Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/67

Այս էջը սրբագրված է

Արխեոպտերիքս (վերականգնված տեսքը)
Հայտնաբերվել է ընդամենը երեք կմախք, որոնցից մեկը սխալմամբ նկարագրվել է որպես արխեորնիս (Archaeornissiemerisi)։
Լ․ Ավագյան

ԱՐԽԵՈՑԻԱՏՆԵՐ (Archaeocyathi) (<հուն–άρχαίος - հնագույն և χύαθος - գավաթ), բրածո անողնաշարավոր ծովային կենդանիներ, ապրել են քեմբրի դարաշրջանում։ Ծակոտկեն, երկպատանի կրային կմախքով, կոնաձև կամ գավաթաձև կաոուցվածքի, փոքր չափերի՝ երկարությունը՝ 5-10 սմ (որոշ ձևերի մոտ՝ մինչև 1 մ), տրամագիծը՝ 1,5-3 սմ (հազվադեպ՝ մինչև 50 սմ)։
Վերականգնված գավաթաձև արխեոցիատ
Ապրել են առանձին, երբեմն՝ գաղութներով, մինչև 100 մ խորության վրա, հատակին կպած։ Ըստ կմախքի կառուցվածքի և սնման եղանակի, նման են սպունգներին ու առանձնացվում են որպես վերջիններիս ենթատիպ։ Ա–ի հսկայական կուտակումներն առաջացրել են հնագույն (վաղ քեմբրիի) խութերը։ Հայտնի է Ա–ի ավելի քան 1000 տեսակ՝ գտնված երկրագնդի բոլոր մասերում։ Ա․ ստորինքեմբրիի նստվածքների ղեկավարող բրածոներ են։
Լ․ Ավագյան


ԱՐԽԻՊՈ–ՕՍԻՊՈՎԿԱ, հայաբնակ քաղաքատիպ ավան ՌՍՖՍՀ Կրասնոդարի երկրամասում, Գելենջիկից 60 կմ հարավ–արևելք։ Ենթարկվում է Գելենջիկի քաղսովետին։ Սովետական տնտեսությունն զբաղվում է պտղաբուծությամբ և բանջարեղենի մշակությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, մսուր, 3 մանկապարտեզ, գրադարան, հիվանդանոց, պոլիկլինիկա, 5 կինոթատրոն, կապի բաժանմունք, կենցաղսպասարկման օբյեկտներ։ Ա–ում գործում են առողջատուն, զբոսաշրջիկների հանգրվան, պիոներական ճամբար, մրգահյութի և պահածոների գործարան։ Ավանը հիմնադրվել է 1864-ին։ Հայերը եկել են Սամսունից, 1867-ին։


