Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/711

Այս էջը սրբագրված է

լոր միութենական և ինքնավար հանրապետություններում։ Խորհրդային գեղանկարչությանը հատուկ են իրականության, աշխարհի նյութականության սուր զգացողությունը, կերպարների հոգևոր հարստությունը, ինչպես և ռոմանտիկ ոգեշնչվածությունը։ 1920-ական թթ․ մեծ նշանակություն է ստացել պատմա–հեղափոխական թեման (Մ․ Բ․Դրեկովի, Ա․ Ա․ Դեյնեկայի, Կ․ Ս․ Պետրով–Վոդկինի, P․ Վ․ Իոզանսոնի, Ի․ Ի․Բրոդսկու, Ա․ Մ․ Դերասիմովի կտավները)։ Հետագայում ի հայտ են եկել մեր հայրենիքի հերոսական անցյալին, 1941-1945-ի Հայրենական մեծ պատերազմին, խորհրդային մարդու հերոսականությանը նվիրված կտավներ։ Մեծ նշանակություն է տրվում դիմանկարի (Ա․ Ե․ Արխիպով, Ս․ Վ․ Նեստերով, Մ․ Ս․ Սարյան, Պ․ Դ․ Կորին, Պ․ Պ․ Կոնչալովսկի), կենցաղային ժանրի (Ս․ Վ․ Դերասիմով, Ա․ Ա․ Պլաստով, Տ․ Ն․ Յաբլոնսկայա), բնանկարի (Վ․ Ն․ Բակշեև, Ն․Պ․ Կրիմով, Ն․ Մ․ Ռոմանդին), նատյուրմորտի (Դ․ Դ․ Մաշկով) և մոնումենտալ–դեկորատիվ արվեստի (Վ․ Ա․ Ֆավորսկի, Ե․ Ե․ Լանսերե) զարգացմանը։ Կազմավորվել են գեղանկարչության ազգային դպրոցներ (Մ․ Սարյան, Հ․ Կոջոյան, Ս․ Ա․ Չույկով, Ու․ Տանսիբաև, Թ․ Սալախով, Լ․ Դուդիաշվիլի, է․ Իլտներ, Մ․ Ա․ Սավիցկի, Ա․ Դուդայտիս, Ա․ Ա․ Շովկունենկո և ուրիշներ)։ Միասնական ռեալիստական մեթոդի սահմաններում խորհրդային գեղանկարչությունը ձգտում է գեղարվեստական արտահայտչամիջոցների, անհատական ոճերի բազմազանության։
Գեղանկարչություն տերմինը հայերենում ունի իր հոմանիշները․ գունանկար, գունանկարչություն, գունագրություն, կենդանագիր, կենդանագրություն, երփնագիր։ Ներկա իմաստով գեղանկարչությունը նոր տերմին է։ Հնում կիրառվել են «կենդանագիրը» և «երփնագիրը», որոնք վկայված են դեռևս վաղ միջնադարից։ «Երփնագիրը» մեր լեզվի պատմական զարգացման ինչ–որ փուլում դուրս է մնացել ակտիվ գործածությունից ու, ինչպես և «կենդանագիրը», իր ստեղծագործական իմաստով պահպանվել է բառարաններում։ Մ․ Աբեղյանի, Դ․ Դեմիրճյանի և Գ․Լևոնյանի առաջարկով այն կրկին դրվել է գործածության մեջ։

