Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/353

Այս էջը հաստատված է

մարզի հակաֆեոդալական շարժումները, ուսանողական շրջապատում հասունացող առաջադիմական հայացքները կանխորոշել են կոմպոզիտորի արվեստի գաղափարական էությունը։ 1792-ից մշտական բնակություն է հաստատել Վիեննայում, կոմպոզիցիա ուսանել Յո․ Հայդնի, Ցո․ Ալբրեխտսբերգերի և Ա․ Սալիերիի մոտ։ Վիեննայում հռչակվել է որպես դաշնակահար, ապա՝ կոմպոզիտոր։ 27 տարեկանից Բ․ տառապել է խլությամբ։ Մաքառելով ծանր հիվանդության դեմ, որ սահմանափակել էր մարդկանց հետ նրա հաղորդակցությունը և համերգային ելույթները, կոմպոզիտորը ստեղծում է ձևով կատարյալ, հերոսական ոգով գործեր, հարազատ մնում «պայքարի միջոցով դեպի հաղթանակ» նշանաբանին։ 1802–12-ը Բ–ի հանճարի ծաղկման, գրելաոճի վառ դրսևորման տարիներն էին, երբ ստեղծվեցին Երկրորդից Ութերորդ սիմֆոնիաները (1802, 1804, 1806, 1808, 1808, 1812, 1812, 1-ինը՝ 1800), դաշնամուրային 4-րդ և 5-րդ կոնցերտները (1805– 1806, 1809), ջութակի կոնցերտը (1806), հինգ կվարտետ, «Կրեյցերյան սոնատ»-ը (1803), «Ավրորա» և «Ապասիոնատ» դաշնամուրային սոնատները (1804), «Ֆիդելիո» օպերան (1805), երաժշտություն Գյոթեի «էգմոնտ» ողբերգության համար (1810), սիմֆոնիկ նախերգանքները։ 1813–17-ին Բ․ ստեղծագործական ճգնաժամ է ապրել։ 1818-ից սկսվել է նոր վերելք, գրել է վերջին հինգ դաշնամուրային սոնատները (1816–22), հինգ լարային կվարտետները (1823–26) և Իններորդ սիմֆոնիան (1824)։ Բ․ նորարար կոմպոզիտոր է․ նրա ստեղծագործությունը համահնչյուն էր դարաշրջանի փիլիսոփայական մտքին և քաղաքական առաջադիմական շարժումներին։ Ընդլայնելով ավանդական երաժշտական ժանրերի՝ սիմֆոնիայի և սոնատի շրջանակները՝ Բ․ դրանց հաղորդել է գաղափարական–գեղարվեստական խորիմաստ բովանդակություն, ստեղծել թեմայի, կերպարի բացահայտման ինքնատիպ սկզբունքներ։ Բ–ի ստեղծագործության գլուխգործոցը Իններորդ սիմֆոնիան է, որտեղ առաջին անգամ այդ ժանրում օգտագործվել է խմբերգային վերջավորություն։ Սիմֆոնիան ամբողջացնում է պայքարի, ազատության, մարդկության միասնության վեհ գաղափարի նպատակասլաց զարգացումը, մարդկանց երջանկության համար մղվող պայքարի հերոսականությունը։ Այս սիմֆոնիային մտահղացումների ներունակությամբ շատ մոտիկ է հոգևոր երաժշտության հետ սակավ առնչվող, մոնումենտալ «Հանդիսավոր մեսսա»-ն (1823), «Պրոմեթևսի արարչությունը» բալետը (բեմ․ 1801)։ Բ-ի միակ՝ «Ֆիդելիո» օպերան (բեմ․ 1805, վերջ, խմբգր․՝ 1814) պատկանում է Ֆրանսիական մեծ հեղափոխության ժամանակ սկզբնավորված «փրկիչ օպերաների»՝ կարգին, միաժամանակ սիմֆոնիզացիայի ենթարկված առաջին օպերային ստեղծագործությունն է։ Գեղարվեստական մտահղացումների բազմազանությամբ աչքի են ընկնում Բ–ի կամերային ստեղծագործությունները՝ դաշնամուրային 32 սոնատ (բացի պատանեկան 6 սոնատից), 10 սոնատ ջութակի և դաշնամուրի համար, 16 լարային կվարտետ, 7 դաշնամուրային տրիո ևն։ Իրենց կատարելությամբ առավել ճանաչված են «Պաթետիկ»-ը, «Ապասիոնատ»-ը՝ դաշնամուրի և «Կրեյցերյան սոնատ»-ը՝ ջութակի և դաշնամուրի համար, կվարտետները ևն։ Կոնցերտի ժանրի զարգացման համար վճռական դեր խաղացին ջութակի և 4-րդ ու 5-րդ դաշնամուրային կոնցերտները, որոնք յուրովի միավորում են կոնցերտի և սիմֆոնիայի հատկանիշներ։ Բ–ի երաժշտության մեջ նշանակալի փոփոխության է ենթարկվել վարիացիաների ձևը (նշանավոր են դո–մինոր 32 վարիացիաները դաշնամուրի համար)։ Խոշոր կտավների կողքին Բ․ ստեղծել է գործիքային բազմաթիվ մանրանվագներ, երգեր։ Բ–ի արվեստի դեմոկրատական սկզբունքներն արտահայտվել են նաև տարբեր ազգերի ժողովրդական երգերի (շոտլանդական, ռուսական, դանիականդ իտալական) մշակումներում։ Նրա արվեստը բարձր են գնահատել Ֆ․ Էնգելսը, Վ․ Ի․ Լենինը, Ա․ Վ․ Լունաչարսկին և ուրիշներ։ Հայ մտավորականությունը Բ–ի գործերին ծանոթացել է 1840-ական թթ․։ 1888-ին Թիֆլիսում լույս է տեսել Վ․ Դ․ Կորգանովի (Ղորղանյան)՝ կոմպոզիտորի կյանքին և ստեղծագործություններին նվիրված գրքույկը։ Նա առաջինն է ռուսերեն թարգմանել և հրատարակել Բ–ի նամականին (1300 նամակ), գրել է Բ–ին նվիրված մեծածավալ աշխատություն և ճանաչվել որպես բեթհովենագետ։ Անցյալ դարի վերջին տասնամյակներից հայ երաժիշտները հանդես են եկել Բ–ի գործերի կատարմամբ։ Ռուսաստանում առաջինը դիրիժոր Կ․ Սարաջևն է իրականացրել Բ–ի ինը սիմֆոնիաների կատարումը (1911-12)։ Սովետական Հայաստանում Բ–ի սիմֆոնիկ ստեղծագործություններից առաջին անգամ հնչել է Երրորդ սիմֆոնիան՝ Ա․ Ա․ Սպենդիարյանի ղեկավարությամբ (1927)։

