Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/44

Այս էջը սրբագրված է

աանիայի մենաշնորհն է, աննշան է։ Արտահանում է անասուն, մորթի, բուրդ և կերակրի աղ։ Ներմուծում է սննդամթերք, նավթամթերք և արդ․ ապրանքներ։ Դրամական միավորը իսպանական պեսետանէ։ 58,02 իսպանական պեսեաան հավասար է ԱՄՆ–ի մեկ դոլարին (հունվար, 1973)։

ԱՐԵՎՄՏՅԱՆ ՍԱՄՈԱ (Western Samoa), պետություն Պոլինեզիայում։ Մտնում է բրիտանական համագործակցության մեջ։ Ընդգրկում է Աամոա արշիպելագի Սավայի, Ուպոլու և մի քանի այլ մանր կղզիներ։ Տարածությունը 2842 կմ² է, բնակչությունը՝ 148,5 հզ․ (1971)։ Մայրաքաղաքը՝ Ապիա։

Պետական կարգը։ Գործող սահմանադրությունն ընդունվել է 1960-ին։ Բարձրագույն օրենսդիր մարմինը միապալատ օրենսդիր ժողովն է, որն ընտրվում է 3 տարով։ Ընտրելու և ընտրվելու իրավունք ունեն միայն ցեղերի առաջնորդները։ Նրանց թիվը օրենսդիր ժողովում 45 է․ 2 ներկայացուցիչ էլ ընտրվում է եվրոպական բնակչությունից։ Պետության ղեկավարը նաև իրականացնում է գործադիր իշխանությունը, նշանակում է պրեմիեր–մինիստրին ու մինիստրներին։

Բնությունը։ Կղզիներն ունեն հրաբխային ծագում, հիմնականում կազմված են բազալտներից։ Բարձրությունը՝ մինչև 1858 մ (Սավայի կղզի)։ Ափերը բարձրադիր են, ժայռոտ։ Կլիման մերձհասարակածային և արևադարձային է, պասատային, խոնավ։ Միջին ամսական ջերմաստիճանը 25-27°C է։ Տարեկան տեղումները՝ 2000-4000 մմ։ Լեռնալանջերը ծածկված են արևադարձային խոնավ անտառներով, ծովեզերքին գերակշռում են կոկոսյան արմավենին ու հացի ծառը։ Կան էնդեմիկ թռչուններ (ատամնակտուցավոր աղավնիներ և այլն)։

Բնակչությունը։ Բնակչության մոտ 99%-ը սամոացիներ են, որոնք պատկանում են պոլինեզիական ժողովուրդների թվին։ Պաշտոնական լեզուներն են սամոայերենն ու անգլերենը։ Մոտ 80%-ը բողոքականներ են, մնացածը՝ առավելապես կաթոլիկներ։ Բնակչության միջին խտությունը 50 մարդ է 1 կմ² վրա։ Առավել բնակեցված է Ուպոլու կղզին։ Քաղաքային բնակչությունը կազմում է 36% (1970)։ Գլխավոր քաղաքը Ապիա նավահանգիստն է։

Պատմական տեղեկանք։ Արևմտյան Սամոայի տերիտորիան հին ժամանակներից բնակեցված է եղել պոլինեզիացիներով։ XVIII դ․ խաղաղ օվկիանոսյան առևտրական ուղիների վրա գտնվող Սամոա կղզիներն են սկսում թափանցել եվրոպական գաղութարարները։ 1899-ի վերջին Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, ԱՄՆ–ի կնքած մի շարք համաձայնագրերով Գերմանիան տիրացավ Արևմտյան Սամոային, իսկ ԱՄՆ՝ Արևելյան Սամոային։ 1914-ի օգոստոսին Արևմտյան Սամոան զավթեցին Նոր Զելանդիայի զորքերը։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո Ազգերի լիգան Նոր Զելանդիային տվեց Արևմտյան Սամոան կառավարելու մանդատը, իսկ երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ՄԱԿ–ը Արևմտյան Սամոան հանձնեց Նոր Զելանդիայի խնամակալությանը։ Սամոացիները մշտապես պայքար են մղել ընդդեմ գաղութարարների։ Անկախության համար շարժումը առավել ուժեղ թափ ստացավ երկրորդ համաշխարհային պատերազմից հետո և ավարտվեց 1962-ի հունվարի 1-ին Արևմտյան Սամոայի սուվերեն պետության հռչակումով։ Սակայն Նոր Զելանդիայի հետ կնքված բարեկամության պայմանագրով նրան հանձնվեցին Արևմտյան Սամոայի իրավասությունները արտաքին հարաբերությունների, պաշտպանության և այլ բնագավառներում։ Արևմտյան Սամոան ՄԱԿ–ի անդամ չէ և դիվանագիտական հարաբերություններ չունի օտար պետությունների հետ (Արևմտյան Սամոայի կառավարությանը կից հավատարմագրված դիվանագիտական միակ ներկայացուցիչը Նոր Զելանդիայի գերագույն կոմիսարն է)։

