էական ազդեցությունը, չի ենթարկվել կործանարար ավերումների, ինչպես Արևմտյան Հռոմեական կայսրությունը։ Այդ պատճառով բյուգանդական արվեստում երկար ժամանակ պահպանվել են անտիկ ավանդույթները։ Միջնադարյան մշակույթին անցնելը տևել է երկար և ընթացել մի քանի ուղիներով։ Անտիկ շրջանից միջին դարերին անցումը առաջ է բերել գեղարվեստական մշակույթի խոր ճգնաժամ, պայմանավորել կերպարվեստի նոր ժանրերի և տեսակների առաջացում ու հների անհետացում։ Բյուգանդական արվեստի առանձնահատկությունները որոշակի են դարձել VI դ․։ Գլխավոր դեր է կատարել եկեղեցու և պետության պահանջները բավարարող արվեստը՝ տաճարների որմնանկարչություն, սրբանկարչություն,՝ մանրանկարչություն (հիմնականում պաշտամունքային ձեռագրերում)։ Միջնադարյան կրոնական աշխարհայացքի ներթափանցմամբ արվեստը փոխել է իր կերպարային բնույթը, անտիկ ստեղծագործական մեթոդը փլուզվել, մշակվել արվեստի՝ միջնադարյան հատուկ պայմանականություն։ Քանդակագործության ասպարեզում սուր արտահայտչականության ձգտումը ավերել է պլաստիկական անտիկ ձևերը («Եփեսոսցի փիլիսոփայի գլուխ», V դ․, Գեղարվեստա–պատմական թանգարան, Վիեննա), բոլորաքանդակը գրեթե անհետացել է։ Հարթաքանդակում օգտագործվել է պատմական թեմատիկան, որը սերում էր արլ․ արվեստից (Թեոդոսիոսի և Արկադիոսի հուշասյուների հարթաքանդակները, IV և V դդ․)։ Անտիկ մոտիվները համեմատաբար լավ են պահպանվել գեղարվեստական արհեստագործության իրերում (քարե, ոսկրե, մետաղե առարկաներ)։ Եկեղեցու ինտերիերը (ամպհովանի, ամբիոն, դաս, որմնադամբան) հարդարող զարդաքանդակներում օգտագործվել է նաև փղոսկրի, փայտի և մետաղի փորագրության տեխնիկան (Վենետիկի Ս․ Մարկոսի ամպհովանու, Միստրայի բազիլիկից բերված չորս սյուները, V–VI դդ․)։ Զարդաքանդակը առավելապես կիրառվել է ճարտ․ տարրերը ընդգծելու նպատակով (խոյակը իր կրկնախոյակով, քիվերը ևն)։ XI դարից սկսած տարածվել է քանդակազարդելու ընդելուզման եղանակը (նմուշները՝ Աթոս լեռան և Միստրայի եկեղեցիներում)։ Բյուգանդական արվեստում կիրառվել են խճանկարչության բնագավառում քրիստոնեական թեմաներով Միջագետքում ստեղծված պատկերային տիպերը։ IV–V դդ․ եկեղեցական խճանկարներում պահպանվել է իրական աշխարհի անտիկ զգացողությունը (Սալոնիկի Ս․ Գևորգ եկեղեցու խճանկարները, IV դ․ վերջ)։ Սակայն VVII դդ․ գեղանկարչության բոլոր տեսակներում ելակետային է դարձել հոգևորմտահայեցողական սկզբունքը, բախվելով պատկերման ծավալա՜տարածական եղանակին՝ այն իրեն է ենթարկել բոլոր գեղարվեստական միջոցները, ճարտարապետական–բնապատկերային ֆոնը փոխարինվել է վերացական, հանդիսավոր ոսկյա ֆոնով, պատկերումը դարձել հարթապատկերային, մաքուր գունաբծերի համար կիրառվել են համահնչունությունը, գծերի ռիթմիկ գեղեցկությունն ու ընդհանրացված