Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/357

Այս էջը հաստատված է

էր, երկրորդը՝ ԳՖՀ–ինը, երրորդը՝ Մեծ Բրիտանիայինը։

Արդյունաբերությանը բնորոշ է տեխնիկական բարձր մակարդակը, որակյալ բանվորական ուժը և միաժամանակ հումքային բազայի պակասությունը։ Արդյունաբերության հին ճյուղերը (ածխի, տեքստիլ, մետալուրգիական) դեռևս պահպանում են իրենց առաջնային նշանակությունը։ Նոր ճյուղերի (քիմ․, նավթաքիմ․, էլեկտրոնիկա) տեսակարար կշիռը համեմատաբար դանդաղ է աճում արդ․ արտադրանքի ընդհանուր կառուցվածքում։ Էներգետիկ հաշվեկշռում ածուխը կազմել է 30% (1968), նավթը (ներմուծված)՝ 60%։ Ածուխ արդյունահանվում է Հս․ (Կամպինի շրջան) և Հվ․ (Մոնս, Նամյուր, Լիեժ քաղաքների շրջան) ավազաններում և օգտագործվում է գազ ու էլեկտրաէներգիա ստանալու համար։ Մոլում գործում է ատոմային էլեկտրակայան։ Մշակող արդյունաբերության (հիմնականում օգտագործում է ներմուծվող հումքը) գլխավոր ճյուղերն են՝ մետալուրգիան, մետաղամշակությունը և քիմիան։ Զարգացած է սննդի, տեքստիլ և կարի արդյունաբերությունը։ Սև մետալուրգիան հին և զարգացած ճյուղերից է։ Պողպատի ձուլմամբ Բ. գրավում է 7-րդ տեղը կապիտալիստական աշխարհում։ Մետաղաձուլական ձեռնարկությունները կենտրոնացած են «սև գոտու» (Լիեժ–Շարլերուա) շրջանում և մասնագիտանում են տեսակային գլանվածքի և պողպատե թերթերի արտադրության գծով։ Գունավոր մետալուրգիան նույնպես գրավում է 7-րդ տեղը կապիտալիստական աշխարհում, արտադրանքի 2/3-ը արտահանվում է։ Արտադրական ձեռնարկությունները կենտրոնացած են երկրի հս․ արլ-ում և մշակում են ներմուծվող կիսաֆաբրիկատները։ Մեքենաշինությունը արդյունաբերության կարևոր ճյուղերից է, որի արտադրանքի 40%-ը արտահանվում է։ Գերիշխում է տրանսպորտային մեքենաշինությունը, հատկապես արտասահմանյան մակնիշի ավտոմեքենաների հավաքումը (այդ թվում՝ «Վոլգա» և «Մոսկվիչ») ներմուծվող մասերի հիման վրա (Անտվերպեն, Գենտ), ինչպես նաև նավաշինությունը (Խոբոկեն, Տամիզ և այլն), երկաթուղային վագոնների սարքավորման (Նիվել, Բրյուգե, Տյուբիզ) և լոկոմոտիվների արտադրություն (Լիեժ)։ Մյուս կարևոր ճյուղը էլեկտրատեխնիկական արդյունաբերությունն է, որը տալիս է մեքենաշինական արդյունաբերության արտադրանքի 1/5-ը։ Զարգացած է վերամբարձ–կշեռքային սարքավորումների, հաստոցների, տեքստիլ մեքենաների և հրազենների արտադրությունը։ Նավթավերամշակման արդյունաբերությունը կենտրոնացած է գլխավորապես Անտվերպենի գոտում։ Այս ճյուղի վրա ազդում են արտասահմանյան նավթային տրեստները։ Զգալի տեղ է գրավում Էնո նահանգում կենտրոնացած շինանյութերի (հատկապես ապակու) արդյունաբերությունը։ Ապակու արտահանությամբ (կապիտալիստական աշխարհի ապակու արտահանության 1/З-ը) Բ․ աշխարհում գրավում է 1-ին տեղը։ Ներմուծվող չմշակված ալմաստի (ադամանդ) հղկման արդյունաբերության (Անտվերպեն) ձեռնարկությունների քանակով ևս 1-ինն է աշխարհում։ Տեքստիլ արդյունաբերությունը կենտրոնացած է Ֆլանդրիայում։ Գյուղատնտեսությանը բնորոշ է բարձր ինտենսիվությունը, սակայն մեծ չէ նրա դերը երկրի էկոնոմիկայում։ Բ․ մանր և միջին ֆերմերական տնտեսությունների երկիր է։ Գյուղատնտեսության մեջ օգտագործվող հողատարածության մոտ կեսը պատկանում է 5-20 հա ունեցող ֆերմերներին, որոնք մասնագիտացած են քաղաքներին մթերքներ մատակարարելու գործում, տալիս են ապրանքային արտադրանքի հիմնական զանգվածը։ Այդպիսի ֆերմերների քանակը ընդհանուր տնտեսության մեջ 10% է, մնացած 90% կազմող տնտեսություններից յուրաքանչյուրն ունի 5 հա-ից պակաս հողակտոր (1970)։ Ամբողջ հողատարածության 2/3-ը վարձակալված հողերն են։ 1968-ին Բ․-ի գյուղատնտեսության մեջ օգտագործվել է 84,6 հզ․ տրակտոր, 7,9 հզ․ կոմբայն, 52,1 հզ․ կթող ապարատ։ Գյուղատնտեսության առաջատար ճյուղը կաթնա՜մսատու անասնապահությունն է։ 1973-ին Բ-ում կար 2890 հզ․ գլուխ խոշոր, 101 հզ․ գլուխ մանր եղջերավոր անասուն, 4691 հզ․ խոզ, 58 հզ․ ձի։ Զարգացած է թռչնաբուծությունը։ Բուսաբուծությունը հարմարեցված է անասնապահությանը։ Գյուղատնտեսության հողատարածության 2/3-ը հատկացված է կերային կուլտուրաների մշակմանը։ Աճեցվում են ցորեն, տարեկան, վարսակ, գարի։ Քաղաքներին մոտ կան բազմաթիվ ջերմոցներ։ Երկաթուղիների ցանցի խտությամբ Բ․ կապիտալիստական աշխարհում գրավում է 1-ին տեղը (4,4 հզ․ կմ, 1973)։ Երկաթուղային գլխավոր հանգույցը Բրյուսելն է։ Ներքին ջրային ցանցը (մոտ 1,6 հզ․ կմ) կազմված է չսառչող գետերից և ջրանցքներից (Ալբերտի ջրանցքը և այլն)։ Ծովային նավատորմն ունի 1092 հզ․ ա (1973) կարողություն և բավարարում է ծովային փոխադրումների միայն 1/10-ին։ Բեռնաշրջանառության հիմնական մասը կատարվում է Անտվերպենից։ Զարգացած է ավտոտրանսպորտը (2,9 մլն ավտոմեքենա, 10 հզ․ կմ ավտոխճուղի, 1973) և օդային հաղորդակցությունը։ Բ-ի տրանսպորտին բնորոշ է տարանցիկ բեռների և ուղևորների փոխադրումը։ Արտաքին առևտրի շրջանառությամբ Բելգիա-Լյուքսեմբուրգյան տնտեսական միությունը գրավում է 7-րդ տեղը կապիտալիստական աշխարհում։ Ներմուծում է պարենամթերք, արդ․ հումք (նավթ, հանքանյութ, ալմաստ, բամբակ, բուրդ), արտահանում է արդ․ արտադրանքի մոտ 40%-ը։ Արտաքին առևտրով կապված է ԳՖՀ–ի, Նիդերլանդների, Ֆրանսիայի, Իտալիայի և մասամբ սոցիալիստական երկրների հետ (1,4%), այդ թվում 1%-ը (1969)՝ ՍՍՀՄ հետ։ Դրամական միավորը բելգիական ֆրանկն է, որը ՍՍՀՄ Պետբանկի 1970-ի կուրսով հավասար է 1,8 կոպեկի։

