Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/40

Այս էջը սրբագրված է

րր տափարակ են, ընդարձակ, մեծ մասամբ ճահճակալած։ Ճահիճները շատ են հատկապես Օբ–Իրտիշյան միջագետքում (Վասյուգանիե)։ Հարուստ է բնական գազի և նավթի պաշարներով։ Կլիման ցամաքային է (հուլիսին՝ 4-ից մինչև 22°C, հունվարին՝ -28-ից մինչև -16°C), վեգետացիոն շրջանը՝ 100-180 օր, ձնածածկի տևողությունը՝ 275-152 օր։ Տարեկան տեղումները՝ 200-600 մմ։ Արևմտա–սիբիրական հարթավայրի հյուսիսում լայն տարածում ունի հավերժական սառածությունը։ Խոշոր գետերն են Օբը, Ենիսեյը, Իրտիշը։ Հարուստ է լճերով (Չանի, Ուբայի, Կուլունդայի և այլն)։ Տեղանքի հարթությունն օժանդակել է բնական զոնաների լավ արտահայտվածությանը, հյուսիսում ձգվում է տունդրան, դեպի հարավ՝ անտառա–տունդրան, տայգան, խառը և լայնատերև անտառները, անտառատափաստանը և տափաստանը։

Արևմտա–սիբիրական հարթավայրի հարավի մեծ մասը հերկված է։ Մշակում են հացահատիկային և տեխնիկական կուլտուրաներ։ Զարգացած է անասնապահությունը, հյուսիսում՝ աղվամազ մոր թեղենի արդյունագործությունը, եղջերվաբուծությունը, ձկնորսությունը, տայգայի ենթազոնայում՝ անտառարդյունաբերությունը։

Գրկ․ Սուսլով Ս․ Պ․, ՍՍՌՄ ֆիզիկական աշխարհագրություն։ Արևմտյան Սիբիր, Արևելյան Սիբիր, մաս 1-2, Ե․, 1950։

ԱՐԵՎՄՏԱ–ՍԻԲԻՐԱԿԱՆ ՆԱՎԹԱԳԱԶԱԲԵՐ ՄԱՐԶ, Արևմտա–Սիբիրական հար թավայրի սահմաններում՝ Տյումենի, Օմսկի, Կուրգանի, Տոմսկի և մասամբ Սվերդլովսկի, Չելյաբինսկի, Նովոսիբիրսկի մարզերում, Կրասնոյարսկի և Ալթայի երկրամասերում։ Մակերեսը մոտ 3,5 մլն․ կմ² է։ Արևմտա–Սիբիրական սալի նավթագազաբերության հնարավորությունը առաջինը նշել է Ի․ Մ․ Գուբկինը 1932-34-ին։ Երկրաբանա–որոնողական և խոր հորատման աշխատանքներն սկսվել են 1947-ից։ Գազի առաջին հանքավայրը հայտնաբերվել է 1953-ին՝ Օբ գետի ստորին հոսանքի շրջանում (Բերյոզովսկի շրջան), իսկ վեց տարի անց Շաիմի շրջանում հայտնաբերվել է նավթի առաջին հանքավայրը։ 1960-65-ին հաստատվեց Տյումենի և Տոմսկի մարզերում գտնվող մի շարք տեկտոնական գմբեթների արդյունաբերական նավթաբերությունը։ 1972-ի սկզբին արդեն հայտնի էր նավթի, գազի և գազանավթային շուրջ 180 հանքավայր, որոնցից մի քանիսը իրենց պաշարներով բացառիկ են (Սամոտլոր, Սուրգուտ, Ուստ–Բալիկ և այլն)։ Արևմտա–Սիբիրական նավթագազաբեր մարզի տարածքը կազմված է յուրայի, կավճի, պալեոգենի և մասամբ նեոգենի հասակի նստվածքներից, առավել հին (պալեոզոյ, տրիաս) նստվածքները զարգացած են միայն իջվածքներում։ Նստվածքային հատվածքում դիտվում են մի շարք խոշոր գմբեթներ, իջվածքներ և ճկվածքներ։ Բարձրացումների և իջվածքների վրա զարգացած են տեղական բարձրացումներ, որոնցից ավելի քան 100-ը նավթաբեր կամ գազաբեր են։ Մարզի նավթագազաբերությունը կապված է յուրայի և կավճի հասակի նստվածքների հետ, որոնց կտրվածքում առանձնացվում է ավազաքարերի ավելի քան 40 արդյունավետ շերտ՝ յուրա քանչյուրը 10-15 մ հզորությամբ։ Նավթի և գազանավթային կուտակների մեծ մասը (ավելի քան 80%) գտնվում է 2000-3000 մ, իսկ գազի կուտակները՝ մինչև 2000 մ խորության վրա։ Հայտնի հանքավայրերն ունեն մեծ դեբիտ, նավթինը՝ մինչև 200 տ/օր, գազինը՝ մինչև 5 մլն․ մ³/օր։