ուրվագծերը, մարդկային կերպարներն օժտվել են կայուն հուզական նկարագրով («Հուստինիանոս կայսրը շքախմբով», «Թեոդորա կայսրուհին շքախմբով», Ռավեննայի Ս․ Վիտալե եկեղեցի, մոտ 547)։ Պատկերապաշտների և պատկեր ամարտներ ի (սրանք մերժում էին պատկերավորման իրական միջոցների կիրառումը՝ կրոնական բովանդակություն արտահայտելիս) կատաղի պայքարում ի հայտ են եկել նախորդ շրջանի հակասությունները, ձևավորվել է հասուն միջնադարի արվեստի գեղագիտությունը։ Պատկերամարտության շրջանում եկեղեցիները զարդարվել են գլխավորապես քրիստոնեական խորհրդանիշների պատկերներով, զարդանախշերով։ Անկում է ապրել նկարչությունը։IX–X դդ․ տաճարների որմնազարդումը ենթարկվել է կանոնավոր համակարգի։ Եկեղեցիների պատերն ու թաղերը ծածկվել են խճանկարներով և որմնանկարներով, որոնք դասավորվել են խիստ կանոնավոր, նվիրապետական կարգով, ըստ խաչաձև և գմբեթավոր շինության հորինվածքի։ Ինտերիերում ստեղծվել է միասնական բովանդակությամբ ճարտարապետական–գեղարվեստական միջավայր՝ ընդգրկելով նաև պատկերակալներին դրված սրբապատկերները։ Ըստ պատկերապաշտների հաղթանակած ուսմունքի՝ պատկերները դիտվել են որպես իդեալական «նախաստեղծի» արտացոլում, որմնանկարների սյուժեներն ու կոմպոզիցիաները, գծանկարի և երփնագրի կատարման եղանակները ենթարկվել են որոշակի կանոնակարգի, գմբեթին՝ Քրիստոս Ամենակալը, թմբուկին՝ մարգարեները կամ առաքյալները, առագաստներին՝ ավետարանիչները, գլխավոր խորանի գմբեթարդում՝ Տիրամայրը, իսկ նրանցից ներքև՝ Քրիստոսի կյանքի կարևոր փուլերը ևն։ Բյուգանդական գեղանկարչությունն իր գաղափարներն արտահայտել է մարդու կերպարի միջոցով՝ դրանք բացահայտելով որպես այդ կերպարի հատկություններ կամ վիճակներ։ Մարդկանց իդեալականորեն վեհ կերպարները իշխում են Բ–ի արվեստում, որի շնորհիվ այն համեմատաբար «մարդկայնացված» տեսք ունի։ IX–XII դդ․ բյուգանդական գեղանկարչության ընդհանուր սկըզբունքները յուրովի մշակվել են գեղարվեստական տարբեր դպրոցներում։ Աուրբ Սոֆիայի տաճարի (Կոստանդնուպոլիս) խճանկարները ներկայացնում են մայրաքաղաքի արվեստը, որին հատուկ է կերպարների խստություն ու վսեմ նկարագիր, վիրտուոզություն, գույնի ու գծի նրբագեղություն։ Մայրաքաղաքի հետ են առնչվում սրբանկարչության լավագույն ստեղծագործությունները, որոնք տոգորված են մարդկային խոր զգացմունքներով («Վլադիմիրյան տիրամայր», XII դ․, Տրետյակովյան պատկերասրահ, Մոսկվա)։ Արեվելքին հարող դպրոցներից էր «մակեդոնականը» (IX դ․ կեսXI դ․ կես), որը հետագայում զարգացել է հուն, և հարավսլավական Մակեդոնիաներում, Նովգորոդյան Ռուսիայում, Աթոս լեռան վանքերում։ Խճանկարչության բազմաթիվ գործեր են ստեղծվել նաև Դափնիի (Աթենքի մոտ, XI դ․), Նեա Մոնի (Քիոս կղզում, XI դ․), Ս․ Ղուկաս (Փոկիս, XI դ․) մենաստաններում։ Որմնանկարչության մեջ եղել և լայնորեն տարածվել են տարբեր ուղղություններ (Կաստորիայի Պանագիա Կուվելիտիսսա եկեղեցու դրամատիզմով առլեցուն որմնանկարները, XI XII դդ․, Կապադովկիայի վիմափոր եկեղեցիների պարզ ու պրիմիտիվ որմնանկարները ևն)։tXIII դ․ վերջին և XIV դ․ սկզբին բյուգանդական գեղանկարչությունը փայլուն, բայց կարճատև վերելք է ապրել, առավել ուշադրություն է դարձվել մարդու և իրական միջավայրի տարածական պատկերմանը։ Այդօրինակ լավագույն գործերից են՝ Կոստանդնուպոլսի Քորայի վանքի (XIV դ․ սկիզբ, այժմ՝ Կահրիե Ջամի), Սալոնիկի Առաքյալների եկեղեցու (մոտ 1315) խճանկարները։ Սակայն միջնադարյան պայմանականությունից նկատելի խզում չի կատարվել։ XIV դ․ կեսից Բ–ի մայրաքաղաքի գեղանկարչության մեջ ուժեղացել է սառը վերացականությունը, ծայրագավառներում՝ դեկորատիվ երփնագիրը (երբեմն ժանրային պատկերներով)։ Այդ նկարչության լավագույն օրինակները եղել են Միստրայում (Պերիպլեպտոս և Փանտանաս եկեղեցիների որմնանկարները, XIV դ․ 2-րդ կես XV^ 1-ին կես), որը 1825-ին ոչնչացրել են թուրքերը։ VI VII դդ․ սրբանկարչությանը զուգընթաց Բ–ում սկզբնավորվել է մանրանկարչությունը։ Այդ շրջանի գրքազարդման արվեստի վրա որոշակիորեն ազդել են Ալեքսանդրիայի և Անտիոքի դպրոցները։ Անտիկ շրջանի գիրք–գալարից անցում է կատարվել «կոդեքսին», այսինքն՝ առանձին թերթերից կարված ժամանակակից գրքին։ Պատկերման ուշ անտիկ եղանակները Բ–ում մինչև X դ․ ձեռագրերի մանրանկարներում կրկնվել են։ «Հիսուս Նավինի գալարագիրքը» (VII դ․ կամ X դ․, Վատիկանի գրադարան, Հռոմ), որպես V դ․ բնագրի կրկնօրինակ, պահպանել է վաղ բյուգանդական մանրանկարչության յուրահատկությունները․ աստվածաշընչյան պատմությունը մեկնաբանվել է հերոսական պատումի ձևով, մանրանկարիչը պատկերել է բնանկարներ, մարտի բուռն տեսարաններ։ VI դարից հետզհետե մեծ տեղ է գրավել հոգևոր–հայեցողական սկզբունքը (ոսկե և արծաթե տառերով, մանրանկարների ոսկե ֆոնով Վիեննայի մագաղաթյա «Գիրք ծննդոց»-ը, «Ռոսսանոյի ծիրանե կոդեքս»-ը, VI դ․, Ռոսսանոյի տաճար, Իտալիա, «Ռաբուլայի ավետարան»–^ 586, Ֆլորենցիա)։ Պատկերամարտության շրջանում կատարված մանրանկարներն արտացոլել են վանքերի և պետության հակամարտությունը։ Պատկերապաշտության վերականգնումից հետո մանրանկարչությունը նույնպես վերելք է ապրել։ «Խլուդովյան սաղմոսագրքի» (IX դ․, Պատմության թանգարան, Մոսկվա) լուսանցազարդերում մարմնավորվել են երգիծական ֆոլկլորային պատկերացումները․ պատկերամարտ–պատրիարքին արհամարհող պատկերապաշտ–պատրիարքի մանրանկարը հնչում է որպես քաղ․ պամֆլետ։ Սակայն IX դ․ վերջին մանրանկարչության մեջ տիրել է «բարձր ոճը»։ «Փարիզյան սաղմոսագրքի» (X դ․,
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/469
Այս էջը սրբագրված է