Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/350

Այս էջը սրբագրված է

վողական մեքենայի կառուցման սկզբունքը, որը, սակայն, իրագործվել է միայն XX դ.։

ԲԵԲԵԼ Bebel Ավգուստ 22.2.1840 Քյոլն 13.8.1913 Պասուգ Շվեյցարիա գերմանական և միջազգային բանվորական շարժման գործիչ։ 1867-ին ընտրվել է գերմանական բանվորական համայնքների միության նախագահ։ Բանվորական շարժումները, սոցիալիստական գրականության ազդեցությունը, ինչպես նաև ծանոթությունը Վ. Լիբկնեխտի հետ օժանդակեցին լիբերալ դեմոկրատիզմից նրան անցնելու հեղափոխական դեմոկրատիային, այնուհետև՝ մարքսիզմին։ Բ. պայքարում էր Գերմանիայի միավորման հեղափոխական-դեմոկրատական ուղու համար։ Ղեկավարվելով Կ. Մարքսի և Ֆ. էնգելսի խորհուրդներով՝ Վ. Լիբկնեխտի հետ միասին Բ. պայքար ծավալեց ինքնուրույն բանվորական կուսակցության ստեղծման համար։ 1869-ին նրանց կողմից ստեղծված Գերմանիայի ս-դ. կուսակցությունը հիմնականում առաջնորդվում էր մարքսիզմի սկզբունքներով։ Հավատարիմ ինտերնացիոնալիզմի սկզբունքներին, Բ. 1871-ի մայիսի 25-ին ռայխստագում հանդես է եկել Փարիզի կոմունայի պաշտպանությամբ։ 1872-ին պետական հանցագործության մեղադրանքով դատապարտվել է 2 տարվա բանտարկության։ Բ. ձգտում էր հաղթահարել գերմանական բանվորական շարժման պառակտումը, սկզբունքորեն, առանց կոմպրոմիսների, իրականացնել այզենախականների միավորումը լասսալականների հետ։ Սոցիալիստների դեմ բացառիկ օրենքի գործողության շրջանում (1878-90) Բ. պայքարել է ոստիկանության կողմից ջախջախված կուսակցական կազմակերպությունների վերականգնման համար, հակահարված տալով ինչպես ձախ անարխիստական տարրերին, այնպես էլ աջ օպորտունիստներին։ Բ-ի և Վ. Լիբկնեխտի ղեկավարությամբ գերմանական սոցիալ-դեմոկրատիան հաղթահարեց 1890-ական թթ. կուսակցական ճգնաժամը։ Բ. հանդես էր գալիս ռևիզիոնիստների դեմ, սակայն չէր դնում կուսակցությունից նրանց վտարման հարցը։ Բ. չհասկացավ իմպերիալիզմի սոցիալ-տնտեսական էությունը։ Դա խանգարեց նրան գիտակցել, որ իմպերիալիզմի ժամանակ դասակարգային պայքարի սրումը ստեղծում է պրոլետարիատի պայքարի նոր պայմաններ, որի հաջողությունը կախված է օպորտունիզմից զերծ բանվոր դասակարգի հեղափոխական կուսակցության առկայությունից։ Ծրագրային և տակտիկական հարցերում նա թույլ է տվել ցենտրիստական բնույթի որոշ սխալներ, պաշտպանել արհմիությունների «չեզոքության» սկզբունքը։ Բ. միլիտարիզմի, պատերազմի դեմ պայքարի կրքոտ մարտիկ էր։ Մարքսիզմի հիմնադիրները բարձր են գնահատել Բ-ի գործունեությունը՝ միաժամանակ օգնելով նրան հաղթահարել իր սխալները։

Երկ. Ինտերնացիոնալիզմը և հայրենիքի պաշտպանությունը, Բաքու, 1918: Քրիստոնեություն և սոցիալիզմ, Ե., 1920: Կնոջ ներկա և ապագա դրությունը, Թ., 1924: Ապագա հասարակությունը, Ե., 1962:

Գրկ. Լենին Վ. Ի. Ավգուստ Բեբել, երկ., հ. 8: Овчаренко Н. Е., Август Бебель. Краткий очерк жизни и деятельности, М., 1963. Կ Ղազարյան