VIII.Բժշկա–աշխարհագրական բնութագիրը 1968-ին ծնելիությունը Բ–ում 1000 բնակչին կազմել է 14,8, ընդհանուր մահացությունը՝ 12,8, մանկական մահացությունը 1000 կենդանածինների համար՝ 23 (1967)։ Մահացության հիմնական պատճառներն են՝ սիրտանոթային համակարգի ախտահարումները, չարորակ նորագոյացությունները, ուղեղի արյան շրջանառության խանգարումները։ Բժշկական և սանիտարական հիմնարկությունների աշխատանքը ղեկավարում է հասարակական առողջապահության և ընտանիքի բարեկեցության մինիստրությունը։ 9 նահանգներից յուրաքանչյուրում կան հասարակական առողջապահության տեսուչներ, որոնք պայքարում են վարակիչ հիվանդությունների դեմ, զբաղվում սննդամթերքների սանիտարական հսկողությամբ, բժշկասոցիալական աշխատանքով։ Հիվանդանոցները պատկանում են հասարակական տարբեր կազմակերպությունների, կրոնական համայնքների ու մասնավոր անձանց։ 1966-ին Բ-ում կար 75,1 հզ․ հիվանդանոցային մահճակալ։ 1968-ին Բ–ում աշխատում էին 16,4 հզ․ բժիշկ (586 բնակչին՝ 1 բժիշկ), 2,3 հզ․ատամնաբույժ, 6 հզ․ դեղագործ, 3,8 հզ․ մանկաբարձ։ Բժիշկներ պատրաստում են երկրի մի շարք քաղաքների համալսարանների բժշկական ֆակուլտետները։

