Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/36

Այս էջը սրբագրված է

պանության և այլ հարցերի։ Հնդկահայ ազգային–եկեղեցական վարչության մեջ պաշտպանել է հնդկահայ հետադիմական կղերին ու աշխարհիկ վերնախավին և այս առիթով պայքար է մղել լիբերալների օրգան «Եղբայրասեր»-ի դեմ՝ աջակցություն գտնելով անգլիական իշխանությունների կողմից։ «Արևելյան հնդկաց լրագիր»-ի նյութերն արտացոլել են հնդկահայ գաղթօջախների քայքայման պատճառները։

Արևելյան հռոմեական կայսրություն, տես Բյուզանդիա։

(նկ․) «Արևելյան մամուլ» ամսագրի շապիկը

«ԱՐԵՎԵԼՅԱՆ ՄԱՄՈՒԼ», ազգային, գրական և քաղաքական պարբերական։ Լույս է տեսել 1871-1909 և 1919-22-ին, Զմյուռնիայում։ 1871-93-ին տպագրվել է որպես ամսագիր, 1894-1902-ին՝ կիսամսյա հանդես, 1903-09-ին՝ շաբաթաթերթ, 1919-1922-ին՝ օրաթերթ։ Խմբագիրներ՝ Մ․ Սամուրյան (1871-1901), ապա՝ Հ․ Սամուրյան (1901-09, 1919-22)։ «Արևելյան մամուլը» պաշտպանել է հայ ժողովրդի շահերը, քննադատել սուլթանական վայրագ բռնապետության քաղաքականությունը։ 1871-1872-ին ընթերցողներին տեղեկություններ է ավել Փարիզի կոմունայի և I Ինտերնացիոնալի մասին։ 1880-ական թթ․ վերջերին թուրքական իշխանությունները հարկադրել են չափավորել պարբերականի «լեզուն», պահանջները։ Հետագայում՝ 1919-1922-ին «Արևելյան մամուլը» ունեցել է ռամկավարական հակում, լայնորեն անդրադարձել Կիլիկիայի անցուդարձին, Հայկական հարցի ելևէջներին, հույն–թուրքական պատերազմին։ «Արևելյան մամուլ»-ի էջերում տպագրվել են հրապարակախոսական, բնագիտական–փիլիսոփայական, մանկավարժական և գրաքննադատական հոդվածներ, որոնք արտահայտել են արևմտահայ հոգևոր և մշակութային վերելքը։ Պայքարել է աշխարհաբարի ձևավորման և զարգացման համար։ Տպագրել է Ծերենցի, Գ․ Չիլինկիրյանի, Հ․ Իփեքճյանի, Փ. Վարդանյանի, Գ․ Պատկանյանի, Դ․ Վարուժանի, Ս․ Տյուսաբի, Ս․ Նուպարյանի ստեղծագործություններն ու հոդվածները։ Թարգմանաբար տպագրել է Լաֆոնտենի, Լամարտինի, Վ․ Հյուգոյի, Ա․ դը Սյուսեի և այլոց ստեղծագործություններից։ 1908-ին ունեցել է նույնանուն եռամսյա հանդես–հավելված։ 1909-ից, իբրև շարունակություն «Արևելյան մամուլ»-ի, լույս է տեսել «Դաշինք» օրաթերթը։ Հ․Ղազարյան


ԱՐԵՎԵԼՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ, տես Ղրիմի պատերազմ 1853-56։


ԱՐԵՎԵԼՅԱՆ ՍԵՎԱՆԻ ԼԵՌՆԱՇՂԹԱ, Փոքր Կովկասի լեռնաճյուղը Սևանա լճի և Թարթառ (Տրտու) գետի վերին հոսանքի միջև։ Ձգվում է հարավ–արևմտյան ուղղությամբ, Հինալ լեռնագագաթից մինչև Ալագյոլերի գոգավորությունը։ Երկարությունը 40 կմ է, միջին բարձրությունը՝ 2700 մ, առավելագույնը՝ 3430 մ (Քեթի լեռ)։ Նշանավոր է Սոթքի լեռնանցքը (2366 մ)։ Լեռնաշղթայի լանջերն ունեն անհամաչափ թեքություն։ Արևմտյան լանջերը թույլ թեքությամբ իջնում են Մասրիկի դաշտը և կտրտված են Մասրիկ գետով և նրա վտակներով։ Հակադիր լանջերը զառիթափ են՝ մասնատված Թարթառի ձախ վտակներով։ Արևելյան Սևանի լեռնաշղթայի հյուսիս–արևելյան և հարավ–արևմտյան ծայրամասերը կազմված են կավճի և պալեոգենի նստվածքային և հրաբխածին ապարներից, իսկ միջին մասը՝ միոպլիոցենի հրաբխածին ապարներից։ Այստեղ է Զոդի ոսկու հանքավայրը։ Արևելյան Սևանի լեռնաշղթայի կլիման բարեխառն է՝ տարեկան 350-650 մմ տեղումներով։ Օդի առավելագույն ջերմաստիճանը ամռանը գագաթնային մասում 20°C է, ստորոտում՝ 30°C։ Ձմռանը համապատասխանաբար -35°C և -25°C է։ Բուսականությունը ներկայացված է ալպյան մարգագետիններով, մարգագետնային տափաստաններով և թփուտներով։ Արևելյան լանջին հանդիպում են կաղնու, հաճարենու և բոխու անտառներ։ Լ․ Զոհրաբյան

