Գերագույն գլխավոր հրամանատարության 1945-ի մայիսի 2-ի հրամանագրում նշվեց նաև դիվիզիայի և նրա հրամանատար Ն․ Սաֆարյանի անունը։ Բեռլինի մարտերին մասնակցելու համար դիվիզիան պարգևատրվեց Կուտուզովի 2-րդ աստիճանի շքանշանով, իսկ հարյուրավոր ռազմիկներ՝ շքանշաններով և մեդալներով։ Բեռլինի համար մղված մարտերում քաջաբար զոհվեց 35-րդ մեքենայացված Կարմրադրոշ տանկային բրիգադի հրամանատար գեներալ–մայոր Տ․ Բաբայանը, որին ետմահու շնորհվեց Սովետական Միության հերոսի կոչում։ Առաջին բելոռուսական ռազմաճակատի զորքերի կազմում աչքի ընկան գեներալ–լեյտենանտ Ս․ Գալաջևի (ռազմաճակատի քաղ-վարչության պետ), գեներալ–մայոր Ս․ Մարտիրոսյանի, գեներալ–մայոր Ս․ Կարապետյանի, գեներալ–մայոր Ի․ Գասպարյանի, գնդապետ Հ․ Բաբաջանյանի գլխավորած զորամասերը։ Բ․ օ–ին մասնակցելու համար Սովետական Միության հերոսի կոչման արժանացան Տ․ Ավագյանը, Վ․ Օգանեսովը, Ա․ Մուրդուկյանը, Գ․ Վարդումյանը, Վ․ Լևոնյանը, Ս․ Չիլինգարյանը։
Քարտեզը տես 361-րդ էջից առաջ՝ ներդիրում։
Գրկ․ Մնացականյան Ա․ Ն․, Հայ ժողովուրդը Հայրենական մեծ պատերազմում (1941–1945), Ե․, 1954։ Հայ ժողովրդի պատմություն, հ․ 8, Ե․, 1970։ История Великой Отечественной войны Советского Союза, т․ 5, М․, 1963; Конев И․ С․, Сорок пятый, 2 изд․, испр․ и доп․, М․, 1970․
«ԲԵՌԼԻՆ–ՀՌՈՄ ԱՌԱՆՑՔ», ֆաշիստական Գերմանիայի և Իտալիայի միջև 1936-ի հոկտեմբերի 25-ին Բեռլինում կնքված ռազմա-քաղաքական դաշինք։ Համաձայնագրով կողմերը ճշտեցին տնտեսական ներթափանցման իրենց ոլորտները Բալկաններում և Դանուբի ավազանում, վերստին հավաստեցին, որ ճանաչում են Ֆրանկոյի կառավարությունը Իսպանիայում և միջոցներ ձեռնարկում նրան հետագա օգնություն ցույց տալու համար։ Գերմանիան ճանաչում էր Եթովպիայի զավթումը Իտալիայի կողմից։ «Բ-Հ․ ա․»-ին հաջորդեց «Հակակոմինտերնյան պակտը» (1936-ի նոյեմբ․ 25), որը կնքվեց Գերմանիայի ու Ճապոնիայի միջև, և որին միացավ Իտալիան։ «Բ–Հ․ ա․»-ի ստեղծումը արագացնում էր երկրորդ համաշխարհային պատերազմի նախապատրաստումն ու սանձազերծումը։
ՍՍՀՄ–ի և հակաֆաշիստական խմբավորման մյուս պետությունների հաղթանակի շնորհիվ Գերմանիայի, Իտալիայի և Ճապոնիայի այդ դաշինքը քայքայվեց։
ԲԵՌԼԻՆՅԱՆ ԼԱԶՈՒՐ, փարիզյան կապույտ, միլորի, KxFey[Fe(CN)6]zn, մուգ կապույտ պիգմենտ, ֆերոցիանաջրածնական թթվի երկաթի աղը՝ Fe4[Fe(CN)6]3, որը որպես խառնուրդներ պարունակում է արյան դեղին աղ, արյան կարմիր աղ և ջուր։ Բյուրեղային փոշի է, ջրում, սպիրտում, եթերում, թույլ թթուներում չի լուծվում, ալկալիներում կամ տաքացնելիս (200°C–ից բարձր) քայքայվում է՝ առաջացնելով Fe(OH)3։ Լուսադիմացկուն է և ունի լավ ներկող հատկություն (ծածկողությունը 10–20 գ/մ2 է։) Արդյունաբերության մեջ ստանում են, օրինակ, երկաթի (П) սուլֆատը կամ քլորիդը արյան դեղին աղով՝ K4[Fe(CN)6] նստեցնելով, ապա ստացված նստվածքը օքսիդացնելով։ Օգտագործվում է թանաքի, լաքերի, յուղաներկերի, տպագրական ներկերի պատրաստման, թղթի գունավորման համար։
