յին հարաբերությունը։ Այդ հարաբերությունը որոշվում է ապրանքների արժեքով։ Պատմական զարգացման ընթացքում արժեձևը արտահայտվել է չորս ձևով՝ 1․ պարզ, եզակի կամ պատահական, 2․ լրիվ կամ ծավալուն, 3․ ընդհանրական, 4․ դրամական։ Պարզ, եզակի կամ պատահական արժեձևը տրամաբանորեն և պատմականորեն ապրանքների արժեքի արտահայտության աոաջին ձևն է, երբ փոխանակությունն ուներ պատահական բնույթ, և մի ապրանքն անմիջականորեն փոխանակվում էր մյուսի հետ, օրինակ, մեկ ոչխար = 1 կացին։ Այս հավասարության մեջ ոչխարը և կացինը հասարակական տարբեր դեր են կատարում, ոչխարն իր արժեքն արտահայտում է կացնի մեջ, ուստի և գտնվում է արժեքի հարաբերական ձևում, իսկ կացինը ոչխարի արժեքի արտահայտությունն է, այն գտնվում է համարժեքային ձևում։ Վերլուծելով պարզ, եզակի կամ պատահական արժեձևի բովանդակությունը՝ Մարքսը բացահայտել է ապրանքատերերի հարաբերություններին ներհատուկ հակասությունները, որոնք արտահայտվում են համարժեքային ձևի երեք առանձնահատկություններով․ 1․ կացինը որպես սպառարժեք, շուկայում հանդիպադրվելով ոչխարին, դառնում է նրա արժեքի արտահայտման ձև, սպառարժեքը փոխարկվում է իր հակադրությանը՝ դառնում արժեքի երևան գալու ձև․ 2․ կացինը դարբնի կոնկրետ աշխատանքի արդյունքն է, որը, սակայն, շուկայում դառնում է աբստրակտ աշխատանքի դրսևորման ձև, կոնկրետ աշխատանքը փոխարկվում է իր հակադրությանը՝ դառնում աբստրակտ աշխատանքի երևան գալու ձև․ 3․ կացինը դարբնի մասնավոր աշխատանքի արդյունքն է, մինչդեռ նրա հասարակական բնույթը հանդես է գալիս միայն շուկայում, երբ այն փոխանակվում է ոչխարի հետ և բավարարում ոչխարի տիրոջ պահանջը, մասնավոր աշխատանքը փոխարկվում է իր հակադրությանը՝ դառնում հասարակական աշխատանքի երևան գալու ձև։ Համարժեքային ձևի այս առանձնահատկությունները սերտորեն կապված են միմյանց հետ և արտահայտում են ապրանքի մեջ առարկայացած հասարակական աշխատանքին ներհատուկ հակասությունները։ Արտադրողական ուժերի զարգացման ընթացքում խորանում է աշխատանքի հասարակական բաժանումը, ծավալվում են փոխանակային հարաբերությունները, որոնք անհրաժեշտաբար պահանջում են մի շարք համարժեքների առկայություն, և երևան է գալիս լրիվ կամ ծավալուն արժեձև, երբ հարաբերական արժեձևը հանդիպադրվում է մի քանի համարժեքների (կացին, աղ, մորթի և այլն)։ Բազմաթիվ համարժեքների առկայությունը ցույց է տալիս, որ համարժեքի դեր կարողեն կատարել բոլոր ապրանքները՝ անկախ դրանց սպառարժեքներից։ Դրանով իսկ համարժեքը հանդես է գալիս որպես աբստրակտ աշխատանքի մարմնացում, և արժեքի՝ որպես ապրանքային արտադրության կարգավորիչի, դերը դառնում է ավելի քան ակնհայտ։ Սակայն բազմաթիվ համարժեքների առկայության պայմաններում խախտվում է ապրանքների արժեքի արտահայտության միասնականությունը, որը ապրանքային արտադրության և փոխանակային հարաբերությունների արագ զարգացման կարևոր պայմաններից մեկն է։ Ուստի և հանդես է գալիս ընդհանրական արժեձև, երբ համարժեքի ձևում հանդես է գալիս մեկ ապրանք։ Տարբեր ժողովուրդների համար և հասարակության զարգացման տարբեր աստիճաններում ընդհանրական արժեձևի դեր են կատարել զանազան ապրանքները՝ մորթին, անասունը, մետաղները և այլն։ Ապրանքային արտադրության զարգացման ավելի բարձրաստիճանում գրեթե բոլոր ժողովուրդների մոտ ընդհանրական համարժեքի դերում հանդես է գալիս ոսկին՝ շնորհիվ իր բնական և արժեքային հատկությունների (ազնիվ մետաղ է, մեծ արժեք, դյուրակիր), և առաջ է գալիս փողային արժեձև։ Մարքսը, ուսումնասիրելով արժեքների միջև գոյություն ունեցող ներքին տրամաբանական կապակցությունները, միաժամանակ ցույց տվեց, որ դրանցից յուրաքանչյուրը փոխանակային հարաբերությունների զարգացման մի ամբողջ դարաշրջանի արտահայտություն է, և այդ ուսումնասիրությամբ լուծեց փողի առեղծվածը, ցույց տվեց, թե ինչպես է ապրանքն աստիճանաբար փող դարձել։
