Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/358

Այս էջը հաստատված է

X․ Գիտությունը և գիտական հիմնարկները

VIII դ․ և IX դ․ 1-ին կեսին Բ․ եղել է «Կարոլինգյան վերածննդի» օջախներից մեկը։ Ավելի ուշ գիտության կարևոր կենտրոններ են դարձել Լիեժի եպիսկոպոսության դպրոցները (X–XI դդ․): XI դ․ վերջի և XII դ․ սկզբի բելգ․ խոշոր ժամանակագիրն է եղել Սիգբերտ Ժամբլուեցին։ Աստվածաբանների և փիլիսոփաների մեջ հայտնի էին Վիբալդ Ստավլեցին և Սիգեր Բրաբանտցին։ XII–XIII դդ․ երևան եկավ աշխարհիկ պատմագրությունը։ Գրվել են բժշկական ուսումնասիրություններ (Յոխան Իպերման, XIV դ․)։ 1425-ին Լյովենում հիմնվել է առաջին համալսարանը։ XVI դ․ նոր վերելք են ապրել գիտությունը և մշակույթը։ Դրան նպաստել է նաև տպագրության տարածումը (XV դ․ 70-ական թթ․)։ Առևտրի և ծովագնացության խոշոր կենտրոն Անտվերպենը դարձավ եվրոպական քարտեզագրության կենտրոն։ Մեծ զարգացում ապրեցին բնական գիտությունները, մասնավորապես անատոմիան, բժշկությունը, քիմիան։ 1772-ին բացվել է Գրականության և նրբագեղ արվեստների թագավորական գիտությունների ակադեմիան։ 1817-ին Գենտում և Լիեժում հիմնվել են համալսարաններ, 1827-ին բացվել է Բրյուսելի թագավորական աստղադիտարանը։ XIX–XX դդ․ լայն թափով սկսեցին զարգանալ ճշգրիտ գիտությունները։ Կարևոր հետազոտություններ կատարվեցին աստղագիտության, աստղաֆիզիկայի, քիմիայի, մաթեմատիկայի բնագավառներում։ Աստղագետ Ժ․ Ու․ դե լա Էն տվեց Ծիր Կաթնի դասական նկարագիրը։ Աստղաֆիզիկոս Շ․ Ֆևեն կատարեց աստղագիտական սպեկտրոսկոպիական հետազոտություններ։ Զ․ Գրամմը պատրաստեց 1-ին դինամոմեքենան։ 1858-ին Ֆ․ Ա․ Կեկուլեն ստեղծեց քիմ․ լաբորատորիա։ Ժ․ Ստասը որոշեց մի շարք տարրերի ատոմական կշիռները, իսկ 1863-ին Է․ Սոլվեի նախաձեռնությամբ կառուցվեց սոդայի արտադրության գործարան։ Սոդայի ստացման նրա առաջարկած եղանակը կիրառություն գտավ ամբողջ աշխարհում և դուրս մղեց Ն․ Լեբլանի եղանակը։ 1864-ին հրատարակվեց Բ–ի ֆիզիկամաթեմատիկական գիտությունների պատմության երկհատորյակը, որի հեղինակն էր նշանավոր մաթեմատիկոս Ս․ Քեթվեն։ 1896-ին Լա Վալե Պուսսենը կարևոր արդյունքների հասավ թվերի տեսության բնագավառում։ Օ․ Պիկարը օդապարիկով առաջինը հետազոտեց ստրատոսֆերան, իսկ ետպատերազմյան տարիներին՝ նաև Համաշխարհային օվկիանոսի խորությունները։ Մեծ հաջողությունների հասավ տեսական միտքը․ Լուվենի համալսարանի պրոֆեսոր ժ․ Լեմետրը մշակեց «ընդարձակվող Տիեզերքի» մոդելներից մեկը։ 1952-ին Մոլ քաղաքում ստեղծվեց միջուկային էներգիայի հետազոտման կենտրոն, տեղակայվեցին ուսումնագիտական երկու ռեակտոր՝ նախատեսված իզոտոպների արտադրման, նյութա–փորձարկման, կենսաբանական և քիմ․ հետազոտությունների, ինչպես նաև մեկ փորձարարական ռեակտոր՝ արդ․ նպատակների համար։ Փիլիսոփայության մեջ ուժեղ է կաթոլիկական դոկտրինաների ազդեցությունը։ Կարդինալ Դ․ ժ․ Մերսիեի շնորհիվ Լյովենյան կաթոլիկական համալսարանը XIX դ․ վերջում դարձավ նեոթոմիզմի միջազգային կենտրոն։ 1950–60-ական թթ․ մի քանի փիլիսոփաներ ուղղափառ թոմիզմից հեռացան դեպի էկզիստենցիալիզմ։ XX դ․ Բրյուսելի համալսարանի առավել հայտնի փիլիսոփաներն են՝ Պ․ Դեկոստերը, Ժ․ Մարեշալը, սոցիոլոգիայի բնագավառում՝ Է․ Դյուպրեելը։

