Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/84

Այս էջը սրբագրված է

ված է եղել զարգացած քարգործությունը։ Հայաստանի շինությունները (քաղաքացիական շենքեր, բերդեր, վանքեր, կամուրջներ, իջևանատներ ևն) կերտվել են քարից։ Հին և միջնադարյան Հայաստանում բավական տարածված էին և զարգացման բարձր աստիճանի էին հասել շինարարական մյուս Ա․, մասնավորապես՝ կրագործությունը և գաջագործությունը։ Հայ շինարարները կրից և գիպսից պատրաստում էին հատուկ զարդեր՝ շենքերը ներսից նախշազարդելու համար։ Սրանց բազմաթիվ հետքեր գտնված են Դվին և Անի քաղաքների հնագիտական պեղումների ժամանակ։ Զարգացած էին փայտամշակման Ա․ (ատաղձագործություն, երկրագործական գործիքների արտադրություն, սայլաշինություն, կառագործություն, կահույքի արտադրություն, նավաշինություն, փայտի գեղարվեստական փորագրություն ևն)։ Հնագույն ժամանակներից սկիզբ էր առել նաև կավագործությունն ու ապակեգործությունը։ Կավի գրեթե ամբողջ արտադրանքը նախշազարդվում էր երկրաչափական, կենդանական և բուսական պատկերներով։ Կավագործության հետ անմիջականորեն կապված էր նաև հախճապակու արտադրությունը, որը IX-XI դդ․ սկսած զարգացել է հատկապես Անիում և Դվինում։ Հայ վարպետները պատրաստել են կիսաթափանցիկ հախճապակի։ Կավագործության անբաժանելի մասն է կազմում շինարարական խեցեղենի՝ աղյուսի, կղմինդրի, փողրակների, շքաղյուսների արտադրությունը։ Հին և միջնադարյան Հայաստանում զարգացած էին նաև գործվածքեղենի և կաշվեղենի արտադրության հետ կապված Ա․ (գզրարություն, ոստայնանկություն, կոշկակարություն, մետաքսագործություն, բամբակագործություն ևն), որոնց հետ առնչվում էր նաև ներկարարությունը։ Հիշատակված բոլոր Ա․, իրենց ենթաճյուղերով, գոյություն են ունեցել պատմական Հայաստանի բոլոր քաղաքներում։ Հնագույն շրջաններից սկսած՝ Հայաստանի բնակչությունն զբաղվել է մոտ 90 Ա–ով։ Արհեստավորները համախմբվել են առանձին միավորումների մեջ (տես Համքարություններ
Կապիտալիզմի պայմաններում, մրցակցության հետևանքով Ա․ կորցնում են իրենց նշանակությունը և մասամբ պահպանվում արդյունաբերության երկրորդական ու պերճանքի առարկաներ, հուշանվերներ արտադրող ճյուղերում (ոսկերչություն, փորագրություն ևն)։ ՍՍՀՄ–ում արհեստավորներն ընդգրկված են սեփականության կոոպերատիվ ձևի վրա հիմնված արհեստագործական արտելներում։ Տես նաև Տնայնագործական արտադրություն։
Գրկ․ Աբրահամյան Վ․, Արհեստները և համքարական կազմակերպությունները Հայաստանում IX-XIII դդ․, Ե․, 1946։ Առաքելյան Բ․, Քաղաքները և արհեստները Հայաստանում IX-XIII դդ․, հ․ 1-2, Ե․, 1958 - 64։ Թովմասյան Ն․, Հայ սոցիալ–տնտեսագիտական միտքը IX-XIV դարերում, Ե․, 1970։
Վ․ Աբրահամյան


ԱՐՀՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐՄԻՐ ԻՆՏԵՐՆԱՑԻՈՆԱԼ (Պրոֆինտերն), հեղափոխական արհմիությունների միջազգային միավորում, որը գործել է 1921 -1937-ին։ Ա․ կ․ ի–ի մեջ մտնում էին այն արհմիութենական կենտրոնները (սովետական արհմիությունները, Ֆրանսիայի աշխատանքի ունիտար համընդհանուր կոնֆեդերացիան, Ավստրալիայի, Բելգիայի, Ինդոնեզիայի, Կանադայի, Կոլումբիայի, Նիդերլանդների, Չեխոսլովակիայի, Չիլիի, Չինաստանի ազգային հեղափոխական արհմիութենական կենտրոնները, ինչպես նաև կապիտալիստական մի շարք երկրների ռեֆորմիստական արհմիությունների մեջ մտնող օպոզիցիոն խմբեր ու հոսանքներ), որոնց առաջ արհմիութենական ռեֆորմիստական պարագլուխները փակել էին Արհմիությունների Ամստերդամի ինտերնացիոնալի դռները։ Ա․ կ․ ի․ ձգտում էր բանվոր դասակարգի պահանջների պաշտպանության, արհմիութենական շարժման ազգային և միջազգային միասնականության։ Տեղի է ունեցել Ա․ կ․ի–ի 5 կոնգրես։


ԱՐՀՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՖԵԴԵՐԱՑԻԱ (ԱՀՖ), արհմիությունների միջազգային դեմոկրատական միավորում։ Հիմնվել է 1945-ի հոկտ․ 3-ին, Արհմիությունների համաշխարհային առաջին կոնգրեսում։ 1945-ի սեպտեմբեր–հոկտեմբերին Փարիզում հրավիրվեց Արհմիությունների համաշխարհային առաջին հիմնադիր կոնգրեսը, որն ընդունեց ԱՀՖ կանոնադրությունը։ Կոնգրեսին մասնակցում էին 56 երկրների պատվիրակներ, որոնք ներկայացնում էին արհմիությունների 67 մլն․ անդամների։ Սկզբում ԱՀՖ միավորում էր աշխարհի բոլոր խոշորագույն ազգային արհմիությունները՝ բացառությամբ Աշխատանքի ամերիկյան ֆեդերացիայի։ 1949-ի Տրեդ–յունիոնների Բրիտանական կոնգրեսի, ԱՄՆ–ի Արտադրական արհմիությունների կոնգրեսի և որոշ երկրների արհմիութենական կենտրոնների աջ պարագլուխների ջանքերով դրանք դուրս եկան ԱՀՖ–ից և հիմնեցին Ազատ արհմիությունների միջազգային կոնֆեդերացիան։ Պառակտիչների գործողությունները, սակայն, չխանգարեցին ԱՀՖ–ի գործունեության ծավալմանը։ 1974-ին ԱՀՖ–ի մեջ մտնող արհմիություններն ունեին 150 մլն․ անդամ (աշխարհի բոլոր արհմիություններում միավորված 210 մլն․ աշխատավորներից)։ ԱՀՖ–ի ակտիվ աջակցությամբ ստեղծվել են նոր արհմիութենական կազմակերպություններ բոլոր մայր ցամաքներում, մասնավորապես 1947-ին ստեղծվել և հետագայում հզորանալով միջազգային լայն ասպարեզ է մտել Արհմիությունների համաաֆրիկյան ֆեդերացիան։ ԱՀՖ–ի բարձրագույն ղեկավար օրգանը Արհմիությունների համաշխարհային կոնգրեսն է, որը հրավիրվում է 4 տարին մեկ, որտեղ ընտրվում է Գլխավոր խորհուրդ (ԱՀՖ ղեկավար օրգան կոնգրեսների միջև ընկած ժամանակաշրջանում)։ Գլխավոր խորհուրդն ընտրում է բյուրո։ ԱՀՖ–ի մշտական ներկայացուցչական օրգանը Քարտուղարությունն է, որը 1945-51-ին գտնվում էր Փարիզում, 1951-56-ին՝ Վիեննայում, 1956-ից՝ Պրագայում։ ԱՀՖ–ին կից ստեղծված են Արհմիությունների միջազգային միավորումներ։ ԱՀՖ տարբեր լեզուներով հրատարակում է -«Համաշխարհային արհմիութենական շարժում» ամսագիրը և «Արհմիութենական մամուլ» բյուլետենը։ ԱՀՖ–ի նախագահներ են եղել Ու․ Սիտրինը (Մեծ Բրիտանիա)՝ 1945-46-ին, Ա․ Դիկինը (Մեծ Բրիտանիա)՝ 1946-49-ին, Զ․ դը Վիտտորիոն (Իտալիա)՝ 1949-57-ին, Ա․ Նովելլան (Իտալիա)՝ 1959-61-ին, Ռ․ Բիտոսսին (Իտալիա)՝ 1961-69-ին և Է․ Պաստորինոն (Ուրուգվայ)՝ 1969-ից։ ԱՀՖ–ի գլխավոր քարտուղարներ են եղել Լ․ Սայանը (Ֆրանսիա)՝ 1945-69-ին և Պ․ Ժանսուսը (Ֆրանսիա)՝ 1969-ի հոկտեմբերից։


