Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/631

Այս էջը սրբագրված է

Գ, հայերեն այբուբենի երրորդ տառը։ Անունն է գիմ։ Ստեղծել է Մեսրոպ Մաշտոցը տառակերտման սեփական սկզբունքով, Դ տառի հենքի վրա։ Ի տարբերություն նախորդող Բ տառի, Գ–ի կարճ տարրը գտնվում է երկարի ձախ կողմում, երեք ուղղաձիգ տարրերը իջնում են վերից վար, իսկ լայնը մնում է աջ կողմում։ Հորիզոնական նուրբերը երկարին են միացնում կարճը՝ վերին և ստորին ծայրերից, իսկ լայնը միջին մասին՝ վերին ծայրից՝ Գ։Ո;ւնի աղյուսակ կամ գրչագիր, գլխագիր կամ երկաթագիր, բոլորգիր կամ բոլորակ գիր և շղագիր տառատեսակներ։ Աղյուսակ կամ գրչագիր Գ գտնվում է երկու տողագծերի միշև։ Երկար ուղղաձիգին զուգահեռ կարճ և լայն տարրերը նրան են միանում ուղիղ նուրբերով՝ Գ։ Դյուրագիծ է, գրվում է և՛ տողին ուղղահայաց, և՛ դեպի աջ թեքված, խոշոր, միջին և մանր չափերով։ Օգտագործվել է մինչև XIII դ․։ Հետագայում վերածվել է բոլորգիր գլխագրի և օգտագործվել երկաթագիր գլխագրի հետ միասին։ Գրչագիրը օգտագործվում է նաև այսօր՝ վերնագրերում։

 Գլխագիր կամ երկաթագիր Գ ստեղծվել է գրչագրի հենքից։ Երկար և կարճ տարրերը իրար են միանում կոր նուրբերով՝ Գ։ Որպես գլխագիր գրվելիս հաճախ երկարը իջնում է տողագծից ներքև և ավարտվում սուր ծայրով։ Երբեմն լայնը հեռանում է երկարից ձգվող նուրբի ուղղությամբ՝ Գ։ Գործածվել է նաև որպես գրչության (V–VIII դդ․) և վիմագրության (V դ․ մինչև այսօր) գիր։
 Բոլորգիր կամ բոլորակ գիր Գ ստեղծվել է որպես առօրյա գրության գիր։ Կազմված է երեք հորիզոնական և երեք ուղղաձիգ նուրբերից։ Կարճը և երկարի վերին մասը կոր նուրբերով միանալիս կազմվում է բոլորակը, որը

նստում է տողագծի վրա, իսկ երկարի մնացած մասը և լայնը իջնում են տողագծից ներքև։ Լայնը հետագայում չի գրվում արագագրության հետևանքով՝ q։ XIII դ․ դարձել է գրության հիմնական գիր, իսկ XVI դ․՝ տպագրության գիր։ Շղագիր Գ նույն բոլորգիրն է առանց հաստ ու բարակ գծերի։ Սկսել է գործածվել VII դ․, մասսայականացել՝ XVI դ․։ Շղագիր Գ–ից, արագագրության հետևանքով, առաջացել է նոտրգիր Գ ,որը օգտագործվում է մինչև այսօր։

 Գ նշանագրում է հայերենի գ բաղաձայնը, որը ետնալեզվային հնչյուն է և առաջանում է լեզվի ստորին մասի ու քիմքի արգելքի հաղթահարումից։ Արևելահայ գրական լեզվում Գ բառամիշում և բառավերջում երբեմն խլանալով հնչում է ք (մարգարիտ >մարքարիտ, կարգ>կարք), արևմտահայ գրական լեզվում ամենուրեք խլանում է (գիշեր>քիշեր, հարգել>հարքել, երգ>երք)։ Բարբառներում հանդես է գալիս բազմապիսի փոփոխություններով։
 Գ, որպես այբուբենի երրորդ տառ, նշանակել է երեք և երրորդ, բյուրի նշանով (Գ)՝ 30000։ Արաբական թվանշանների ընդունումից հետո էլ օգտագործվել է թվային կարգի արժեքներով։ Այժմ օգտագործվում է միայն թվային կարգի արժեքով (Գ դասարան = երրորդ դասարան,

մասն Գ = մասն երրորդ և այլն)։

Ա․ Մաթևոսյան

ԳԱԲԱՄԱՃՏԱՆ Սիմոն (1863, Կ․ Պոլիս– 29․3․1942, Փարիզ), հայ բառարանագիր, գրող, բանասեր։ Կրթությունն ստացել է ծննդավայրում։ Գրել է չափածո, արձակ, դրամատիկական երկեր, կենսագրական ուսումնասիրություններ։ Կազմել է ընթերցանության («Հավաքածո ընտիր գրվածոց ազգային և օտար մատենագրաց», մաս 1–2, 1888–90) և քերականության («Նոր քերականություն հայերեն գրաբար լեզվի», 1897) դասագրքեր։ 1910-ին հրատարակած «Նոր բառգիրք հայերեն լեզվի» պատկերազարդ բառարանն արժանացել է Իզմիրյան մրցանակի։ Դա հեղինակի 1892-ին լույս ընծայած բառարանի վերամշակված ու լրացված հրատարակությունն Է։ Գ․ 1919–40-ին պարբերաբար լույս է ընծայել «Գրպանի տարեցույց»-ներ՝ տոմարական և բանասիրական նյութերով։

ԳԱԲԱՇՎԻԼԻ Գեորգի (Գ ի գ ո) Իվանեի [9(21)․12․1862, Թիֆլիս – 28․10․1936, Ցիխիսձիրի], վրացի նկարիչ։ Վրաց․ ՍՍՀ ժողովրդական նկարիչ (1929)։ Սովորել է Պետերբուրգի (1886-88) և Մյունխենի (1894–97) Գեղարվեստի ակադեմիաներում։ Մասնակցել է Թբիլիսիի Գեղարվեստների ակադեմիայի հիմնադրմանը, եղել նրա պրոֆեսորը (1922–30)։ Ստեղծել է քաղաքի և գյուղի մարդկանց վառ տիպեր ու կոմպոզիցիաներ («Քնած խեսուրը», 1898, «Հարբած խևսուրը», 1899, «Դիվան–Բեկի ջրավազանը Բուխարայում», 1897,