Բ-ում է գտնվում Ազգային բանկը։ Կա էլեկտրատեխնիկական և ճշգրիտ մեքենաշինություն, տեքստիլ, տրիկոտաժի, սննդի արդյունաբերություն, փայտամշակություն, պոլիգրաֆիական արտադրություն։ Զբոսաշրջիկության կարևոր կենտրոն է։ Ունի համալսարան (1834-ից), ազգային գրադարան, թանգարաններ։
Ճարտարապետությունը։ Աարե գետի առաջացրած թերակդզու վրա քաղաքի հին մասն է՝ միջնադարյան ամրությունների մնացորդներով (ժամացույցով աշտարակը, XV դ․), նեղ, զուգահեռ փողոցներով, բարոկկո ոճի բնակելի տներով և XVI դ․ քանդակազարդ շատրվաններով։ Քաղաքի նոր շրջանների հետ հին մասը կապված է կամուրջներով։ Գլխավոր հուշարձաններն են՝ Ս․ Վինցենտի ուշ գոթական եռանավ տաճարը (1421–1588), ռատուշան (1406-1417), բարոկկո ոճի Սուրբ հոգու եկեղեցին (1726–29), պառլամենտի շենքը (1852-1901)։
ԲԵՌՆԱԲՌՆԻՉ ՀԱՐՄԱՐԱՆՔՆԵՐ, բեռնամբարձ մեքենաների օժանդակ հարմարանքներ, որոնց օգնությամբ բեռը բռնում են, տեղափոխման ժամանակ պահում և բեռնաթափում։ Բ․ հ․ նախատեսվում են հատային, սորուն և հեղուկ բեռների տեղափոխման համար։ Լինում են ձեռքի և ավտոմատացված։ Կառուցվածքով համեմատաբար պարզ են հատային բեռների համար օգտագործվող, մետաղաճոպաններից կամ եռակցովի շղթաներից պատրաստված Բ․ հ․ (նկ․ 1–4), որոնց ծայրերին սերտակցում են կապօղակներ, կեռեր։ Տարածված են արագագործ աքցանային (նկ․ 5) և ապակենտրոն (նկ․ 6) բռնիչները՝ արկղերի, տակառների ևնի համար։ Սորուն բեռների բռնումն ու տեղափոխումը կատարվում է բադյաներով, կյուբելներով և գրեյֆերներով (նկ․ 7, 8, 9), իսկ հեղուկ բեռներինը՝ շերեփներով և բադյաներով։ Սև մետաղներից պատրաստված բեռների ավտոմատ բռնման համար օգտագործվում են բեռնման Էլեկտրամագնիսները (նկ․ 10), իսկ հարթ մակերևույթներով բեռների (օրինակ՝ թերթերի, շինարարական բլոկների) բարձրացման համար՝ վակուումային Բ․ հ․։ Բ․ հ․ պետք է լինեն հարմար և աշխատանքում անվտանգ, ունենան նվազագույն սեփական կշիռ, արագ բռնեն ու բաց թողնեն բեռը։ Ժամանակակից Բ․ հ․ կատարելագործվում են ինչպես ավտոմատ բռնիչների նոր կոնստրուկցիաների մշակման, այնպես էլ որոշակի բեռների համար օգտագործելու ուղղությամբ։
ԲԵՌՆԱԳԻՐ, որևէ արժեքի ընդունման դիմաց տրվող պաշտոնական ստացական։ Տրվում է արժեքներ ընդունող աշխատողի՝ գանձապահի, պահեստապետի կողմից արժեքներ հանձնող անձին, որպես ինքնուրույն հաշվային փաստաթուղթ (այս դեպքում դուրս է գրվում նաև կրկնօրինակ և հաշվառման մեջ օգտագործվող Բ-ի կոճղը), կամ որպես հիմնական հաշվային փաստաթղթի մի (կտրվող) մաս (օրինակ՝ մուտքի դրամարկղային հրամգիր)։
ԲԵՌՆԱԴՈՏ (Bernadotte) Ժան Բատիստ (1763–1844), Ֆրանսիայի մարշալ (1804), 1818–44-ին՝ Շվեդիայի թագավոր (Կարլ XIV Յուհան անվամբ), Բեռնադոտների դինաստիայի հիմնադիրը։ Հեղափոխական Ֆրանսիայի մղած պատերազմների ժամանակ եղել է դիվիզիայի հրամանատար, նապոլեոնյան բանակում՝ կորպուսի հրամանատար։ 1810-ին Նապոլեոնի կողմից պաշտոնաթող է արվել, իսկ 1810-ի օգոստոսին շվեդ. ռիկսդագը նրան ընտրել է թագաժառանգ։ 1813-ին հարել է հականապոլեոնյան կոալիցիային և շվեդ. բանակով մասնակցել Ֆրանսիայի դեմ պատերազմին։
