Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/589

Այս էջը սրբագրված է

{<image>} Հենաշարժական ապարատի ծռումները ուղղող վարժություններ

ժություններ, բուժական և հիգիենային մարմնամարզություն, մերսում, բնական գործոններ, աշխատանքային բուժում, լող, թիավարություն, դահուկավազք, տուրիզմ։ Բ. ֆ-ի հիմքում ընկած են շարժումները, որոնք որպես կենսաբանական գրգռիչներ խթանում են օրգանիզմի աճման, զարգացման և ձևավորման պրոցեսները։ Նրանց հետևողական ներգործությունից փոխվում է օրգանիզմի ռեակտիվականությունը։ Վարժությունները կիրառում են չափավորված՝ հաշվի առնելով տարբեր հիվանդությունների առանձնահատկությունները, վնասված օրգանի կամ համակարգի գործունեությունը, վարժությունների կատարման տեմպն ու մասնակցող մկանախմբերի քանակն ու ծավալը։ Հիվանդի շարժական ռեժիմի ակտիվությունը պայմանավորված է շարժման և հանգստի փոխհարաբերությամբ, ինչպես բուժման մյուս մեթոդները, այնպես էլ հանգիստը պետք է լինի չափավոր։ Բ. ֆ-ի հիմնական ձևը բուժական մարմնամարզությունն է, որի վարժություններն ընտրվում են ընդհանուր և տեղական ներգործության նպատակով։ Բ. ֆ. ընդհանուր թերապևտիկական մեթոդ է, հակացուցումները սահմանափակ են և ժամանակավոր բնույթ ունեն։ Այն կարելի է կիրառել վաղ մանկական հասակից մինչև խոր ծերություն։ Ֆիզիկական վարժությունները բուժման նպատակով օգտագործվել են դեռևս 5000 տարի առաջ՝ Չինաստանում, Հնդկաստանում, այնուհետև Հռոմում և Հունաստանում։ Գիտականորեն մշակված բժշկական մարմնամարզությունն սկսել է զարգանալ միայն XIX դարից։ Բ. ֆ. ՍՍՀՄ-ում սկզբնավորվել է 1923-24-ին, ՀՍՍՀ-ում Բ. ֆ-ի առաջին օջախները ստեղծվել են 1930-ից։ Երևանի բժշկական ինստ-ի բուժական ֆիզկուլտուրայի ամբիոնը մեծ ավանդ է ներդրել ՀՍՍՀ-ում բուժական ֆիզկուլտուրայի ստեղծման և զարգացման գործում։ Ներկայումս Բ. ֆ-ի բնագավառում հետազոտական աշխատանքներով զբաղվում են Երևանի բժշկական (երեխաների կեցվածքի և հենաշարժական ապարատի շեղումների բուժման և վերականգնման հարցեր), բժիշկների կատարելագործման (բուժական ֆիզկուլտուրան հետվիրահատական շրջանում և ողնուղեղի վնասվածքների բուժման ժամանակ), ֆիզիկական կուլտուրայի, օրթոպեդիայի և տրավմատոլոգիայի, սրտաբանության և սրտային վիրաբուժության ինստ-ների Բ. ֆ-ի ամբիոնները։Գ Մինասյան

ԲՈՒԺԱՆՔ առողջապահական ամսագիր։ Լույս է տեսել 1926-30-ին, Փարիզում։ Տպագրել է առողջապահական և գիտա-բժշկական հոդվածներ, նյութեր՝ նվիրված հայ բժշկության պատմությանը, անվանի բժիշկներին, սպորտի, դպրոցի, առողջապահության հարցերին, բուժման ժողովրդական եղանակներին։ Պարբերաբար լուրեր է տպագրել Սովետական Հայաստանում առողջապահության գործի մասին։ Մ Բաբլոյան

ԲՈՒԺԵՐ ֆրանս. bougie մոմ հոծ կամ սնամեջ ձողեր։ Օգտագործվում են խողովակավոր օրգանները (միզուկ, կերակրափող) լայնացնելու և հետազոտելու համար։ Լինում են տարբեր ձևի, տրամագծի, երկարության։ Պատրաստվում են կաուչուկից, պլաստմասսայից կամ մետաղից։ Ձողարկելիս անհրաժեշտ է խստորեն պահպանել ասեպտիկայի կանոնները։

ԲՈՒԺՈՐ գյուղ ՌՍՖՍՀ Կրասնոդարի երկրամասի Անապայի շրջանում, շրջկենտրոնից 14 կմ հյուսիս-արևմուտք։ Բնակվում են ռուսներ և հայեր։ Միավորված է Անապայի սովետական տնտեսության հետ։ Ունի տարրական դպրոց, ակումբ-կինո, մանկամսուր, բուժկայան։

ԲՈՒԺՈՒՄԲՈՒՐԱ Bujumbura Բուրունդիի մայրաքաղաքը։ 90 հզ. բն. (1974): Երկրի առևտրական, տրանսպորտային և տնտ. գլխավոր կենտրոնը։ Նավահանգիստ է Տանգանիկա լճի ափին։

