Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/368

Այս էջը հաստատված է

տորֆի պաշարներով։ Կան հանքային աղբյուրներ։

Կլիման անցումային է ցամաքայինից դեպի ծովայինը, գտնվում է Ատլանտյան օվկիանոսի օդային հոսանքների մեղմացնող ազդեցության տակ։ Հունվարի միջին ջերմաստիճանը հվ-արմ-ում -4°C է, հս-արլ-ում՝ –8°C, հուլիսինը՝ հս-ում 18°C է, հվ-ում՝ 20°C, բացարձակ մաքսիմումը 37°C է (Բրեստ, Գոմել), բացարձակ մինիմումը՝ -41°C (Վիտեբսկ)։ Տարեկան տեղումները հվ-ում 550 մմ են, միջին գոտու բարձրություններում՝ մինչև 700 մմ․ մաքսիմումը լինում է ամռանը։ Օդի բարձր խոնավությունը պայմանավորված է բազմաթիվ լճերի առկայությամբ, ճահճակալվածությամբ, գետերի խիտ ցանցով։

Ներքին ջրերը։ Գետերը պատկանում են Սև և Բալթիկ ծովերի ավազաններին։ Սև ծովի ավազանին է պատկանում Դնեպրը (միջին հոսանքում)՝ Սոժ, Դրուտ, Բերեզինա, Պրիպյատ վտակներով, Բալթիկ ծովի ավազանին՝ Արևմտյան Դվինան (Օբոլ, Դրիսսա, Դիսնա վտակներով) և Նեմանը (Վիլիյա, Արևմտյան Բուգ վտակներով)։ Գետերի ընդհանուր երկարությունը 51 հզ․ կմ ավելի է, սնումը՝ անձրևա–ձնային։ Նրանց մեծ մասն օգտագործվում է նավագնացության և լաստառաքման համար։ Դնեպր–Բուգի ջրանցքը Պրիպյատ, Պինա և Մոխովեց գետերով Դնեպրը կապում է Արևմտյան Բուգի հետ։ Խոշոր լճերն են՝ Նարոչը, Օսվեյսկոյեն, Գիսվյատին, Սնուդի–Ստրուստոն, Նեշչերդոն, Չերվոնոյեն, Վիգոնովսկոյեն։ Լճերը հարուստ են ձկներով։ Ափերին կան առողջարաններ և տուրիստական բազաներ։

Հողերը։ Հողերի 60%-ը ճմապոդզոլային է, արմ․ մասում առանձնանում են անտառային գորշանման, ցածրություններում՝ ճմաճահճային և ճահճային հողեր (22,7%) և ավազային ճմապոդզոլային հողեր։ Գետահովիտներում տարածված են ալյուվիալ–մարգագետնային հողերը։ Բ–ի տարածության մոտ 0,5%-ը ծածկված է ճմահումուսա–կարբոնատային հողերով, 1/3-ից ավելին զբաղեցնում են ճահիճները և առավել խոնավ հողերը։ Սովետական իշխանության տարիներին հսկայական աշխատանքներ են կատարվել հողերի չորացման ուղղությամբ, որը կարևոր նշանակություն ունի գյուղատնտեսության համար։

Բուսականությունը։ Բ–ի տերիտորիան մտնում է ՍՍՀՄ եվրոպական մասի խառն անտառների ենթագոտու մեջ։ Տարածված են փշալայնատերև անտառները, մարգագետնային և ճահճային բուսականությունը։ Անտառներն զբաղեցնում են հանրապետության տարածքի 1/З-ը, մարգագետիններն ու արոտավայրերը՝ 1/5-ը, կուլտուրական բույսերը՝ 1/З-ը, ճահճաբույսերն ու թփուտները՝ 1/10-ը։ Անտառներում գերակշռում են փշատերևները (մոտ 70%)։ Բելովեժյան թավուտը համաշխարհային հռչակ վայելող անտառային խոշոր զանգված է (79 հզ․ հա)։ Հայտնի են նաև Բերեզինյան ու Պրիպյատի արգելավայրերը։

Կենդանական աշխարհը բաղկացած է լայնատերև անտառների, տայգայի և անտառատափաստանի կենդանիներից՝ այծյամ, սկյուռ, խաչկտուց, գետնասկյուռ, արտույտ ևն։ Լճերի մոտ հանդիպում են ջրասամույր, կուղբ, ջրաքիս։ Տարածված են ջրլող թռչուններ։ Ձկներից շատ են ծածանի տեսակները (20-ից ավելի)։ Արդյունագործական նշանակություն ունեն աղվեսը, նապաստակը, վայրի խոզը, ջրլող կենդանիները։ Բնության պահպանման և վերականգնման համար ստեղծված են Բերեզինյան արգելանոցը (Բերեզինա գետի վրա), ժամանակավոր արգելավայրեր։ Բելովեժյան թավուտը Եվրոպայի միակ անտառային հին զանգվածն է, որտեղ կան սոճու, կաղնու, բոխու անտառներ, եղևնուտ և լաստենուտ։ Այն հարուստ է թանկարժեք կենդանիներով (ազնիվ եղջերու, այծյամ, վայրի խոզ)։ Հատուկ արժեք է ներկայացնում զուբրը, որի հետ է կապված այդ անտառային զանգվածի պատմությունը։ 1969-ին Ժիտկովսկու և Պետրիկովսկու շրջաններում ստեղծվել է Պրիպյատի պետական լանդշաֆտահիդրոլոգիական արգելանոցը։

