Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/462

Այս էջը հաստատված է

կողմեր) մեջ, որոնք հաճախ կազմակերպում էին խռովություններ։ Տնտ․ ճնշման, իրավազրկության հետևանքով առաջացան տարբեր աղանդներ և հերձվածներ։ V-VI դդ․ լայնորեն տարածվեց պաշտոնական դավանանքի՝ երկաբնակության դեմ պայքարի ձևերից մեկը՝ միաբնակությունը։

Բ-ի պատմության համար շրջադարձային էր Իսավրյան դինաստիայի ժամանակաշրջանը (717-802)։ Նրա հիմնադիր Լևոն III (717-741) գահ բարձրացավ Անատոլիկոն բանակաթեմի հայազգի զորավար Արտավազդի օժանդակությամբ։ Իսավրացիների կրոնական քաղաքականությունը հայտնի է պատկերամարտության անունով։ Կայսեր նպատակն էր թուլացնել վանական տնտեսությունը, բռնագրավել վանքապատկան կալվածները։ Լևոն III պատկերապաշտությունը համարելով կռապաշտություն, պայքար սկսեց սրբապատկերների պաշտամունքի, դրանք նկարող ու վաճառող վանականության դեմ, բռնագրավեց եկեղեցական ու վանական սեփականությունը՝ այն շնորհելով զինվորականներին։ Կոստանդին V (741-775) շարունակեց հոր՝ Լևոն III-ի քաղաքականությունը։ Արաբներից ետ գրավեց Մելիտենեն ու Թեոդոսուպոլիսը, հայ ու ասորի աղանդավորներին գաղթեցրեց Թրակիա, որտեղ նրանք տարածեցին պավլիկյան աղանդը, կռվեց բուլղարների դեմ։ Կոստանդինի հաջորդները մեղմացրին պայքարը պատկերապաշտների դեմ։ 787-ի տիեզերական VII ժողովը մասամբ վերականգնեց պատկերապաշտությունը։ Նիկեփորոս I-ի օրոք (802-811) պատերազմ սկսվեց արաբների դեմ, որը դադարեց 806-ին։ Լևոն V կայսրը (813 - 820) պարտության մատնեց բուլղարներին և պարտադրեց երեսնամյա հաշտություն։ Բ․ սասանում էին ներքին երկպառակությունները, որոնք երբեմն վերաճում էին ժողովրդական ապստամբության։ Բ-ի վիճակը ծանր էր հատկապես Ամորիական դինաստիայի (829-867) ժամանակ։ Թեո փիլոսը (829-842) և նրա հաջորդները, կայսրուհի Թեոդորա I (842-856, ծագումով հայ) ու որդին՝ Միքայել III (856 - 867), շարունակեցին արաբների դեմ կռիվները։ 863-ին Թեոդորայի եղբայրը՝ զորավար Պետրոնաս Մամիկոնյանը, հաղթեց արաբներին, և պատերազմում նախաձեռնությունն անցավ Բ-ին։ Միաժամանակ ծավալվեց պայքարը պավլիկյանների դեմ։ Ամորիական դինաստիայի ժամանակ հայերն աստիճանաբար գրավեցին իշխող դիրք։ Պետության մեջ կարևոր դեր է խաղացել նաև Թեոդորայի մյուս եղբայրը՝ Վարդը (Վարդաս), որը Միքայելի ժամանակ երկրի փաստական տերն էր։ Պատրիարք Փոտը Բ-ի եկեղեցին ազատեց Հռոմի պապի գերիշխանությունից։

VII – IX դդ․ Բ-ի սահմաններում սլավոնների զանգվածաբար հաստատումը ուժեղացրեց գյուղական համայնքը։ Զգալի չափով սահմանափակվեց խոշոր հողատիրությունը․ ոչնչացվեց ստրկական և կցագրված կոլոնների աշխատանքի վրա հիմնված հողային սեփականությունը, տիրապետող դարձավ ազատ գյուղական համայնքը։ Մտցվեց գյուղական բնակչության զինվորական ծառայություն։