Իրավագիտությունը Բ-ում ակտիվ զարգացում է ապրել XIX դ․ 30– 40-ական թթ․։ Բելգիական իրավաբանները Մեծ Բրիտանիայի սահմանադրական համաձայնողականության և ֆրանս․ քաղաքական պրակտիկայի սկզբունքներով հիմնավորել են բուրժ․ պետության յուրահատուկ ազգային ձևը։ Իրավաբանների աշխատություններում ձևակերպվել են բուրժ․ պառլամենտարիզմի սկզբունքները։ ժամանակակից իրավագիտության բովանդակությունը ձևական–իրավաբանական ուղղությունն է (Պ․ Վինյի, ժ․ Վլամնիկ, Ա․ Բյուտենբախ)։ Իրավաբանները խմբավորված են Բ–ի քաղաքական գիտությունների ինստ–ի շուրջը և Բ–ի համեմատական իրավագիտության ինստ–ում։ Բ–ի ազգային պատմագրության զարգացումը խթանեց 1830-ի բելգիական հեղափոխությունը, բելգիական անկախ պետության կազմավորումը, որը նպաստեց ազգային ինքնագիտակցության և Բ–ի պատմական անցյալի նկատմամբ հետաքրքրության աճին։ 1834-ին ստեղծվեց թագավորական պատմական հանձնաժողով, աշխատանքներ ծավալվեցին արխիվային գործի կազմակերպման, պատմական աղբյուրների հրատարակման ուղղությամբ։ XIX դ․ պատմաբանները գերազանցապես հետաքրքվում էին Բ–ի պատմության` քաղ․ և պատմա–իրավական հարցերով։ Սոցիալ–տնտ․ պրոբլեմների ուսումնասիրությունը կապված է XIX դ․ վերջի XX դ․ սկզբի բելգ․ խոշորագույն պատմաբան Ա․ Պիրեննի անվան հետ, որը նկատելի ազդեցություն թողեց հետագա բուրժ․ պատմագրության վրա։ Բելգ․ և նիդերլ․ պատմաբանների համատեղ աշխատանքի արդյունքն է բազմահատոր «Նիդերլանդների ընդհանուր պատմությունը», որտեղ ընդգծվում է Բենիլյուքսի երկրների պատմական անցյալի և ներկայի ընդհանրությունը։ Բ–ում մեծ տեղ է տրվում բյուզանդագիտությանը և Հին Արևելքի ուսումնասիրությանը, աֆրիկագիտությանը։ Աֆրիկագիտական շատ աշխատություններ գրված են գաղութատիրական և նեոգաղութատիրական դիրքերից։ XIX դ․ վերջից Բ–ում երևան է գալիս սոցիալ–դեմոկրատական պատմ․ գրականությունը, որի հեղինակները (Է. Վանդերվելդե, Լ․ դը Բրուկեր, Լ․ Բերտրան, Ժ․ Դեստրե և ուր․) հիմնականում ուշադրություն են դարձրել բելգ․ սոցիալիստական և բանվ․ շարժմանը՝ այն լուսաբանելով ռեֆորմիզմի դիրքերից։ Է․ Վանդերվելդի ինստ–ը հրատարակում է (1960-ից) «Սոցիալիստական բանվորական շարժման պատմությունը Բելգիայում», որն ունի միևնույն ուղղությունը։

