միներալներում պարունակվող -ի և -ի քանակների հարաբերությամբ որոշում են նրանց տարիքը։
ԱՐԳՈՆԱՎՈՐԴՆԵՐ (Αργο-ναύτης), հելլեն առասպելական հերոսներ։ Ա–ի առասպելը ձևավորվել է մինչհոմերոսյան դարաշրջանում։ Մեզ հասել են այդ առասպելի մ․ թ․ ա․ V և ավելի ուշ դարերի պատումները։ Ըստ առասպելի, շուրջ 50 հերոսներ (Հերակլես, Որփեոս, Արմենոս, Պոլիդևքես, Կաստոր, Տելամոն, Թեսևս, Արգոս և ուրիշներ) Թեսալիայի Յոլկոս քաղաքի արքայազն Յասոնի առաջնորդությամբ «Արգո» նավով (որտեղից էլ՝ Ա․ անվանումը) ուղևորվում են Կողքիս (Կոլխիդա)՝ հափշտակելու կախարդական ոչխարի ոսկե գեղմը։ Բազմաթիվ սխրագործություններից հետո Յասոնը, Կողքիսի արքայադուստր Մեդեայի օգնությամբ, սանձում է հրաշունչ ցուլերին, հաղթում վիշապածին հսկաներին, ոսկե գեղմը հսկող մշտարթուն վիշապին, Ա–ին հետապնդող Ապսիրդեսին (Մեդեայի եղբայրը) և ոսկե գեղմը տանում Հելլադա։ Ա–ի առասպելում արտացոլված են վաղ շրջանում հին հույների նավարկումները դեպի Պոնտական (Սև) ծովի ափերը։
ԱՐԳՈՒՄԵՆՏ (լատ․ argumentum), 1․ դատողություն (կամ փոխառնչվող դատողությունների համախումբ), որ արվում է մեկ այլ դատողության (կամ դատողությունների համակարգի, տեսակետների, տեսությունների են) իսկությունը հաստատելու համար։ 2․ Տրամաբանության մեջ՝ ապացույցի նախադրույթ (կոչվում է նաև հիմնավորում կամ ապացույցի փաստարկ), երբեմն նաև ապացույցն ամբողջությամբ։ 3․ Մաթեմատիկայումում ֆունկցիայի Ա․՝ փոփոխական (անկախ փոփոխական), որի արժեքներից են կախված ֆունկցիայի արժեքները։ 4․ Կոմպլեքս թվի Ա․ (նաև ամպլիտուդ)՝ կոորդինատական հարթության վրա տվյալ թվին համապատասխանող կետի շառավիղ վեկտորի և առանցքի կազմած անկյունն է։
ԱՐԳՈՒՆ, գետ ՍՍՀՄ–ում և ՉԺՀ–ում։ Միանալով Շիլկային՝ առաջացնում է Ամուր գետը։ Երկարությունը 1620 կմ է, ավազանը՝ 164 հզ․ կմ²։ Սկիզբ է առնում Մեծ Խինգանի (ՉԺՀ) արմ․ լանջերից, վերին հոսանքում կոչվում է Հայլար։ Տեղումնաշատ տարիներին միանում է Դալայնոր լճի ավազանին։ Սնումը հիմնականում անձրևային է։ Սառցակալումը՝ նոյեմբերից մայիս։ Գլխավոր վտակներից են Գենհեն, Նյուերհեն, Գազիմուրը։ Նավարկությունն անկանոն է։