ԲԵՌԼԻՈԶ (Berlioz) Հեկտոր (Էկտոր) Լուի [11․ 12․ 1803, Քոտ–Սենտ–Անդրե (Ֆրանսիա) - 8․ 3․ 1869, Փարիզ], ֆրանսիացի կոմպոզիտոր, դիրիժոր։ Ֆրանսիայի ինստ–ի անդամ (1856)։ 1826–30-ին սովորել է Փարիզի կոնսերվատորիայում։ 1830-ի Հուլիսյան հեղափոխության ազդեցությամբ մշակել է «Մարսելիեզը» երգչախմբի և նվագախմբի համար (1830), հեղափոխության հերոսների հիշատակին է նվիրել «Ռեքվիեմ» (1837), «Սգո հաղթական սիմֆոնիա» (1840) գործերը։ Բ–ի «Սարդանապալ» կանտատը արժանացել է Հռոմեական մրցանակի (1830)։ 1830–40-ական թթ․ նրա ստեղծագործական վերելքի շրջանն էր․ գրել է սիմֆոնիաներ («Ֆանտաստիկ սիմֆոնիա», 1830, «Հարոլդը Իտալիայում», 1834, ըստ Բայրոնի «Չայլդ Հարոլդի ուխտագնացությունը» պոեմի, «Ռոմեո և Ջուլիետ», 1839), «Բենվենուտո Չելինի» օպերան (բեմ․ 1838)։ 1842-ից համերգային շրջագայություններ է կատարել Եվրոպայի երկրներում, այցելել Ռուսաստան (1847, 1867–68)։ 1846-ին ավարտել է «Ֆաուստի դատապարտումը» օրատորիան։ Բ․ երաժշտության մեջ ռոմանտիզմի ականավոր ներկայացուցիչներից է, ռոմանտիկական ծրագրային սիմֆոնիայի ստեղծողը։ Նա գործիքավորման խոշորագույն վարպետ է․ նորություններ է մտցրել երաժշտական ձևի, հարմոնիայի բնագավառում և հատկապես գործիքավորման մեջ (նվագախմբում նոր գործիքների օգտագործում, կատարման նոր կանոններ ևն)։ Կյանքի վերջին տարիների ստեղծագործություններում նկատելի է հակում դեպի ակադեմիզմը, վերացական բարոյական պրոբլեմատիկան («Քրիստոսի մանկությունը» օրատորիալ եռերգությունը, 1854, «Տրոյացիները» օպերային երկերգությունը, 1855–59)։ Սակայն «Բեատրիչե և Բենեդիկտ» կոմիկական օպերայում (1862, ըստ Շեքսպիրի «Շատ աղմուկ ոչնչից») կրկին հնչում են լավատեսական տրամադրությունները։ Բ․ դիրիժորական նոր դպրոցի հիմնադիրն է (Ռ․ Վագների հետ)։ 1820-ական թթ․ սկսվել և շուրջ քառասուն տարի շարունակվել է Բ-ի գրական–քննադատական գործունեությունը։
Երկ․ Избранные статьи, пер․ с франц․, М․ 1956; Мемуары, пер․ с франц․, М․, 1967․
Գրկ․ Роллан Р․, Музыканты наших дней, пер․ с франц․, М․, 1938 (Собр․ муз․- ист․ соч․, т․ 5); Хохловкина А․, Берлиоз, М․, 1960; Соллертинский И․, Берлиоз, [3 изд․], М․, 1962․
ԲԵՌՆ (գերմ․ Bern, ֆրանս․ Berne), Շվեյցարիայի մայրաքաղաքը և Բեռն կանտոնի վարչական կենտրոնը։ Տրանսպորտային կարևոր հանգույց է երկրի կենտրոնական մասում, Աարե գետի ափերին։ 170 հզ․ բն․ (1972)։ Կլիման մեղմ է, հունվարի միջին ջերմաստիճանը –0,4°C է, հուլիսինը՝ 20,4°C, տարեկան տեղումները՝ 852 մմ:
Պատմական տեղեկանք։ Հիմնադրվել է 1191-ին։ 1218-ին դարձել է կայսերական ազատ քաղաք, 1353-ին՝ միացել Շվեյցարական կոնֆեդերացիային։ 1415-ին Բ․ իր տիրապետություններին միացրեց Աարգաուն, 1536-ին՝ Վոն (Վաադտը)։ 1528-ին Բ–ում կատարվեց Ռեֆորմացիա։ Բյուրգերների, քաղաքային պլեբեյների և Բ–ին ենթակա գյուղացիների պայքարն ընդդեմ ուժեղացող պատրիկների XVII –XVIII դդ․ վերածվեց ապստամբության, որը դաժանաբար ճնշվեց։ Ֆրանս. զորքերի գրավումից (1798) հետո քաղաքի իշխանությունն անցավ բուրժ․ տարրերի ձեռքը, Աարգաուն և Վոն անկախություն ստացան։ 1813-ին վերականգնվեց պատրիկների իշխանությունը (գոյատևեց մինչև 1830-ի հուլիսյան հեղափոխությունը)։ 1848-ից Բ․ Շվեյցարիայի մայրաքաղաքն է։ XX դ․ սկզբին ռուս հեղափոխական վտարանդիության կենտրոններից էր։ 1914-ի սեպտեմբերից մինչև 1916-ի փետրվարը Բ-ում ապրել և աշխատել է Վ․ Ի․ Լենինը։
Բ. արդ․ և վարչական քաղաք է, միջազգային կազմակերպությունների (Համաշխարհային փոստային միության բյուրոյի, Հեռուստակապի միջազգային միության, հեղինակային իրավունքի պաշտպանության միջազգային միության, Միջազգային տրանսպորտային միության) գործելատեղին։