Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/45

Այս էջը սրբագրված է

աային խոռոչներով, ձագարներով (հատկապես Լիկիայի և Կիլիկիայի թերակղզիները): Միջերկրական ծովից փչող խոնավաբեր քամիները բեռնաթափվում են Արևմտյան Տավրոսի հարավահայաց լանջերում, որտեղ տարեկան տեղումները հասնում են 2000 մմ: Հյուսիսային լանջերում կլիման ցամաքային է, տարեկան տեղումները՝ 600-700 մմ, իսկ նախալեռներում՝ 500 մմ: Արևմտյան Տավրոսի ծովափնյա հարթավայրերում և նախալեռներում տիրապետում է մերձարևադարձային մշակովի բուսականությունը, 300-500 մ բարձրության շրջանները զբաղեցված են մակվիսով, 500-1000 մ բարձրության վրա սոճու և կաղնու անտառներ են, 1000 մ-ից բարձր՝ ծառանման գիհու անտառներ: Կան լիբանանյան մայրու զանգվածներ: Բարձր սարահարթերը ծածկված են ալպյան մարգագետիններով, որոնք հաճախ փոխարինվում են տափաստանային և լեռնային չորասեր բուսականությամբ: Ս․ Բալյան

ԱՐԵՎՄՈՒՏՔ, արևմուտքի կետ, հորիզոնի չորս գլխավոր կետերից մեկը, գտնվում է դեմքով դեպի հյուսիս կանգնած դիտորդի ձախ կողմում: Նշանակումը՝ W (անգլ․ West): Գիշերահավասարի օրերին Արեգակը մայր է մտնում արևմուտքի կետում: Երկնոլորտի վրա արևմուտքի կետը մաթեմատիկական հորիզոնի և երկնային հասարակածի հատման երկու կետերից մեկն է:

(նկ․) «Արևմուտք» թերթի գլխագիրը


«ԱՐԵՎՄՈՒՏՔ», ազգային, գրական շաբաթաթերթ: Լույս է տեսել 1945-52-ին, Փարիզում: Հիմնադիր և խմբագիրներ՝ Լ․ Մոզյան, Լ․ Չորմիսյան և Բ․ Թոփալյան: 1946-ից «Արևմուտք-ի հրատարակությունն անցել է Կիլիկյան ընդհանուր միությանը: Ունեցել է դեմոկրատական-հայրենասիրական ուղղություն, ձգտել է ամրապնդել սփյուռք-Հայաստան կապերը: Իր «Խորհրդային Հայաստան» բաժնի միջոցով կանոնավոր ինֆորմացիա է հաղորդել հայրենիքի շինարարության, գիտական և մշակութային կյանքի վերաբերյալ: Թերթը ջատագովել է հայրենադարձությունը: Լայն տեղ է հատկացրել հայ և համաշխարհային գրականությանը, տպագրել թարգմանական և ինքնուրույն գեղարվեստական գործեր, արտատպումներ սովետահայ հեղինակներից, պատմա-բանասիրական, գրական-քննադատական, արվեստաբանական հոդվածներ: «Հայաշխարհ» և «Ֆրանսիա» բաժիններում տպագրել է զանազան լուրեր հայ գաղութների մասին: Ունեցել է միջազգային քաղաքական տեսության բաժին: Աշխատակցել են Զ․ Որբունին, Մ․ Պարսամյանը և ուրիշներ: Մ․ Բաբլոյան


«ԱՐԵՎՄՈՒՏՔ», կիսամսյա հանդես: Հրատարակվել է 1859, 1864-65-ին, Փարիզում: Խմբագիր՝ Ս․ Ոսկանյան (Ոսկան): «Արևմուտք» առաջադրել է դեմոկրատական խնդիրներ, ծառացել կղերականության և խավարամտության դեմ: «Արևմուտք»-ի պամֆլետներն ու հրապարակախոսական նյութերն ուղղվել են ազգը պառակտող, նրա առաջընթացին վնասող գործիչների դեմ: Մեծ տեղ հատկացնելով գեղարվեստական երկերին և դրանց գնահատությանը՝ հանդեսը ընդարձակ գրախոսական է նվիրել Խ․ Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպին: Թարգմանաբար հրատարակել է ֆրանսիական գրողների ստեղծագործությունները: Հայ ժողովրդի երգարվեստի զարգացմանը նպաստելու միտումով տպագրելէ երգեր, ընդգծել երգի հասարակական նշանակությունը: Պաշտպանել է արևմտահայ արհեստավորների իրավունքները, միասնական ճակատ կազմել «Հյուսիսափայլ»-ի հետ, որի էջերում Մ․ Նալբանդյանը մեծ գովեստով է խոսել հանդեսի «քանքարավոր» խմբագրի մասին և պաշտպանել նրան «թշնամական հարձակմունքից»: Ազգային-ազատագրական պայքարի կոչ է արել: Հանդեսը նյութեր է հատկացրել ազգային սահմանադրությանը, հունական ազատագրական շարժման հերոսներին, համակրանք տածել իր ազատության համար մարտնչող իտալալական ժողովրդի, հատկապես Գարիբալդիի նկատմամբ: «Մանր լուրեր» բաժնում հաղորդվել են արժեքավոր տեղեկություններ հայ և միջազգային իրականությունից: «Արևմուտք»-ը երախտիք ունի աշխարհաբարի զարգացման գործում: Մ․ Հակոբյան


