Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/716

Այս էջը սրբագրված է

Կամոյի և Մարտունու շրջանները։ Գեղարքունիք և Սյունիք տեղանունները ավանդությամբ կապվում են Հայկի ժառանգ Գեղամի (Սիսակի) հոր հետ։ Գավառի առանձին մասերն ունեին իրենց անունները՝ Ծմակ կամ Գավառ (ժողովրդական արտասանությամբ՝ Քյավառ, այժմ՝ Կամոյի շրջան), Կուլաբակ՝ Հին Կոթ (Ադիաման, այժմ՝ Մարտունի) ավանի շրջակայքը։ Գեղարքունիքը երբեմն անցել է Այրարատի իշխանների իրավասությանը։ IX դ․ գրավել է Արցախի տեր Սահլ Սմբատյանը և, այնուհետև, գավառը հիմնականում հիշվում է որպես Մահլի ժառանգների տիրույթ։ X դ․ վերջից մինչև XII դ․ կեսերը գտնվել է սելջուկ–թուրքերի տիրապետության տակ (նրանց ամառանոցավայրն էր)։ XII դ․ վերջին Զաքարյան զորապետները թուրքերին դուրս են քշել Գեղարքունիքից, գավառը հանձնել Վերին Խաչենի տերերին։ Ենթադրվում է, որ Իվանեաթաբեկը որպես օժիտ նվիրել է Ծարի (Վերին Խաչենի) տեր Հասանին՝ իր քույր Դոփի հետ ամուսնանալու առթիվ։ Հետագայում գավառը մնաց որպես Հասանի ու Դոփի ժառանգների (Դոփյանների) հայրենական տիրույթը։ XVI դ․ Ծարի իշխանությունն արդեն ճյուղավորվել էր։ Մի ճյուղը, մելիքության իրավունքով, տիրություն էր անում Գեղարքունիքում։ Նրա աթոռանիստն էր Մեծ Մազրա ավանը՝ Սևանա լճի արևելյան ափին։ XVII դ․ սկզբից այդ տիրույթը Մելիք–Շահնազար Ա - ի անունով կոչվեց Մելիք–Շահնազարյան։ XVI դ․ վերջին գավառի հարավ և հարավ–արևմտյան մասերում գոյացած փոքրիկ մելիքությունները կախման մեջ էին Մելիք–Շահնազարյաններից։ Գեղարքունիքի մշակութային կենտրոններն են եղել Հավուց–թառի, Մաքենյաց և Շողվագա վանքերը։ Առաջին երկուսը եղել են առաջնորդարաններ։ Պահպանվել են այդտեղ ստեղծված բարձրարժեք ձեռագրեր։
Գրկ․ Մովսես Կաղանկատվացի, Պատմություն Աղվանից աշխարհի. Ե․, 1969։ Դիվան հայ վիմագրության, ար․ 4․ Ե․, 1973։ Սմբատյանց Մ․, Տեղագիր Գեղարքունի ծովազարդ գավառի, Վաղ–պատ, 1895։
Բ․ Ուլուբաբյան
Գեղարքունիք
Գեղարքունիք (մինչև 1946-ը՝ Բաշքենդ), գյուղ Հայկական ԽՍՀ Կամոյի շրջանում, Գեղամա լեռների արևելյան լանջին, շրջկենտրոնից 12 կմ հարավ–արևմուտք։ Կոլտնտեսությունը զբաղվում է անասնապահությամբ ու դաշտավարությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, գրադարան, ակումբ, բուժկայան, կինո։ Գեղարքունիքի տարածքում պահպանվել են Ս․ Գևորգ եկեղեցին, խաչքարերով գերեզմանատուն։ Բնակիչների նախնիները ներգաղթել են Բայազետի, Մուշի, Ալաշկերտի գավառներից՝ 1828-ին։
Ա․ Գևորգյան
«Գեղափնջիկ», գրական–գեղարվեստական պատկերազարդ ամսագիր, «Տարագրի հավելվածը, լույս է տեսել 1907-ին, Թիֆլիսում։ Խմբագիր–հրատարակիչ՝ Տ․ Նազարյան։ Ունեցել է դեմոկրատական ուղղություն, տպագրել է բռնությունների դեմ բողոքի տրամադրություններ արտահայտող գործեր, եվրոպական տերությունների ու Ռուսաստանի փոխհարաբերություններին վերաբերող նյութեր։ Աշխատակցել են Նար–Դոսը, Ատրպետը, Գ․ Բաշինջաղյանը, Մ․ Խրիմյանը և ուրիշներ։ Եղել է ժամանակի բարձրորակ տպագրություն ունեցող հրատարակություն։
Ա․ Խառատյան
Գեղգեղուկներ (Prunellidae), ճնճղուկազգիների կարգի թռչունների ընտանիք։ Մարմնի երկարությունը՝ մինչև 16,7 սմ, քաշը՝ 14–40 գ։ Փետուրները խիտ են, կոշտ, մոխրագույն կամ դեղնավուն, ձագերինը՝ բծավոր։ Բնադրում են գետնին, թփերում, երբեմն՝ ծառերի ստորին ճյուղերին։ Դնում են 4–5 կանաչավուն կամ կապտավուն ձու։ Թխսում են շուրջ երկու շաբաթ։ Տարածված են Եվրոպայում և Ասիայում։ Հայտնի են 12 տեսակ։ ԽՍՀՄ–ում հանդիպում է 7-ը․ երեքը՝ անտառային, ալպիական և խայտակուրծք, տարածված են նաև ՀԽՍՀ–ում։ Ապրում են ժայռերում, ալպիական գոտու մարգագետիններում, որոշ տեսակներ՝ անտառներում։ Սնվում են միջատներով, սարդերով, հատապտուղներով, սերմերով։
Գ. Մանուչարյան
Անտառային գեղգեղուկ
Գեղերվան, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Խուլփ գավառում։ 1909-ին ուներ 54 տուն (383 մարդ) հայ բնակիչ։ Զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ և պտղաբուծությամբ։ Հայտնի էին Գեղերվանի այգիները։ Բնակիչները տեղահանվել են առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։ Նրանց մեծ մասը զոհվել է, աղետից փրկվածները տարագրվել են օտար երկրներ։