ԱՐՁԱԳԱՆՔ, որևէ արգելքից անդրադարձած և դիտորդի ընկալած ալիք (ձայնային, էլեկտրամագնիսական ևն)։ Ձայնի Ա․ լսելի է միայն այն դեպքում, եթե աղբյուրից մինչև արգելք և արգելքից դիտորդ ընկած հեռավորությունը ձայնը անցնում է 0,05-0,06 վրկ–ից ավելի ժամանակամիջոցում։ Ա–ները լինում են՝ բազմապատիկ (ստացվում են մի շարք անդրադարձնող մակերևույթների առկայության դեպքում, օրինակ, լեռներում), երաժշտական (առաջանում է դատարկ ստադիոններում, բետոնե աստիճաններով բաց ամֆիթատրոններում՝ մեծաթիվ անդրադարձումների հետևանքով, իսկ երբ տեղերը զբաղված են ունկնդիրներով, անդրադարձնող մակերևույթը դառնում է կլանող, և Ա․մարում է) և ներդաշնակ (ստացվում է ալիքի երկարությունից փոքր չափեր ունեցող արգելքից ձայնի անդրադարձման դեպքում, օրինակ, լավ արտահայտված օբերտոններով երաժշտական ձայնի անդրադարձումը ծառի տերևներից)։ Բազմաթիվ արձագանքների միախառնումը փակ տարածության մեջ առաջացնում է ռևերքերացիա (ետհնչունություն)։ Իմանալով ձայնի տարածման արագությունը (u) և չափելով Ա–ի ուշացման ժամանակամիջոցը (t), կարելի է որոշել մինչև արգելքը եղած հեռավորությունը՝ ։ Այս մեթոդով են աշխատում Ա–ի էֆեկտի հիման վրա գործող սարքերը (օրինակ, է խոլոտը հիդրոձայնային լոկատորը)։ Ա–ի երևույթը լայն կիրառություն ունի նաև ուլտրաձայնային արատանշման մեջ, որտեղ անդրադարձման աղբյուր են համասեռ միջավայրում եղած բազմապիսի վնասակար խախտումները (ճեղքվածքներ, դատարկություններ ևն)։ Էլեկտրամագնիսական Ա–ի երևույթի հիման վրա է ստեղծված ժամանակակից ռադիոլոկացիան։


«ԱՐՁԱԳԱՆՔ», պարբերական, հրատարակվել է 1882-98-ին, Թիֆլիսում։ Մինչև 1889-ը եղել է գրական և քաղաքական շաբաթաթերթ, 1890-91-ին՝ գրական և քաղաքական պատկերազարդ շաբաթաթերթ, 1891-ի հուլիսի 28-ից՝ գրական և քաղաքական լրագիր (կիրակնօրյա), 1892-ից լույս է տեսել շաբաթական երեք անգամ։ Խմբագիր–հրատարակիչն էր Ա․ Հովհաննիսյանը։ XIX դ․ 2-րդ կեսին կարևոր դեր է խաղացել հայ գրականության զարգացման գործում։ «Ա․»-ում տպագրվել են Ռ․ Պատկանյանի, Րաֆֆիի, Ա․ Շիրվանզադեի, Մուրացանի, Վ․ Փափազյանի, Գ․ Սունդուկյանի, Հ․ Հովհաննիսյանի, Հ․ Պարոնյանի, Գ․ Զոհրապի, Պ․ Դուրյանի և այլ հեղինակների գործերը, Լերմոնտովի, Տուրգենևի, Պետեֆիի․