ԲԵՌՆԱԼ (Bernal) Ջոն Դեսմոնդ (10․ 5․ 1901, Նինա - 10․ 9․ 1971, Լոնդոն), անգլիացի ֆիզիկոս, հասարակական գործիչ։ Եղել է մի շարք երկրների գիտությունների ակադեմիաների, այդ թվում ՍՍՀՄ ԳԱ արտասահմանյան անդամ (1958)։ Ավարտել է Քեմբրիջի համալսարանը։ 1937-ից Լոնդոնի համալսարանի պրոֆեսոր։ 1939–42-ը աշխատել է հակաօդային պաշտպանության բնագավառում։ 1942-1945-ին՝ միացյալ օպերացիաների շտաբի գիտական խորհրդատու։ Բ․ եղել է խաղաղության համաշխարհային խորհրդի նախագահության կատարող պրեզիդենտ (1959–65), բյուրեղագետների միջազգային միության պրեզիդենտ (1963–66), գիտական աշխատողների համաշխարհային ֆեդերացիայի փոխնախագահ։ Գիտական աշխատությունները վերաբերում են բյուրեղագիտությանը։ Ուսումնասիրել է գրաֆիտի, մետաղների, ջրերի, հորմոնների, վիտամինների, շինարարական նյութերի կառուցվածքը։ «Գիտության սոցիալական ֆունկցիան» (1938) և այլ աշխատություններում բացահայտել է գիտության փիլ․ և հասարակական նշանակությունը, վերլուծել գիտության, տեխնիկայի և սոցիալական պայմանների փոխկապվածությունը, գիտության զարգացման յուրահատկությունները կապիտալիզմի և սոցիալիզմի պայմաններում։ Բ․ «Ժողովուրդների միջև խաղաղությունն ամրապնդելու համար» միջազգային լենինյան մրցանակի դափնեկիր է (1953)։
Երկ․ Գիտությունը և հասարակությունը, Ե․, 1955։ Наука в истории общества, М․, 1956; Наука о науке, М․, 1966; Возникновение жизни, М․, 1969․
ԲԵՌՆԱՄԲԱՐՁ ՄԵՔԵՆԱ, մարդիկ և բեռներ բարձրացնող հարմարանք։ Բ․ մ–ներ են վերելակները (բեռնատար և մարդատար), ամբարձիչները (հանքահորային, սկիպային, շինարարական ևն), ինչպես նաև ամբարձիկները, բազմաճախարակները, ոլորակները և ինքնագնաց սլաքավոր լրիվ դարձկեն ամբարձիչներն ու ավտոբեռնիչները։ Բ․ մ–ները լինում են ստացիոնար, ինքնագնաց կամ շարժական, ընդհատ կամ անընդհատ գործողության։ Մեքենայի բեռնամբարձությունը տատանվում է մի քանի կգ–ից մինչև մի քանի հարյուր տ։ Շատ Բ․ մ–ներ բեռը ոչ միայն բարձրացնում, իջեցնում ու պահում են անհրաժեշտ բարձրության վրա, այլև կարող են տեղափոխել հորիզոնական հարթությամբ և ցանկացած հետագծով։ Բ. մ–ի հիմնական մասերն են՝ կմախքը, բարձրացնող մեխանիզմը, բեռնաբռնիչ օրգանը։ Բ․ մ–ի բեռնաբռնիչ հարմարանքների ընտրությունը, ինչպես նաև մեքենայի կոնստրուկցիան կախված են տեղափոխվող բեռի չափից, կշռից, հատկություններից և արտադրական պրոցեսի տեխնոլոգիայից։
ԲԵՌՆԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆ, տրանսպորտի, որպես նյութական արտադրության հատուկ ճյուղի, արտադրանքի հիմնական բնապայմանական տնտ․ ցուցանիշ։ Բ. փոխադրվող բեռների կշռի (տ-ներով) և անցած տարածության (կմ–ներով) արտահայտությունն է։ Չափվում է նետտո տ/կմ, այսինքն, առանց փոխադրամիջոցների կշռի։ Տրանսպորտի բ․ կախված է փոխադրվող բեռի զանգվածից և փոխադրման հեռավորությունից։ Բեռի զանգվածը, իր հերթին, պայմանավորված է արտադրանքի ծավալից և կառուցվածքից, ինչպես նաև փոխադրելիության կամ կրկնակի փոխադրումների գործակցից։ Բեռնափոխադրումների վրա ազդում են՝ տարածքի չափերը և բնական հարստությունների տեղաբաշխումը, ձեռնարկությունների հեռավորությունը հումքի աղբյուրներից, վառելիքի և արտադրանքի սպառման շրջաններից տրանսպորտային ցանցի զարգացման աստիճանը, միաժամանակ,