Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/70

Այս էջը սրբագրված է

մամբ։ Արտադրական Ա․ ն․ սովորաբար պարունակում է պղինձ։ Օգտագործվում է արծաթի մյուս միացությունների, լուսանկարչական նյութերի, հայելիների պատրաստման և արծաթապատման համար, նաև քիմիական անալիզում (տես Արծաթաչափություն) և բժշկության մեջ որպես հականեխիչ և դաբաղող նյութ («լյապիս»)։

ԱՐԾԱԹԻ ՔԼՈՐԻԴ, AgCl, արծաթի և քլորի քիմիական միացությունը։ Աղաթթվի աղն է։ Բնության մեջ հանդիպում է կերակրգիրիտ միներալի ձևով։ Սպիտակ բյուրեղներ են, հալման ջերմաստիճանը 457,5°C է, եռմանը՝ 1431°C, խտությունը՝ 5560 կգ/մ3։ Մետաղների նման պլաստիկ է և կարող է գլանվել։ Ջրում գործնականորեն չի լուծվում։ Լուծվում է խիտ աղաթթվում, թիոսուլֆատների և քիչ՝ կերակրի աղի լուծույթներում։ Ամոնիակի հետ առաջացնում է կոմպլեքսային միացություններ, օրինակ՝ [Ag(NH3)3]Cl։ Ա․ ք․ լույսի ազդեցությունից քայքայվում է։ Սովորաբար ստացվում է աղաթթվի կամ նատրիումի քլորիդի և արծաթի նիտրատի լուծույթների փոխազդմամբ։ Որպես լուսազգայուն նյութ օգտագործվում է չուսանկարչական թաղանթներ, ռադարների էկրաններ և ինֆրակարմիր ոսպնյակներ պատրաստելու համար։


ԱՐԾԱԹՊԱՆՅԱՆ (Արծաթբանյան) Հմայակ Աբրահամի [5(17)․6․1876, Նոր Նախիջևան - 1919, Նոր Նախիջևան]․ հայ նկարիչ։ 1884-91-ին սովորել է ծննդավայրի խաչվերաց վանքի հոգևոր ուսումնարանում, 1894-1900-ին՝ Մոսկվայի Գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանում՝ աշակերտելով Վ․ Ա․Սերովին։ 1900-ից նկարչություն է դասավանդել Նոր Նախիջևանի և Դոնի Ռոստովի ուսումնարաններում։ Դեռևս վաղ գործերում հանդես է եկել որպես դեմոկրատական գաղափարներով տոգորված ռեալիստ նկարիչ՝ մեծ տեղ հատկացնելով իր հայրենակիցների կյանքին և կենցաղին։ Վաղ շրջանի գործերից են «Աղջիկը հարս» (1893), «Աղջիկը դաշնամուրի մոտ» (1899), «Հիվանդ երեխայի մոտ» (1900), «Ինքնադիմանկար» (1900-ական թթ․)։ 1911 -1912-ին Ա․ եղել է Անիում, էջմիածնում, Երևանում, նկարել բնանկարներ։ 1910-1919-ը Ա–ի ստեղծագործության բեղմնավոր տարիներն են․ թեմաները բազմազան են դառնում, հարստանում են գեղարվեստական միջոցները։

Հ․Ա․Արծաթպանյան․ «Ինքնանկար» (1919, Հայաստանի պետական պատկերասրահ)

Ազգային կենցաղին հարազատ է «Օրորոցի մոտ» (1911) նկարը։ Մեծ եղեռնից մի դրվագ է «Հրդեհ հայկական գյուղում» (1915) գործը։ Ա․ դիմանկարչի ինքնատիպությունն են վկայում «Դաշնակահար Երկանջյանը» (1916), «Ա․ Շահինյանը» (1916), «Նկարչի աղջիկը վարդկակաչներով» (1917), «Լոժկինան» («Հովհարով կինը», 1918)։ Նրա գեղանկարչությանը բնորոշ է լուսավոր, թափանցիկ, գունեղ արտացոլումներով հարուստ կոլորիտը։ Ա–ի վերջին տարիների հոգևոր կյանքի նկարագրի խտացումն են «Ջանգյուլում» (1918), «Կոտորածը» (1918), «Թուրքերի գազանությունները» (1919), «Աղքատները եկեղեցու մոտ» (1919), «Դեպի լավագույն աշխարհը» (1919), «Նկարչի ինքնադիմանկարը» (1919) կտավները։ Գործերը պահպանվում են՝ Հայաստանի պետական պատկերասրահում։
Ե․ Մարտիկյան

Հ․ Ա. Արծաթպանյան․ ձախից՝ «Հիվանդ երեխայի մոտ» (1900), «Դեպի լավագույն աշխարհը» (1919), երկուսն էլ՝ Հայաստանի պետական պատկերասրահում


