական պիեսների հետ ներկայացվել են ռուս և եվրոպական դրամատուրգիայի լավագույն գործերը։ Առանձնապես կարևոր է թատրոնի դերը ադրբ․ սովետական դրամատուրգիայի