Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/465

Այս էջը հաստատված է

(աստղագուշակության հետ միասին)։ Մյուս առարկաները՝ բնական պատմություն, քիմիա ևն այս դասակարգման մեջ չէին մտնում և հայտնի էին ընդհանուր ֆիզիկա անունով։ Ֆիզիկայի բնագավառում բյուզանդական գիտնականները առաջ անցան իրենց նախնիներից․ Հովհաննես Փիլոպոնոսը հանգեց այն եզրակացության, որ մարմինների անկման արագությունը կախված չէ կշռից, Անթեմիոս Թրալացին (ճարտարապետ-ինժեներ, հայտնի է որպես Ս․ Սոֆիայի տաճարի կառուցող) նոր մոտեցմամբ բացատրեց հրկիզող (գոգավոր) հայելիների գործողությունը։ Բայց բյուզանդական ֆիզիկան հիմնականում գրքային էր և նկարագրական փորձն օգտագործվում էր հազվադեպ (հնարավոր է, որ մարմինների անկման արագության վերաբերյալ Հովհաննես Փիլոպոնոսի եզրակացությունը հիմնված էր փորձի վրա)։ Բ-ի ֆիզիկոսները փորձեր են արել ստեղծել Տիեզերքի ամբողջական նկարագիրը, դիտումները միահյուսել բարեպաշտական բարոյականացման ու բնության երևույթների այլաբանական իմաստի բացահայտմանը։

Մաթեմատիկայի բնագավառում IV–VI դդ․ ստեղծվեցին հիմնականում մեկնություններ անտիկ շրջանի գործերի մասին։ Գլխավոր կենտրոնը Ալեքսանդրիան էր, որտեղ աչքի ընկան Թեոնը (IV դ․, մեկնություններ Էվկլիդեսի ու Պտղոմեոսի երկերի մասին), Պապպոսն ու Դիոֆանտոսը։ VI դ․ Հովհաննես Փիլոպոնոսը մեկնեց Արիստոտելի բնագիտական երկերը, իսկ Եվդոկիոս Ասկալոնացին՝ Արքիմեդինը։ Հետագայում այդ գիտությունները զարգացան Աթենքում, որտեղ Պրոկլոսը մեկնություններ գրեց Էվկլիդեսի գործերի մասին։ Անտիկ ավանդույթների վերջին հետևորդն էր Ստեփանոս Ալեքսանդրացին, որ դասավանդում էր երկրաչափություն, թվաբանություն, աստղաբաշխություն և երաժշտություն։

VII–XIII դդ․ մաթեմատիկական գիտության մեջ աչքի ընկան Տյուքիկոս Տրապիզոնցին (VII դ․), որին աշակերտեց Անանիա Շիրակացին, և հայազգի գիտնական Լևոն Մաթեմատիկոսը (IX դ․ 1-ին կես), Մագնավրայի համալսարանի ուսուցչապետը, Փոտ պատրիարքի և սլավոնական ժողովուրդների լուսավորիչներ Կիրիլի և Մեթոդիոսի ուսուցիչը, որի համբավը տարածվեց ընդհուպ մինչև Աբբասյանների արքունիքը։ Լևոն Մաթեմատիկոսին է վերագրվում ժամանակի «հեռագիրը» (իրարից որոշ հեռավորության վրա գտնվող բլուրների և լեռների վրայից կրակով նշաններ հաղորդելը), ինչպես նաև մի սարքավորում, որը ջրի օգնությամբ շարժման մեջ էր դնում արհեստական թռչուններ և կենդանիներ։ Նա է առաջինն օգտագործել տառերը որպես հանրահաշվական նշաններ։ Գրել է անտիկ շրջանի փիլիսոփաների և մաթեմատիկոսների, Արեգակի և Լուսնի խավարումների մասին։ Այս շրջանում աչքի ընկավ նաև հայազգի Բագարան Սկիաստեսը, որի գործերի մասին չնչին տեղեկություններ են պահպանվել։

