Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/47

Այս էջը սրբագրված է

Ունի մեքենաշինական, կաշվե, թաղիքե կոշկեղենի ձեռնարկություններ, գարեջրի, լիկյորի–օղու գործարաններ և այլն։ Գործում են մանկավարժական ինստիտուտ, միջնակարգ մասնագիտական կրթության 4 հաստատություն, թատրոն, հայրենագիտական թանգարան, Ա․ Գայդարի տուն–թանգարանը։ Արզամասում 1802-62-ին գործել է ռուսական առաջին գավառական գեղանկարչական ուսումնարանը։ Արզամասը հիմնադրվել է 1578-ին։

«ԱՐԶԱՄԱՍ», գրական խմբակ Պետերբուրգում, 1815-18-ին։ Կոչվել է նաև Կարամզինյան միություն։ Ստեղծվել է ծովակալ Ա․ Ա․ Շիշկովի պահպանողական հայացքների դեմ կարամզինականների մղած պայքարի բովում։ Անդամներն էին՝ Վ․ Ա․ ժուկովսկին, Կ․ Ն․ Բատյուշկովը, Պ․ Ա․ Վյագեմսկին, Ա․ Ս․ Պուշկինը, Վ․ Լ․ Պուշկինը, Ն․ Ի․ Տուրգենևը և ուրիշներ։ «Արզամաս»-ի անդամները պայքարում էին գրական և խոսակցական լեզուների մերձեցման, պոեզիայի նոր ժանրեր ստեղծելու և պատմագրության զարգացման համար։


ԱՐԶԱՆՅԱՆ Մուկուչ Թևոսի [1886, Խնձորեսկ (այժմ՝ ՀԽՍՀ Գորիսի շրջանում)-1937], խորհրդային պետական, կուսակցական գործիչ։ ԽՄԿԿ անդամ 1905-ից։ 1905-07-ին Բաքվում մասնակցել է բանվորական դրուժինաների կազմակերպմանը, ռեակցիայի տարիներին՝ նավթարդյունաբերական բանվորների միության, հանքագործարանային հանձնաժողովների ստեղծմանը, ընտրվել «Աշխատանք» կոոպերատիվ վարչության կազմում։ Հեղափոխական գործունեության համար Արզանյանին հետապնդել են ցարական իշխանությունները։ 1913-14-ին մասնակցել է Բաքվի բանվորների մասսայական գործադուլների կազմակերպմանը, ռազմա–արդյունաբերական կոմիտեների ընտրությունների բոյկոտին։ Ընտրվել է ՌՍԴԲԿ Սաբունչիի կոմիտեի կազմում։ Փետրվարյան բուրժուա–դեմոկրատական հեղափոխության հաղթանակից հետո եղել է Բաքվի բանվորների հեղափոխական արհմիությունների ղեկավար կազմակերպիչներից։ 1918-ին, ընդհատակում, կատարել է կուսակցական կարևոր հանձնարարություններ, ակտիվորեն մասնակցել է Ղարաբաղում խորհրդային իշխանության հաստատմանը։ 1923-28-ին եղել է Լեռնային Ղարաբաղի ԻՄ հողագործության կոմիսար, 1928-34-ին՝ Ադրբեջանի հողժողկոմատի կոլեգիայի անդամ, 1935-37-ին՝ ԼՂԻՄ–ի գործկոմի նախագահ։ Ընտրվել է Անդրերկրկոմի, Անդրֆեդերացիայի Կենտգործկոմի և ԽՍՀՄ Կենտգործկոմի անդամ։ Արզանյանին շնորհվել է Աշխատանքի հերոսի կոչում։

(նկ․) Մ․ Թ․ Արզանյան

Արզն, գավառ և քաղաք Հին Հայաստանում, տես Աղձն։

(նկ․) Հրազդանի կիրճը Արզնի քաղաքատիպ ավանի մոտ


ԱՐԶՆԻ, քաղաքատիպ ավան (1953), բալնեոլոգիական առողջարան Հայկական ԽՍՀ Աբովյանի շրջանում, Հրազդան գետի կիրճում և ձախափնյա սարավանդի վրա, Երևանից 22 կմ հյուսիս։ ՀԽՍՀ առողջարանների առաջնեկը, գործարկվել է 1925-ին։ Կլիման չափավոր տաք է՝ մեղմ ձմեռով, զով ամառով։ Հուլիսի միջին ջերմաստիճանը 22,3°C է, հունվարինը՝ -5,2°C, տարեկան տեղումները՝ 439 մմ։