ԱՐԳՈՒՏԻՆՍԿԱՅԱ (Արղության) Լյուսյա Ալեքսանդրովնա [3(15)․7․ 1897, Թիֆլիս – 21․8․1958, Մոսկվա], ռուս սովետական գրող, ծագումով հայ։ Սովետական առաջին կին զինթղթակիցը։ ՍՄԿԿ անդամ 1918-ից։ Ավարտել է Թիֆլիսի ռուսական գիմնազիան, ապա՝ Մոսկվայի պետական համալսարանի բժշկական ֆակուլտետը։ Մասնակցել է առաջին համաշխարհային պատերազմին, քաղաքացիական կռիվներին, ծառայել է 11-րդ բանակում որպես բուժքույր, գնդացրորդ, հետախույզ և զինվորական կոմիսար։ Մասնակցել է սովետա–ֆիննական (1939–40) և Հայրենական մեծ (1941–45) պատերազմներին։ Առաջին գործերից են «Ջրապտույտում» (1928) վիպակը և «Մեծ գրքի էջը» (1930) վեպը։ «Հրե ճամփա» (1932) և «Տատյանա Սոլոմախա» (1937) գրքերում պատկերել է 11-րդ բանակի մարտական ուղին։ «Մեծ սրտի մարդիկ» (1942), «Ցասման բոց» (1943), «Արյունոտ հոդը» (1943) երկերում նկարագրել է Հայրենական մեծ պատերազմի հերոսամարտերը։
ԱՐԴԱՀԱՆ, Արտահան, քաղաք Մեծ Հայքի Գուգարք նահանգի Արդահան գավառում, Կուր գետի աջ ափին։ IX դ․ մտել է Արտանուջի Բագրատունյաց իշխանության մեջ։ IX–XI դդ․ Ա․ առևտրական հանգույց էր արաբ, խալիֆայության մեջ մտնող երկրներից դեպի Մերձսևծովյան երկրամասերը ձգվող առևտրաուղու վրա։ Արաբ պատմիչ Յահյա Անտիոքացու (XI դ․) վկայությամբ, բյուզանդական զորքերը 1021-ին ավերել են Ա–ի գավառը, կոտորել բնակչությանը։ 1230-ական թթ․ քաղաքը գրավել են թաթար–մոնղոլները։ 1266-ից Ա․ մտել է Սամցխե– Սաաթաբագո վրաց․ իշխանության մեջ։ 1555-ից, երբ Սամցխե– Սաաթաբագոն նվաճվեց օսմանյան Թուրքիայի կողմից, Ա․ մտավ Չըլդըրի (Ախալցխայի) փաշայության Արդահան սանջակի մեջ։ Թուրք ուղեգիր էվլիյա Չելեբին (1611–79) անձամբ եղել է Ա–ում (1640-ական թթ․) և գրել, որ Ա–ի «բերդն անառիկ մի ժայռի վրա է․ ունի քառակուսի ձև և ամրակուռ է․․․ Այս բերդը ցուրտ կլիմա ունի և այդ պատճառով այգիներ ու պարտեզներ չկան։ Պտուղները ստացվում են Աջարա բերդից և Թորթումից» (Էվլիյա Չելեբի, 1967, էջ 113)։ Այնուհետև նշում է, որ Ա–ի բնակիչները կրոնասեր և պանդխտասեր մարդիկ են, զբաղվում են հիմնականում երկրագործությամբ, մի մասն էլ վաճառականներ են։
1828–29-ի ռուս–թուրք․ պատերազմից առաջ Ա․ ուներ մոտ 400 տուն բնակիչ, մեծ մասը՝ հայեր։ Նրանց զգալի մասը գաղթեց Ռուսաստան։ 1877–78-ի ռուս–թուրք․ պատերազմից հետո Ա․ Կարսի մարզի հետ անցավ Ռուսաստանին։ 1897-ի մարդահամարի տվյալներով Ա–ում ապրում էր 815 բն․ (136 տուն), մեծամասնությունը՝ հայեր, մնացածը՝ թուրքեր, ռուսներ, հույներ և հրեաներ։ XX դ․ սկզբին Ա–ում կար հինգ գործարան և ֆաբրիկա (աղյուսագործական, կաշեգործական են), 145 արհեստանոց, որոնցից 30-ը միավորված էր համքարային կազմակերպությունների մեջ։ Ա–ի հայ բնակչությունը զբաղվում էր հիմնականում արհեստներով, առևտրով և գյուղատնտեսությամբ։ Ա․ վաճառահանում էր ցորեն, մրգեր, ոչխարի ապխտած միս, փայտանյութ։ Ա–ի կաթոլիկ հայերն ունեին 