ԱՐԺԵՆԻՇ, թղթադրամ, լիարժեք դրամի ներկայացուցիչ։ Պատմականորեն թղթադրամը շրջանառության մեջ փոխարինել է ավելի վաղ գործող ոսկուն կամ արծաթին։ «Ռուբլին», «դոլարը», «ֆրանկը», «մարկը» և այլն թղթադրամի նշանակումներ են, որոնցից յուրաքանչյուրը որպես դրամական միավոր արտահայտում է որոշակի մետաղի քանակային կշիռ։ Թղթադրամը հանդես է գալիս նաև որպես գնման և վճարման միջոց, սակայն, չունենալով սեփական արժեք, չի կարող կատարել փողի մյուս ֆունկցիաները (արժեչափ, կուտակման միջոց կամ գանձ, համաշխարհային փող)։
ԱՐԺԵՔ, ապրանքի մեջ առարկայացված հասարակական աշխատանք իր աբստրակտ ձևով՝ անկախ նրա իրականացման կոնկրետ արտահայտություններից։ Արժեքը մարդկանց արտադրական հարաբերությունների արտահայտման ապրանքային կերպարանք ընդունող ձևն է։ Ապրանքն ունի արժեք և սպառարժեք։ Արժեքը ստեղծվում է աբստրակտ աշխատանքով, սպառարժեքը կոնկրետ աշխատանքի արդյունք է։ Ապրանքները փոխանակվում են ըստ իրենց արժեքի, այսինքն՝ նրանց արտադրության վրա ծախսվող հասարակականորեն անհրաժեշտ աշխատանքի քանակին համապատասխան։ «Հասարակականորեն անհրաժեշտ աշխատաժամանակը այն աշխատաժամանակն է, որ արտադրության հասարակականորեն նորմալ առկապայմաններում և տվյալ հասարակության մեջ գոյություն ունեցող աշխատանքի հմտության և ինտենսիվության միջին մակարդակի պարագայում պահանջվում է մի որևէ սպառողական արժեք պատրաստելու համար» (Մարքս Կ․, Կապիտալ, հ․ 1, 1954, էջ 45)։ Ապրանքների հիմնական զանգվածը թողարկող ապրանքարտադրողների մեծամասնության կողմից ծախսված աշխատաժամանակով որոշվում է ապրանքի հասարակական արժեքը։ Ապրանքի արժեքը ուղիղ համեմատական է նրա արտադրության վրա ծախսված աշխատանքի քանակին և հակադարձ համեմատական այդ աշխատանքի արտադրողականության աստիճանին։ Հասարակության գիտատեխնիկական առաջընթացի հետ միաժամանակ բարձրանում է աշխատանքի արտադրողականությունը և իջնում ապրանքի միավորի արժեքը։ Ապրանքային արտադրության տնտեսական օրենքների ու կատեգորիաների թվում արժեքը նույնպես տարբեր տնտեսակարգերում հանդես է գալիս համապատասխան առանձնահատկություններով։ Արժեքը պատմական կատեգորիա է, և աշխատանքը արժեքային ձև է ընդունում միայն ապրանքային արտադրության պայմաններում։ Արժեքը կանհետանա ապրանքային արտադրության վերացման հետ միասին։
ԱՐԺԵՔ, փիլիսոփայության և հասարակագիտության հասկացություն, որով բնութագրվում է իրականության առարկաների և երևույթների հասարակական, մշակութային նշանակությունը։ Արժեքի հասկացությամբ նշվում է այն հանգամանքը, որ մարդկային գործունեության մեջ ներգրավված իրականությունը ձեռք է բերում մի նոր (նրա բացարձակ գոյությունից տարբեր) հատկանիշ, այն իմաստավորվում է հասարակական–մշակութային կոնտեքստում և դառնում զանազան գնահատականների առարկա, որպես սոցիալական արժեքը՝ բարիք, օգտակարություն, հարստություն և այլն, որպես բարոյական արժեքը՝ բարի ու չար, արդար ու անիրավ, պարկեշտ ու արգահատելի և այլն, որպես գեղագիտական արժեքը՝ գեղեցիկ, ողբերգական, զավեշտական և այլն։
Այսպես, որևէ խեցեղենի «բացարձակ նյութական գոյությունը» չի համընկնում նրա արժեքի հետ, որ նա ունի նյութական մշակույթի համակարգում՝ իբրև նրա բաղադրամաս, որտեղ այն կարող է գնահատվել որպես հմտության արգասիք, բարիք, գեղեցիկի, օգտակարի արտահայտություն, հարստություն։ Այս իմաստով արժեքները օբյեկտիվ են, ավելի ճիշտ՝ օտարված են առանձին անհատներից, որքանով հատուկ են պատմականորեն ձևավորված քաղաքակրթությանը, պարտադրվում են այդ քաղաքակրթությանը պատկանող անհատներին, ինչպես և նրանց, ովքեր հաղորդակից են դառնում նրան։ Այս՝ առարկայական արժեքներից տարբերվում են, այսպես կոչված, «սուբյեկտային» կամ «գիտակցային» արժեքները․ առանձին անհատների տված արժեքային գնահատականների ամբողջությունը արտահայտում է տվյալ քաղաքակրթությանը հատուկ՝ սոցիալական, բարոյա–իրավական, գեղագիտական և այլ ըմբռնումների համակարգը, որոնք հանդես են գալիս որպես «նորմատիվ արժեքներ»՝ կողմնորոշելով, կարգավորելով անհատների վարքագիծը, բնության ու հասարակության երևույթների նրանց արժեքավորումը։
Արժեքների համակարգի մեջ ուրույն տեղ ունի գիտությունը։ Արժեքաբանության ջատագովները, ելնելով գիտության վերացական–սխեմատիկ պատկերացումից, գտնում են, որ արժեքային մոտեցումը կոչված է լրացնելու գիտության ճշմարտացի մո–