Երկ․ Ludvig van Beethoven՝s Werke, Bd 1–25, Lpz․, 1864–88․ The letters of Beethoven, ed․ by E․ Anderson, v․ 1–3, L․, 1961; в рус․ пер․– Письма, пер․ и прим․ В․ Д․ Корганова, СПБ, 1904․

Գրկ․ Կորգանով Վ․, Բեթհովեն, Ե․, 1927։ Роллан Р․, Жизнь Бетховена, пер․ с франц․, М․, 1937; Эррио Э․, Жизнь Бетховена, пер․ с франц․, М․, 1959; Альшванг А․, Бетховен․ Очерк жизни и творчества, 3 изд․, М․, 1966; NottebohmG․, Beethoveniana, Lpz․, Winterthur, 1872․

Մ․ Հարությունյան

ԲԵԹՂԵՀԵՄ (եբր․ Բեթ–լեհեմ > տուն հացի, արաբ, բեթլահում), քաղաք Պաղեստինում՝ հնագույն Հուդա երկրում, Երուսաղեմից 15 կմ հարավ։ Վաղ ժամանակներում կոչվել է նաև Եփրաթա (պտղաբեր)։ Հին կտակարանում հիշատակվում է որպես Հուդայի և Իսրայելի թագավոր Դավթի ծննդավայրը։ «Բաբելոնյան գերությունից» (մ․ թ․ ա․ 597–537) հետո հրեաները վերաշինել են ավերակ Բ․, հուսալով, թե այստեղ կծնվի իրենց ազատարարը՝ Մեսիան։ Բ․ սրբազան է հռչակվել նաև քրիստոնեական աշխարհում, որտեղ, ըստ Նոր կտակարանի, ծնվել է Հիսուս Քրիստոսը։ Հռոմի կայսր Կոստանդին Մեծի կին Հեղինեն այն անձավի վրա, ուր ըստ ավանդության ծնվել է Քրիստոսը, կառուցել է տաճար, որը հետագայում վերակառուցել է Հուստինիանոս կայսրը (527–585)։ Բ–ի երեք նշանավոր վանքերը (կաթոլիկական, ուղղափառ և հայ-լուսավորչական) իրենց առանձին մուտքերն ունեն դեպի սրբազան անձավը։ Քաղաքը 1973-ին ուներ 23 հզ․ բն․։ Բ–ում կա հայկական համայնք և դպրոց։

ԲԵԹՄԱՆ ՀՈԼՎԵԳ (Bethman Holweg) Թեոբալդ (1856–1921), գերմանական պետական գործիչ։ 1905-07-ին եղել է Պրուսիայի ներքին գործերի մինիստր, 1907– 1909-ին՝ ներքին գործերի կայսերական մինիստր և ռայխսկանցլերի տեղակալ, 1909–17-ին՝ ռայխսկանցլեր։ Հենվում էր պահպանողականների և Կենտրոնի կաթոլիկական կուսակցության վրա։ Զանգվածային բանտարկություններով և բռնությամբ ձգտում էր խեղդել Գերմանիայում ծավալվող բանվորական շարժումը։ Ակտիվ դեր է խաղացել առաջին համաշխարհային պատերազմի նախապատրաստման և սանձազերծման գործում։ Բ․ Հ–ի կանցլերության ժամանակաշրջանում և նրա թողտվությամբ երիտթուրքերը իրագործեցին հայերի ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում (1915–16)։ Սակայն առաջադեմ մարդկության զայրույթը մեղմելու և համաշխարհային հասարակական կարծիքը մոլորեցնելու նպատակով Բ․ Հ․ երեսպաշտորեն հանդես է եկել հայերի «պաշտպանությամբ»։

Ս․ Ստեփանյան

ԲԵԺԱՆՈ (ն․ Ջանճղա), գյուղ Վրացական ՍՍՀ Ախալքալաքի շրջանում, շրջկենտրոնից 30 կմ հյուսիս, Տաբածղուրի լճի հարավային ափին։ Կոլտնտեսությունն զբաղվում է անասնապահությամբ և երկրագործությամբ։ Ունի յուղի–պանրի գործարան, միջնակարգ դպրոց, ակումբ, գրադարան և բուժկայան։ Բնակիչները հայեր են։ Գաղթել են Էրզրումի վիլայեթի գյուղերից, 1830-ին։

ԲԵԼ, Բելոս, Բահաղ (բառացի՝ «տեր»), բաբելոնյան գերագույն աստված, Բաբելոն քաղաքի հովանին։ Սեմական ցեղերը նախապես Բ․ են անվանել ամեն մի կուռքի, յուրաքանչյուր ցեղ ունեցել է իր Բ․։ Բնակություն հաստատելով Միջագետքում և ընդունելով շումերական հնագույն դիցաբանը՝ սեմական ցեղերն ու ժողովուրդները Շումերի գլխավոր աստված Էնլիլին անվանել են Բ․։ Բ․ նույնացվել է նաև Մարդուկ աստծուն, և նրա հիշատակը տոնվել Նոր տարվա սկզբին, Բաբելոն քաղաքի գլխավոր տաճարում։ Բ–ի ոսկե անդրին տեղադրվել է «Բաբելոնի աշտարակի» 7-րդ հարկի վրա կառուցված «կապույտ