Տնտեսությունը։ Տնտեսության հիմքը հողագործությունն է։ Աճեցնում են կոկոսյան արմավենի, բանան, կակաո։ Տեղական կարիքների համար մշակում են բատատ, եգիպտացորեն, բրինձ և այլն։ Կան արժեքավոր փայտանյութի նախնական մշակման, կոկոսյան ձեթի արտադրության, օճառագործական, կահույքի և հրուշակեղենի ձեռնարկություններ։ Կարևոր նշանակություն ունեն անտառային արդյունագործությունն ու ձկնորսությունը։ Ունի 800 կմ ավտոխճուղի։ Արտահանում է կոպրա, կակաո, բանան, ներմուծում՝ պարենամթերք (հիմնականում միս, ալյուր, շաքար), ինչպես նաև բենզին և թեթև արդյունաբերության արտադրանք (կոշիկ, գործվածքներ և այլն)։ Դրամական միավորն է սամոական դոլարը։

Լուսավորությունը։ Ուսուցումն սկսվում է 7 տարեկանից։ Տարրական դպրոցը 6-ամյա է․ դասավանդումը անգլերեն և սամոայերեն։ Միջնակարգ դպրոցը նույնպես 6-ամյա է․ դասավանդումը հիմնականում անգլերեն է։ Դպրոցական գործում զգալի դեր են խաղում միսիոներական կազմակերպությունները։ Ապիայում գործում են գյուղատնտեսական և մանկավարժական քոլեջներ։ Բուհեր չկան։

Մամուլը, ռադիոն։ Հրատարակվում են՝ 1904-ին հիմնադրված «Սավալի» («Savali») կառավարական երկշաբաթաթերթը, ինչպես նաև 1960-ին հիմնադրված «Սամոա բուլետին» («Samoa Bulletin») և 1964-ին հիմնադրված «Սամոաթայմս («The Samoa Times») մասնավոր շաբաթաթերթը։ Բոլոր թերթերն էլ անգլերեն ու սամոայերեն են։ 1948-ից գործում է կառավարական ռադիոհաղորդման ծառայությունը։

Գրկ․ Кассис В․, Западное Самоа, М․, 1968; Океания (справочник), отв․ ред․ К․ В․Малаховский, М․, 1971․ Հ․ Գրգեարյան


ԱՐԵՎՄՏՅԱՆ ՍԻԲԻՐ, Սիբիրի արևմտյան մասը Ուրալյան լեռների և Ենիսեյ գետի միջև։ Տարածությունը 2,8 մլն․ կմ² է։ Տերիտորիայի մեծ մասն զբաղեցնում է Արևմտա–Սիբիրական հարթավայրը՝ տունդրայի գոտուց (հյուսիսում) մինչև տափաստանայինը (հարավում)։ Հարավ–արևելքում բարձրանում են Ալթայի, Սալաիրի և Կուզնեցկի Ալատաուի լեռները։ Տես Սիբիր։


ԱՐԵՎՄՏՅԱՆ ՎԵՐՋԻՆԻԱ (West Virginia), նահանգ ԱՄՆ–ի արևելքում։ Տարածությունը 62,6 հզ․ կմ² է։ Բնակչությունը՝ 1744 հզ․ (1970)։ Վարչական կենտրոնը՝ Չառլսթոն։ Զբաղեցնում է Ալեգանի սարավանդի մի մասը։ Կլիման բարեխառն է, տաք և խոնավ։ Հունվարի միջին ջերմաստիճանը -1°C-ից 5°C է, հուլիսինը՝ 23-25°C։ Տարեկան տեղումները՝ 900-1250 մմ։ Արդյունահանվում է քարածուխ (1-ին տեղը ԱՄՆ–ում), նավթ, բնական գազ, աղ, շինանյութեր։ Մշակող արդյունաբերության մեջ գերակշռում են սև մետալուրգիանև կոքսաքիմիան (Ուիրթոն), ալյումինի արդյունաբերությունը (Ռեյվենսվուդ), քիմիական թելերի, պլաստմասսաների և սինթետիկ կաուչուկի արտադրությունը (Չառլսթոն), խեցեգործությունն ու ապակեգործությունը (Ուիլինգ)։ Էլեկտրակայանների հզորությունը 5,8 մլն․ կվտ է (1968)։ Գյուղատնտեսության ապրանքային արտադրանքի 3/4 տալիս է անասնապահությունը։ Հողագործությունը թույլ է զարգացած, ցանում են ցորեն, վարսակ, կարտոֆիլ, ծխախոտ։ Ապալաչների հովիտներում զարգացած է պտղաբուծությունը։ Ունի 5 հզ․ կմ երկաթուղային և 60 հզ․ կմ խճուղային ճանապարհներ։ Օհայո գետը Մոնոնգահիլա վտակով ունի փոխադրական նշանակություն։ Հ․ Գրգեարյան


ԱՐԵՎՄՏՅԱՆ ՏԱՎՐՈՍ, Անատոլիական Տավրոս, լեռնային համակարգ Թուրքիայի հարավում։ Սակարիա սարավանդից (Փոքրասիական բարձրավանդակ) փնջաձև տարածվում է դեպի հարավ և ընդգրկում Կիլիկիայի և Լիկիայի թերակղզիները։ Արևմտյան Տավրոսում գերակշռում են միջին բարձրության լեռները (2500-2800 մ)՝ Բեյ–դաղ, Սուլթան–դաղ (2581 մ), Էգրիբուրուն և այլն։ Կազմված է մեզոզոյի և երրորդականի կրաքարերից, թերթաքարերից, քվարցիտներից։ Սարահարթերում կան խոր իջվածքներ, որոնցից շատերում առաջացել են լճեր։ Խախտումների գոտիներում կենտրոնացած են Անատոլիայի հարավային ինտենսիվ սեյսմիկ օջախները։ Արևմտյան Տավրոսը խիստ մասնատված է գետահովիտներով, կարս–