XI․ Մամուլը, ռադիոհաղորդումները` հեռուստատեսությունը 1968-ին Բ–ում լույս են տեսել շուրջ 50 օրաթերթ և 53 շաբաթաթերթ ու ամսագիր։ Ֆրանսերեն և ֆլամանդերեն կարևորագույն թերթերն են՝ Սուար («Le Soir», 1887-ից), ձևականորեն անկախ՝ փաստորեն Ազատության և առաջադիմության կուսակցության (ԱԱԿ) օրգանը, «Ստանդարդ» («De Standaard», 1914-ից), արտահայտում է ֆլամանդական բուրժուազիայի շահերը, «Հետ լատստե նըյիվս» («Het Laatste Nieuws», 1888-ից), Բելգիայի սոցիալիստական կուսակցության (ԲՍԿ) օրգան, «Պյոպլ»(«Լe Peuple», 1885-ից), ԲՍԿ–ի օրգան, «Դրապո ռուժ» («Le Drapeau Rou– ge», 1921-ից), ֆրանսերեն և «Րոդե վան» («Rode Vaan», 1921-ից), ֆլամանդերեն, Բելգիայի կոմ․ կուսակցության (ԲԿԿ) օրգաններ) «Սիտե» («La Cite՝», 1950-ից), քրիստոնեական արհմիությունների կոնֆեդերացիայի օրգան։ Ռադիոն գործում է 1924-ից, հեռուստատեսությունը՝ 1953-ից։ Հաղորդումները տրվում եn ֆրանսերեն և ֆլամանդերեն։

XII․ Գրականությունը

Բելգիական ժողովրդի գրականությունը զարգացել է հիմնականում երկու լեզվով, հարավային նահանգներում՝ ֆրանսերեն, հյուսիսայինում՝ ֆլամանդերեն։

Ֆրանսերեն գրականությունը։ Առաջին գրավոր հուշարձանները վերաբերում են 1200-ին։ Դրանք պատմական ժամանակագրություններ են և խաչակրաց արշավանքների վերաբերյալ էպիկական զրույցներ։ XIII – XIV դդ․ զարգացել է կուրտուազական գրականությունը (ֆաբլիոներ, վիպակներ, երգեր, վեպեր)։ Հայտնի են Ժ․ դը Կոնդե, Վ․ դը Կուվեն մենեստրելները։ XIV դ․ է վերաբերում Ժ․ Ֆրուասարի «Ֆլանդրիայի ժամանակագրությունը»։ XV դ․ զարգացել է նովելի ժանրը (Ա․ դը լա Սալ, «Հարյուր նոր նովելներ»)։ Ժ․ Շատլենի բանաստեղծություններում հնչել են քաղաքական ու հայրենասիրական մոտիվները։ XVI դ․ բելգ․ գրականությունը մտավ Վերածննդի մեծ շարժման մեջ։ Ժ․ Լեմեր դը Բելժը պայքարում էր եկեղեցու բռնության դեմ։ Ֆ․ դը Մառնիկս դը Սենտ-Ալդեգոնդը գրում էր հակակղերական պամֆլետներ։ Ֆրանս․ «Պլեադա»-ի բանաստեղծների ազդեցությամբ էին գրում Ա․ դյու Էկեն և Լ․ դը Մազյուրը։ XVII դ․ գրականությունը վայրէջք ապրեց, եղած գրական նմուշներն էլ կրում էին ֆրանս․ կլասիցիզմի ազդեցությունը (Դ․ Կոպպե, Պ․ Րելլո)։ XVIII դ․ կեսից գրականության մեջ թափանցեցին լուսավորչական մոտիվներ (Կ․ Ֆ․ դը Նելի, Ժ․ Ն․ Բասանժ, Օ․ Բ․ Ռենիե)։ Նոր ուղղությունների կենտրոն դարձավ Լիեժ քաղաքը։ Հիմնվեց «Հանրագիտական հանդես»-ը (1756), հրատարակվեցին Վոլտերի երկերը, ստեղծվեցին գրական ընկերություններ ու խմբակներ։ 1801-18-ին Բրյուսելում լույս տեսան բանաստեղծական ալմանախներ։ XIX դ․ սկզբներին Բելգիայում երևան եկան ռոմանտիզմի ոգով գրված ստեղծագործություններ։ Ռոմանտիկներն առավելապես ընդօրինակում էին Ջ․ Բայրոնին (Ֆ․ Լեբրուսար, «Բելգիացիներ», 1810), Վ․ Հյուգոյին