IV․ Բնակչությունը

Ազգային կազմը, համեմատաբար, միատարր է։ 1970-ի մարդահամարի տվյալներով բնակչության 81%-ը բելոռուսներ են, 10,4%-ը՝ ռուսներ, 4,3%-ը՝ լեհեր, 1,6%-ը՝ հրեաներ, 2,1 %-ը՝ ուկրաինացիներ։ 1970-ին 1913-ի համեմատությամբ բնակչությունն աճել է 30,5%-ով։ Բնակչության միջին խտությունը 1 կմ2 վրա 44,6 մարդ է։ Քաղաքային բնակչությունը 43% է (1970), գյուղականը՝ 57%։ Բնակչության թվով Բ․ միութենական հանրապետությունների մեջ գրավում է 5-րդ տեղը՝ զիջելով ՌՍՖՍՀ–ին, ՈւՍՍՀ–ին, Ղազախական ՍՍՀ–ին և Ուզբեկական ՍՍՀ–ին։ Գերմանա–ֆաշիստական օկուպացիայի տարիներին (1941–44) Բ–ի տերիտորիայում զոհվել է 2 մլն 225 հզ․ սովետական քաղաքացի։ Խոշոր քաղաքներ են՝ Մինսկը, Գոմելը, Վիտեբսկը, Մոգիլյովը, Գրոդնոն, Բոբրույսկը, Բրեստը, Բարանովիչին։ Սովետական իշխանության տարիներին աճել են նոր քաղաքներ, այդ թվում՝ Սվետլոգորսկը, Աոլիգորսկը, Բերյոզան, ժոդինոն, հին Պոլոցկի կողքին աճել է Նովոպոլոցկը, որը նավթավերամշակման և քիմ․ արդյունաբերության կենտրոնն է։

V․ Պատմական ակնարկ

Բելոռուս ժողովուրդն ունի բազմադարյան հարուստ պատմություն։ Բ–ի տարածքում մարդու նախասկզբնական բնակատեղիները (Բերդիժ, Պոդլուժյե, Ցուրովիչի ևն) վերաբերում են միջին պալեոլիթին (այսինքն ունեն ոչ պակաս քան 100 հզ․ տարվա հնություն)։ Մ․ թ․ ա․ III–II հազարամյակների (բրոնզի դար) սահմանագծում Բ–ի տարածքում ապրող ցեղերը թողել են մշակույթի բազմաթիվ հետքեր։ Միլոգրադյան և Զարուբինցյան մշակույթների շուրջ 1500 բնակատեղիներ վերաբերում են վաղ երկաթի դարին։ Մ․ թ․ VI-VII դդ․ Բ-ի հիմնական տարածքում բնակվում էին արևելասլավոնական ցեղեր։ Մոտ․ IX դ․ նրանք ձուլվեցին հս-արմ․ շրջաններում ապրող բալթիական ցեղերին։ Սլավոնները զբաղվում էին հողագործությամբ և անասնապահությամբ, նաև՝ որսորդությամբ ու ձկնորսությամբ։ VI-IX դդ․ նախնադարյան-համայնական կարգերը քայքայվեցին, և Երևան եկան դասակարգային-ֆեոդալական հարաբերություններ։ Դրեգովիչների, ռադիմիչների և կրիվիչների ցեղային միությունները փոխարինվեցին իշխանություններով, զարգացան արհեստները, ծավալվեց առևտուրը, առաջացան քաղաքներ։ IX-XI դդ․ Բ․ մտնում էր հին ռուսական պետության (տես Կիևյան Ռուսիա) կազմի մեջ, որի ֆեոդալական մասնատման հետևանքով XI դ․ վերջին և XII դ․ առաջացան Պոլոցկի, Սմոլենսկի, Տուրովի, Պինսկի իշխանությունները։ XIII դ․ 2-րդ կեսին լիտվական իշխանները գրավեցին Արևմտյան Ռուսիայի ֆեոդալական իշխանությունները և XIV դ․ սկզբին միացրին Լիտվական Մեծ իշխանությանը։ Հին ռուսական պետության մյուս մասերից անջատվելու հետևանքով Ռուսիայի արմ․ մասի բնակչության մոտ ուժեղացան լեզվի, մշակույթի և սովորույթների՝ նրան յուրահատուկ առանձնահատկությունները։ Սկսվեց բելոռուս ժողովրդի կազմավորումը։ Ավելի ուշ Հին Ռուսիայի արմ․ հողերին բնորոշ դարձավ «Բելայա Ռուս» անվանումը։ XIII–XV դդ․ բելոռուս ժողովուրդը լիտվացիների, լեհերի և ռուսների հետ անձնազոհ պայքար էր մղում գերմանական ասպետների ագրեսիայի դեմ։ XV–XVI դդ․ ուժեղացավ ֆեոդալական հողատիրությունը։ Գյուղացիների ճորտացման կարևոր փաստաթղթերից էր Լիտվական Մեծ իշխան Կազիմիր IV-ի (Ցագայլովիչ) 1447-ի օրենքը, որով արգելվում էր գյուղացիների տեղաշարժը։ XV դ․ վերջից Բ-ում լայնորեն տարածվեցին կալվածատիրական-կոռային տնտեսությունները։ 1529-ի, 1566-ի և 1588-ի լիտվական կանոնադրությունները իրավաբանորեն