Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/43

Այս էջը սրբագրված է

Թուրքիայից զիջումներ ստանալու և ոչ թե հայերին օգնելու համար։

Արևմտյան Հայաստանի և արևմտահայության ճակատագրի հանդեպ անշահախնդիր դիրք բռնեց միայն բոլշևիկյան կուսակցությունը։ 1917-ի հունիսի 22-ին Վ․ Ի․ Լենինը դրել է անկախ Հայաստանի գաղափարը՝ լիակատար ազատության պահանջ առաջադրելով «ամբողջ Հայաստանի նկատմամբ» (Երկ․, հ․ 26, էջ 58)։ 1917-ի դեկտեմբերի 29-ին ժողկոմսովետը Վ․ Ի․ Լենինի ստորագրությամբ ընդունեց «Թուրքահայաստանի մասին» դեկրետը, որը հռչակում էր Արևմտյան Հայաստանի ազատ ինքնորոշման, ազգային պետականության իրավունքը։ 1918-21-ին Վ․ Ի․ Լենինի հանձնարարությամբ Գ․ Չիչերինը և Ա․ Բեկզադյանը բանակռիվ էին մղում թուրք, կառավարողների հետ, ամեն ինչ անում արևմտահայերին օգնելու համար։ Օգտվելով Խորհրդային Ռուսաստանի համար ստեղծված միջազգային անբարենպաստ կացությունից՝ 1920-ի հունիս–հուլիս ամիսներին Մոսկվայում կայացած խորհրդա–թուրքական բանակցությունների ժամանակ թուրքական կողմը մեկ անգամ ևս ցուցադրեց քեմալականների նվաճողական ձգտումները՝ չճանաչելով հայ ժողովրդի իրավունքները ոչ միայն Արևմտյան Հայաստանի նկատմամբ, այլև պահանջեց Թուրքիային զիջել նաև Կարսն ու Արդահանը։ Անհաջողության մատնվեցին բանակցությունները Խորհրդային Ռուսաստանի և Լևոն Շանթի գլխավորած դաշնակցական կառավարության պատվիրակության միջև, քանի որ վերջինս ապավինելով Անտանտին, առաջադրեց անիրականանալի պահանջներ։ 1921-ին դաշնակցականների փետրվարյան խռովությունը քեմալականների համար առիթ դարձավ Մոսկվայում խորհդա–թուրքական բանակցությունների ժամանակ մեջտեղ բերել Ալեքսանդրապոլի պայմանագիրը և նույնիսկ արգելել մասնակցելու նիստերին Խորհրդային Հայաստանի պատվիրակության ղեկավար Ա.Բեկզադյանին։ 1921-ի մարտի 16-ի խորհրդա–թուրքական պայմանագիրը վերակրկնվեց հոկտեմբերին, Կարսում։ Արևմտյան Հայաստանը արևմտյան դիվանագիտության խարդավանքների զոհ դարձավ՝ մնալով Թուրքիայի տիրապետության ներքո։ Թուրքիայի կազմի մեջ մնաց նաև Արևելյան Հայաստանի որոշ մասը։