ԲՈՒԺՈՒՆԻՔ գավառ Մեծ Հայքի Վասպուրական նահանգում։ Ընդգրկում էր Սուրբ Տիկին գետակի հովիտը։ Բ. հս-արմ-ից սահմանակցում էր Ռշտունիքին, իսկ հվ-արմ-ից՝ Անձևացյաց գավառին։ Հիշատակվում է VII դ., «Աշխարհացոյց»-ում։

ԲՈՒԺՔՈՒՅՐ միջին բժշկական կրթությամբ անձ։ Բուժկանխարգելիչ և նախադպրոցական (մսուր, մանկապարտեզ) հիմնարկներում բժշկի օգնական։

ԲՈՒԼ Boole Ջորջ 2.11.1815 Լինկոլն 8.12.1864 Կորկ), անգլիացի մաթեմատիկոս ու տրամաբան, մաթեմատիկական տրամաբանության հիմնադիրը։ Հանրահաշվի և տրամաբանության անալոգիայի հիման վրա Բ. տրամաբանությունը դիտում էր որպես հանրահաշիվ, որը պարունակում է միայն 0 ու 1 թվերը և թվաբանության բոլոր չորս գործողությունները։ Բ. տրամաբանության հիմնական պրոբլեմը համարում է անհայտ տերմինի նկատմամբ տրամաբանական հավասարումների լուծումը և տրված տրամաբանական հավասարումներից որոշ տերմինների արտաքսումը։ Այս հիմքի վրա զուգահեռ է անցկացվում նաև հանրահաշվի և դասերի տրամաբանության միջև։ Բ-ի գաղափարները հետագայում հիմք հանդիսացան նոր տրամաբանական հաշիվների, մաթեմատիկական տրամաբանության տեխնիկական կիրառության, մասնավորապես՝ ռելեկոնտակտային սխեմաների տեսության ստեղծման համար։ Հիմնական աշխատություններն են «Տրամաբանության մաթեմատիկական վերլուծություն»-ը (1847) և «Մտածողության օրենքների հետազոտություն»-ը (1854), երկուսն էլ անգլերեն։ Ս Ավետիսյան

ԲՈՒԼԱՆԸԽ տես Հարք։

ԲՈՒԼԱՆԸԽԻ ԼԵՌՆԱՇՂԹԱ գտնվում է Հայկական բարձրավանդակում, Բուլանըխի դաշտի և Մշո գոգավորության միջև։ Բարձրությունը 2000-2500 մ է, երկարությունը՝ 60 կմ, արևմուտքում շարունակվում է Շերաֆեդդին դաղ անունով։ Բ. լ. կազմված է պալեոգենի մերգելա-կրաքարային ապարներից, որոնք առաջացնում են հորստ-անտիկլինալային բարձրացում՝ ծածկված պլիոցենի անդեզիտային լավային ծածկույթով, լանջերը խզումնային աստիճանաձև սարավանդներ են։ Կլիման չափավոր ցամաքային է, կարճատև գով ամառներով և ցուրտ ձմեռներով, տարեկան տեղումները՝ 500-800 մմ։ Բուսածածկույթը նախալեռներում տափաստանային է, մերձգագաթնային սարավանդներում ալպյան մարգագետիններ ու գորգեր են։ Ս Բալյան

ԲՈՒԼԱՆԺԵՐԻՏ (ֆրանս. միներալոգ Բուլանժեի, Boulanger անունով), միներալ, բարդ սուլֆիդ. Pb5Sb4S11: Բյուրեղագիտական համակարգը մոնոկլինային է։ Առաջացնում է ասեղնաձև բյուրեղիկներ կամ թելավոր ագրեգատներ։ Գույնը՝ արծաթամոխրագույնից մինչև կապարամոխրագույն։ Կարծրությունը՝ 2,5-3,0, խտությունը՝ 6230 կգ մ3: Հանդիպում է Անդրբայկալի, Ուզբեկստանի, Ուկրաինայի, Չեխոսլովակիայի, ԳԴՀ-ի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի բազմամետաղային հանքավայրերում, ՀՍՍՀ-ում՝ Ազատեկի հանքավայրում։ Մեծ կուտակումների դեպքում հանդիսանում է կապարի հանքանյութ։ Գ Փիջյան

ԲՈՒԼԱՎԱՅՈ Bulawayo քաղաք Հարավային Ռոդեզիայում, Բուլավայո նահանգի վարչական կենտրոնը։ 245,6 հզ. բն. (1969): Երկաթուղային հանգույց է։ Ունի միջազգ. օդանավակայան։

ԲՈՒԼԱՎԻՆ Կոնդրատի Աֆանասևիչ մոտ 16607.7.1708 հակաֆեոդալական գյուղացիական-կազակային ապստամբության առաջնորդ Ռուսաստանում։ Դոնի կազակ, ստանիցային ատամանի որդի։ Մասնակցել է Ղրիմի թաթարների դեմ արշավանքներին, ընտրվել երթային, այնուհետև՝ Բախմուտյան աղահանքերի ատաման։ 1705-ին հրդեհել է աղագործանոցները։ 1707-ին Դոնում ապստամբություն է բարձրացրել (տես Բուլավինի ապստամբություն 1707-09): Պաշտոնական տեղեկությունների համաձայն Բ. ինքնասպան է եղել, իրականում նրան սպանել են Չերկասկի ավագները։