Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/86

Այս էջը սրբագրված է

են տեսել Մ․ Բժշկյանի, Հ․ Շահխաթունյանցի, Ս․ Ջալալյանցի արձանագրագիտական աշխատությունները, որոնց հետագայում հետևեցին ավելի ընդարձակ ուսումնասիրություններ։ ՀՍՍՀ ԳԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտը հրատարակում է «Դիվան հայ վիմագրության» ժողովածուները (հ․ 1-4․․․, 1960-73․․․)։
Ս․ Բարխուդարյան


ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ (միջազգային իրավունքում), 1․ միջազգային իրավական տարբեր ակտերի անվանում։ Պարունակում է պետությունների փոխհարաբերություններին վերաբերող հարցեր, որոնք առնչվում են նրանց կնքած հիմնական պայմանագրի հետ։ 2․ Դիվանագիտական Ա․ կանոնների, ավանդույթների և հանրաճանաչ սովորույթների համակցություն, որը կարգավորում է օտարերկրյա պետության, կառավարության ղեկավարների, պետական այլ գործիչների ու կառավարական պատվիրակությունների ընդունելության կարգը և դիվանագիտական գրագրության ձևը։
Ա․ Եսայան


ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ պատմական, հին և միջնադարյան ժողովուրդների գրերով ու լեզվով պահպանված փաստագրեր։ Պահպանվել են ժայռերի, քարերի, կավե տախտակների, կավանոթների, փափուկ մետաղների, ոսկրե, փայտե, ապակյա առարկաների, պապիրուսների վրա։ Ա–ները բազմաբնույթ են (քաղաքական, օրենսդրական, առևտրական, ռազմական ևն)։ Պետական նշանակություն ունեցող փաստագրերը պահվում էին արքունական դիվաններում, մյուսները՝ մեհյաններում։ Նշանավոր դեպքերի վայրերում կանգնեցնում էին կոթողներ և դրանց վրա գրում տվյալ դեպքի մասին։ Վարչա–պետական սահմանաբաժան կետերում դրվում էին Ա–յամբ սահմանաքարեր։ Օրենսդրական ակտերը հրապարակելու համար գրվում էին նաև հասարակական շենքերի, մեհյաններին եկեղեցիների որմերին։ Ա–ները առաջնակարգ աղբյուրներ են ժողովուրդների պատմության և մշակույթի ուսումնասիրման համար։ Հին Արևելքի անհետացած մի շարք ժողովուրդների թողած Ա–ները դարձան նրանց պատմության, մշակույթի և լեզվի վերականգնման աղբյուր։ Ա․ գրելու կուլտուրա են ունեցել նաև հայերը։ Նախնադարյան ժամանակներից Հայաստանում պահպանվել են ժայռերի և քարանձավների պատերին փորագրված պատկերներ և նշանագրեր, ուրարտական շրջանից՝ հարյուրների հասնող սեպագրեր, այնուհետև՝ արամեերեն, հունարեն և լատիներեն Ա–ներ։ Հայտնի են հայկական հուշարձանների վրա (սկսած VI դարից) փորագրված մոտ 10000 Ա․։ Մատենագրության և նյութական մշակույթի մնացորդների հետ միասին դրանք կարևոր աղբյուրներ են Հայաստանի պատմության և մշակույթի ուսումնասիրության համար։ Ա–ի ուսումնասիրությամբ զբաղվում է արձանագրագիտությունը։
Պատկերազարդումը տես աղ․ IX, 160-161 էջերի միջև՝ ներդիրում։
Գրկ․ Դիվան հայ վիմագրության, պրակ 1 -4․․․, Ե․, 1960-73․․․
Ս․ Բարխուղարյան


ԱՐՁՆԻԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏ 775, արաբական խալիֆայության դեմ 774-775-ի հայերի ապստամբության ժամանակ վերջին և ամենախոշոր մարտը։ Տեղի է ունեցել ապրիլի 24-ին։ Արաբական 30-հազարանոց զորքը, Ամր իբն Իսմայիլ զորապետի գլխավորությամբ Արճեշի ճակատամարտից հետո ներխուժել է Բագրևանդ գավառը՝ բանակելով Արձնի գյուղի մոտ, Արածանիի ափին։ Հայկական 5-հազարանոց զորքը, Մուշեղ Մամիկոնյանի հրամանատարությամբ, թողնելով Կարին քաղաքի պաշարումը, Բասենի վրայով մտել է Բագրևանդ և, անցնելով Արածանին, թշնամու հետ ունեցել առաջին փոքրիկ ընդհարումը։ Արևածագին սկսվել է Ա․ ճ․։ Սկզբում հայերը փախուստի են մատնել արաբներին, սակայն վերջիններս, օգնության հասած զորքով հակահարձակման են անցել և պարտության մատնել հայերի՝ գերազանցապես ռամիկներից բաղկացած զորքը։ Ա․ ճ–ում հերոսաբար ընկել են երեք հազար հայեր, այդ թվում՝սպարապետ Սմբատ Բագրատունին, Մուշեղ և Սամվել Մամիկոնյանները, Վահան Գնունին և ուրիշներ։
Գրկ․ Ղեվոնդ Մեծ, Պատմութիւն, 2 հրտ․, ՍՊԲ, 1887, էջ 137 - 52։
Ա․ Տեր–Ղևոնդյան


ԱՐՂԱՆԱ (այժմ՝ Մադեն), գյուղաքաղաք Արևմտյան Հայաստանում, Դիարբեքիրի վիլայեթի Արկնի գավառում, Արղանա գետի (Տիգրիսի վտակներից) աջ ափին, Արկնից 18 կմ հյուսիս–արևմուտք։ XX դ․ սկզբին ուներ մոտ 3000 բն․ (1000 հայ, մնացածը՝ քուրդ, հույն և հրեա), որոնք ըստ ազգության բնակվում էին առանձին թաղամասերում։ Բնակարանները տարածվում էին լեռան գագաթից մինչև ստորոտը։ Ա․ ունի պղնձի հարուստ հանքավայրեր, որոնք շահագործվում են հին ժամանակներից մինչև մեր օրերը։ Ա–ի հայ բնակիչները հիմնականում աշխատում էին պղնձի հանքերում, զբաղվում էին նաև երկրագործությամբ, արհեստներով և առևտրով։ Պղինձը արդյունահանվում էր ձեռքի աշխատանքով (XX դ․ սկզբներին տարեկան ստացվում էր մոտ 3000 տ պղինձ)։ Ա․ նախկինում շրջապատված է եղել խիտ անտառներով, որոնք տարիներ շարունակ կտրատել են պղինձ ձուլելու համար, իսկ այժմ անտառազուրկ է, Ա–ի հայերն ունեին եկեղեցի (Ա․ Աստվածածին) և վարժարան։ Հայ բնակիչները տեղահանվել են առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։ Նրանց մի մասը զոհվել է, մյուս մասը տարագրվել օտար երկրներ։


ԱՐՂԱՆԱ, Արղան, գետ Արևմտյան Հայաստանում։ Միանալով Զիբենե գետին՝ առաջացնում է Արևմտյան Տիգրիսը։ Երկարությունը մոտ 100 կմ է, ավազանը՝ մոտ 1000 կմ2։ Սկիզբ է առնում Հայկական Տավրոսի արմ․ մասի հս․ լանջերից (1800 մ)` Ծովք լճից հվ․։ Միջին հոսանքում անցնում է անտառապատ ձորով։ Սնումը ձնաանձրևային է, վարարումը՝ մայիս–հունիս ամիսներին։ Ա–ի ավազանի միջին մասում հնուց (ուրարտական ժամանակաշրջանից) հայտնի են Արղանայի (այժմ՝Մադեն) պղնձահանքերը։
Գ․ Աբրահամյան