Արևմտահայ ազգաբնակչության թվաքանակը տարբեր ժամանակներում եղել է տարբեր։ XVII դ․Արևմտյան Հայաստանի բնակչության 98%-ը հայեր էին։ 1844-ի մարդահամարով Թուրքիայում ապրում էր 2, 4 մլն․ հայ, որից երկու միլիոնը ասիական Թուրքիայում։ 1854-ին Կ․ Մարքսը գրում է, որ Թուրքիայի հայերի թիվը 2, 4 մլն․ էր (К․ Маркс, Փ․ Энгельс, Соч․, 2 изд․, т․ 10, с․ 171)։ Թուրքիայում ապրող 900 հզ․կաթոլիկների մի մասը ևս հայեր էին։ 1878-ին, Կ․ Պոլսի Հայոց պատրիարքարանի՝ Բեռլինի կոնգրեսին ներկայացրած տվյալներով, Թուրքիայում ապրում էր 3 մլն․ հայ։ 1882-ին կատարված մարդահամարով Թուրքիայում ապրում էր 2, 660 հզ․ հայ, ընդ որում, Վանի վիլայեթում՝ 400 հզ․, Սվազում՝ 280, Խարբերդում՝ 270, Բիթլիսում՝ 250, Դիարբեքիրում՝ 150, Էրզրումում՝ 280, Կիլիկիայում՝ 380, Ասիական Թուրքիայի մնացած մասերում՝ 455, Եվրոպական Թուրքիայում՝ 155 հզ․։ Աբդուլ Համիդ II-ի օրոք հայերի նկատմամբ կիրառվող ուծացման, զանգվածային ջարդերի քաղաքականությանը հաջորդեցին նոր արտագաղթեր։ 1894-96-ին Արևմտյան Հայաստանում և Կ․ Պոլսում կոտորվեց շուրջ 300 հզ․հայ, իսկ 200 հզ․ տարագրվեց օտար երկրներ։ 1912-ին, Կ․ Պոլսի Հայոց պատրիարքարանի նոր մարդահամարով, Թուրքիայում ապրող հայերի թիվն իջել էր 2,026000-ի։ Արևմտյան Հայաստանում նվազել էր քրիստոնյա տարրը, աճել էր մահմեդականների թիվը։ XX դ․ սկզբին հայերն Արևմտյան Հայաստանում արդեն կազմում էին ընդհանուր բնակչության 38, 9%-ը, թուրքերը՝ 25,4, քրդերը՝ 25,6, մնացածները (չերքեզներ, լազեր, պարսիկներ և այլն)՝ 11,1%-ը։ 1915-ին երիտթուրքերը Արևմտյան Հայաստանում և Թուրքիայում կազմակերպեցին հայերի ցեղասպանությունը, որը շարունակեցին քեմալականները։ Ոչնչացված և տարագրված հայերի բնակավայրերը բնակեցվեցին թուրքերով ու քրդերով։ Եղեռնի զոհերի թիվը հաշվվում է մոտ 1, 5 մլն․ հայ, իսկ փրկվածներինը՝ մոտ 737 հզ․, որից Արևելյան Հայաստան է անցել շուրջ 400 հզ․։ Այսպիսով Արևմտյան Հայաստանում բնաջնջվեց հայ բնակչությունը, ոչնչացվեցին պատմական կարևոր հուշարձանները, անվանափոխվեցին տեղանունները։ Այժմ Արևմտյան Հայաստանում բնակվող հայերի թիվը հարյուր հազարից չի անցնում, դրանց մեծ մասը ստիպված խոսում է թուրքերեն կամ քրդերեն։

Պատկերազարդումը տես աղ․ IV, 48-49 էջերի միջև՝ ներդիրում։

Գրկ․ Маркс К․, Энгельс Փ․, Соч․, 2 изд․, т․ 10; Լենին Վ․ Ի․, Երկ․, հ․ 25, էջ 36-38, հ․ 26, էջ 58։ Ներսիսյան Մ․ Գ․, Հայ ժողովրդի ազատագրական պայքարը թուրքական բռնակալության դեմ։ 1850-1870 թթ․, Ե․, 1955։ Կիրակոսյան Ջ․ Ս․, Առաջին համաշխարհային պատերազմը և արևմտահայությունը 1914 -1916 թթ․, Ե․, 1965։ Ղազարյան Հ․ Մ․, Արևմտահայերի սոցիալ–տնտեսական և քաղաքական կացությունը 1800-1870 թթ․, Ե․, 1967։ Հակոբյան Թ․ Խ․, Հայաստանի պատմական աշխարհագրություն, 2 հրտ․, Ե․, 1968։ Հայաստանը միջազգային դիվանագիտության և խորհրդային արտաքին քաղաքականության փաստաթղթերում, Ե․, 1972։ Геноцид армян в Османской империи․ Сб․ документов и материалов, под ред․ М․ Г․ Нерсисяна, Е․, 1966; 3улалян М․ К․, Армения в первой половине XVI в , М․, 1971; Саркисян Е․ К․, Политика Османского правительства в Западной Армении и державы в последней четверти XIX иначале XX вв․, Е․, 1972․ Հ․ Ղազարյան