ԱՐԽԻՎՆԵՐ (< լատ․ archivum - ատյան, պաշտոնատուն), ինքնուրույն հիմնարկություններ կամ բաժիններ հիմնարկություններում, ձեռնարկություններում, կազմակերպություններում, ուր պահվում են վավերագրեր, ինչպես նաև առանձին հիմնարկությունների ու անհատների գործունեության վերաբերյալ ժամանակի ընթացքում ստեղծված փաստաթղթերի հավաքածուներ։ Որպես աղբյուրների հավաքածու Ա․ ծառայում են գիտահետազոտական նպատակների, օգտագործվում տնտեսության և պետ․ կառավարման գործնական կարիքների համար։ Ա–ի հետքեր հայտնաբերվել են հին աշխարհի բոլոր պետություններում։ Եգիպտոսում և Փոքր Ասիայում հայտնաբերվել են օրենքներ, դատավարություններ, դիվանագիտական տեքստեր պարունակող մեծ Ա․՝ գրված կավե աղյուսների, փայտի, մետաղի, պապիրուսի, հետագայում՝ մագաղաթի վրա։ Հին Հունաստանում Ա–ի հետքեր գտնվել են Կրետե կղզում (տես Էգեյան մշակույթ)։ Մեծ համբավ ուներ հին Աթենքի Ա․։ Անտիկ աշխարհում և միջնադարում վավերագրերը պահվում էին հոգևոր հաստատություններում, պետ․ գրասենյակներում (դիվաններում)։ ՍՍՀՄ–ում հնագույն գրավոր հուշարձաններ (սեպագիր արձանագրություններ) հայտնաբերվել են Հայաստանում (Արին–բերդ, Կարմիր–բլուր, մ․թ․ ա․ VIII-VI դդ․)։ Մովսես Խորենացու վկայությամբ՝ Ա․ եղել են նաև վաղ ֆեոդալիզմի ժամանակաշրջանի հայկ․ թագավորություններում։ Կարևորագույն փաստաթղթերի արխիվային հավաքածուներ են եղել Կիլիկիայի Հայկական թագավորությունում։ Միջնադարյան Հայաստանի շատ վանքեր պահպանում էին երկրի քաղ․, տնտ․ կյանքին վերաբերող բազմաթիվ պատմական փաստաթղթեր։ Հայտնի է, օրինակ, որ Տաթևի վանքի արխիվից մեծ չափով օգտվել է XIII դ․ պատմիչ Ստեփանոս Օրբելյանը «Պատմութիւն նահանգին Սիսական» աշխատությունը շարադրելիս։ էջմիածնի արխիվը մեծ նյութ է տվել Սիմեոն Երևանցու «Զամբռ» պատմական աշխատությունը շարադրելու համար։ Սանահնի վանքի արխիվում պահպանվել են արժեքավոր նյութեր, որոնք ամփոփված են «Քյոթուկ»-ի մեջ։
Ռուսաստանում արխիվային գործի կենտրոնացումը կապված է Պետրոս Առաջինի անվան հետ (1720)։ Արխիվային գործը նոր բովանդակություն ստացավ Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունից հետո։ 1918-ի հունիսի 1-ին Վ․ Ի․ Լենինի ստորագրությամբ հրապարակված «Արխիվային գործի վերակառուցման ու կենտրոնացման մասին» դեկրետի հիման վրա ՌՍՖՍՀ–ում ստեղծվեց պետ․ միասնական արխիվային ֆոնդ։ Արխիվային գործը մեր երկրում ղեկավարում է ՍՍՀՄ Մինիստրների սովետի Գլխավոր արխիվային վարչությունը։ 1962-ից ՍՍՀՄ–ում գործում են համամիութենական նշանակություն ունեցող 13 պետ․ կենտրոնական Ա․, որոնցից խոշորներն են․ Հոկտեմբերյան հեղափոխության, ՍՍՀՄ պետական իշխանության ու կառավարման բարձրագույն մարմինների պետական կենտրոնական Ա․ (ЦГАОР СССР), ՍՍՀՄ ժողովրդական տնտեսության պետական կենտրոնական Ա․ (ЦГАНХ СССР), Սովետական բանակի պետական կենտրոնական Ա․ (ЦГАСА), ՍՍՀՄ ռազմածովային նավատորմի պետական կենտրոնական Ա․(ЦГАВМФ СССР), ՍՍՀՄ գրականության և արվեստի պետական կենտրոնական Ա․ (ЦГАЛИ СССР), Հնագույն ակտերի պետական կենտրոնական Ա․ (ЦГАДА), ՍՍՀՄ պատմության պետական Ա․(ЦГИА СССР), ՍՍՀՄ ռազմապատմական կենտրոնական Ա․ (ЦГВИАСССР), ՍՍՀՄ կինո–ֆոտո–ֆոնո փաստաթղթերի պետական կենտրոնական Ա․(ЦГАКФД СССР), Կենտրոնական կուսակցական Ա․ (ЦПА), Արտաքին գործերի մինիստրության Ա․ ևն։ Գլխավոր արխիվային վարչությունը կապ է պահպանում մոտ 60 երկրների Ա–ի հետ։ Պետական կենտրոնական Ա․ դասվում են գիտահետազոտական հաստատությունների շարքը։ Մոսկվայի պատմա–արխիվային ինստ–ը պատրաստում է արխիվային գործի մասնագետ պատմաբաններ։
ՀՍՍՀ–ում արխիվային գործը հիմնադրվել է 1922-ին, երբ կառավարության հատուկ շրջաբերականով արգելվեց արխիվային նյութերի ապօրինի ոչնչացումը։ 1923-ի սեպտ․ 26-ին Հայաստանի Կենտգործկոմի նախագահությունը որոշում ընդունեց ՀՍՍՀ պետական կենտրոնական արխիվ հիմնելու մասին։ ՀՍՍՀ–ում գործում են երեք պետական կենտրոնական Ա․։ Պետական կենտրոնական պատմական արխիվում հավաքված են ցարական ինքնակալության տեղական մարմինների, տնտ․, կուլտ–լուս․, հասարակական, բարեգործական հիմնարկությունների ու կազմակերպությունների (1649-1920), բուրժ․ ժամանակավոր կառավարության տեղական մարմինների և դաշնակցականների տիրապետության շրջանի (1917-20) հիմնարկների ֆոնդերը։ Հոկտեմբերյան հեղափոխության և սոցիալիստական շինարարության պետական կենտրոնական արխիվում (ունի մասնաճյուղեր Լենինականում, Կիրովականում, Ղափանում, էջմիածնում) պահպանվում են Սովետական Հայաստանի իշխանության ու կառավարման բարձրագույն մարմինների, խոշոր գերատեսչությունների, տնտ․ հաստատությունների ու ձեռնարկությունների գիտա–պատմական և գործնական արխիվային նյութերը։ ՀՍՍՀ կինո–ֆոտո–ֆոնո փաստաթղթերի պետական կենտրոնական արխիվում հիմնականում հավաքված են հայ ժողովրդի նախահեղափոխական և սովետական շրջանների պատմությունն արտացոլող ֆոտո և կինո փաստաթղթեր։ 1973-ի հունվարից ՀՍՍՀ–ում գործում է Հայկական պարբերական մամուլի պետական կենտրոնական արխիվը։ Հին ձեռագրերի հավաքածուները կենտրոնացված են Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ․ Մատենադարանում։ Երևանում գործում է ՍՄԿԿ Կենտկոմին առընթեր մարքսիզմ–լենինիզմի ինստ–ի հայկական մասնաճյուղի կուսակցական արխիվը։ Հանրապետության քաղաքներում և շրջանային կենտրոններում կան պետական շրջանային (քաղաքային) Ա․, իսկ հիմնարկ–ձեռնարկություններում և կազմակերպություններում՝ գե–