Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/511

Այս էջը սրբագրված է

գիրը մշակել է կոմունիզմի ծավալուն կառուցման շրջանում գյուղում հասարակական հարաբերությունների և գյուղատնտեսության զարգացման ուղիները։ Բ․ ա․ ծ․ միջազգային պատմական նշանակություն ունի։ Այն դարձավ եղբայրական կոմունիստական և բանվորական կուսակցությունների ագրարային ծրագրերի հիմքը։ Գրկ․ տես Ագրարային հարց հոդվածի գրականությունը։ Ա․ Վարդապետյան


ԲՈԼՇՏԵԴ Ալբերտ Ֆոն, տես Ալբերտ Մեծ։


ԲՈԼՈՄԵՏՐ (<հուն․ (Խ^ղ – այստեղ՝ ճառագայթ ե․․․ մետր), ճառագայթման էներգիան չափող սարք։ Բ-ի աշխատանքը հիմնված է ճառագայթման չափվող հոսքը կլանելու հետեանքով տաքացող ջերմազգայուն տարրի էլեկտրական դիմադրության փոփոխության վրա։ Ջերմազգայուն տարրը կարող է լինել մետաղի (նիկել, ոսկի, բիսմութ ևն) բարակ (0,1 – 1 մկմ) շերտ, որի մակերևույթը, ճառագայթների կլանման ունակությունը մեծացնելու համար սևացնում են (հատուկ բաղադրության համաձուլվածքով), կամ դիմադրության մեծ ջերմաստիճանային գործակից ունեցող կիսահաղորդիչ, կամ էլ դիէլեկտրիկ։ Տարրի չափն ու ձևը որոշվում է՝ նայած ճառագայթման աղբյուրի բնույթին, իսկ նրա դիմադրության փոփոխությունը չափվում է հաստատուն կամ փոփոխական հոսանքով սնվող կամրջակային էլեկտրական սխեմայի օգնությամբ, որին և միացվում է Բ․։ Տեխնիկայում Բ-երը լայնորեն կիրառվում են որպես ինֆրակարմիր ճառագայթման ընդունիչներ, մասնավորապես, ինտեգրալ (գումարային) ճառագայթման հզորությունը, իսկ սպեկտրոմետրի հետ՝ ճառագայթման սպեկտրային կազմը չափելու համար։ Գրկ․ Тепловые приемники излучения, Киев, 1967․


ԲՈԼՈՆԻՍ (Bologna), քաղաք Հյուսիսային Իտալիայում, Էմիլիա–Ռոմանիա մարզի և Բոլոնիա պրովինցիայի գլխավոր քաղաքը։ 488,5 հզ․ բն․ (1969)։ Գտնվում է Հյուսիսային Ապենինների ստորոտում, Ռենո գետի ափին։ Երկաթուղային, ավտոմոբիլային և օդային ճանապարհների հանգույց է, ջրանցքով միացած է Պո գետին։ Ունի բարձր զարգացած արդյունաբերություն (էլեկտրատեխնիկական, ավտոմոբիլային, քիմ․, թեթև և սննդի)։ Ատոմային հետազոտությունների կենտրոն է։ Բ․ մ․ թ․ ա․ VI դ․ վերջից էտրուսկների մայրաքաղաքն էր, IV դ․ կեսին գրավել է կելտական բոյեր ցեղը, որից և ստացել է իր անունը։ Ունի համալսարան (տես Բոլոնիայի համալսարան), նկարչական ակադեմիա (XVI դ․)։ Հայտնի է գեղանկարչության Բոլոնիայի դպրոցը։


ԲՈԼՈՆԻԱՅԻ ԴՊՐՈՑ, բարոկկոյի դարաշրջանի իտալական գեղանկարչության գլխավոր դպրոցներից մեկը։ Մոտ 1585-ին Բոլոնիայում Կառաչչի եղբայրների «ճիշտ ուղի ընտրածների ակադեմիայի» բացումից հետո, XVI –XVII դդ․ եղել է եվրոպական ակադեմիզմի կենտրոնը։ Նյութի ուսումնասիրությունը Բ․ դ–ում համարվել է իդեալական կերպարներ ստեղծելու նախապայման․ նույն նպատակին է ծառայել նաև վարպետության կանոնների խստորոշ համակարգը։ Բ․ դ–ի ներկայացուցիչները (Կառաչչի, Գ․ Ռենի, Դոմենիկինո, Գվերչինո) հիմնականում ստեղծել են իդեալականացված, շքեղ դեկորատիվ բնույթի կրոնական և դիցաբանական թեմաներով կոմպոզիցիաներ։


ԲՈԼՈՆԻԱՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ, Եվրոպայի հնագույն համալսարաններից։ Գտնվում է Բոլոնիա քաղաքում (Իտալիա)։ Հիմնադրվել է XI դ․։ Արդեն XIII դ․ ունեցել է շուրջ 10 հզ․ ուսանող։ Բ․ հ․ հիմնականում իրավաբանական ուս․ հաստատություն էր, ուր ուսուցանվում էր Հռոմեական և կանոնական (դավանական) իրավունք։ XIV դ․ ստեղծվեցին փիլիսոփայության, բժշկության և աստվածաբանության ֆակուլտետները։ 1969/70 ուս․ տարում ուներ 12 ֆակուլտետ, 29,5 հզ․ ուսանող, ավելի քան 200 պրոֆեսոր։