ԱՐԾԱԿ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Այրարատի Բագրևանդ գավառում՝ Ալաշկերտի դաշտում։ Այն առաջին անգամ հիշատակել է Ղազար Փարպեցին, ըստ որի, Վարդան Մամիկոնյանի հավատարիմ նախարարներն այստեղ բռնելով Զանդաղան մատնիչին՝ նրան քարկոծելով սպանել են մոտակա Բերդակունք գյուղում։ Հետագա դարերում այլևս չի հիշատակվում։ Ենթադրում են, որ Վանա լճի հս․ ափին գտնվող Արծկե քաղաքի անունը առաջացել է Ա–ի անունից։
Թ․ Հակոբյան


ԱՐԾԱՇՔՈՒ (ընթերցվել է նաև Արզաշկու), քաղաք Ուրարտու երկրում։ Առաջին անգամ հիշատակվում է Ասորեստանի թագավոր Սալմանասար III-ի արձանագրություններում՝ որպես Արամե ուրարտացու «արքայական քաղաք»։ Գահակալման 3-րդ տարում (մ․ թ․ ա․ 857 կամ 856) Սալմանասար III արշավել է Ալզի (Աղձնիք) և Էնզիտե (Հանձիտ) «երկրները», անցնելով Արծանիա (Արածանի) գետը՝ մտել է Սուխմի և Դայաենի (Տայք) «երկրները», շարժվել է Ուրարտու և պաշարել Ա․։ Արամե թագավորը խուսափել է ճակատամարտից և հեռացել Ադդուրի լեռները։ Սալմանասար III-ի զորքերը գրավել են Ա․, բնակչությանը ոչնչացրել, կողոպտել և հրի մատնել քաղաքը։ Ա–ի գրավման տեսարանը Սալմանասար III քանդակել է Բալավաթյան դարպասներին։ Ա–ի տեղադրության հարցում ուսումնասիրողները տարակարծիք են։ Ա․ Աեյսը և Գ․ Մասպերոն տեղադրում են Վանա լճի և Մանազկերտի միջև, Բ․ Պիոտրովսկին այնտեղ որոշում է այժմյան Դիադինի շրջանում, ոմանք նույնացնում են Արծկե կամ Արճեշ քաղաքների հետ։
Հ․ Կարագյոզյան


ԱՐԾԱՓ, գյուղ Մեծ Հայքի Այրարատ նահանգի Կոգովիտ գավառում, Արծափաքար լեռան ստորոտին։ Հիշատակվում է VII դ․ սկզբից՝ Հայոց կաթողիկոս Աբրահամ Ա Աղբաթանեցու օրոք Դվինում հրավիրված ժողովի կապակցությամբ։ 642-ին արաբները, Երևանից նահանջելով Կոգովիտ, կանգ առան Ա–ի տակ։ Արաբները մի քանի անհաջող գրոհներից հետո գտան բերդը տանող ստորգետնյա գաղտնի ճանապարհը և գրավեցին այն։ Արաբներին հետապնդող Թեոդորոս Ռշտունին հասնելով Ա․՝ ջախջախեց հակառակորդին և ազատեց գերիներին։ Հետագա դարերում Ա․ հիշվում է դարձյալ որպես ամուր բերդ և զուտ հայաբնակ գյուղ։ 1828-29-ի ռուս–թուրքական պատերազմից հետո հարյուրավոր արծափցիներ գաղթեցին և բնակություն հաստատեցին Արևելյան Հայաստանում՝ Սևանի ավազանում։ Գյուղի սահմաններում հիշվում է Ս․ Գրիգոր ավերակ վանքը և Ծաղկավանքը։ XX դ․սկզբին Ա․ ուներ 120 տուն հայ բնակիչ, որոնք զբաղվում էին երկրագործությամբ, այգեգործությամբ, անասնապահությամբ և արհեստներով։ 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ, Ա–ի բնակիչները տեղահանվել են, մի մասը զոհվել է, փրկվածները գաղթել և բնակություն են հաստատել Արևելյան Հայաստանում։


ԱՐԾԻՎ (լատ․ Aguila), հասարակածային համաստեղություն։ Գտնվում է Աղեղ, Վահագն, Օձակիր, Օձ, Վահան, Աղեղնավոր, Այծեղջյուր, Ջրհոս և Դելֆին համաստեղությունների միջև։ Պայծառագույն աստղը Ալտաիրն է։ Միջին լայնություններում Ա․ լավ է երևում գարնանը, ամռանը և աշնանը։


ԱՐԾԻՎՆԵՐ (Aguila), ճուռակների ընտանիքի գիշատիչ թռչուններ։ Թևերի բացվածքը՝ մինչև 2,5 մ, քաշը՝ մինչև 6,5 կգ (բերկուտ)։ Ոտքերը փետրավորված են մինչև կրնկաթաթերը։ Մատները ուժեղ են, ճիրաններով։ Էգը և արուն միագույն են։ Հայտնի է Ա–ի 12 տեսակ, որոնք տարածված են Եվրոպայում, Ասիայում, Աֆրիկայում և Հյուսիսային Ամերիկայում։ Բնադրում են ծառերի, ժայռերի կամ գետնի վրա։ Մոնոգամ են, զույգերը պահպանվում են երկար տարիներ։ Դնում են 1-3 սպիտակ, երբեմն՝ կարմրագորշա–