Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/486

Այս էջը հաստատված է

Գրկ․ Մարքս Կ․, Լուի Բոնապարտի Բրյումերի տասնութը, Կ․ Մարքս և Ֆ․ Էնգելս, Ընտիր երկ․, հ․ 1, Ե․, 1972։ Լենին Վ․ Ի․, Պետություն և ռևոլյուցիա, Երկ․, հ․ 25։

Գ․ Խրլոպյան

ԲՅՈՒՔՍ (գերմ․ Biichse - անոթ), հղկած կափարիչով ապակյա բաժակաձև անոթ։ Օգտագործվում է քիմ․ աշխատանոցում՝ խոնավություն կլանող և սորուն նյութերը կշռելու և պահելու համար։

ԲՅՈՒՖՈՆ (Buffon) ժորժ Լուի Լեկլերկ դե (7․ 9․ 1707, Մոնբար - 16․ 4․ 1788, Փարիզ), ֆրանսիացի բնագետ։ 1739-ից Բ․ Փարիզի բուսաբանական այգու դիրեկտորն էր։ «Բնական պատմություն» (36 հ․, 1749–88) աշխատության մեջ նկարագրել է բազմաթիվ կենդանիների և առաջ քաշել բուսական ու կենդանական աշխարհի միասնության հարցը։ Բ․ արտահայտել է առաջադիմական գաղափարներ արտաքին միջավայրի (սնունդ, կլիմա ևն) ազդեցությամբ տեսակների փոփոխականության մասին։ Երկրաբանության բնագավառում Բ․ համակարգել է իր ժամանակ հայտնի փաստական նյութերը, մշակել տեսական հարցեր երկրագնդի և նրա մակերևույթի զարգացման մասին։ Մասնակցել է Դիդրոյի խմբագրած նշանավոր հանրագիտարանի ստեղծմանը։

ԲՆԱԲԱՆ, էպիգրաֆ (հուն, επсγс- χφξ; մակագրություն), ստեղծագործության կամ նրա մի մասի սկզբում դրվող արձակ կամ չափածո հատված, որը քաղված է մի ուրիշ աղբյուրից և ակնարկում է տվյալ երկի հիմնական թեման, գաղափարը։ Հայ գրականության մեջ որպես Բ․ հաճախ է օգտագործվել Եղիշեի «Մահ իմացեալ անմահութիւն է» նշանավոր խոսքը։ Հին Հունաստանում Բ․ էին կոչվում հուշարձանների վրայի մակագրությունները։

ԲՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ (բնական գիտություններ), բնության մասին գիտությունների համակարգը, որը պատմականորեն սահմանազատվել է մարդկային հասարակության ու մտածողության մասին եղած գիտություններից և ձեռք է բերել հարաբերական ինքնուրույնություն։ Բ–յան խնդիրն է բացահայտել բնության մեջ գործող օրինաչափությունները և պրակտիկ կյանքում նրանց կիրառման հնարավորությունները։ Բ–յան առարկան օրգանական և անօրգանական մատերիայի շարժման տարբեր ձևերն են, նրանց փոխադարձ կապերն ու անցումները։ Կոնկրետ հետազոտական խնդիրների տեսակետից այդ առարկան տրոհվում է հետևյալ բաժինների՝ մատերիա ընդհանրապես, երկիր, տիեզերք, կյանք, մարդ։ Դրան համապատասխան, Բ–յան համակարգի գիտությունները խմբավորվում են հետևյալ կերպ՝ 1․ ֆիզիկա, քիմիա, ֆիզիկական քիմիա, 2․ երկրաբանություն, հանքաբանություն, մթնոլորտաբանություն, աշխարհագրություն (ֆիզիկական), 3․ աստղագիտություն, 4․ կենսաբանություն, բուսաբանություն, կենդանաբանություն, 5․ անատոմիա, ֆիզիոլոգիա, ուսմունք մարդու ծագման ու զարգացման մասին, ուսմունք ժառանգականության մասին։ Բնավ ոչ լրիվ այս բաժանումը խիստ պայմանական է։ Անհնար է հետևողական բաժանում անցկացնել այս խմբերի միջև, և ներկայումս Բ–յան շատ նոր բնագավառներ ծնվում են նշված խմբերի սահմանագծում (օրինակ՝ աստղաբուսաբանություն, կենսաֆիզիկա ևն)։ Ավելին, Բ․ ևս խիստ կերպով չի սահմանազատված գիտության մյուս համակարգերից, օրինակ, Բ–յան և հասարակական գիտությունների սահմանագծում է ընկած տնտեսական աշխարհագրությունը, Բ–յան և տրամաբանության սահմանագծում՝ կիբեռնետիկան ևն։ Ներկայումս որպես հարաբերականորեն ինքնուրույն բնագավառ ձևավորվել է տեխ․ գիտությունների համակարգը, որը ինչ–որ իմաստով կարող է դիտվել որպես Բ–յան կիրառություն։ Մաթեմատիկան անմիջականորեն չի ուսումնասիրում բնությունը, ուստի և չի մտնում Բ–յան համակարգի մեջ։ Այն հանդես է գալիս որպես գիտական մտածողության անհրաժեշտ գործիք (ինչպես տրամաբանությունը) և «լեզու», որի միջոցով արտահայտվում են Բ–յան օրենքները։ Միաժամանակ իր մեկնաբանությունների մեջ (տես Մեկնաբանություն) մաթեմատիկան հանդես է գալիս որպես գիտություն բնության մասին և այս առումով մերձենում է Բ–յանը։

