Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/466

Այս էջը հաստատված է

Այս հարցի վերաբերյալ ամենակարևոր երկը «Ֆիզիոլոգոսն» է, որտեղ նկարագրվում են իրական և երևակայական բազմաթիվ կենդանիներ, բույսեր (միջնադարում թարգմանվել է հայերեն՝ «Բարոյախոս» խորագրով)։

Բուսաբանությամբ բյուզանդացիք զբաղվել են գործնական նպատակներով։ Դիդիմոսը «Գեորգիկա» վերնագրով մի երկ է ստեղծում՝ հիմնված ավելի հին, հատկապես հռոմ․ շրջանի աշխատությունների վրա։ Բնագիտական արժեք ունեն, այսպես կոչված «Վեցօրյա»-ները, որոնցից ամենամեծ համբավն էր վայելում Բարսեղ Կեսարացու գործը (թարգմանված է նաև հայերեն)։ Այնտեղ տեղեկություններ կան կենդանական ու բուսական աշխարհի, օդերևութաբանության և այլ հարցերի վերաբերյալ։ Միներալոգիան գլխավորապես նկարագրում էր հողի տեսակներն ու քարերը (հատկապես թանկագին), ընդգծում նրանց «մոգական ազդեցությունը»։ Այդ բնագավառով զբաղվել է Եպիփան Կիպրացին (IV դ․), որի երկը թարգմանվել է նաև հայերեն («Վասն ականց պատուականաց»)։

Փիլիսոփայության զարգացման համար հիմնական աղբյուրները դարձան Աստվածաշունչը և հուն. դասական փիլիսոփայությունը (գլխավորապես Պլատոն, Արիստոտել և ստոիկներ)։ IV–VII դդ․ բյուզանդական փիլիսոփայության մեջ տիրապետում էին երեք ուղղություններ՝ 1․ նեոպլատոնականություն, 2․ գնատիրական-մանիքեյական դուալիզմ, որը ելնում է բարու ու չարի հավերժ պայքարի, բարու վերջնական հաղթանակի գաղափարից, 3․ քրիստոնեություն, որպես նեոպլատոնիզմի և մանիքեյության միջին գիծ։ IV–VII դդ․ աստվածաբանությունը քննարկում է սուրբ երրորդության և Քրիստոսի բնույթի (մարդ–աստված, աստված–մարդ ևն) գաղափարները (Աթանաս Ալեքսանդրացի, Վասիլ Մեծ, Գրիգոր Նյուսացի)։ Կոսմոլոգիայի բնագավառում աստիճանաբար հաստատվում է արարչագործության մասին աստվածաշնչային պատկերացումը, իսկ բարոյագիտության մեջ կենտրոնական է դառնում փրկության գաղափարը։ Ի տարբերություն արևմտյան աստվածաբանների, բյուզանդական փիլիսոփաները, շարունակելով ալեքսանդրյան դպրոցի ավանդույթները՝ ընդունում էին անտիկ մշակույթի ժառանգման կարևորությունը։

Բյուզանդական աստվածաբանության վերջնական կազմավորումը համընկնում է քաղաքների անկման հետ (VII դ․)։ Այս պայմաններում բյուզանդական փիլիսոփաները հիմնականում ձգտում են պահպանել ձեռք բերված մշակութային արժեքները։ VIII-IX դդ․ բնորոշ են աստվածաբանական վիճաբանությունները, որոնց շըրջանակներում ծնվում են նաև աղանդավորական գաղափարները։ XI դարից բյուզանդական փիլիսոփայության մեջ ձևավորվում է ռացիոնալիզմը։ Ռացիոնալիստները ձևական տրամաբանության միջոցներով քննադատում են աստվածաբանական բազմաթիվ դրույթներ։ Ուժեղանում է հետաքրքրությունը կիրառական գիտությունների, մասնավորապես բժշկության նկատմամբ։ XIV դ․ նոր վերելք է ապրում միստիկան, սոցիալ-քաղ․ նոր պայմանների ազդեցությամբ մեծ տեղ է հատկացվում բարոյա–կրոնական ինքնակատարելությանը, մշակվում են աղոթքների «հոգե–ֆիզիոլոգիական» եղանակներ։ Բյուզանդական փիլիսոփայությունը մեծ ազդեցություն է թողել միջնադարյան սխոլաստիկայի, իտալ․ Վերածննդի, Հայաստանի, Վրաստանի և սլավ․ երկրների փիլ․ մտքի վրա։