IX․ Լուսավորությունը Բ–ի առաջին դպրոցները (եկեղեցական) ստեղծվել են վաղ միջնադարում։ XVIIIդ․ վերջում հանդես եկան մասնավոր դպրոցներ։ Պետական աշխարհիկ դպրոցական ցանցը ձևավորվեց XIX դարից։ 6–14 տարեկան երեխաների համար ընդհանուր պարտադիր ուսուցում է մտցված 1914-ից։ Տարրական և միջնակարգ դպրոցներում դասավանդվում է մայրենի լեզվով (ֆլամանդերեն կամ ֆրանսերեն), իսկ բուհերում ուսուցումը տարվում է այդ լեզուներից մեկով կամ երկուսով։ Բ-ի պետական և մասնավոր դպրոցներում մեծ է կաթոլիկ եկեղեցու ազդեցությունը։ 1969-ին նախադպրոցական հիմնարկներում կար 460 հզ․ երեխա (3–6 տարեկան)։ Տարրական դպրոցը 6-ամյա է։ 1968–69 ուս․ տարում պետական տարրական դպրոցներում սովորում էր մոտ 1016 հզ․ երեխա։ Միջնակարգ դպրոցները ևս 6-ամյա են և բաժանվում են 2 աստիճանի (յուրաքանչյուրը 3 տարի ուս․ տևողությամբ)։ 1968–69 ուս․ տարում պետական միջնակարգ դպրոցներում կար մոտ 300 հզ․ սովորող, մասնագիտականում՝ ավելի քան 347 հզ․, տեխնիկականում՝ ավելի քան 146 հզ․ մարդ։ Բ․ ունի 21 բարձրագույն ուս․ հաստատություն, այդ թվում՝ 5 համալսարան, Անտվերպենի (պետական, հիմնադրվել է 1965-ին), Լյովենի (Լուվեն, Կաթոլիկ համալսարան, 1425), Լիեժի և Գենտի (երկուսն էլ՝ պետական, 1817), Բրյուսելի (այսպես կոչված Ազատ համալսարան, 1834)։ 1968–69 ուս․ տարում Բ-ի համալսարաններում սովորում էր մոտ 90 հզ․ ուսանող։ Հայտնի են Բելգիայի ազգային (Բրյուսելում, հիմնադրվել է 1837-ին, ավելի քան՝ 2,6 մլն կտոր գիրք), համալսարանական (Բրյուսելում, հիմնադրվել է 1846-ին, 750 հզ․ կտոր գիրք), Գենտի (1817, 1,5 մլն կտոր գիրք), Լիեժի (1817, ավելի քան 1,2 մլն կտոր գիրք) և Լյովենի (1425-ին, 980 հզ․ կտոր գիրք) գրադարանները։