Բ․ բարձր վերելքի հասավ Մակեդոնական կամ Հայկական դինաստիայի ժամանակաշրջանում (867-1057)։ Նրա հիմնադիր Վասիլ I (867-886), սքողելով իր հասարակ ծագումը, իրեն հռչակեց Արշակունի՝ կամենալով իր կողմը գրավել Հայաստանը։ Նա ջանում էր բարեկամական կապեր հաստատել Հայոց իշխանաց իշխան Աշոտ Բագրատունու հետ։ Բայց նման քայլերը կայսրությանը շոշափելի արդյունք չտվեցին, քանի որ նրա հիմնական նպատակը Հայաստանը Բ-ից վասալական կախման մեջ գցելն էր։ Վասիլը պայքարեց Աֆրիկայի արաբների դեմ, որոնք տիրում էին Միջերկրականին։ Նիկեփորոս Փոկաս զորավարը 885-ին գրավեց Իտալիայի մեծ մասը և կազմեց Կալաբրիայի ու Լանգոբարդիայի բանակաթեմերը։ Վասիլը կայսրության արլ․ սահմանները հասցրեց մինչև Եփրատ, իսկ 872-ին պարտության մատնեց պավլիկյաններին։ IX դ․ Բ-ին սպառնում էին բուլղարները՝ Սիմեոն ցարի գլխավորությամբ։ Նրանց դեմ պատերազմն ավարտվեց 899-ի հաշտությամբ։ Կոստանդին VII Ծիրանածնի առաջին մենիշխանության օրոք (913-920) Բ․ արաբների հետ հաշտություն կնքեց՝ ուշադրությունը բևեռելով բուլղ․ վտանգին։ 913-ին բուլղարները կրկին հարձակվեցին Բ-ի վրա։ Այս շրջանում կայսրությունը պատրիարք Նիկողայոսի միջոցով մի քանի անգամ դիմել է Հայոց կաթողիկոսին և Հայոց թագավորին՝ խոստանալով օգնել Հայաստանին՝ վերջինս արաբների դեմ պատվար դարձնելու նպատակով։ 914-ին բանակցություններ վարելու համար Կոստանդնուպոլիս մեկնեց Աշոտ Բ Երկաթը։