Արևմտա–Սիբիրական նավթագազաբեր մարզի նավթը բարձրորակ հումք է նավթաքիմիական արդյունաբերության համար։ Նավթի խտությունն է 880 կգ/մ³, ծծումբի պարունակությունը՝ 1,1%, պարաֆինինը՝ 0,5%-ից էլ պակաս և բենզինային թորամասերինը՝ 45-60%։ Նավթի հանույթը 1970-ին եղել է 31 մլն․ տ, գազինը՝ 9,5 մլրդ․ մ³։ 9-րդ հնգամյակի դիրեկտիվների համաձայն այստեղ ստեղծվել է ԽՍՀՄ նավթագազային նոր բազա, կառուցվում են հումքի մշակման զարգացած համալիրներ ունեցող նոր քաղաքներ ու ավաններ, մի շարք նավթամուղներ և գազամուղներ։ Արդյունահանվող նավթը տրվում է Օմսկի և Անգարսկի նավթամշակման գործարաններին, իսկ գազը՝ Ուրալին։ Խորհրդա–ամերիկյան առևտրա տնտեսական և գիտատեխնիկական համագործակցության շրջանակներում կոմպենսացիոն հիմունքներով Արևմտա–Սիբիրական նավթագազաբեր մարզի նավթի և գագի հանույթին և վերամշակմանը կմասնակցի ամերիկյան կապիտալը։ Նախատեսվում է կառուցել մագիստրալա յին գազամուղ Արևմտյան Սիբիրից գազը Մուրմանսկ տեղափոխելու համար, որտեղ այն կհեղուկացվի և հատուկ նավերով կառաքվի ԱՄՆ։


ԱՐԵՎՄՏՅԱՆ ԱՍԻԱ, Առաջավոր Ասիա, Ասիայի հարավ–արևմտյան մասը ընդգրկում է Փոքր Ասիա և Արաբական թերակղզիները, Հայկական և Իրանական բարձրավանդակները, Միջագետքը և Լևանտի երկրները։ Արևմտյան Ասիայի սահմաններում են գտնվում Կովկասը և Կոպետդաղը (ԽՍՀՄ), Թուրքիայի ասիական մասը, Իրաքը, Իրանը, Աֆղանստանը, Կիպրոսը, Լիբանանը, Սիրիան, Հորդանանը, Իսրայելը, Քուվեյթը, ԵԱՀ ասիական մասը, Սաուդյան Արաբիան, Եմենի Արաբական Հանրապետությունը, Եմենի Ժողովրդա–Դեմոկրատական Հանրապետությունը, Կատարը, Օմանը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Բահրեյնը։ Արևմտյան Ասիայի հյուսիսային շրջանները Միջերկրածովյան գեոսինկլինալի օղակներից են, որտեղ հնագույն զանգվածները եզրավորված են երիտասարդ ծալքավոր կառուցվածքներով։ Արևմտյան Ասիայում տիրապետում է շոգ չորային լանդշաֆտը (անապատներ, կիսաանապատներ և չոր տափաստաններ)։ Միջերկրական և Սև ծովի ափերին, Կասպից ծովի հարավում, Արաբական թերակղզու հարավ–արևմուտքում և մի քանի լեռնային շրջաններում գերակշռում է մերձարևադարձային և արևադարձային անտառների ու թփուտների ֆորմացիան։ Կարևոր նշանակություն ունեն արոտավայրերը։ Արևմտյան Ասիան հարուստ է նավթի խոշոր հանքավայրերով (Պարսից ծոցի ավազան, Ապշերոնյան թերակղզի)։ Ա․ Ասլանյան


