Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/82

Այս էջը սրբագրված է

ների դեպքում)։ Ա․ ս․ հեղուկ սննդանյութերով (կաթ, հում ձու, ալկոհոլ, մրգահյութեր) կատարվում է ստամոքսային զոնդով կամ խուղակներով, իսկ խաղողաշաքարի, կերակրի աղի լուծույթները՝ ներերակային սրսկման կամ հոգնայի միջոցով։


ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐ, բանվոր դասակարգի մասսայական կազմակերպություններ, որոնք կոչված են պաշտպանելու բանվորների և բոլոր աշխատավորների շահերը։ Կազմավորվել են կապիտալիզմի դարաշրջանում կապիտալիստական շահագործման դեմ, աշխատանքի պայմանների և բանվորների դրության բարելավման համար պրոլետարիատի մղած պայքարում։ Առաջին Ա․ մ․ստեղծվել են Անգլիայում, Ֆրանսիայում, ԱՄՆ–ում, XVII դ․ վերջերին։ XIX դ․ կեսերին Ա․ մ․ ստեղծվեցին Գերմանիայում, Իտալիայում, Իսպանիայում, Բելգիայում և այլուր։ Ա․ մ–ի ծնունդն ու ձևավորումը տեղի է ունեցել բանվոր դասակարգի կուսակցությունների ստեղծումից շատ առաջ, այդ պատճառով էլ դրանց զարգացումը հիմնականում ընթացել է ռեֆորմիստական ուղիով։ Այն երկրներում, որտեղ Ա․ մ․կազմավորվել են բանվոր դասակարգի քաղաքական կուսակցությունների ստեղծումից հետո և նրանց գլխավորությամբ, դրանց գործունեությունը հենց սկզբից կրել է հեղափոխական բնույթ։ Վ․ Ի․Լենինը Ա․ մ․ համարել է դաստիարակող կազմակերպություն, կառավարման, տնտեսավարության դպրոց, կոմունիզմի դպրոց, կուսակցությունը աշխատավորական զանգվածների հետ կապող շարժափոկ։ Մարքսիզմ–լենինիզմը գտնում է, որ բանվոր դասակարգի քաղաքական կուսակցությունները պետք է ղեկավարեն բանվորական շարժման բոլոր ձևերը, այդ թվում նաև արհմիութենականը։ Ա․ մ–ի հեղափոխական դերի համար պայքարը սկսել է դեռևս I Ինտերնացիոնալը։ 1886-ին I Ւնտերնացիոնալի Ժնևի կոնգրեսը դրել է Ա․ մ․ բանվոր դասակարգի ազատագրության համար պայքարի կազմակերպման կենտրոններ դարձնելու խնդիրը։ Իմպերիալիզմի դարաշրջանում ծայրահեղորեն սրվում են կապիտալիզմի բոլոր հակասությունները և պրոլետարիատի պայքարը կապիտալիստական շահագործման դեմ լայն հեղափոխական թափ է ստանում։ Արհմիութենական շարժման մեջ ուժեղանում է հանուն պրոլետարիատի դասակարգային շահերի մարտնչող ու հետևողականորեն նրա շահերը պաշտպանող առաջադեմ և, ի վնաս բանվոր դասակարգի շահերի, կապիտալիստական հասարակարգի պահպանման դիրքերից հանդես եկող օպորտունիստական ուղղությունների պայքարը։ Այս երկրորդ ուղղության պարագլուխները, ըստ էության, հանդիսանում են բուրժուազիայի գործակալները բանվորական շարժման ներսում։ Պատմական կոնկրետ պայմաններից ելնելով արհմիութենական շարժման մեջ օպորտունիստական ուղղությունները տարբեր երկրներում տարբեր ձևեր են ընդունել, անարխո–սինդիկալիզմ՝ Ֆրանսիայում, Իսպանիայում