տնտ․ և այլ կազմակերպությունների կողմից իրականացվող միջոցառումները, կառավարման և պետ․ իշխանության բարձրագույն մարմինների պահպանման ու երկրի պաշտպանության ծախսերը։ Հանրապետական բյուջեից ֆինանսավորվում են հանրապետական ենթակայության ձեռնարկությունները և տնտ․ կազմակերպությունները, հանրապետական մարմինների կողմից իրականացվող սոցիալ–կուլտուրական միջոցառումների և միութենական հանրապետությունների կառավարման ու պետ․ ապարատի պահպանման ծախսերը։ Միութենական և միութենական հանրապետությունների բյուջեների կազմում ստեղծվում են մինիստրների սովետների ռեզերվային ֆոնդերը։
Տեղական բյուջեով ֆինանսավորվում են տեղական նշանակություն ունեցող ծախսերը։ Այսպես, եթե ՀՍՍՀ տեղական բյուջեի տարեկան միջին ծավալը երկրորդ հնգամյակի տարիներին կազմում էր 23,5 մլն ռ․, ապա 1972-ին՝ 337,2 մլն ռ․ կամ 13,5 անգամ ավելի։ 1972-ին ՀՍՍՀ–ում կային 36 շրջանային և 21 հանրապետական ենթակայության քաղաքների բյուջեներ, որոնց բաժին էր ընկնում հանրապետության պետ․ բյուջեի ծախսերի շուրջ 33%-ը։
Բ․ պ․ հաստատում է ՍՍՀՄ Գերագույն սովետի նստաշրջանը։ Բյուջեի մասին ընդունված օրենքի հիման վրա միութենական հանրապետությունների մինիստրների սովետները ճշտում են իրենց բյուջեների նախագծերը և ներկայացնում հանրապետության Գերագույն սովետի նստաշրջանի հաստատմանը։ Միաժամանակ սահմանվում է առանձին տեղական բյուջեների ընդհանուր ծավալը, որից ելնելով տեղական սովետները ճշտում են իրենց բյուջեները և ներկայացնում նստաշրջանի հաստատմանը։ Բ․ պ–ի կատարման հետ կապված հիմնական օպերատիվ աշխատանքները դրված են ՍՍՀՄ ֆինանսների մինիստրության և նրա հանրապետական ու տեղական մարմինների վրա։ Բյուջեի դրամարկղային կատարումն իրականացնում է Պետբանկը։ Սոցիալիստական մյուս երկրների բյուջեները իրենց բնույթով և ֆունկցիաներով նման են ՍՍՀՄ բյուջեին։ Եկամուտների հիմնական աղբյուրը՝ 80–94 %-ը, սոցիալիստական տնտեսությունից ստացվող եկամուտներն են, իսկ ծախսերի մեջ հիմնական տեղը զբաղեցնում են ժող․ տնտեսության զարգացման (բոլոր ծախսերի 45–55 %-ը) և սոցիալ–կուլտուրական միջոցառումների (բոլոր ծախսերի 25–40%-ը) համար կատարվող ծախսերը։
Գրկ․ Финансы развивающихся государств, М․, 1965; Болдырев Б․ Т․, Бюджет современного капиталистического государства, М․, 1968; Ситарян С․, Хозяйственная реформа и бюджет, М․, 1968; Государственный бюджет СССР, М․, 1970; Либерман Я․ Г․, Государственный бюджет СССР в новых условиях хозяйствования, М․, 1970․
ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ, երկրի բյուջետային կառուցվածքը բնորոշող և դրամական միջոցների համապետական ֆոնդի կազմակերպման ու օգտագործման գծով հասարակական հարաբերությունները կարգավորող իրավական նորմերի համակցություն, ֆինանսական իրավունքի կարևոր ինստիտուտ։ Կարգավորում է բյուջեի հետ կապված կազմակերպական-ֆինանսական այն հարաբերությունները, որ ծագում են պետական տարբեր մարմինների միջև, ինչպես նաև պետական, արհմիութենական մարմինների այն հարաբերությունները, որ առաջանում են հիշյալ մարմինների միջև պետական սոցիալական ապահովության բյուջեի հարցով։ Սովետական Բ․ ի–ի նորմերը լինում են նյութական և վարույթային։ Նյութական նորմերը որոշում են բյուջետային կառուցվածքը (բյուջեների տարբեր տեսակները, նրանց միջև եղած փոխհարաբերությունը, նրանց եկամտի աղբյուրները), ՍՍՀՄ, միութենական և ինքնավար հանրապետությունների, վարչա–տերիտորիալ միավորումների Բ․ ի․, պետական բյուջե մուտք գործող եկամտի կազմի և ծախսերի հարցը։ Վարույթային նորմերը սահմանում են բյուջեի կազմման, քննարկման, հաստատման և կատարման մասին հաշվետվության կարգը։ Բ․ ի–ի կարևորագույն առանձնահատկությունը նրա միասնականությունն է․ միութենական, հանրապետական և տեղական բյուջեները միավորված են ՍՍՀՄ պետական բյուջեում։ Բյուջեի նախագիծը կազմում է բյուջեն հաստատելու իրավունք ունեցող գործադիր–կարգադրիչ մարմինը։ Նախագծի քննարկման և հաստատման ներկայացնելու իրավունքը, համապատասխանաբար, պատկանում է միութենական (ինքնավար) հանրապետության կառավարությանը կամ տեղական սովետի գործադիր կոմիտեին։ Բ․ ի–ի հարցերը կարգավորվում են 1959-ի հոկտ․ 30-ի ՍՍՀ Միության և միութենական հանրապետությունների բյուջետային իրավունքների մասին օրենքով, միութենական և ինքնավար հանրապետությունների, ինչպես նաև տեղական սովետների բյուջետային իրավունքների մասին օրենքներով։
ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՌԵԶԵՐՎՆԵՐ, պետական բյուջեում կազմավորվող ֆոնդեր, նախանշած միջոցառումների և նոր առաջացող անհետաձգելի ծախսերի անխափան ֆինանսավորման համար։ Բ․ ռ․ առաջատար տեղ են գրավում կենտրոնացված ֆինանսական ռեզերվների համակարգում։ Կապիտալիստական երկրներում Բ․ ռ․ առավելապես օգտագործվում են որպես տնտեսության ռազմականացման և մոնոպոլիաների շահերից բխող տնտեսության մեջ պետության միջամտության միջոցառումների իրականացման լրացուցիչ աղբյուր:
ՍՍՀՄ–ում Բ․ ռ․ նախանշվում են՝ 1․ տարերային աղետների հետևանքով պետական ունեցվածքին հասցված վնասի փոխհատուցման և այլ պարագաներով պայմանավորված ծախսերի, 2․ ժող․ տնտեսության լրացուցիչ, անհետաձգելի սոցիալկուլտուրական միջոցառումների և երկրի պաշտպանունակության ամրապնդման (ուժեղացման) ծախսերի ծածկման համար, որոնք չէին կարող նախատեսվել բյուջեի հաստատման ժամանակ, 3․ բյուջեի ժամանակավոր ճեղքվածքի վերացման, 4․ պետ․ բյուջեի եկամուտների պլանի մասնակի չկատարման դեպքում ծախսերի ծածկման համար։ Բ․ ռ․ հանդես են գալիս հիմնականում 3 ձևով՝ 1․ որպես ՍՍՀՄ Մինիստրների սովետի և միութենական հանրապետությունների մինիստրների սովետների ռեզերվային ֆոնդեր, 2, բյուջեի եկամուտների գերազանցում ծախսերի նկատմամբ և 3․ հանրապետական և տեղական բյուջեների դրամարկղային շըրջանառու միջոցների առկայություն։
ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՏԱՐԻ, ժամանակահատված, որի համար հաստատվում է պետության բյուջեն։
ՍՍՀՄ–ում Բ․ տ․ համապատասխանում է օրացուցային տարվան, որը պայմանավորված է ՍՍՀՄ պետական բյուջեի ժողովրդատնտեսական խոշոր նշանակությամբ։ Մինչև 1931-ը տնտեսական և Բ․ տ․ ՍՍՀՄ–ում սկսվում էր հոկտ․ 1-ից։ 1931-ից ՍՍՀՄ պետական բյուջեն հաստատվում է հունվ․ 1-ից մինչև դեկտ․ 31-ը ներառյալ ընկած ժամանակահատվածի համար և համընկնում է օրացուցային տարվան։ Բ․ տ․ սոցիալիստական մյուս երկրներում նույնպես համընկնում է օրացուցային տարվա հետ։ Արտասահմանյան մի շարք երկրներում հաստատված են տարբեր Բ․ տ–ներ (ԱՄՆ–ում, Իտալիայում, Ավստրալիայում, Նիդերլանդներում Բ․ տ․ սկսվում է հուլիսի 1-ից, Անգլիայում, Դանիայում, Կանադայում, Հնդկաստանում՝ ապրիլի 1-ից, Ֆրանսիայում, Բելգիայում, Իսպանիայում, Բրազիլիայում՝ հունվ․ 1-ից)։ ՍՍՀՄ պետական բյուջեով նախատեսված հատկացումների օգտագործումը սահմանափակվում է բյուջետային ժամանակահատվածով։ Բյուջետային միջոցների առ 31-ը դեկտ․ չօգտագործված մասը չի կարող ծախսվել հաջորդ տարում։
ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ, տես Բյուջե պետական։
ԲՅՈՒՍ Եվգենի Իվանովիչ (1885-1969), սովետական սեյսմոլոգ։ Ֆիզմաթ, գիտ․ դ–ր (1963), Վրաց․ ՍՍՀ գիտ․ վաստ․ գործիչ (1946)։ Ավարտել է Տարտուի համալսարանը (1911)։ 1921-ից մինչև կյանքի վերջը աշխատել է Թբիլիսիում։ Գիտական ուսումնասիրությունները նվիրված են Անդրկովկասի երկրաշարժերի տարեգրությանը, բալականությանը և սեյսմաաշխարհագրությանը։ Հայտնի է Բ–ի «Անդրկովկասի սեյսմիկ պայմանները» (մաս 1–3, 1948-1955) աշխատությունը։ Հոդվածներ է հրատարակել Լենինականի (1926), Ախուրյանի (1935) և Երևանի (1937) երկրաշարժերի վերաբերյալ։
ԲՅՈՒՐԱԿԱՆ, գյուղ Հայկական ՍՍՀ Աշտարակի շրջանում, Արագածի հարավարևելյան լանջին, շրջկենտրոնից 7 կմ հյուսիս–արևմուտք։ Սովետական տնտեսությունն զբաղվում է ծխախոտագործությամբ, այգեգործությամբ, պտղաբուծությամբ, բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ և անասնապահությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, ակումբ, գրադարան, մսուր–մանկապարտեզ, ամբուլատոր տեղամաս, անասնաբուժարան, կինո, կապի բաժանմունք (500 համարով ավտոմատ հեռախոսակայան), կենցաղսպասարկման օբյեկտներ։ Այստեղ են գտնվում ՀՍՍՀ ԳԱ Բյուրականի աստղադիտարանը և փորձա–մեխանիկական լաբորատորիան։ Բ–ի տարածքում են նաև