Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/406

Այս էջը հաստատված է

նյութական բարիքների արտադրության հասարակական եղանակը (տարերային՝ կապիտալիստական երկրներում, պլանաչափ՝ սոցիալիզմի ժամանակ)։ Բ-յան զարգացման աստիճանը անմիջապես բխում է տվյալ երկրի ժող․ տնտեսության զարգացման տեմպերից։

1967-ին համաշխարհային Բ․ կազմել է 21942 մլրդ տ/կմ։ 1969-ին ՍՍՀՄ տրանսպորտի գումարային Բ․ կազմել է համաշխարհայինի մոտ 15%-ը և աշխարհի բոլոր երկրների ներքին Բ-յան 30%-ը։ 1972-ին ՍՍՀՄ տրանսպորտի Բ․ կազմել է 4300 մլրդ, ՀՍՍՀ–ում՝ 3,833 մլն տ/կմ։

Ռ․ Շախկուլյան

ԲԵՌՆԱՐ (Bernard) Կլոդ (12․ 7․ 1813, Սեն-Ժյուլեն, Վիլֆրանշի մոտ - 10․ 2․ 1878, Փարիզ), ֆրանսիացի ֆիզիոլոգ և ախտաբան, փորձառական ֆիզիոլոգիայի և բժշկության հիմնադիր։ Փարիզի ԳԱ անդամ (1854)։ 1839-ին ավարտել է Փարիզի համալսարանը և աշխատել Ֆ․ Մաժանդիի լաբորատորիայում։ 1854-ից ընդհանուր ֆիզիոլոգիայի ամբիոնի, իսկ 1868-ից բնագիտության պատմության թանգարանի համեմատական ֆիզիոլոգիայի ամբիոնի ղեկավարն էր։ Գիտական աշխատանքները նվիրված են թքագեղձի սեկրետոր նյարդի անատոմիայի և ֆիզիոլոգիայի, ենթաստամոքսային գեղձի, լյարդի գլիկոգենագոյացման ֆունկցիաների ուսումնասիրությանը։ Ապացուցել է երկարավուն ուղեղում օրգանիզմի ածխաջրերի փոխանակությունը կարգավորող կենտրոնի գոյությունը («շաքարային ծակոց» հայտնի փորձով), իսկ 1853-ին՝ սիմպաթիկ նյարդային համակարգի անոթաշարժիչ ֆունկցիան։

ԲԵՌՆԱՐ (Bernhardt) Սառա (իսկական անունը՝ Հանրիետ Ռոզին, 22․ 10․ 1844, Փարիզ - 26․ 3․ 1923, Փարիզ), ֆրանսիացի դերասանուհի։ Ավարտել է Փարիզի կոնսերվատորիայի դրամատիկական դասարանը (1862)։ Աշխատել է «Կոմեդի ֆրանսեզ», «Ժիմնազ», «Պորտ - Սեն-Մարտեն», «Օդեոն» թատրոններում։

1893-ին եղել է «Ռենեսանս» թատրոնի տնօրենը, 1898-ին վարձել է Շատլե հրապարակի թատրոնը, որ կոչվել է «Սառա Բեռնարի» թատրոն։ Բ-ի արվեստը համարվել է տեխնիկական կատարելության նմուշ։ Օժտված լինելով քնարական տեմպերամենտով, «ոսկի ձայնով», արտասանության մաքրությամբ, խոսուն պլաստիկայով՝ ստեղծել է հզոր դրամատիկական կերպարներ։ Սակայն նրա վիրտուոզ վարպետությունը զերծ չի եղել որոշ էֆեկտայնությունից, արհեստականությունից։ Լավագույն դերերից են՝ Դոննա Սոլ (Հյուգոյի «էռնանի»), Մարգարիտ Գոթիե (Դյումա–որդու «Քամելիազարդ տիկինը»), Թեոդորա (Սարդուի «Թեոդորա»), Արծվիկ (Ռոստանի «Արծվիկ»), Համլետ (Շեքսպիրի «Համլետ»), Լորենցաչչո (Մյուսսեի «Լորենցաչչո»)։ 1880-ական թվականներից Բ․ հյուրախաղերով հանդես է եկել Եվրոպայի և Ամերիկայի բազմաթիվ երկրներում (Ռուսաստանում՝ 1881, 1892, 1908-1909)։ 1922-ին թողել է բեմական գործունեությունը։ Հայ դերասաններից Ա․ Արմենյանը Փարիզում մեկ թատերաշրջան աշխատել է Բ-ի թատրոնում, իսկ Մ․ Մաքսուտյանը «էլիզաբեթ, Անգլիայի թագուհին» ֆիլմում նրա հետ խաղացել է գլխավոր դերերից մեկը։

ԲԵՌՆԱՐԴԵՆ ԴԸ ՍԵՆ–ՊԻԵՌ (Bernar- din de Saint-Pierre) Ժակ Անրի (19․ 1․ 1737, Հավր – 21․ 1․ 1814, Պոնտուազայի մոտ), ֆրանսիացի գրող։ Ճանաչվել է «ճանապարհորդություն Իլ–դը–ֆրանսում» (1773) մեկհատորյակով։ Հետագայում հաջողության է հասել իր հոգևոր ուսուցիչ Ժան–Ժակ Ռուսոյի ազդեցությամբ գրված «Բնության էտյուդներ» (1784–87) փիլիսոփայական եռհատորյակով, որի շարունակությունն է լայն ճանաչման արժանացած «Պոլ և Վիրգինիա» (1787, հայերեն 1-ին թրգմ․ 1830) վեպը, ուր պատկերված է երկու երիտասարդների հովվերգական սերը։ Գրել է նաև գիտական աշխատություն՝ «Բնության ներդաշնակությունները» (1815) և այլ գրքեր։