Իրավագիտությունը։ Համակարգման ձգտումն ու ավանդապահությունը, որ հատուկ էր բյուզանդական մշակույթին, առանձնապես արտահայտվել է իրավագիտության մեջ։ Այն սկիզբ է դրվել հռոմ․ իրավունքի համակարգմամբ, քաղաքացիական իրավունքի ժողովածուների կազմումով։ Բյուզանդական իրավագետների խնդիրը հիմնականում եղել է այդ ժողովածուի մեկնաբանումն ու վերապատմումը։ VI-VII դդ․ ժողովածուն լատիներենից մասնակի թարգմանվել է հունարենի և դրվել Վասիլիկների հիմքում։ Վասիլիկներին կից կազմվել են զանազան տեղեկագրային ձեռնարկներ։ Հռոմ․ իրավունքից բացի բյուզանդական իրավագիտությունն ուսումնասիրել է նաև կանոնական իրավունքը։ Իրավագիտության վերելքը Բ–ում սկսվել է XI դարից, երբ Կ․ Պոլսում հիմնադրվել է բարձրագույն իրավաբանական դպրոց։ XI դ․ Կ․ Պոլսի դատարանի պրակտիկան ընդհանրացնելու փորձն ամփոփվել է «Պիրե» («Փորձ») ժողովածուում։ Բյուզանդական իրավագետները մեկնաբանել են եկեղեցական ժողովների կանոնները, որով ձգտել են համապատասխանեցնել կանոնական և հռոմ․ իրավունքների նորմերը։ Գրականությունը։ Բյուզանդական գրականության լեզուն հունարենն է, թեև սկզբնական շրջանում առանձին երկեր գրվել են լատիներեն, ասորերեն։ Այն զարգացել է անտիկ գրականության հազարամյա ավանդույթների հիման վրա։ Հին հուն. գրականությունից մեզ հասած երկերը գրեթե ամբողջությամբ բյուզանդական շրջանում կատարված արտագրություններ են։ Գրականության զարգացումն ունեցել է մի քանի շրջան։ IV–VII դդ․ այն արտացոլել է քրիստոնեական մշակույթի ծագումն ու ամրապնդումը, հեթանոսության դեմ նրա մղած պայքարը։ Քրիստոնեական ոգով տոգորված վաղ շրջանի գրականությանը զուգահեռ զգալի տեղ էին գրավում հեթանոս գրողների գործերը։ Տիրապետողը արձակն էր, որի բովանդակությունը նոր կրոնի պատմության շարադրանքն էր, նրա գործիչների փառաբանումը։ Այս առումով հիշատակության արժանի են Եվսեբիոս Կեսարացու «Եկեղեցական պատմություն»-ը, «Երանելի Կոստանդին կայսեր վարքը»։ Հեթանոսական գրականության ու փիլիսոփայության դեմ պայքարելու համար անհրաժեշտ էր յուրացնել հեթանոսական մշակույթը։ Այդ խնդրում կարևոր դեր խաղացին Բարսեղ Կեսարացին (մեկնություններ), Գրիգոր Նյուսացին (փիլ․ արձակ), Գրիգոր Նազիանզացին (էպիգրամներ, հոգևոր երգեր և երեք ինքնակենսագրական պոեմ)։ Հովհան Ոսկեբերանը զարգացման գագաթնակետին հասցրեց ճարտասանական արձակը։ Այն ունի սոցիալական բովանդակություն, ուղղված է բարձր խավերի այլասերվածության դեմ։ Այս շրջանում աչքի էին ընկնում Պալլադիոս Ելենոպոլսեցին («Լավսիական