ԲԵԲՈՒՏՈՎ (Բեհբութով) Վալերի Միխայլովիչ [6(18).12.1885 - 1.11.1961, Միսխոր (Ղրիմ), թաղված է Մոսկվայում], սովետական ռեժիսոր։ Ծագումով հայ, զորավար Բ. Բեհբութովի զարմից։ ՌՍՖՍՀ վաստ. արտիստ (1934), Թաթարական ԻՍՍՀ արվեստի վաստ. գործիչ (1945): 1912-17-ին աշխատել է Մոսկվայի գեղարվեստական թատրոնում։ 1919-ին մասնակցել է ՌՍՖՍՀ 1-ին թատրոնի կազմակերպմանը, Վ. Մեյերխոլդի հետ բեմադրել է. Վերհառնի «Արշալույսներ»-ը (1920), Վ. Մայակովսկու «Միստերիա-Բուֆֆ»-ը, Հ. Իբսենի «Երիտասարդների միություն»-ը (1921): 1922-23-ին ղեկավարել է Մոսկվայի «Ռոմանեսկ» թատրոնը, 1924-ից՝ դասական Բուֆոնադի (հետագայում երաժշտ. կոմեդիայի) թատրոնը, ուր աշխատել է բարեփոխել հին օպերետը։ 1928-ին իր թատրոնը հյուրախաղերի է բերել Երևան։ Ներկայացումներ է բեմադրել Մոսկվայի թատրոններում։ Իր ժամանակ աշխույժ հետաքրքրություն է առաջացրել նրա բեմադրած շեքսպիրյան երկերի շարքը՝ «Փոթորիկ», «Տասներկուերորդ գիշեր» և առանձնապես՝ «Համլետ» (Վորոնեժի թատրոն, 1940, Վիտեբսկի Յա. Կոլասի անվ. բելոռուսական թատրոն, 1946 և 1955), իսկ «Լիր արքա»-ի բեմադրությունը Կազանի Գ. Քամալի անվ. թաթարական թատրոնում (1945) դիտվել է իբրև նոր խոսք սովետական շեքսպիրականի ասպարեզում։

Գրկ. Янковский М., Советский театр оперетты, Л.-М., 1962; Встречи с Мейерхольдом, М., 1967. Լ Խալաթյան

ԲԵԳ բեկ, սկզբնական շրջանում տոհմացեղային, հետագայում ֆեոդալական ավագանու տիտղոս Մերձավոր և Միջին Արևելքի մի շարք ժողովուրդների մոտ։ Բ. կոչումը եղել է ժառանգական կամ շնորհատու։ Թուրքիայում այս տիտղոսը օգտագործվել է բեյ ձևով, որը կրել են սանջակի կառավարիչները։ Կովկասի թուրքալեզու ժողովուրդների մոտ Բ. են անվանվել ազնվականները։ Անձնանվան հետ օգտագործվելիս Բ. տիտղոսը դրվել է անունից հետո։

ԲԵԳԱՐ աշխատավճարային ռենտա, հողային ռենտայի մինչկապիտալիստական ձև, որ առավել տարածված էր ֆեոդալիզմի օրոք։ Վ. Ի. Լենինը բնութագրում է բեգարային տնտեսությունը հետևյալ հիմնական գծերով. 1. բնամթերային տնտեսության տիրապետություն, 2. անմիջական արտադրողին հողաբաժին և արտադրության այլ միջոցներ հատկացնելու, նրան հողին կցելու անհրաժեշտություն, 3. հողատիրոջից գյուղացու անձնական կախում, 4. տեխնիկայի ծայրաստիճան ցածր մակարդակ։ Բ-ի միջոցով հողատերը յուրացնում էր հավելյալ աշխատանքով ստեղծված արդյունքը և, նույնիսկ, անհրաժեշտ աշխատանքով ստեղծված արդյունքի մի մասը։ Շաբաթվա որոշ օրեր ճորտն իր աշխատամիջոցներով աշխատում էր հողատիրոջ համար, իսկ մնացած օրերը՝ իր հողաբաժնում։ Եվրոպական երկրներում Բ. գոյություն է ունեցել II դարից և մի շարք երկրներում իր յուրահատկություններով պահպանվել մինչև XIX դ. կեսերը։ Բ. գոյություն է ունեցել Հայաստանում հիմնականում վաղ ֆեոդալիզմի ժամանակաշրջանում և գոյատևել է մինչև XIX դ.։ Այն եղել է որպես պարտադիր, անվճար աշխատանք կատարելու պարտավորություն։ Բ. ոչ միայն աշխատանք էր ֆեոդալի հողի վրա, այլև ճանապարհների, պալատների, ջրանցքների ևն կառուցման համար։ Մարզպանության շրջանում և հետագայում եղել է պետության հանդեպ գյուղացիների աշխատանքային պարտավորություն։ Բ. երբեմն փոխարինվել է դրամական հարկով։

Գրկ. Թումանյան Հ. Ե., Հայաստանի տնտեսական զարգացման պատմություն, Ե., 1960: Папазян А., Аграрные отношения в Восточной Армении в XVI-XVII веках, Е., 1972.

ԲԵԳԼԷՐԲԵԳԻ բեյլերբեյ [բեգերի բեգ (<թուրք. բեգտեր)], զինվորական տիտղոս։ Զորապետ, հրամանատար իմաստով գործածել են Ռումի սելջուկները, իլխանյանները, Եգիպտոսի մամլուքները, օսմանյան թուրքերը։ Թուրքիայում Բ-ները իրենց ենթակա նահանգներում՝ բեգլերբեգություններում, սուլթանի փոխանորդներն էին՝ վարչական ու զինվորական արտակարգ լիազորություններով և բաժին ունեին այդ նահանգների «պետական հողերից»: Նրանք կրել են նաև «փաշա» տիտղոսը։ XVIII դ. կուսակալներին հատուկ Բ. անվանման հետ օգտագործվել է «վալի» անունը, որը հետզհետե փոխարինել է նրան։ Բ. Սեֆևյան Պարսկաստանում եղել է սահմանամերձ կուսակալությունների կառավարիչների տիտղոս։ Պարսկաստանում կային 13 բեգլերբեգություններ, այդ թվում՝ Չուխուր-Սաադինը (Երևան):

ԲԵԳԼՅԱՐՈՎ Սերգեյ Նիկիտովիչ [Բեգլարյան Սարգիս Մկրտչի, 8.8.1898, գ. Վերին Ագուլիս (այժմ՝ Նախիջևանի ԻՍՍՀ Օրդուբադի շրջանում) - 14.4.1949, Աշխաբադ], սովետական նկարիչ։ Թուրքմենական ՍՍՀ արվեստի վաստ. գործիչ (1939): 1925-27-ին սովորել է Երևանի գեղարվեստա-արդյունաբերական ուսումնարանում, աշակերտել Ս. Աղաջանյանին և Ս. Առաքելյանին։ Բ. սովետական Թուրքմենիայի առաջին գեղանկարիչներից, Թուրքմենիայի նկարիչների ընկերության, Գեղարվեստական ուսումնարանի հիմնադիրներից և մանկավարժներից (1935-48) էր։ Աչքի ընկնող գործերից են՝ «Թուրքմենուհիներ» (1928), «Բանվորի դիմանկար» (1930), «Կոմերիտականները ընդունում են բամբակը» (1934), «Ձիերի հանձնումը Կարմիր բանակին» (1934), «Լեռնային բնանկար» (1947), «Սերկևիլ» (1948) և «Հին Աշխաբադի տիպերը» գրաֆիկական շարքը (1927):

ԲԵԳԼՈՒԵՎ Հմայակ Ասատուրի [28.4.1884, գ. Գյառգյառ (այժմ՝ ՀՍՍՀ Ստեփանավանի շրջան) - 18.4.1965, Երևան], պրոֆեսիոնալ հեղափոխական։ ՍՄԿԿ անդամ 1904-ից։ 1900-ին ավարտել է Կարսի քաղաքային ուսումնարանը։ 1901-ից աշխատել է Թիֆլիսի Ադելխանովի կաշվի գործարանում։ 1905-ին զորակոչվել է բա֊