2 եկեղեցի (Ս․ Աստվածածին և Ս․ Գրիգոր) և 2 ուսումնարան։ Ա․ Ռուսաստանին անցնելուց հետո բարգավաճեց։ Անցկացվեցին նոր ճանապարհներ, քաղաքը կապվեց հարևան շրջանների հետ։ Մինչև 1904-ը կառուցվեցին Ա․–Ախալքալաք, Ա․–Օլթի և Կարս–Ա․ ճանապարհները, որոնք ունեին նաև ռազմավարական նշանակություն։ Բացվեցին Ա–ից դեպի Յազգուլիմյան լեռնանցքը տանող և Ա․–Ախալցխա ճանապարհները։
1918-ի մարտի 3-ին Ա․ շրջապատեցին թուրք, զորքերը։ Քաղաքը պաշտպանում էին փոքրաթիվ հայ կամավորներ։ Թուրք, զորքին հաջողվեց կտրել Կարսի և Օլթիի հետ Ա–ի պաշտպանների հաղորդակցությունը։ Մարտի 6-ին Ա–ում իշխանությունն անցավ քաղաքի մահմեդականներին։ 1918-ի վերջերից Ա․ ենթարկվեց անգլ․ օկուպացիոն զորքերի իշխանությանը,ապա վերամիացվեց Հայաստանին։ 1920-ի մայիսին Ա–ում եղան բնակչության հեղափոխական զանգվածային ելույթներ, որոնք սակայն չհանգեցին ապստամբության։ 1920-ի նոյեմբերին Ա․ գրավեցին քեմալականները, և քաղաքի հայ բնակչությունն ստիպված եղավ գաղթել Արևելյան Հայաստան ու Վրաստան։ Այժմ Ա․ փոքրիկ քաղաք է, 1960-ի տվյալներով ուներ 7228 բն․ (թուրքեր ու քրդեր)։ Կա կաշվի, կոշիկի, բրդյա գործվածքների և գյուղատնտ․ գործիքների արհեստագործական արտադրություն։
Գրկ․ Էվլիյա Չելեբի, Ե․, 1967 (Օտար աղբյուրները Հայաստանի և հայերի մասին,4․ Թուրքական աղբյուրներ, 3)։ Կյուրեղյան Լ․, Կարս և Արտահան, Վնտ․, 1949։ Երեմյան Ս․, Հայաստանը ըստ «Աշխարհացոյց»-ի, Ե․, 1963։
ԱՐԴԱՀԱՆ, ըստ VII դարի «Աշխարհացոյց»-ի, գավառ Մեծ Հայքի Գուգարք նահանգում։ Տարածվում էր Կուր գետի վերին ավազանում։ Գավառում հիշվում են Արդահանը, Քաջաց քաղաքը, Գյուղաբերդ ամրոցը:
ԱՐԴԱՀԱՆԻ ԳՈԳՀՈՎԻՏ, գտնվում է Հայկական բարձրավանդակում, Կուրի վերին հոսանքի ավազանում։ Միջին բարձրությունը՝ 2000–2500 մ։ Ա․ գ․ խզումնաճկվածքային իջվածք է՝ լցված երրորդականի լավաներով և նստվածքներով։ Գոգհովիտը եզրավորված է լավային դարավանդներով, որոնցից մեկի վրա գտնվում է Արդահան քաղաքը։ Հատակը՝ բուն Արդահանի դաշտը, ճահճապատ հարթավայր է (մոտ 150 կմ²), այստեղով հոսում է Կուր գետը։ Ունի ցուրտ լեռնային կլիմա, տարեկան տեղումները՝ 500–600 մմ։ Ձնածածկույթի տևողությունը՝ 100–150 օր։ Հիմնականում տարածված են տափաստանային աղազերծված և մարգա–գետնա–ճահճային հողերը։ Լանդշաֆտը մարգագետնա–տափաստանային է, Կուրի ողողատներում կան բոշխային ճահիճներ և ճահճացած մարգագետիններ, լեռնալանջերում՝ մերձալպյան մարգագետիններ։ Բնակչությունն զբաղվում է երկրագործությամբ և անասնապահությամբ։