ԱՐԵՎՄՏՅԱՆ ԱՎՍՏՐԱԼԻԱ (Western Australia), նահանգ Ավստրալիական Միությունում։ Տարածությունը 2527,6 հզ․ կմ² է, բնակչությունը՝ 991,3 հզ․ (1970), վարչական կենտրոնը՝ Պերտ: Տնտեսության հիմնական ճյուղը բրդատու ոչխարաբուծությունն է և խոշոր եղջերավոր անասնապահությունը։ Մշակվում է 3,6 մլն․ հա հողատարածություն (ցորեն, գարի, վարսակ)։ Հյուսիս–արևմուտքում զարգացած է այգեգործությունը և պտղաբուծությունը։ Օրդ գետի հովտում, արհեստական ոռոգման պայմաններում, աճեցվում է բամբակենի, բրինձ, շաքարի ճակնդեղ։ Կառուցվել է Օրդ–Դիվերշն–Վեյր ջրամբարը (98,6 մլրդ․ մ³)։ Զարգացած է լեռնարդյունաբերությունը, արդյունահանվում է ոսկի, երկաթահանք, նիկել, բոքսիտներ, նավթ, քարածուխ։ Կա մեքենաշինություն, մետաղամշակում, քիմիական և սննդի, փայտամշակման և անտառահատման արդյունաբերություն։ Արդյունաբերական կենտրոններն են՝ Պերտը, Ֆրիմանթլը, Կալգուռլին, Քուինանան։ Գլխավոր նավահանգիստն է Ֆրիմանթլ–Քուինանան։


ԱՐԵՎՄՏՅԱՆ ԲԵՆԳԱԼԻԱ, նահանգ Հնդկաստանում, Գանգես գետի ավազանի ստորին մասում։ Տարածությունը՝ 88 հզ․ կմ², բնակչությունը՝ 44,5 մլն․ (1971), հիմնականում բենգալացիներ։ Վարչական կենտրոնը՝ Կալկաթա։ Մակերևույթը հարթավայրային է՝ կազմված Գանգես գետի և նրա վտակների ալյուվիալ նստվածքներից։ Կլիման խոնավ արևադար ձային է (դեկտեմբերին՝ 19°C, մայիսին՝ 30°C), տարեկան տեղումները՝ 1400-1800 մմ։ Արևմտյան Բենգալիան աշխարհի ամենախիտ բնակեցված վայրերից է (մոտ 500 մարդ 1 կմ² վրա)։ Ըստ կրոնի, 79%-ր հինդուիստներ են, 20%-ը՝ մահմեդականներ։ Ցանքատարածությունները զբաղեցնում են տերիտորիայի 60%-ը (բրինձ, ջութ, թեյ, ծխախոտ և այլն)։ Հնդկաստանի ինչպես թեթև ու սննդի, այնպես էլ ծանր արդյունաբերության զարգացած նահանգներից է։ Արդյունաբերությունը կենտրոնացված է գլխավորապես Կալկաթայում ու նրա շրջակայքում, ինչպես նաև Ռանիգանջի ավազանում։ Գ․ Ավագյան


ԱՐԵՎՄՏՅԱՆ ԳԱԹԵՐ, Սախյադրի, լեռնաշղթա Հնդկաստանում, Հնդստան թերակղզու արևմտյան եզրային բարձրադիր մասը։ Երկարությունը մոտ 1800 կմ է, բարձրությունը՝ մինչև 2698 մ (Անայմուդի լեռ)։ Կազմված է լավաներից, գնեյսներից և քվարցիտներից։ Արևմտյան Գաթերի արևելյան լանջերը մեղմորեն ձուլվում են Դեկանի սարահարթին, արևմտյանը՝ կտրուկ իջնում դեպի ծովափնյա հարթավայրը, հարավում վերածվում հորստային զանգվածների Կլիման մերձհասարակածային է, մուսոնային։ Տարեկան տեղումները՝ 2-5 հզ․ մմ։ Գերակշռում են արևադարձային տերևաթափ (արևմտյան հողմադեմ լանջերին) և մշտադալար խոնավ արևադարձային (հարավում) անտառները։ Խ․ Նազարյան

ԱՐԵՎՄՏՅԱՆ ԴՎԻՆԱ, գետ ՌԽՖՍՀ–ում, Բելոռուսական ԽՍՀ–ում և Լատվիական ԽՍՀ–ում (վերջինիս սահմաններում՝ Դաուգավա)։ Երկարությունը 1020 կմ է, ավազանը՝ 87900 կմ²։ Սկիզբ է առնում Վալդայան բարձրությունից և թափվում Ռիգայի ծոցը։ Ունի զառիթափ ափերով նեղ, խոր հովիտ։ Արևմտյան Դվինան տեղ–տեղ ծանծաղ է, սահանքավոր։ Սնումը հիմնականում