ԱՐՂՈՒԹՅԱՆ Հռվսեփ (23․5․1743, Սանահին - 9․3․1801, Թիֆլիս), հոգևորական, հայ ազատագրական շարժման գործիչ։ Արղության–Երկայնաբազուկների տոհմից։ Սովորել է Էջմիածնի վանական ճեմարանում՝ աշակերտելով Սիմեոն Ա Երևանցի կաթողիկոսին։ 1769-ին ձեռնադրվել է եպիսկոպոս, իսկ 1773-ին նշանակվել ռուսահայ թեմի առաջնորդ։ 1780-ի մարտի 10-ից միաժամանակ եղել է ղրիմահայության հոգևոր առաջնորդը։ 1778-ին Ա–ի գլխավորությամբ ղրիմահայերը գաղթել են Ռուսաստան և 1780-ին հիմնել Նոր Նախիջևանը։ 1792-ին Ա–ի նախաձեռնությամբ Մոլդովայից և Բեսարաբիայից գաղթած հայերի համար հիմնվել է Գրիգորիոպոլը։ 1780-ին Հ․ Լազարյանի հետ մասնակցել է Ռուսաստանի կովկասյան քաղաքականության և Հայաստանի ազատագրման համար Գ․ Ա․ Պոտյոմկինի հրավիրած խորհրդակցությանը։ Ձգտելով վերականգնել հայկ․ ինքնուրույն պետականությունը Ռուսաստանի գերիշխանության ներքո՝ Ա․ 1783-ին կազմել և ռուս. արքունիքին է ներկայացրել մի նախագիծ (տես Հայ–ռուսական դաշնագրության նախագծեր)։ Անձամբ մասնակցել է ռուս. զորքերի 1796-ի անդրկովկասյան արշավանքին, հատուկ կոչով դիմել հայ ժողովրդին՝ օգնելու ռուս. բանակին։ Ա․ եղել է Եկատերինա II-ի մտերիմներից։ 1789-ին Պավել I Ա–ին է հանձնել հայերի պաշտպանության մասին հրովարտակ։ Ա․ ռուսահայ առաջին տպարանի (Խալդարյան տպարան) հիմնադիրներից էր, հրատարակչական գործի կազմակերպիչն ու ոգեշնչողը։ Նրա ջանքերով ռուսահայ կենտրոններում (Պետերբուրգ, Նոր Նախիջևան, Աստրախան) հրատարակվել է ավելի քան քառասուն անուն գիրք։ Ա․ 1800-ին ընտրվել է Հայոց կաթողիկոս, սակայն չի օծվել, Էջմիածին չհասած, Թիֆլիսում հիվանդացել է և վախճանվել։
Գրկ․ Լեո, Հովսեփ կաթողիկոս Արղության, Թ․, 1902։ Աղանյան Գ․, Դիվանհայոց պատմության, գիրք 9, մաս 1, Թ․․ 1911։
Վ․ Բարխուդարյան


ԱՐՂՈՒԹՅԱՆ–ԵՐԿԱՅՆԱԲԱԶՈՒԿ Կոնստանտին Բարսեղի (ծն․ և մահ․ թթ․ անհտ), հայ իշխան, XIX դարի հասարակական գործիչ։ Ապրել և գործել է Գրիգորիոպոլում և Օդեսայում, եղել է ուսումնական օկրուգի հոգաբարձու։ Սերտ կապերի մեջ էր Լազարյան ճեմարանի հիմնադիրներից Խաչատուր Լազարյանի հետ։ Մասնակցել է Ռուսաստանի հովանավորության ներքո ինքնավար Հայաստան ստեղծելու ծրագրերին։ Ա–Ե․ առաջիններից մեկը ողջունեց Արևելյան Հայաստանի ազատագրումը պարսկական լծից՝ Հայկական մարզի ստեղծումը (1828) դիտելով որպես հայերի ինքնավարության նախաքայլ։ Սակայն, հիասթափվելով, քննադատաբար տրամադրվեց դեպի ցարական քաղաքականությունը։
Վ․ Դիլոյան


ԱՐՂՈՒԹՅԱՆ–ԵՐԿԱՅՆԱԲԱԶՈՒԿ Մովսես Զաքարի (1798, Թիֆլիս - 1855, թաղված է Սանահինում), հայ իշխան, գեներալ–լեյտենանտ։ Զինվորական ծառայության է անցել 1817-ին։ Մասնակցել է 1826-1828-ի ռուս–պարսկական և 1828-29-ի ռուս–թուրքական պատերազմներին, Երևանի գրավմանը (1827)։ Գործուն մասնակցություն է ունեցել պարսկահայերի