XII –XIII դդ․ Բ-ում սկսեցին ուշադրություն դարձնել արլ․ (արաբական ու պարսկական) մաթեմատիկական մտքի նվաճումներին։ Մաքսիմոս Պլանուդեսը (1260-1310) արդեն շրջանառության մեջ դրեց զրոյի հասկացությունը։

Վերոհիշյալ գիտությունները Բ-ի միջոցով մուտք գործեցին և զարգացան նաև Հայաստանում։ Հայտնի է, որ Գրիգոր Մագիստրոսը հունարենից սկսեց թարգմանել Էվկլիդեսի «Երկրաչափություն»-ը։ Աստղաբաշխության բնագավառում տարածվել էին Երկրի տափակության մասին բիբլիական պատկերացումները (Կոսմաս Ինդիկոպլևստես, VI դ․), ինչպես և Երկրի գնդաձևության մասին հելլենիստական շրջանի նվաճումները (Բարսեղ Կեսարացի, Գրիգոր Նյուսացի, Փոտ պատրիարք)։ Այս երկու տեսությունները Բ-ի միջոցով մուտք գործեցին Հայաստան։ Անանիա Շիրակացին պաշտպանեց Երկրի գնդաձևության վերաբերյալ տեսությունը։ Աստղաբաշխությունը Բ-ում ավելի ամուր հիմքերի վրա դրվեց XIV-XV դդ․։ Թեոդորոս Մելիտենացին (XIV դ․) գրեց աստղաբաշխության վերաբերյալ երեք գիրք՝ հիմնված Պտղոմեոսի, Թեոնի և պարսիկ աստղաբաշխների գործերի վրա։ Նիկեփոր Գրեգորասը առաջարկեց օրացույցի ռեֆորմ և կանխատեսեց Արեգակի խավարումները։

Աշխարհագրությունը նման զարգացում չունեցավ։ Տեսական երկերը գլխավորապես անտիկ շրջանի աշխարհագրական գործերի փոխադրումներ կամ համառոտումներ են, Ս․ Գրքի տվյալների հետ հաշտեցնելու ճիգեր։ Գործնական երկերը անհրաժեշտ էին եկեղեցական և քաղ․ կառավարման համար, դրանք վիճակագրական բնույթի ձեռնարկներ, ճանապարհորդների, ուխտավորների նոթեր էին։ Տեսական աշխարհագրության դասական ներկայացուցիչն է Կոսմաս Ինդիկոպլևստեսը (VI դ․), որի «Քրիստոնեական տեղագրություն» երկը ուղղված է Պտղոմեոսի՝ Երկրի գնդաձևության մասին տեսության դեմ։ Գործնական բնույթի երկերից կարելի է հիշատակել Կաստորիոսի (IV դ․) գործը՝ Հռոմեական կայսրության ճանապարհների քարտեզը՝ Բրիտանական կղզիներից մինչև Ցեյլոն։ 535-ին Հիերոկլեսը նկարագրեց կայսրության 64 պրովինցիա և 912 քաղաք։ Այդ երկը ընկած է ավելի ուշ գրված աշխարհագրական մի շարք գործերի հիմքում։ Գևորգ Կիպրացին VII սկզբում տվել է Արևելա–Հռոմեական կայսրության քաղ․ նկարագրությունը։ Կոստանդին Ծիրանածինը X դ․ շարադրեց «Բանակաթեմերի մասին» երկը, որը ո՛չ միայն աշխարհագրական, այլև քաղ․ ու ազգագրական բնույթի աշխատություն է։ Բազմաթիվ են մղոնաչափքերը, որոնցում նշված են այս կամ այն վայրի միջև ընկած հեռավորությունները։ Բյուզանդական հեղինակների աշխարհագրական աշխատությունները մեծ տեղ են գրավում միջնադարյան հայկ․ աշխարհագրական երկերում (այդ թվում և VII դ․ «Աշխարհացույց»-ում), իսկ հունարենից թարգմանված մղոնաչափքերը հաճախ են հանդիպում հայկ․ ձեռագրերում, որոնց կցված են նաև Հայաստանին և հարևան երկրներին վերաբերող հայ հեղինակների շարադրանքներ։