ԱՐԵՎՄՏՅԱՆ ՍԱՀԱՐԱ, տերիտորիա Հյուսիս–Արևմտյան Աֆրիկայում։ Արևմուտքում ողողվում է Ատլանտյան օվկիանոսով, հյուսիսում սահմանակից է Մարոկկոյին և Ալժիրին, արևելքում և հարավում՝ Մավրիտանիային։ Իսպանական տիրույթ է («անդրծովյան նահանգ»)։ Կառավարում է Իսպանիայի կառավարության նշանակած գեներալ նահանգապետը։ 1967-ից, խորհրդակցական պարտականություններով, գոյություն ունի տեղական կառավարչություն, այսպես կոչված Գլխավոր ասամբլեա։ Տարածությունը 266 հզ․ կմ² է։ Բաղկացած է երկու մասից՝ Հարավային զոնայից (Ռիո–դե–Օրո, 184 հզ․ կմ²) և Հյուսիսային զոնայից (Սեգիետ–Էլ–Համրա, 82 հզ․ կմ²)։ Բնակչությունը 54,0 հզ․ է (1970), վարչական կենտրոնը՝ Էլ–Այուն։ Մակերևույթը հարթավայրային է, արևմուտքում՝ տափարակ, արևելքում՝ բլրապատ (Մավրիտանական Ադրարա սարավանդ, 300-350 մ)։ Առավելագույն բարձրությունները (500-700 մ) գտնվում են հյուսիս–արևելքում, Ատլասի լեռների մոտ։ Մերձափնյա դաշտավայրը բնութագրվում է դյունային ռելիեֆով։ Արևմտյան Սահարան հարուստ է ֆոսֆորիտներով (Սեգիետ–Էլ–Համրա)։ Տերիտորիայի մեծ մասում կլիման արևադարձային է, անապատային։ Ամսական միջին ջերմաստիճանները տատանվում են 17-20° С-ից մինչև 25-30°С։ Ատլանտյան օվկիանոսի և Կանարյան սառը հոսանքի ազդեցությունների շնորհիվ մերձափնյա դաշտավայրի կլիման համեմատաբար մեղմ է։ Տարեկան տեղումները 50-200 մմ է։ Անձրևները սակավ են (լինում են հոկտեմբեր–նոյեմբերին և մարտ–մայիսին)։ Մշտահոս գետեր չկան, միայն Համրան է, որ իր ջրերը տանում է մինչև օվկիանոս։ Գորշ, կարմրագորշ և դեղնագորշ հողերի վրա տիրապետող են չորասեր թփուտներն ու խոտերը։ Հազվադեպ օազիսներում հանդիպում են արմավենիներ։ Կենդանական աշխարհին բնորոշ են սողուններն ու մանր կրծողները։ Մերձափնյա ջրերը հարուստ են ձկներով։

Հիմնական բնակիչներն արաբներն են, որոնք այստեղ կոչվում են մավրեր։ Խոսում են արաբերենի տեղական բարբառով։ Տիրապետող կրոնը մահմեդականությունն է, հիմնական զբաղմունքը՝ քոչվորական անասնապահությունը։ Շատերն ամեն տարի մի քանի ամիս անց են կացնում հարևան երկրներում։ Եվրոպական բնակչության գերակշռող մասը իսպանացիներ են (մոտ 9 հզ․), բնակվում են քաղաքատիպ վայրերում, որոնցից առավել նշանավոր են Էլ–Այունը (18,2 հզ․ բն․, 1970) և Վիլիա Սիսներոսը (6,1 հզ․ բնակիչ)։ Իսպանացիները մուտք են գործել Արևմտյան Սահարա XV դ․ վերջին և XVI դ․ սկզբին։ Դուրս մղելով պորտուգալացիներին և պայքարելով ֆրանսիացիների դեմ՝ իսպանացիները XX դ․ սկզբին գրավեցին Արևմտյան Սահարան։ Մինչև XX դ․ 70-ական թթ․ երկրում տիրապետում էին քոչվորական անասնապահության վրա հիմնված սպառողական տնտեսության հետամնաց ձևերը։ Բուծում են ուղտ, այծ և ոչխար։ Օազիսներում մշակում են փյունիկյան արմավենի, գարի և կորեկ։ Զբաղվում են ձկնորսությամբ, խեցգետինների, ջրիմուռների և սպունգների հավաքով։ Տնտեսության կառուցվածքում մեծ փոփոխություն է մտցնում ֆոսֆորիտների խոշոր հանքավայրի յուրացումը Բու–Կրաա շրջանում։ Հանքավայրը շահագործում է իսպանական «Ֆոս–ֆատոս Բու–Կրաա» պետական ընկերությունը՝ ԱՄՆ–ի և ԳՖՀ–ի ընկերությունների մասնակցությամբ։ Ֆոսֆորիտի հանքանյութը արդյունահանելու և փոխադրելուհամար Էլ–Այունի մոտ կառուցվում է (1972) նավահանգիստ և 100 կմ երկարության ժապավենաձև փոխադրիչ։ Արդյունահանվում է նաև կերակրի աղ։ Գրունտային ճանապարհների երկարությունը 5,2 հզ․ կմ է։ Արևմտյան Սահարայի արտաքին առևտուրը, որը Իս–