պատմություն») և Սինեսիոս Կյուրենացին, որի ստեղծագործությանը բնորոշ է և՛ հեթանոսական, և՛ քրիստոնեական մտածելակերպը։ V դ․ գրականությունը զարգացավ հատկապես Եգիպտոսում։ Նոննոս Պանոպոլսեցու «Գործք Դիոնիսոսի» պոեմում զգալի տեղ է գրավում հին հուն. դիցաբանությունը։ Պալլադիոս Ալեքսանդրացին ողբում է անտիկ աշխարհի կորուստը։ VI դ․ պոեզիայի խոշորագույն ներկայացուցիչն է Ռոմանոս Մելոդոսը, պաշտամունքային պոեմի՝ կոնտակիոնի հիմնադիրը։ Նա գրել է շուրջ 1000 կոնտակիոն (պահպանվել է 85-ը), որոնք շոշափում են նաև աշխարհիկ հարցեր։ Հայտնի են Գեորգ Պիսիդացին և պատրիարք Սերգիոսը․ վերջինիս է վերագրվում բյուզանդական գրականության մարգարիտներից մեկը՝ ավարների ու պարսիկների դեմ կայսրության հաղթանակի առթիվ գրված «Ակաթիստոս հիմնը»։ IV–VII դդ․ բյուզանդական պատմագրության ամենածաղկուն շրջանն է։ Պատմիչները շարադրում էին իրենց ապրած ժամանակահատվածի պատմությունը․ Ամմիանոս Մարկելլինոսը շարադրել է Ներվաս կայսեր ժամանակներից մինչև IV դ․ վերջն ընկած ժամանակաշըրջանի պատմությունը (պահպանվել են միայն 353–78-ին վերաբերող գլուխները, որտեղ շատ արժեքավոր նյութ կա նաև հայոց պատմության վերաբերյալ), Օլիմպիոդորոսը՝ 407–25-ի դեպքերը (գործը մեզ է հասել Փոտ պատրիարքի համառոտությամբ), Զոսիմոսը՝ V դ․, Հովհաննես Մալալասը՝ VI դ․։ Բյուզանդական բազմադարյան պատմագրության խոշորագույն ներկայացուցիչ Պրոկոպիոս Կեսարացու «Պատերազմների մասին», «Կառուցումների մասին» և«Գաղտնի պատմություն» գրքերը ոչ միայն Հուստինիանոսի ժամանակաշրջանի Բյուզանդական կայսրության, այլև հարևան ժողովուրդների, այդ թվում և հայ ժողովրդի, պատմության ուսումնասիրության համար անփոխարինելի աղբյուրներ են։ Հիշատակելի են նաև Ագաթիաս Մյուրենացին («Հուստինիանոսի թագավորության մասին», 552–58), Մենանդրոսը, Թեոփիլակտոս Սիմոկատտասը։ Այս շրջանի գրականության բազմաթիվ (գերազանցապես եկեղեցական) հեղինակների՝ Եվսեբիոս Կեսարացու («Եկեղեցական պատմություն» և «Քրոնիկոն», վերջինիս առաջին մասը հայտնի է միայն հայերեն թարգմանությամբ), Եվագր Պոնտացու, Սոկրատ Սքոլաստիկոսի, Բարսեղ Կեսարացու, Գրիգոր Նյուսացու, Գրիգոր Նազիանզացու, Հովհան Ոսկեբերանի, Նոննոսի, Գեորգ Պիսիդացու, Հովհաննես Կլիմաքսի երկերը դեռևս միջին դարերում թարգմանվել են հայերենի և հաճախ, բնագրի կորստյան դեպքում, փոխարինել վերջինիս։ Հայերեն թարգմանությունների հուն. բնագրերը, լինելով ավելի հին, քան պահպանված հուն. գրչագրերը, գիտնականներին հնարավորություն են տալիս սրբագրելու վերջիններս՝