ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՄԻՆԻՍՏՐՈՒԹՅՈՒՆ ՀՍՍՀ, պետական կառավարման կենտրոնական մարմին։ Կազմակերպվել է ՀՍՍՀ Հեղկոմի կողմից, 1920-ի դեկտ․ 12-ին, որպես Արդարադատության ժողովրդական կոմիսարիատ։ Գործել է ՀՍՍՀ ԿԳԿ–ի նախագահության՝ 1923-ի դեկտ․ 29-ին ընդունած կանոնադրությամբ։ Նրան կից էր դատախազությունը (տես Դատախազություն), և արդարադատության ժողկոմը միաժամանակ հանրապետության դատախազն էր։ 1930-ի հունվ․ 31-ին ժողկոմատը վերացվել է և վերստին ստեղծվել 1933-ի հունվ․ 5-ին։ Այդ ժամանակամիջոցում արդարադատության ժողկոմատի խնդիրները կատարել են ՀՍՍՀ դատախազությունը և գերագույն դատարանը։ 1936-ին արդարադատության ժողկոմատից անջատվել են դատախազական և քննչական մարմինները, որոնք անմիջականորեն ենթարկվել են ՍՍՀՄ դատախազությանը։ 1936-ին ժողկոմատը վերակազմվել է Ա․ մ–յան և գործել մինչև 1959-ի ապրիլի 13-ը։ 1959-ից (Ա․ մ․ վերացվելուց հետո) մինչև 1970-ը նրա ֆունկցիաները կատարել են ՀՍՍՀ գերագույն դատարանը և ՀՍՍՀ Մինիստրների սովետին առնթեր իրավաբանական հանձնաժողովը (ստեղծվել է 1959-ի ապրիլի 3-ին)։ ՀՍՍՀ Գերագույն սովետի Նախագահության 1970-ի նոյեմբ․ 2-ի հրամանագրով վերստեղծվել է ՀՍՍՀ Ա․ մ․։ Նրա հիմնական խնդիրներն են՝ դատական, նոտարական, զագսի մարմինների, փաստաբանների կոլեգիայի, իրավախորհրդատուների գործունեության ղեկավարումը, իրավունքի պրոպագանդման և քաղաքացիների իրավական դաստիարակության գործի մեթոդական ղեկավարությունը, դատական մարմինների գործունեության ընդհանրացումը։ Ա․ մ․ մասնակցում է նաև գործող օրենսդրության համակարգմանը։ ՀՍՍՀ արդարադատության ժողկոմներ են եղել Ս․ Բադդատյանը (1920–21), Ա․ Կարինյանը (1921), Ա․ Շահվերդյանը (1921), Դ․ Շահվերդյանը (1922-23), Լ․ Վարդապետյանը (1924–27), Զ․ Աշրաֆյանը (1927–29), Ա․ Հովսեփյանը (1929, 1936–37), Ս․ Խանոյանը (1929–1930), Պ․ Թորոսյանը (1933-36), Ալի Մահմեդով Մաֆար Հուսեին Զաղեն (1937–41), Գ․ Նազարյանը (1941–46), մինիստրներ՝ նույն Գ․Նազարյանը (1946–48), Հ․ Մեղավորյանը (1948–51), Ա․ Կարապետյանը (1951–59)։1970-ից մինիստր է Ա․ Գևորգյանը։
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ, պետության գործունեության ձև։ Իրականացնում է դատարանը՝ քրեական և քաղաքացիական գործեր քննելու և լուծելու միջոցով։ ՍՍՀՄ–ում Ա․ իրականացնում են ՍՍՀՄ գերագույն դատարանը, միութենական և ինքնավար հանրապետությունների գերագույն դատարանները, մարզային, երկրամասային, քաղաքային դատարանները, ինքնավար մարզերի և ազգային օկրուգների դատարանները, շրջանային (քաղաքային) ժողովրդական դատարանները, ինչպես նաև զինվորական տրիբունալները։ Սովետական Ա–յան խնդիրն է ապահովել օրինականության ճիշտ իրականացումը․ օրենքների ճշգրիտ և անշեղ կատարումը բոլոր հիմնարկների, կազմակերպությունների, պաշտոնատար անձանց և քաղաքացիների կողմից։ Ա․ կոչված է ամեն տեսակ ոտնձգություններից պաշտպանելու ՍՍՀՄ, միութենական և ինքնավար հանրապետությունների սահմանադրություններով ամրապնդված հասարակական և պետական կարգը, տնտեսության սոցիալիստական համակարգը և սոցիալիստական սեփականությունը, քաղաքացիների քաղաքական, աշխատանքային, բնակարանային և անձնական ու գույքային այլ իրավունքներն ու շահերը, պետական հիմնարկների, ձեռնարկությունների, կոլտնտեսությունների, կոոպերատիվ և հասարակական մյուս կազմակերպությունների իրավունքներն ու օրենքով պաշտպանվող շահերը։ Ա–յան հիմնական առանձնահատկությունը պետական հարկադրանքի կիրառումն է՝ զուգակցված դաստիարակության հետ։
ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ, հասարակագիտական կատեգորիա։ Բնորոշում է երևույթների այնպիսի վիճակ, որը համարվում է պատշաճ և համապատասխանում մարդու,մարդկային հանրության գոյության ու բնականոն զարգացման պահանջներին։ Ա․ ենթադրում է բարու և չարի այնպիսի առնչություն, որի հիմքում ընկած է հասարակության շահը և որը ճիշտ է, պատշաճ,բանական, բնականոն, բարոյական, գեղեցիկ։ Ա․ պահանջում է ներդաշնակություն ու համապատասխանություն տարբեր անհատների (դասակարգերի) իրավունքի և պարտականության, աշխատանքի և վարձատրման, հանցանքի և պատժի,ծառայության և հասարակական պարտքի միջև։ Այդ հարաբերությունների անհամապատասխանությունը գնահատվում է որպես անարդարություն։ Ա–յան ելակետը,դրդապատճառը և նպատակը մարդն է։ Ա․ բացարձակ չէ, այն ունի կոնկրետ պատմական որոշակիություն և հասարակության զարգացման համեմատ հարաբերականորեն փոխվում է։ Դասակարգային հասարակության մեջ Ա․ կրում է դասակարգային բնույթ։ Ա–յան տնտեսական հիմքը արտադրության միջոցների նկատմամբ մարդկանց ունեցած վերաբերմունքն է։ Սոցիալիզմի պայմաններում Ա․ թափանցում է հասարակության բոլոր ոլորտները և ամենաբարձր կատարելության կհասնի կոմունիզմի ժամանակ։
ԱՐԴԵԲԻԼ, Արտավետ, Արտավիլ, քաղաք Իրանի հյուսիս–արևմուքում։ 88 հզ․ բն․ (1971)։ Խճուղային ճանապարհների հանգույց։ Ունի գորգագործական, կաշվի և տեքստիլ արդյունաբերության ձեռնարկություններ։ Հայտնաբերված են հանքային աղբյուրներ։ Ա–ում հայերը բնակություն են հաստատել սկսած IV դարից։ XX դ․ սկզբին այստեղ կար շուրջ 20 տուն հայ, որոնք ունեին դպրոց ու եկեղեցի (կառուցված 1875-ին,որը պահպանվում է առ այսօր)։ Ա․ հայտնի է XVI–XVII դդ․ պաշտամունքային հուշարձաններով (մզկիթներ, շեյխ Սեֆիի դամբարանը են, որոնց կոմպոզիցիոն արտահայտչականությունը, հախճասալե զարդարումները վկայում են Իրանի ճարտարապետական լավագույն ավանդների մասին։
ԱՐԴԵՆՅԱՆ ՁԻ, արդեններ, ծանրաքարշ ձիերի ցեղ։ Ստացվել է Բելգիայում, Արդենյան բարձրավանդակի շրջանում։ Հետագայում խոշոր ձիեր ունենալու նպատակով Բելգիայում Ա․ ձ․ տրամախաչվել է բրաբանսոնի հետ և ստացվել է բելգիական բանող ձիերի ցեղը։ Ֆրանսիայում և Շվեդիայում բելգիական արդենների, տեղական ձիերի և ապա բրաբանսոնի տրամախաչումից ստացված ցեղը Արդենյան ձի նույնպես կոչվում է Ա․ ձ․։ Ներկայումս բուծվող Ա․ ձ–երն ունեն ամուր մարմնակազմ, դիմացկուն են, կերի նկատմամբ ոչ պահանջկոտ։ Գլուխը մեծ է, պարանոցը՝ կարճ, իրանը՝ երկար և լայն, գույնը՝ շիկավուն, աշխետ, մոխրագույն։ Հովատակների մնդավի բարձրությունը 148–160 սմ է, իրանի թեք երկարությունը՝ 160–170 սմ, կրծքի փաթը՝ 190–220 սմ, դաստակինը՝ 23–25 սմ։ Կենդանի քաշը՝ 700–800 կգ։ Ա․ ձ․ Ռուսաստան է ներմուծվել XIX դ․ կեսերին։ ՍՍՀՄ–ում ստացվել են Ա․ ձ–ու ռուսական և մերձբալթյան ծանրաքարշ ցեղերը։ Ա․ ձ․ բուծվում է նաև Ավստրիայում, Հունգարիայում, Արգենտինայում, Չիլիում։
ԱՐԴԵՆՆԵՐ (Ardennes, <կելտ․ ard – բարձր), բարձրություն Բելգիայի հարավում, մասամբ Ֆրանսիայում և Լյուքսեմբուրգում։ Հռենոսյան թերթաքարային լեռների վերջավորությունն է։ Միջին բարձրությունը 400 մ է, առավելագույնը՝ 694 մ, (Բոտրանժ լեռ)։ Կազմված է թերթաքարերից, ավազաքարերից, կրաքարերից։ Ա–ի հս․ լանջերն անտառազուրկ են, հվ–ում կան պտղատու այգիներ, հանդիպում են կեչու, եղևնու և կաղնու անտառներ։ Կան քարածխի և երկաթի հանքեր, հանքային աղբյուրներ։
ԱՐԴԵՆՆԵՐԻ ՕՊԵՐԱՑԻԱ 1944–45, գերմանա–ֆաշիստական զորքերի հարձակումը Արևմտյան ռազմաճակատում՝ Արդենների շրջանում (Բելգիայի հարավ–արևմուտքում՝ 1944-ի դեկտեմբերից 1945-ի հունվարը)։ Ա․ о-ի նպատակն էր՝ 25 դիվիզիայի ուժերով ջախջախել Բելգիայում և Հոլանդիայում գտնվող անգլոամերիկյան զորքերին, պառակտել հակահիտլերյան կոալիցիան և այդպիսով փոխել պատերազմի ընթացքը հօգուտ Գերմանիայի։ Դեկտ․ 16-ին հանկարծակի հարձակմամբ գերմ․ զորքերը ճեղքեցին