ԲՈԼՈՆՅԵՋԻ (Bolongesi) Ջիանկառլո (ծն․ 30․10․1923, Միլան), իտալացի լեզվաբան, հայագետ։ Դասավանդում է Միլանի Կաթոլիկական համալսարանում։ Լոմբարդական ինստ–ի գիտության և գրականության ակադեմիայի թղթ–անդամ է։ Զբաղվում է գերմ․ բանասիրության, ընդհանուր և հնդեվրոպական լեզվաբանության, հուն, բարբառագիտության հարցերով։ Իր աշխատություններում, առանձին հոդվածներում բազմիցս անդրադարձեւ է հայերենի և պարսկերենի հնչյունական, բառային, բարբառային փոխազդեցություններին ու փոխառություններին, հայկ․ ավանդություններին և դրանց առնչություններին պարսկ․, հուն, և հռոմեական բանահյուսությանը։ Քննել է նաև «հունաբան դպրոցի» հուն, տեքստերից կատարած թարգմանությունները։


ԲՈԼՈՏՆԻԿՈՎ Իվան Իսաևիչ (ծն․ թ․ անհտ․– 1608), 1606–07-ի հակաֆեոդալական գյուղացիական ապստամբության առաջնորդ Ռուսաստանում։ Նախկինում եղել է խոլոպ։ Երիտասարդ ժամանակ փախել է կազակների մոտ, բռնվել թաթարների կողմից և վաճառվել ստրկության Թուրքիա, դատապարտվել թիապարտության։ Գերմ․ նավերի կողմից թուրքական թիանավերի կրած պարտությունից հետո Բ․ ազատվել է և հայտնվել Վենեաիկում, ապա Լեհաստանի վրայով վերադարձել Ռուսաստան։ 1606-ի ամռանը դարձել է հվ–ում բռնկված ապստամբության ղեկավարը (տես Գյուղացիական ապստամբություն Ի․ Ի․ Բոչոտնիկովի առաջնորդությամբ 1606–07)։ Ապստամբության պարտությունից հետո, Տուլայում Բ․ բռնվել է, աքսորվել Կարգոպոլ, կուրացվել և ջրահեղձ արվել։


ԲՈԼՈՏՈՎ Անդրեյ Տիմոֆեեիչ (1738–1833), ռուս գիտնական և գրող, ռուսական ագրոնոմիական գիտության հիմնադիրներից։ Բ-ի «Դաշտերի բաժանման մասին» աշխատությունը առաջին ձեռնարկն էր ցանքաշրջանառությունների և գյուղատնտ․ տարածքի կազմակերպման մասին։ Ըստ գոտիների հողակլիմայական պայմանների, մշակել է ագրոտեխնիկական միջո– ցառումների համապատասխան ձևեր, պարարտացման գիտական մեթոդներ, մոլախոտերի դեմ միջոցներ։ Հայտնաբերել է դիխոգամիայի (խնձորենու) երևույթը և նշել խաչաձև փոշոտման առավելությունները։ Բ–ի գրական ժառանգությունից կարևոր նշանակություն ունեն ինքնակենսագրական նոթերը։


ԲՈԼՈՐԱԲԵՐԱՆՆԵՐ, տես Անծնոտներ։


ԲՈԼՈՐԱԲԵՐԴ, մինչև 1972-ը՝ գյուղ Հայկական ԱՍՀ Եղեգնաձորի շրջանում։ Բնակիչները տեղափոխվել են նույն շրջանի Ագարակաձոր գյուղը։


ԲՈԼՈՐԱԲԵՐԴ, բերդ կամ ամրոց Մեծ Հայքի Սյունիք աշխարհի Վայոց ձոր գավառում։ Գտնվում է այժմյան ՀՍՍՀ Եղեգնաձորի շրջանի Գլաձոր գյուղից 6–7 կմ հս․, զառիվեր լանջերով անմատչելի լեռան վրա։ Կառուցել է Պռոշ իշխանը XIII դ․, ուստի տեղացիներն այն սովորաբար անվանել և այժմ էլ անվանում են «Պռոշա բերդ», «Պռոշ իշխանի բերդ»։ P․ եղել է իշխանանիստ, գրավել է լեռան գագաթի 1 – 1,5 հա տարածությամբ հարթությունը, ունեցել է բազալտաշար ամուր պարիսպ և ջրմուղ, որի խողովակները նշմարվում են մինչև այսօր։ Պահպանվել են պարիսպը և բուրգերը։ Բերդի ներքին պաշտպանական կառույցները, զինանոցները, զորանոցները, ինչպես և Պռոշյան իշխանների պալատը ավերվել են, թաղվել հողի հաստ շերտի տակ։ Արլ․ կողմում կա կանգուն մատուռ, իսկ 1–2 կմ հվ–արմ․ գտնվում է Բոլորաբերդ կամ Սպիտակավոր Ս․ Աստվածածին վանքը։ Բ․ ոմանք նույնացրել են Սրկղունք (այժմ՝ Վերնաշեն) գյուղի հետ։

Գրկ․ Ալիշան Ղ․, Սիսական,․ Վնա․, 1893։ Հովսեփյան Գ․, Խաղբակյանք կամ Պռոշյանք հայոց պատմության մեջ, հ․1, Վաղ–պատ, 1928։ Թ․ Հակոբյան


ԲՈԼՈՐԱԿՆԵՐ, հիմնականում աստղագիտական բնույթի աղյուսակներ։ Տարածված են եղել հին և միջնադարյան Հայաստանում։ Հայ մատենագրության մեջ հանդիպող Բ-ով հեշտությամբ որոշվել են Լուսնի փուլերի հասակը, շաբաթվա օրերը, Արեգակի, Լուսնի ու մոլորակների դիրքերը կենդանաշրջանում, գիշերվա ու ցերեկվա տևողությունները ևն։ Բ-ի տեսքով են տրված նաև ստվերաչափերը։ Մեզ հասած հնագույն Բ–ից են Անդրեաս Բյու–