(նկ․) Արևելյան Սևանի լեռնաշղթան Մասրիկի դաշտից


ԱՐԵՎԵԼՅԱՆ ՍԻԲԻՐ, ԽՍՀՍ ասիական տերիտորիայի մի մասը՝ Ենիսեյից արևելք մինչև Խաղաղ օվկիանոսի ջրբաժանը և Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի ծայրամասային ծովերից մինչև ԽՍՀՄ հարավային սահմանները։ Տես Սիբիր։


ԱՐԵՎԵԼՅԱՆ ՏԱՎՐՈՍ, լեռնային համակարգ Հայկական լեռնաշխարհում։ Տես Հայկական Տավրոս։

ԱՐԵՎԵԼՅԱՆ ՏԻԳՐԻՍ (հնում՝ Ջերմ), գետ Հայկական լեռնաշխարհում։ Միանալով Արևմտյան Տիգրիսին՝ առաջացնում է Տիգրիս գետը։ Երկարությունը 268 կմ է, ավազանը՝ 10850 կմ²։ Սկիզբ է առնում Կորդվաց (Քրդստանի) լեռների արևելյան լանջերից, մոտ 3000 մ բարձրությունից և մինչև գետաբերան հոսում արևմտյան ուղղությամբ։ Վերին հոսանքում կոչվում է Նորդուզ, միջինում՝ Շատախ, ապա՝ Բոհտան։ Ընդունում է բազմաթիվ փոքր վտակներ, որոնք առաջացնում են խոր կիրճեր։ Գլխավոր վտակներից են Մոկսը, Սինբերը։ Լեռնային գետ է, ունի մեծ անկում, վերին հոսանքում՝ 20-30 մ, ստորինում՝ 10-12 մ։ Սնումը խառն է, հիմնականում՝ ձնհալքի և ստորերկրյա ջրերից։ Հորդանում է գարնանը (մարտ–մայիս), ամռանը և ձմռանը սակավաջուր է։ Էներգետիկ պաշարները չեն օգտագործվում։ Հ․ Գաբրիելյան


ԱՐԵՎԵԼՔ, արևելքի կետ, հորիզոնի չորս գլխավոր կետերից մեկը, գտնվում է դեմքով դեպի հյուսիս կանգնած դիտորդի աջ կողմում։ Նշանակումը՝ E (անգլ․ East)։ Գիշերահավասարի օրերին Արեգակը ծագում է արևելքի կետում։ Երկնոլորտի վրա արևելքի կետը մաթեմատիկական հորիզոնի և երկնային հասարակածի հատման երկու կետերից մեկն է։


«ԱՐԵՎԵԼՔ», օրաթերթ։ Լույս է տեսել 1884-1915-ին, Կ․ Պոլսում։ 1913-ից կոչվել է «Լուսին», «Պայքար», «Լրաբեր» և «Չեզոք»։ Խմբագիրներ՝ Բ․ Քեչյան, Ա․ Արփիարյան, Լ․ Բաշալյան, Տ․ Արփիարյան, Ե․ Սրմաքեշխանլյան (Երուխան), Ե․ Օտյան։ Չափավոր դեմոկրատական թերթ։ Ունեցել է քաղաքական տեսության, ազգային, բանասիրական, գրական, գիտական, բժշկական, գյուղատնտեսական և այլ բաժիններ։ «Արևելքը» ազդեցիկ դեր է խաղացել արևմտահայ հասարակական–քաղաքական կյանքում։ Տպագրել է Րաֆֆիի «Խամսայի մելիքությունները» աշխատությունը, «Խաչագողի հիշատակարանը» և «Սամվել» վեպի մի մասը, Գ․Զոհրապի ակնարկներն ու նովելները։ «Արևելք»-ի հեղինակությանը նպաստել են Ա․Արփիարյանի դեմոկրատական ոգով ներծծված քրոնիկները, հոդվածներն ու թղթակցությունները արևմտահայ հասարակական իրադարձությունների, ժողովրդի կենցաղի և առօրյայի, ինչպես նաև արևելահայ հատվածի ազգային–քաղաքական կյանքի շուրջ։ Աշխատակցել են Հ․ Ասատուրը, Տ․ Կամսարականը, Տ․ Քելեկյանը և ուրիշներ։

(նկ․) «Արևելք» հանդեսի շապիկը


«ԱՐԵՎԵԼՔ», հասարակական–քաղաքական օրաթերթ։ Լույս է տեսել 1930-36-ին, Սալոնիկում (Հունաստան)։ Խմբագիրներ՝ Վ․ Բագրևանդյան, Ա․ Քիրեճյան, Խ․ Ներսեսյան, Ս․ Քիրեճյան։ Ունեցել է ռամկավարական ուղղություն, իսկ 1934-ից դարձել ռամկավար ազատական կուսակցության օրգան։ Ունեցել է միջազգային լուրերի բաժին, արտացոլել սփյուռքահայության, մասնավորապես Հունաստանի հայ գաղութի հասարակական կյանքը։ «Արևելքը» հետևողական պայքար է մղել դաշնակցության դեմ, պաշտպանել ներգաղթը և բազմաթիվ հոդվածների ու լուրերի միջոցով լուսաբանել Խորհրդային Հայաստանի տնտեսական, մշակութային կյանքն