և Լատինական Ամերիկայի երկրներում, տրեդ–յունիոնիզմ՝ Անգլիայում ևն։ Օպորտունիստական ուղղությունների պարագլուխները ձգտում էին արհմիութենական շարժման մեջ պահպանել քաղաքական, կրոնական, ռասայական և այլ տեսակի մասնատվածությունը, արհմիութենական կազմակերպության սկզբնական՝ համքարային (օրինակ՝ ատաղձագործների, ջուլհակների, նավահանգստային բեռնակիրների ևն) պարփակվածությունը։ Մինչդեռ առաջադեմ Ա․մ․ պայքարում էին արհմիութենական շարժման միավորման համար, ինչպես ազգային, այնպես էլ միջազգային մասշտաբով աշխատավորական զանգվածներին Ա․ մ–ի մեջ միավորել ըստ արտադրական սկկբունքի, այսինքն՝ ամբողջ ձեռնարկության կամ արդ․ ամբողջ ճյուղի մասշտաբով։ Բանվոր դասակարգի կազմակերպվածության աճը XIX դ․ 70-80-ական թթ․ հասցրեց ազգային արհմիութենական կենտրոնների առաջացման, ըստ արդ․ ճյուղերի միջազգային արհմիութենական միավորումների՝ Միջազգային արտադրական քարտուղարությունների (ՄԱՔ) ստեղծման։ 1901-ից նրանք մտնում էին Ա․ մ–ի միջազգային քարտուղարության մեջ, որը գտնվում էր ռեֆորմիստական ղեկավարների ձեռքում։ Առաջին համաշխարհային պատերազմի սկզբում այն քայքայվել է, ապա արհմիութենական օպորտունիստական լիդերների կողմից 1919-ին վերակազմավորվել որպես Արհմիությունների Ամստերդամի ինտերնացիոնալ, որը պահպանվել է մինչև 1945-ը։
Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունը խորհրդանշեց մարքսիզմ–լենինիզմի հաղթանակը օպորտունիզմի նկատմամբ բանվորական շարժման մեջ։ Բանվոր դասակարգի հեղափոխական պայքարի վերելքը և գործադուլային շարժման աճը հզոր խթան հանդիսացան Ա․ մ–ի զարգացման ճանապարհին։ Եթե մինչև առաջին համաշխարհային պատերազմը աշխարհում եղել է Ա․ մ–ի 15 մլն․անդամ, 1919-20-ին այդ թիվը կրկնապատկվել է։ 1921-ին Ա․ մ–ի Ամստերդամի ինտերնացիոնալից դուրս գտնվող սովետական Ա․ մ․, որոշ կապիտալիստական և գաղութային ու կախյալ երկրների Ա․մ․, ռեֆորմիստական արհմիություններում առաջացած հեղափոխականորեն տրամադրված բանվորական խմբերը, որոնք հեռացվել էին Ամստերդամի ինտերնացիոնալից, միավորվեցին Արհմիությունների կարմիր ինտերնացիոնալի մեջ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին հիտլերականները փորձում էին իրենց ենթարկել օկուպացված երկրների Ա․ մ․, իսկ որտեղ այդ չէր հաջողվում, արգելել դրանք։ Այս ձևով ընդհատակ քշվեցին Ֆրանսիայի, Հոլանդիայի, Բելգիայի, Նորվեգիայի, Հունաստանի և այլ երկրների Ա․ մ․։ Բայց ընդհատակի պայմաններում էլ նրանք ակտիվորեն մասնակցում էին ֆաշիստական լծից իրենց ժողովուրդների ազատագրման պայքարին։ Այդ նույն ժամանակ հակահիտլերյան կոալիցիայի երկրներում Ա․ մ․ նշանակալի ավանդներ դրեցին հիտլերյան ռազմական մեքենայի ոչնչացման գործում։ Այդ պայքարի հաջողության համեմատ շատ երկրներում վերականգնվեցին լեգալ Ա․մ․, որոնց գլուխ էին կանգնում առաջադեմ տարրերը։ Վերստեղծվեցին և ազատ գործունեություն ծավալեցին Ա․մ–ի այնպիսի առաջադեմ կազմակերպություններ, ինչպես Ֆրանսիայի աշխատանքի համընդհանուր կոնֆեդերացիան, Իտալիայի աշխատանքի համընդհանուր կոնֆեդերացիան ևն։ Ստեղծվեցին և հանուն ժողովրդական կարգերի ամրապնդման լայն գործունեություն ծավալեցին Եվրոպայի և Ասիայի ժողովրդական դեմոկրատիայի երկրների միասնական արհմիությունները։ Բանվոր դասակարգի քաղաքական հասունության աճը, որը ֆաշիզմի դեմ մղված պայքարում կոփվելու հետևանքն էր, աշխարհի բոլոր երկրներում աշխատավորական լայն զանգվածների մոտ հասունացրին միավորման գաղափարը։ Աճեց Ա․ մ–ում ընդգրկվածների թիվը։ Մինչև երկրորդ համաշխարհային պատերազմը աշխարհում կար 40 մլն․, 1945-ին՝ մոտ 70 մլն․ արհմիության անդամ։ 1945-ին աշխարհի արհմիութենական կազմակերպությունների մեծ մասը միավորվել էր Արհմիությունների համաշխարհային ֆեդերացիայի (ԱՀՖ) մեջ։ Հետագա տարիներին զգալիորեն աճեց բանվոր դասակարգի կազմակերպվածությունը։ Նոր Ա․ մ․ ստեղծվեցին Աֆրիկայում, Հարավ–Արևելյան Ասիայում, Մերձավոր ու Միջին Արևելքում։ Արհմիութենական շարժումը հատկապես լայն ծավալ ընդունեց գաղութային և կախյալ երկրներում։ Զգալիորեն ամրապնդվեցին Լատինական Ամերիկայի աշխատավորների կոնֆեդերացիայի (հիմնադրվել է 1938-ին) դիրքերը։ 1956-ին կազմավորվեց Արաբական երկրների արհմիությունների միջազգային կոնֆեդերացիան, 1957-ին՝ Սև Աֆրիկայի աշխատավորների համընդհանուր միավորումը։ 1949-ին ԱՄՆ–ի, Անգլիայի, Հոլանդիայի, Սկանդինավյան և այլ երկրների Ա․ մ–ի աջ պարագլուխները պառակտեցին միջազգային արհմիութենական շարժումը, դուրս եկան ԱՀՖ–ից։ Նրանք ստեղծեցին Ազատ արհմիությունների միջազգային կոնֆեդերացիան (ԱԱՄԿ)։ Պառակտիչ արհմիութենական պարագլուխները այդ երկրներում փաստորեն պաշտպանում են իմպերիալիստական մոնոպոլիաների շահերը, ծառայում բուրժուական պետություններին։ 1974-ին աշխարհի բոլոր երկրներում եղել է Ա․ մ–ի 210 մլն․ անդամ, որոնցից 150 մլն․ միավորված են ԱՀՖ–ի մեջ։
Արդի արհմիութենական շարժման մեջ որոշակի դեր են խաղում ՍՍՀՄ Ա․ մ․։ Արհմիությունները Ռուսաստանում առաջացել են 1905-07-ի հեղափոխության շրջանում։ 1917-ին, Փետրվարյան հեղափոխությունից հետո Ա․ մ–ի ստեղծման հետ մեկտեղ բանվորներն ընտրեցին ֆաբրիկա–գործարանային կոմիտեներ, որոնք 1918-ին միացան Ա․ մ–ի հետ և դարձան նրանց ստորին օղակները ձեռնարկություններում։ 1917-ի հոկտեմբերին Ռուսաստանի Ա․ մ–ում հաշվվում էր ավելի քան 2 մլն․ անդամ, որոնք ակտիվորեն մասնակցեցին Հոկտեմբերյան հեղափոխությանը։ 1921-ին տրոցկիստները փորձեցին Ա․ մ․հակադրել կուսակցությանն ու պետությանը։ Արհմիությունների մասին ծավալված