Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/80

Այս էջը սրբագրված է

Երևանի № 9 տեխնիկական ուսումնարանիսաները էլեկտրալամպերի գործարանում
Երևանի էլեկտրոնային հաշվիչ մեքենաների տեխնիկական № 11 ուսումնարանում
Երևանի միջնակարգ պրոֆտեխնիկական № 15 շինարարական ուսումնարանում

արհեստանոցներ, կաբինետ–լաբորատորիաներ, սովորողների գեղագիտական և ֆիզիկական դաստիարակության մշակույթի տներ, մարզակաե դահլիճներ և հրապարակներ։
Ս․ Միքայելյան


ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԱՐԲԱՆՅԱԿՆԵՐ, երկնային մարմինների (մոլորակների, արբանյակների, Արեգակի) շուրջը պտտվող չափիչ ու հաղորդիչ գործիքների և էլեկտրասնուցման աղբյուրների համալիրներ։
Երկրի Ա. ա․ արձակվում են մթնոլորտի շերտերի կաոուցվածքի, նրանցում տեղի ունեցող երևույթների, տիեզերական ճառագայթների, մագնիսական դաշտի, Երկրի ձևի ու չափերի, զանգվածի բաշխվածության և այլ հարցերի ուսումնասիրման, միջմոլորակային ճանապարհորդությունների նախապատրաստման նպատակով։ Օգտագործվում են հեռուստատեսային, հեռագրային ու հեռախոսային կապի, եղանակի կանխատեսման, նավերի ու ինքնաթիռների կողմնորոշման, ինչպես նաև ռազմական նպատակներով։ Ա․ ա․ուղեծիր են դուրս բերվում տիեզերական հրթիռների օգնությամբ։ Երկրաշուրջ ուղեծրով պտտվելու համար մարմիններին հաղորդվում է առաջին տիեզերական արագություն (տես Տիեզերական արագություններ) կամ նրանից փոքր–ինչ ավելի։ Երկրի առաջին արհեստական արբանյակը արձակվել է 1957-ի հոկտ․ 4-ին (ՍՍՀՄ)։ Մինչև 1975-ը արձակվել են մոտ 2000 Ա․ա․։ Դրանց մեծ մասն արձակվել է ՍՍՀՄ–ից և ԱՄՆ–ից։ Ա․ ա․ են արձակել նաև Ֆրանսիան, Ճապոնիան, ՉԺՀ–ն, Ավստրալիան, Անգլիան, Հնդկաստանը։ Առաջին արհեստական արբանյակի արձակումը անձնակազմով (Յու․ Գագարին) տեղի է ունեցել 1961-ի ապրիլի 12-ին (ՍՍՀՄ), որով հիմք է դրվել տիեզերագնացությանը։ Լուսնի Ա․ ա․ արձակվում են լուսնամերձ տարածությունը, Լուսնի ձգողական դաշտը, մակերևույթի ռելիեֆը ուսումնասիրելու, ինչպես նաև Լուսնի վրա արշավախմբի վայրէջքն ապահովելու համար։ Լուսնի առաջին արհեստական արբանյակը արձակվել է 1966-ի մարտի 31-ին (ՍՍՀՄ)։ Մինչև 1975-ը արձակվել են Լուսնի մոտ 20 Ա․ ա․ (ՍՍՀՄ, ԱՄՆ)։ Լուսնի վրա առաջինը (1969) վայրէջք կատարեցին ամերիկյան տիեզերագնացներ Ն․ Արմսթրոնգը և է․ Օլդրինը։ Ա․ ա․ են արձակվել նաև Մարսի շուրջ (ՍՍՀՄ–ից՝ երկու, ԱՄՆ–ից՝ մեկ)։ Եթե մարմնին հաղորդվում է երկրորդ տիեզերական կամ նրանից փոքր–ինչ ավելի արագություն, ապա այն հաղթահարում է Երկրի ձգողական դաշտը՝ նրանից հեռանում պարաբոլային կամ հիպերբոլային ուղեծրով և պտտվում Արեգակի շուրջը։ Արեգակի առաջին արհեստական արբանյակը (արհեստական մոլորակ) արձակվել է 1959-ի հունվ․ 2-ին (ՍՍՀՄ)։ Մինչև 1975-ը արձակվել են շուրջ մեկ տասնյակ սովետական և ամերիկյան արհեստական մոլորակներ։
Պատկերազարդումը տես աղ․ VIII, 48-49 էջերի միջև՝ ներդիրում։
Գրկ․ Թումանյան Բ․ Ե․, Երկրի արհեստական արբանյակները, Ե․, 1958։ Շտերնֆելդ Ա․, Արհեստական արբանյակներ, Ե․, 1960։ «Искусственные спутники земли» պարբերական։
Բ․ Թումանյան


ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԱՐԲԱՆՅԱԿՆԵՐԻ ԴԻՏՄԱՆ ԵՐԵՎԱՆԻ ԿԱՅԱՆ, տես Երևանի աստղադիտարան։


ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ, ընտանի կենդանիների և կուլտուրական բույսերի նոր ցեղերի ու տեսակների ստացման կոմպլեքս եղանակներ։ Ա․ ը–յան տեսությունը տվել է Չ․ Դարվինն իր էվոլյուցիոն ուսմունքում։ Հակառակ բնական ընտրության, Ա․ ը–յան նպատակն է ամրացնել ոչ թե տվյալ օրգանիզմին օգտակար հատկությունները, այլ այն հատկությունները, որոնք պետք են մարդուն (օրինակ՝ խոշոր եղջերավոր անասունների կաթնատվությունը, մսատվությունը ձիերի արագաշարժությունը, ուժը, թռչունների ձվատվությունը, մսատվությունը, երգեցողությունը)։ Ա․ ը–յան հիմքում ընկած է փոփոխականությունը։ Մարդը, կենդանիների ու բույսերի մեջ ամրապնդելով և ուժեղացնելով իրեն հետաքրքրող հատկանիշները, ստացել է նոր ցեղեր ու տեսակներ։ Ընտանի տեսակների բազմազանությունը պայմանավորված է մարդու գիտակցական վերաբերմունքով և հաստատում է Ա․ ը–յան ստեղծագործական դերը։ Դարվինն ընտանի տեսակների ստացման վերաբերյալ գիտելիքներն ու մեթոդներն ամփոփեց տեսականորեն մշակված և փաստերով հիմնավորված մի համակարգում, որը դարձավ սելեկցիայի հիմքը։ Դարվինը տարբերել է Ա․ ը–յան 2 եղանակ, անգիտակից և մեթոդական։ Մարդկային հասարակության զարգացման վաղ էտապներում մարդը, նպատակ ունենալով բարելավել կամ ստեղծել նոր տեսակ, իր տնտեսական շահերից ելնելով պահպանել է տվյալ կենդանիներից և բույսերից ավելի մթերատուներին և պիտանիներին, վերացրել նրանց վատ հատկանիշները։ Դա Ա․ ը–յան պարզ ձևն է՝ չգիտակցված ընտրությունը, որն ընթանում է դանդաղ, երկարատև է, տարերային։
Մեթոդական ընտրության բնորոշ գիծը նպատակասլացությունն է․ մարդն իր առջև խնդիր է դնում լավացնել ցեղը իր ցանկացած ուղղությամբ կամ ստեղծել նորը։ Այդ նպատակով խաչասերման համար ընտրվում են ծնողական զույգեր, որոնց մեջ սելեկցիոներին հետաքրքրող հատկություններն ավելի ցայտուն են արտահայտված (նույնպիսի ընտրություն կատարվում է և հաջորդ սերունդներում)։ Մեթոդական ընտրությանը մարդը դիմել է նոր ցեղերի ու տեսակների ստացման օրենքները ճանաչելուց հետո։ Մեթոդական Ա․ ը․ ավելի արագ է ընթանում, դրա միջոցով են ստեղծվում համարյա բոլոր կուլտուրական բույսերի տեսակներն ու ընտանի կենդանիների ցեղերը։ ՍՍՀՄ–ում Ա․ ը–յան ուսմունքի զարգացման գործում մեծ են Ն․ Ի․ Վավիչովի և Ի․ Վ․ Միչուրինի ծառայություննները:
Գրկ․ Դարվին Չ․, Տեսակների ծագումը, Ե․, 1963։ Вавилов Н․ И․, Селекциякак наука, М․-Л․, 1934; Дарвин Ч․, Изменение животных и растений в домашнем Состоянии, М․-Л․, 1941; Мичурин И․ В․, Избр․ соч․, М․, 1948; Дубинин Н․ П․, Глембоцкий Я․ Л․, Генетика популяции и селекция, М․, 1967; Уильямс У․, Генетические основы и селекция растений, пер․ с англ․, М․, 1968; Лобашев М․ Е․, Ватти К․ В․, Тихомирова М․ М․, Генетика с основамиселекции, Л․, 1970․
Ն․ Բեգլարյան


ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԼԵԶՈՒՆԵՐ, անհատների կողմից ստեղծված լեզուներ։ Ա․ լ․ չեն եղել որևէ ժողովրդի խոսակցական լեզու։ Առաջ են եկել մարդկանց՝ մի ընդհանուր լեզվով հաղորդակցվելու պահանջով և հավակնում են միջազգային լեզու լինելու նպատակ։ Գոյություն ունի Ա․ լ–ի ստեղծման երկու եղանակ՝ հանրախոսություն և հանրագրություն։ Հանրախոսությունը նպատակ է հետապնդում ստեղծելու քերականական պարզագույն կանոններից