Առարկայի բնույթին համապատասխան, Բ–յան տարբեր բաժիններ կիրառում են ուսումնասիրության ուրույն մեթոդներ։ Մեթոդի տեսակետից ընդունված է բնական գիտությունները բաժանել երկու խմբի՝ ա․ նկարագրական, որոնց օգնությամբ ձեռք են բերվում փաստական գիտելիքներ և դրանք ընդհանրացվում օրենքների ու սկզբունքների միջոցով, և բ․ ճշգրիտ, որոնք փաստերն ու կապակցությունները մարմնավորում են մաթեմատիկական ձևի մեջ՝ դրանց տալով համընդհանուր և անհրաժեշտ բնույթ։ Սակայն այդպիսի բաժանումը հետևողականորեն անցկացնելը անհնար է հատկապես մեր օրերում, երբ, հենվելով մաթեմատիկական մտածելակերպի վրա, բոլոր գիտությունները ձգտում են կառուցել տրամաբանական տեսակետից կուռ համակարգեր և միարժեք ու ճշգրիտ բնույթ հաղորդել ստացված արդյունքներին։ Այս պատճառով ավելի ճիշտ է խոսել միայն հետազոտության էմպիրիկ և տեսական մակարդակների մասին, որոնք ավելի կամ պակաս չափով հատուկ են բոլոր գիտություններին։ Էմպիրիկ մակարդակում կիրառվող մեթոդներ են՝ չափում, համեմատում, ինդուկցիա, դեդուկցիա, վերլուծություն (անալիզ), համադրություն, սինթեզ ևն։ Տեսական մակարդակին բնորոշ է հիպոթեզը, մոդելավորումը, իդեալականացումը, աբստրակցիան, մտային էքսպերիմենտը ևն։

Բ․ սերտ կապի մեջ է մարդկային հոգևոր ու նյութական մշակույթի այլ բնագավառների հետ։ Բնության օրենքների պրակտիկ կիրառման և տեխնիկայի միջոցով Բ․ կապվում է արտադրության, գյուղատնտեսության, առողջապահության, հաղորդակցության ու կապի միջոցների հետ։ Այն հանդես է գալիս որպես «արտադրության հոգևոր կարողություն» (Կ․ Մարքս) և դրանով իսկ զարգացման ընթացքում դառնում յուրահատուկ անմիջական արտադրողական ուժ։ Պրակտիկայի հետ ունեցած կապի տեսակետից բնական գիտությունները բաժանվում են երկու խմբի՝ կիրառական և հիմնարար։ Հիմնարար գիտությունները (քվանտային մեխանիկա, թերմոդինամիկա ևն) նպատակ ունեն ճանաչել այն օրենքները, որոնք կառավարում են բնության արմատական կառուցվածքների վարքն ու փոփոխությունները։ Այդ օրենքներն ուսումնասիրվում են «մաքուր» ձևով, որպես այդպիսիք, անկախ նրանց կիրառման հնարավորություններից։ Կիրառական գիտությունները լուծում են ոչ այնքան իմացական, որքան պրակտիկ խնդիրներ, նպաստում բնության վերափոխմանն ու յուրացմանը։ Որպես կանոն, հիմնարար գիտություններն իրենց զարգացումով առաջ են անցնում կիրառականներից՝ ստեղծելով նրանց համար տեսական բաժիններ։

Հատկապես իր տեսական մասով՝ կատեգորիալ ապարատով, օրենքներով, տեսություններով ու հիպոթեզներով, Բ․ անմիջականորեն մասնակցում է աշխարհի գիտական պատկերի ստեղծմանը, հետազոտության ձևերի ու մեթոդների մշակմանը։ Սրանով Բ․ առնչվում է փիլիսոփայության հետ, ազդում նրա զարգացման ընթացքին և ուղղությանը։ Բ–յան մեջ տեղի ունեցող յուրաքանչյուր արմատական հեղաշրջման հետ մեկտեղ, ինչպես գտնում է Ֆ․ Էնգելսը, փոխվում է մատերիալիստական աշխարհըմբռնման ձևը։ Մյուս կողմից փիլիսոփայությունը և հատկապես դիալեկտիկական մատերիալիզմը հանդես է գալիս որպես Բ–յան զարգացման մեթոդաբանական ուղեցույց։ Փիլիսոփայության դերը Բ–յան համար ավելի վճռական է դառնում հատկապես անցումային փուլերում, երբ արմատական հեղաշրջում է կատարվում Բ–յան հիմնարար դրույթների մեջ, երբ խորտակվում են հին հասկացությունները, սկզբունքներն ու պատկերացումները, որի հետևանքով արմատապես վերակառուցվում է գիտության «շենքը»։

Բ–յան զարգացման ազդակները վերջին հաշվով պայմանավորված են մարդկային պրակտիկ պահանջմունքներով։ Ուստի արտադրողական ուժերի, տեխնիկայի զարգացման որոշակի մակարդակի պատմականորեն համապատասխանում է Բ–յան որոշակի փուլ իր ուրույն խնդիրներով ու մտածելակերպով։ Բնության մասին առաջին գիտելիքները ծագել են դեռևս Հին Արևելքում։ Դրանք իմաստավորվել և գիտական համակարգի մեջ են ներառվել Հին Հունաստանում։ Հույն բնագետները՝ «բնափիլիսոփաները», որպես ուսումնասիրման առարկա վերցրել են բնությունը իր միասնության