Հայկական գեղանկարչության սկզբնավորումը շատ հին է։ Օրգանական և անօրգանական ներկանյութերի առատությունն ու հարուստ գունաշարը նպաստել են գույների ակտիվ օգտագործմանը պաշտամունքային, կիրառական և գեղարվեստական նպատակներով (մ․ թ․ ա․ VI-IV հազարամյակների ժայռապատկերները, Մալաթիայից ու Սեբաստիայից մինչև Կուր–Արաքս հայտնաբերված նեոլիթյան և էնեոլիթյան գունավոր և նախշազարդ խեցեղենը), իսկ անտիկ շրջանում ու միջնադարում Հայաստանը եղել է բազմատեսակ ներկանյութեր ու ներկեր արտահանող։ Երկրաչափական, բուսական, կենդանական զարդամոտիվներով, իսկ երբեմն նաև ռեալ պատկերներով գունազարդ խեցեղեն է գոյություն ունեցել բրոնզի դարում (Շրեշ բլուր, Թազաքենդ, Սևան և այլն, III–II հազարամյակ, մ․ թ․ ա․)։ Սակայն գեղանկարչությունը որպես արվեստի մասնագիտացված բնագավառ Հայաստանում մեզ հայտնի է ուրարտական ժամանակաշրջանից (էրեբունի՝ խճանկար, որմնանկար)։ Այստեղ կիրառված զարդանախշային մոտիվների (խոյեր, ցլիկներ, կենաց ծառեր, արմավազարդեր և այլն) հետ հանդիպում են կենդանի դիտված կրոնական, որսորդական աշխատանքային պատկերներ։ գեղանկարչության պահպանված լավագույն օրինակ է Գառնիի բաղնիքի խճանկար հատակը (III դ․), որտեղ օգտագործվել են տեղական գունախճերը։ Հայաստանում ֆեոդալիզմի հաստատումն ու քրիստոնեության պաշտոնականացումը գեղանկարչությանը գաղափարական նոր բովանդակություն ու ձև են հաղորդել։ Գլխավոր պատվիրատուն դարձել է եկեղեցին, որն իր որոշակի պահանջներն է դրել նկարիչ–կատարողների առջև։ Այս շրջանից պահպանված ամենավաղ նմուշները վերաբերում են IV դ․ (որմնանկար՝ Մանազկերտ, խճանկար՝ Դվին, Երուսաղեմ)։ Այնուհետև մինչև XII դ․ հայկական միջնադարյան գեղանկարչություն (հատկապես որմնանկարը), ոճերի ու կատարողական եղանակների բազմազանությամբ խոշոր նվաճումներ է արձանագրել (էջմիածնում, Աշտարակում, Տեկորում՝ IV–V դդ․, Լմբատում, Թալինում, Հառիճում, Եղվարդում՝ VI 1դ․, Տաթևում, Գնդեվանքում, Աղթամարում՝ X դ․)։ XII-XIII դդ․ մոնումենտալ գեղանկարչությունը համեմատաբար սակավ է հանդիպում։ Այնուհետև գեղանկարչությունը նոր վերելք է ապրել (Անիի Տիգրան Հոնենցի եկեղեցի, Քոբայր՝ XIII դ․, Հաղպատ՝ XIV դ․)։ IV դարից առանձին թերթիկներով, իսկ IX դարից մատյաններով մեզ են հասել մանրանկարչության բազմաթիվ նմուշներ։ Մանրանկարչությունը դարձել է հայկական միջնադարյան գեղանկարչության առաջատար ասպարեզը։ Աբգար թագավորի անձեռակերտ կերպարի հետ կապված ու գրավոր պահպանված հնագույն ավանդությունը հիմք է տալիս ենթադրելու, որ հայերը քրիստոնեության առաջին իսկ դարերում ունեցել են հաստոցային նկարչություն։ Մակայն հաստոցային գեղանկարչության պահպանված ամենավաղ նմուշները, ըստ երևույթին, պատկանում են XVII դ․։ XVII-XVIII դդ․ մոնումենտալ ու հաստոցային գեղանկարչության նոր վերելքը գլխավորապես կապված է Նաղաշ Հովնաթանի, նրա հետնորդներ Հովնաթանյանների, ինչպես նաև Նոր Ջուղայի հայ նկարչական դպրոցի (Մինաս Զոհրաբյան, Հովհաննես Մրքուզ) գործունեությանը։ Նրանց գործերում, եկեղեցականի կողքին ինքնություն է հաստատել աշխարհիկ բովանդակությամբ պրոֆեսիոնալ երփնագիրը։ Նոր գեղանկարչությունը իր ձևակերպումն է ստացել Հ․ Հովնաթանյանի, Հ․ Այվազովսկու, իսկ փոքր–ինչ ուշ՝ Ս․ Ներսիսյանի ստեղծագործություններում։ Ասպարեզ է եկել նկարիչների մի փայլուն համաստեղություն՝ Վ․ Սուրենյանց, Դ․ Բաշինջաղյան, որոնց դարավերջին միացել են Փ․ Թերլեմեզյանը, Ս․ Աղաջանյանը, Ե․ Թադևոսյանը, եվրոպական գաղթավայրերից՝ Վ․ Մախոխյանը, Մ․ Քյուրքչյանը, է․ Շահինը և ուրիշներ, որոնք հայկական գեղանկարչությունը հարստացրել են ռեալիստական արվեստի ժամանակակից արտահայտչամիջոցներով։ XX դ երկու տասնամյակներում և ապա խորհրդային կարգերի հաստատումից հետո հայկական կերպարվեստի ազգային ավանդներն ու գեղանկարչության նորագույն հոսանքները համադրելու խնդրում բացառիկ դեր է խաղացել Մ․ Աարյանի արվեստը։ Խորհրդահայ գեղանկարչությունը կազմավորվել է Մ․ Մարյանի, Հ․ Կոջոյանի, Ե․ Թադևոսյանի, Փ․ Թերլեմեզյանի, Մ․ Աղաջանյանի, Մ․ Առաքելյանի, Վ․ Գայֆեճյանի, Գ․ Գյուրջյանի, Ա․ Բաժբեուկ–Մելիքյանի և այլ արվեստագետների ջանքերով, որոնք հենց սկզբից իրենց արժանի տեղն են գրավել խորհրդային բազմազգ կերպարվեստի ընտանիքում։ Տիրապետելով սոցիալիստական ռեալիզմի մեթոդին՝ հայ երփնագրողները գեղանկարչությունը հարստացնում են մարդն ու բնությունը ճշմարտացի պատկերող բարձրարվեստ կտավներով։
Հայ նկարիչների օժտված ջոկատ կա նաև սփյուռքում, որը օր–օրի ավելի սերտորեն է կապվում խորհրդային Հայաստանին։
Պատկերազարդումը տես 712–713 էջերի միջև՝ ներդիրում։
Գրկ․ Շիշմանյան Ռ․, Բնանկարն ու հայ նկարիչները, Ե․, 1958։ Ազարյան Լ․Ռ․, Կիլիկյան մանրանկարչությունը XII-XIII դդ․, Ե․, 1964։ Հայկական մանրանկարչություն, Ե․, 1967։ Ավետիսյան Ա․ Ն․, Հայկական մանրանկարչության Գլաձորի դպրոցը, Ե․, 1971։ Մարտիկյան Ե․, Հայկական կերպարվեստի պատմություն, գիրք 1-2, Ե․, 1971–75։ Ղազարյան Մ․, Հայ կերպարվեստը XVII - XVIII դարերում, գեղանկարչություն Ե․, 1974։ Дурново Л․ А․, Краткая история древнеармянской живописи, Е․, 1957; Каменский А․ А․, Зрителю о живописи, М․, 1959; Измайлова Т․ А․, Айвазян М․ А․, Искусство Армении, М․, 1962; Недошивин Г․ А․, Беседы о живописи, 2 изд․, перераб․, М․, 1964; Всеобщая история искусств, т․ 1–6, М․, 1956–66; История русского искусства, т․ 1-13, М․, 1953-69․ Գեղանուշ