ԱՐԵՎՅԱՆ Գաբրիել Խաչատուրի [իսկական ազգանունը՝ Ալավերդյան, 29․5․1914, Քարահունջ (այժմ՝ ՀԽՍՀ Գորիսի շրջանում) - 11․3․1968, Երևան], հայ խորհրդային գրող, լրագրող: ԽՄԿԿ անդամ 1947-ից: Ավարտել է (1940) Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: Եղել է Ղափանի շրջանային «Պղնձի համար» (1938-45, 1954-56) և Լենինականի «Բանվոր» (1951-53) թերթերի խմբագիր: Ակնարկների առաջին ժողովածուն լույս է տեսել 1949-ին, «Որոնումներ գետնի տակ» խորագրով: Նույն ժանրին են պատկանում «Ուրալյան տպավորություններ» (1951), «Հանքաշխարհ»(1959), «Ես էլ մի երկրախույզ» (1963), «Ասք ժամանակի» (1968) գրքերը: Գրել է նաև վիպակներ («Հանքափորներ», 1949, «Հարուստ երակ», 1959): Ա․ Ալավերդյան


ԱՐԵՎՇԱՏ (մինչև 1945-ը՝ Ներքին Աղբաշ), գյուղ Հայկական ԽՍՀ Արտաշատի շրջանում, Ազատ գետի ափին, շրջկենտրոնից 15 կմ հյուսիս-արևելք: Զբաղվում են այգեգործությամբ, բանջարաբուծությամբ և անասնապահությամբ: Ունի գինու գործարան, լիմոնադի արտադրամաս, միջնակարգ դպրոց, ակումբ, գրադարան, հիվանդանոց, կապի բաժանմունք, կինո:


ԱՐԵՎՇԱՏ (մինչև 1948-ը՝ Եկանլար), գյուղ Հայկական ԽՍՀ Արթիկի շրջանում, Արագածի հյուսիս-արևմտյան ստորոտին, Մանթաշ գետի ափին, շրջկենտրոնից 15 կմ հյուսիս-արևելք: Կոլտնտեսությունն զբաղվում է հացահատիկի մշակությամբ և անասնապահությամբ: Ունի ութամյա դպրոց, ակումբ, գրադարան, մանկապարտեզ, բուժկայան, կապի բաժանմունք: Գյուղում կա XIV-XV դդ․ կառուցված եկեղեցի, որը վերականգնվել է 1873-ին:

(նկ․) Արևշատ


«ԱՐԵՎՇԱՏ», աղանդերային տեսակավոր գինի: Մշակվում է 1945-ից, Երևանի գինու կոմբինատում՝ կուպաժային եղանակով (տես Կուպաժ): Թնդությունը՝ 16 ծավալային %, շաքարայնությունը՝ 26%, տիտրվող թթվությունը՝ 4,5-5,5 գ/լ: «Արևշատ»-ը մուգ դարչնագույն է, ունի յուրատեսակ ծխահամ: Հնացման ընդհանուր ժամկետը 3 տարի է: Համամիութենական ու միջազգային մրցույթներում և համտեսներում «Արևշատ»-ին շնորհվել է 7 ոսկե, 3 արծաթե մեդալ և 1 դիպլոմ:


ԱՐԵՎՇԱՏՅԱՆ Էդուարդ Սուրենի (ծն․8․5․1926, Երևան), հայ խորհրդային ճարտարապետ: ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ (1971): 1950-ին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի շինարարական ֆակուլտետի ճարտարապետական բաժինը: 1972-ից աշխատում է որպես Երևանի գլխավոր ճարտարապետի տեղակալ: Արևշատյանի նախագծերով Երևանում կառուցվել են Հայկոոպի վարչական շենքը (1952-54), Երքաղսովետի գործկոմի շենքը (1952-54, երկուսն էլ՝ Վ․ Արևշատյանի հետ), «Ծիծեռնակ» միջազգային տուրիստական ճամբարը (1956, Ա․ Թարխանյանի և Ս․ Խաչիկյանի հետ), Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակին հուշարձաններ՝ Ամասիայում, Եղեգնաձորի շրջանի Խաչիկ, Գորիսի շրջանի Ազատաշեն գյուղերում:

(նկ․) Վ․ Ա․ Արևշատյան, Է․ Ս․ Արևշատյան․ Երևանի քաղաքային սովետի գործադիրկոմիտեի շենքը (1952-54)


ԱՐԵՎՇԱՏՅԱՆ Վարազդատ Աբրահամի [ծն․ 1(14)․6․1912, Ռնդամալ (այժմ՝ ՀԽՍՀ Հրազդան քաղաքի շրջագծի մեջ)], հայ խորհրդային ճարտարապետ: ՀԽՍՀ վաստակավոր շինարար (1965): ԽՄԿԿ անդամ 1944-ից: 1937-ին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի շինարարական ֆակուլ-