Բժշկագիտությունը հիմնականում կազմում էին անտիկ շրջանի հույն բժիշկների (Գալենոս, Հիպոկրատես, Ասկլեպիադես) երկերի կրկնությունները։ Բ-ի միջոցով հին հույն բժիշկների մի շարք աշխատություններ հայտնի դարձան նաև հայերին։

IV դ․ Օրիբասիոս Պերգամացին կազմեց 70 գրքից բաղկացած «Բժշկական ձեռնարկ»՝ անտիկ շրջանի բժշկ․ երկերի բանաքաղություն։ Նույն դարում աչքի ընկան Փիլագրիոսն ու Պոսիդոնիոսը։ VI դ․ Աետիոս Ամիդացին կազմեց 16 գրքից բաղկացած բժշկ․ ձեռնարկ, իսկ Ալեքսանդր Թրալացին՝ ախտաբանության և ներքին հիվանդությունների վերաբերյալ աշխատություն, որը հետագայում թարգմանվեց լատ․, ասորերեն, արաբ, և եբրայերեն։ Հերակլիոս կայսեր ժամանակ Թեոփիլոսը գրեց «Մարդու կազմության մասին» գիրքը, Պողոս Էիգինացին (VII դ․)՝ ուսումնասիրություն վիրաբուժության և մանկաբարձության վերաբերյալ։ VIII դ․ Կոստանդնուպոլսի բժիշկները մի հավատուրացի, որ մահվան էր դատապարտվել և որի ձեռքերն ու ոտքերը կտրել էին, դեռ կենդանի վիճակում հերձեցին «մարդու կազմությունն իմանալու համար»։ Իսկ X դ․ նույն քաղաքում բժիշկները վիրահատման միջոցով իրարից անջատեցին հայազգի «սիամյան երկվորյակներին»։ X դ․ Թեոփիլոս Նոննոսը գրեց «Բժշկական հանրագիտարան»։ Այս ժամանակաշրջանից սկսած բյուզանդացիները թարգմանում են արաբ բժիշկների (Աբու Զաֆար Ահմեդ) բժշկագիտական աշխատությունները։ Նիկոլայոս Մյուրեպսոսը (XIV դ․) կազմում է արաբ. դեղատոմսերի բանաքաղություն։

Քիմիայի ասպարեզի նվաճումները պայմանավորվեցին ներկերի, գունավոր ջնարակի և ապակու արտադրությամբ։ IV դ․ Զոսիմոս Պանոպոլսեցին բազմաթիվ գրքերից բաղկացած երկ ստեղծեց։ Բյուզանդական քիմիայի խոշորագույն նվաճումներից էր հեղուկ կրակի («հունական կրակ») գյուտը, որն օգտագործվում էր ռազմ. նպատակներով և որով բազմիցս հրդեհվել է թշնամու նավատորմը։ Այդ գյուտը կապված է ծագումով ասորի Կալլինիկոսի անվան հետ (VII դ․)։ Քիմիան հետագայում չի զարգանում, անցնում է ասորիներին, նրանցից՝ արաբներին, իսկ վերջիններից՝ Եվրոպա, որտեղ ծնունդ է առնում իսկական քիմիան։

Հողագիտությունը, կենդանաբանությունը, բուսաբանությունը, բնագիտությունը զուտ նկարագրական բնույթի էին։ Ստեղծվեցին բանաքաղային բնույթի մի շարք ձեռնարկներ («Գեոպոնիկա», X դ․, թարգմանվել է արաբ․, արաբերենից՝ հայերենի՝ «Գիրք վաստակոց» խորագրով)։ Այստեղ լայնորեն օգտագործված են անտիկ շրջանի երկեր, ինչպես և Անատոլիոս Բերյուտացու և Գիդիմոս Ալեքսանդրացու աշխատությունները։ Ստեղծվեցին գործեր ձիաբուծության և ձիաբուժության վերաբերյալ («Հիպպիատրիկա», ունի հայերեն թարգմանություն՝ «Ձիադարմանություն» վերնագրով)։ V–VI․ դդ․ Տիմոթեոս Գազացին գրեց կենդանիների մասին մի երկ։