Արզնիի հանքային ջրերը հայտնի են հին ժամանակներից (աղբյուրներից մեկի մաքրման ժամանակ հայտնաբերվել են զանազան երկրների հին դրամներ)։ Աղբյուրները ցայտում են 80 մ խորությունից և քիմիական բաղադրությամբ ածխաթթվային, նատրիում–քլորիդահիդրոկարբոնատային հանքային ջրեր են։ № 15 աղբյուրի ջուրն ունի հետևյալ բաղադրությունը՝

,

իսկ № 23 աղբյուրինը՝

,

Բացի գերակշռող բաղադրամասերից, ոչ մեծ քանակությամբ առկա են , ավելի քիչ՝ և այլն։ Արզնիի հանքային ջրերի ընդհանուր հանքայնացումը (բաղադրամասերի գումարը) 6-13 գ/լ է, ջերմաստիճանը՝ 15°C, 23°C, պարունակությունը՝ 1, 8-3 գ/լ։ Տարեկան լցվում է 25 մլն․ լ հանքային ջուր (շշերով)։

(նկ․) Արզնի. «Արզնի» առողջարանի լոգանքների շենքը (1951, ճարտարապետ Տ․ Մարգարյան)

Արզնիում գործում է 4 առողջարան (երեքը՝ մեծահասակների, մեկը՝ մանկական)՝ լոգանքների շենքով և ըմպելասրահով։ Ցուցումները՝ սիրտ–անոթային, ստամոքս–աղիքային համակարգի, լյարդի, լեղապարկի, կանացի հիվանդություններ և նյութափոխանակության խանգարումներ։ Բուժման տևողությունը․ մեծահասակներինը՝ 26 օր, երեխաներինը՝ 45 օր։ Բուժման մեթոդներն են՝ հանքային ջրի լոգանքները, ջրաբուժական և ֆիզիոթերապևտիկ պրոցեդուրները, բուժական մարմնամարզությունը, №№ 15, 23 աղբյուրների հանքային ջրի գործածությունը, քայլաբուժությունը և այլն։ Արզնիի առողջարանը գործում է ամբողջ տարին։

(նկ․) Արզնի․ Քառաբսիդ եկեղեցին (VI դ․)

Արզնիում կա պտղաբանջարաբուծական խորհրդային տնտեսություն։ Արզնիի մոտ է Արզնիի ՀԷԿ–ը։ Մինչև 1950-ական թթ․ Արզնիում շինարարությունը կատարվել է կիրճում՝ գետի երկու ափերին։ 1954-ին կազմվել է գլխավոր հատակագիծ (Հ․ Իսաբեկյան) 2400 բուժվողի համար։ Առողջարանի հիմնական կառույցները՝ կոմպլեքսային առողջարանները, լոգանքների շենքը, խմելու ջրի լցման գործարանը, գտնվում են կիրճում։ Սարահարթի հարավային կողմում գտնվում են առողջարաններ և պանսիոնատներ։ Կիրճում տեղադրված առողջարանների մեծ մասն ունի սպասարկման և բուժման ժամանակակից հարմարություններ։ Սարահարթի առողջարաններում բուժվողները լոգանքներից օգտվում են կիրճում։ Սարահարթը և կիրճը միացված են ճոպանուղիով։ Հիմնական կառույցների հեղինակներն են․ № 4 կլինիկական առողջարանինը՝ Ս․ Սաֆարյանը, լոգանքների և հանքային ջուր խմելու տաղավարինը՝ Հ․ Մարգարյանը և Ն․ Բաշբեուկը, նորկառուցվող առողջարաններինը՝ Լ․ Չերքեզյանը և Մ․ Միքայելյանը։ 1968-ին կազմվել է նոր գլխավոր հատակագիծ 4300 բուժվողի համար (հեղինակ՝ Կ․ Ղազարյան)։

Արզնիի առողջարանի մոտ, Հրազդան գետի ափին, դարավանդի վրա հայտնաբերվել է պալեոլիթյան կայան (2 կմ երկարությամբ, 0,5 կմ լայնությամբ), որտեղ գտնվել են մեծ քանակությամբ աշելյան մշակույթի գործիքներ։ Հայտնաբերված հնագիտական նյութը մեծ արժեք է ներկայացնում Հայաստանի նախնադարյան մարդուկենցաղն ուսումնասիրելու համար։ Արզնիում կանգուն է տրոմպային անցումով, գմբեթավոր, քառաբսիդ փոքր եկեղեցի (VI դ․)։ Կառույցը դրսից ութանիստ է, կլոր լուսամուտներով, իր հորինվածքով եզակի հայ ճարտարապետության նույնատիպ հուշարձանների շարքում։