Երկ․ Պաւլոս և Վիրգինիա, Մ․, 1858։

Ա․ Գասպարյան

ԲԵՌՆԱՐԿՂ, շարժակազմի հանովի թափք՝ բեռնափոխադրման և տրանսպորտի մի տեսակից մյուսի (օրինակ, երկաթուղուց ավտոմոբիլի) մեքենայական փոխբեռնման համար։ Լինում են հանրային (հատաբեռի) և հատուկ (համասեռ ու սորուն նյութերի, արագանեխ բեռի), ըստ կառուցվածքի՝ ամբողջ և քանդովի, նաև փակ ու բաց։ ՍՍՀՄ–ում ըստ կշռի սահմանված են 2,5 տ և 5 տ, երբեմն նաև 1,25 տ տարողության Բ-ներ։

ԲԵՌՆԻ ԿՈՆՖԵՐԱՆՍ (ՌՍԴԲԿ), բոլշևիկների արտասահմանյան բաժանմունքների կոնֆերանս։ Տեղի է ունեցել Բեռնում (Շվեյցարիա), 1915-ի փետր․ 14-19 (փետր․ 27-մարտի 4)-ին, Վ․ Ի․ Լենինի գլխավորությամբ։ Քննարկել է կուսակցության տակտիկան և հաստատել պատերազմի (1914-18) հարցի վերաբերյալ լոզունգները։ Կոնֆերանսում Վ․ Ի․ Լենինը զեկուցել է պատերազմի ու կուսակցության խնդիրների մասին։ Վ․ Ի․ Լենինի զեկուցումը և պատերազմի մասին կոնֆերանսի ընդունած բանաձևը նշել են իմպերիալիստական պատերազմը քաղաքացիականի վերածելու կոնկրետ ուղիներ։

ԲԵՌՆԻՆԻ (Bernini) Ջովաննի (Ջիան) Լորևնցո (7․ 12․ 1598, Նեապոլ - 12․ 11․ 1680, Հռոմ), իտալացի ճարտարապետ և քանդակագործ։ Բարոկկոյի խոշորագույն ներկայացուցիչ։ Բ-ի գործերը նվիրված են Հռոմի ճարտ․ ձևավորմանը։ Ստեղծել է շքեղ պլաստիկ հարդարանքով, ձևերի լարված դինամիկայով, տարածական մեծ ընդգրկումով հանդիսավոր կառույցներ՝ Ս․ Պետրոս տաճարի ինտերիերի ամպհովանին (1624-33) և հրապարակի սյունաշարը (1657-63), Սանտ-Անդրեա ալ Կվիրինալե եկեղեցին (1653-58), «Թագավորական աստիճանները» («Սկալա Ռեջա», 1663-66), Օդեսկալկի պալացցոն, բազմաթիվ շատրվաններ (Տրիտոնի շատրվանը Բարբերինի հրապարակում, 1637, Չորս գետերի շատրվանը Նավոնի հրապարակում, 1648-51) ևն։ Բ․ վարպետորեն է լուծել պլաստիկ արվեստների սինթեզի խնդիրը (Ս․ Պետրոսի տաճարի և այլ եկեղեցիների ինտերիերներում), բարդ, սլացիկ շարժումների, փոփոխական վիճակների վիրտուոզ արտահայտումով հարստացրել քանդակագործության արվեստը։ Բ-ի ստեղծագործությունը մեծ ազդեցություն է թողել XVII-XVIII դդ․ եվրոպական ողջ արվեստի վրա։

Գրկ․ Аркин Д․, Бернини-скульптор, в его кн․։Образы скульптуры, М․, 1961; Witt- kower R․, Gian Lorenzo Bernini, the Sculptor of the Roman baroque, L․, 1955․

Ա․ Քարյան

ԲԵՌՆԻՉ, շարժական ամբարձիչ-տրանսպորտային մեքենա՝ բեռներ բարձելու, դարսելու և կարճ տարածությունների վրա փոխադրելու համար։ Օգտագործվում է արդ․ ձեռնարկություններում, նավահանգիստներում, գյուղատնտ․ աշխատանքներում և այլուր։ Բ-ներն աչքի են ընկնում համեմատաբար փոքր արտաքին չափերով և մեծ մանևրայնությամբ։ Աշխատում են էլեկտրա- և ներքին այրման շարժիչներով։ Կան անընդհատ և ընդհատ գործողության Բ-ներ։ Անընդհատ գործողության են բազմաշերեփ, քերակավոր և ժապավենային ինքնագնաց Բ-ները, իսկ ընդհատ գործողության՝ ավտոբեռնիչը և միաշերեփ Բ․։

ԲԵՌՆՇՏԱՏՆ էդուարդ (6․ 1․ 1850, Բեռլին - 18․ 2․ 1932, Բեռլին), գերմանական սոցիալ–դեմոկրատ, օպորտունիզմի և ռևիզիոնիզմի