920-ի հեղաշրջմամբ Բ-ի կայսր հռչակվեց Ռոմանոս / Լակապենոսը (920-944)։ Հովհաննես Կուրկուասի ջանքերով Բ-ի սահմանները տարածվեցին մինչև Վերին Եփրատ և Տիգրիս։ Ռազմ. տաղանդով փայլեց նաև Մլեհը (Մելիաս), որը հիմնադրեց Հայկական Լիկանդոս բանակաթեմը։ Բ-ի արլ-ում ստեղծվեցին նոր բանակաթեմեր, որոնք բյուզանդական աղբյուրներում կոչվում են հայկական։ 944-ին Ռոմանոսը գահընկեց արվեց։ Կոստանդին Ծիրանածինը երկրորդ մենիշխանության (945 - 959) ժամանակ սպարապետ նշանակեց Վարդաս Փոկասին։ Նրա օրոք նշանավոր զորապետներ էին նաև Մուշեղ-Ռոմանոսը, Հովհաննես Կուրկուասի եղբայր Թեոփիլոսը, որ 949-ին արաբներից գրավեց Կաբինը։ Արքունիքում կարևոր դիրք էին գրավում Թոռնիկյանները։ Ռոմանոս II-ի օրոք (959-963) Նիկեփորոս Փոկասը 961-ին արաբներից գրավեց Կրետեն։ Նիկեփորոս II-ի ժամանակ (963-969) Տարոնի հայկ․ իշխանությունը կցվեց կայսրությանը (966) և սկիզբ դրվեց, այսպես կոչված, կամավոր կտակների քաղաքականությանը, որի միջոցով, մոտ ութսունամյա ժամանակամիջոցում, Բ․ տիրեց գրեթե ամբողջ Հայաստանը։ Նիկեփորոսը 964-ին գրավեց Անարզաբան, Ադանան, Մամեստիան, 965-ին՝ Տարսոնը, ապա՝ Կիպրոսը։ 968-ին Նիկեփորոսի զորավար Վուրցիսը գրավեց Անտիոքը, որին ավելի քան երեք հարյուրամյակ տիրում էին արաբները։ Դաշնակցելով Կիևյան Ռուսիայի իշխան Սվյատոսլավի հետ՝ Նիկեփորոսն ընկճեց բուլղարներին։ Հովհաննես I Չմշկիկ կայսեր օրոք (969-976) Բ․ փորձեց նվաճել Հայաստանի որոշ հողեր, սակայն Աշոտ Դ թագավորը հայոց զորքով կանխեց նրա առաջխաղացումը Հարք գավառում։ Չմշկիկը հաշտություն կնքեց Աշոտ Դ–ի հետ․ վերջինս նրան տրամադրեց տասը հազարանոց զորամաս։ 971-ի ամռանը Չմշկիկը պարտության մատնեց Սվյատոսլավին, որը մտել էր Թրակիա։ Բուլղարիան դարձավ կայսրության նահանգ։ Չմշկիկը 972-976-ին նվաճեց Ասորիքը, Լիբանանը, Պաղեստինը, պաշարեց Դամասկոսը, գրավեց Ամիդն ու Մարտիրուպոլիսը։ Վասիլ II-ի օրոք (976-1025) Բ․ հասավ իր հզորության գագաթնակետին։ Այս ժամանակաշրջանում զորեղացած զինվորական ավագանին մեծ վտանգ էր դարձել կենտրոնական իշխանության համար։ 976-ին Վասիլ II-ի դեմ ապստամբեց զորավար Վարդաս Սկլերոսը, որին աջակցեցին հայերը։ Վարդաս Սկլերոսը նվաճեց Փոքր Ասիան ու սպառնաց մայրաքաղաքին, սակայն 979-ին պարտվեց Վարդաս Փոկասից։ Ութ տարի անց Վասիլի դեմ ապստամբեց Վարդաս Փոկասը՝ նվաճելով Փոքր Ասիայի մեծ մասը։ Նրան օգնում էր Տայքի Դավիթ Կյուրապաղատը։ Վասիլը Վլադիմիր Սվյատոսլավիչի օգնությամբ պարտության մատնեց Փոկասին։ Դրանից հետո Վլադիմիրը ընդունեց քրիստոնեություն (988), ամուսնացավ Վասիլի քրոջ՝ Աննայի հետ, և երկու երկրների միջև հաստատվեցին սերտ հարաբերություններ։ Վասիլ II երկարատև պատերազմներ է մղել բուլղարների դեմ։ Բուլղարները ցար Սամուիլի գլխավորությամբ 981-ին Աոֆիայի տակ (Սերդիկա) հաղթեցին Բ–ի զորքերին։ Բ-ի բանակում կռվող հայկ․ զորքերը հաճախ անցնում էին բուլղարների կողմը և համատեղ պայքարում կայսրության դեմ։ 1018-ին Վասիլը հաղթեց բուլղարներին և նրանցից շատերին բռնագաղթեցրեց կայսրության սահմանները, այդ թվում՝ նաև Հայաստան։ Բուլղ․ թագավորությունը դադարեց գոյություն ունենալուց։ Վասիլի ճնշմամբ Դավիթ Կյուրապաղատն իր տիրույթները կտակեց կայսրին․ նրա մահից հետո (1000) Վասիլը տիրացավ Տայքին։ 1021-ին Նա Բ-ին միացրեց Վասպուրականը։ Ռոմանոս III Արգիրոս կայսրը (1028-34) արաբ ամիրաներից գրավեց Բերկրին և այլ քաղաքներ ու ամրոցներ՝ սպառնալով հայ Բագրատունիներին։ 1032-ին գրավեց Եդեսիան։ Կայսր Կոստանդին IX Մոնոմախոսը (1042-55), Հայոց Բագրատունի թագավոր Հովհաննես-Սմբատի մահից հետո, ըստ նրա կտակի, Գագիկ Բ-ից պահանջեց Անի-Շիրակի թագավորությունը։ Մերժում ստանալով՝ պատերազմ սկսեց, որն ավարտվեց Բագրատունիների թագավորության կործանումով։ Բ․ գավթեց Հայաստանը, այն ենթարկելով ծանր հարկահանության ու կրոնական հալածանքների, շարունակեց հայերի զինված ուժերի ջլատման և ազատանու տեղահանման քաղաքականությունը։

1040-ական թթ․ Բ-ի դրությունը ծանրացավ։ Ապստամբեցին բուլղարները (1040), նորմաններն Իտալիայում վերացրին Բ–ի