Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/87

Այս էջը սրբագրված է

ներգաղթի կազմակերպմանը։ 1829-ին նշանակվել է Հայկական մարզի պետ։ Հետագայում մասնակցել է Լեռնային Դաղստանի նվաճմանը։ 1847-ին նշանակվել է Դարբանդի զինվորական նահանգապետ, ապա՝ Մերձկասպյան երկրամասիզորքերի հրամանատար և քաղաքացիական նահանգապետ։ Հիմնել է Թեմիրխան–շուրա քաղաքը (այժմ՝ Բույնակսկ, Դաղստանի ԻՍՍՀ)։ Բազմիցս արշավել է Շամիլի դեմ։
Վ․ Դիլոյան


ԱՐՂՈՒԹՅԱՆ–ԵՐԿԱՅՆԱԲԱԶՈՒԿ Սոֆյա Վասիլի (1860, Թիֆլիս - 22․5․1954, Թբիլիսի), հայ մանկավարժ, հասարակական գործիչ։ Ավարտել է տեղի գիմնազիան, ապա՝ Պետերբուրգի Ֆրյոբելյան դասընթացները։ 1881-83-ին Թիֆլիսում կազմակերպել է առաջին մանկական գրադարանը, 1886-ին բացել դպրոց–պանսիոն և մանկապարտեզ, 1907-ին՝ Ֆրյոբելյան դասընթացներ։ Եղել է Թիֆլիսի հայ ուսուցչուհիների միության նախագահ, գրական–մանկավարժական գործի կազմակերպիչ։ Դասախոսել է Թիֆլիսի, այնուհետև Երևանի մանկավարժական ինստ–ներում։ Ա–Ե․ իր ձեռնարկներում և հոդվածներում անդրադարձել է գլխավորապես նախադպրոցականների դաստիարակության հարցերին («Մանկական պարտեզ», 1905)։
Հ․Ներսիսյան


ԱՐՂՈՒԹՅԱՆ–ԵՐԿԱՅՆԱԲԱԶՈՒԿՆԵՐ, հայ իշխանական տոհմ։ Սերել են Զաքարյանների տոհմից։ Ամիրսպասալար Սարդիս Զաքարյանը (մահ․ 1187) վրաց Գեորգի III թագավորից ստացել է «Մխարգրձելի» (Երկայնաբազուկ) անունը։ Զաքարյանների ժառանգորդները XIII դ․ վերջում, որպես վասալ, մոնղոլների Արդունխանից (1284-91) ստացել են «Արղութ» կամ «Արդուն» անունը, որը չաղաթայերեն նշանակում է «թիկունք», «կռնակ» և համապատասխանում է վրաց․ «Մխարգրձելի» անվանը։ Այսպիսով Զաքարյանների ժառանգորդները կոչվել են Ա–Ե․։ Վրաց Հերակլ II թագավորի 1783-ի երկլեզվյան (հայերեն, վրաց․) հրովարտակի մեջ Ա–Ե–ի մասին նշված է․ «․․․ Արղութեանցն, որք են Երկայնաբազուկք․ զի են ի միջոյ Սօմխէթու, այսինքն Հայաստանու, և Իվերիայու, այսինքն Վրաստանու, ազգ մեծ և երևելիք որպէս վկայեն պատմագիրքն մեր․․․» (Աղանյանց Գ․, Դիվան հայոց պատմության, հ․ 9, Թ․, 1911, էջ 395)։ Ա–Ե–ի ժառանգական սեփականությունն է եղել Լոռիի նախկին թագավորության տարածքը, սակայն XVIII դ․ նրանց մնացել էր միայն Սանահին գյուղը՝ շրջակայքով։ 1800-ին, Պավել I կայսեր հրամանով, Ա–Ե–ի տոհմը ընդունվել է ռուսական ազնվականության շարքը՝ ստանալով իշխանական տիտղոս։ Հաստատվել է նրանց հին իշխանական զինանշանը, որը վահան է՝ վրան Ա–Ե–ի ժառանգական սպարապետությունը խորհրդանշող դրոշով և այլ նշաններով։ Ա–Ե–ի տոհմից են սերվել XVIII դ․ վերջին քառորդի հայ–ռուսական հարաբերությունների և հայ ազատագրական շարժման նշանավոր գործիչ Հովսեփ կաթողիկոս Արղությանը, վերջինիս եղբորթոռ, ռուս. գեներալ Մովսես Արղության–Երկայնաբազուկը և այլ գործիչներ։ Նախահեղափոխական շրջանում Ա–Ե․ ապրել են Թիֆլիսում։ Ա–Ե–ի տոհմական դամբարանը գտնվում է Սանահինի վանքում, Զաքարյանների դամբարանների կողքին։
Գրկ․ Աղանյանց Գ․, Դիվան հայոց պատմության, հ․ 9, Թ․, 1911։ Լեո, Հովսեփ կաթողիկոս Արղության, Թ․, 1902։ Меликсет-Беков Л․, Сигель грузинского царя Ираклия II о князьях Аргутинских, «Христианский Восток», 1922, т․ 6․
Ս․ Երեմյան


ԱՐՂՈՒԹՅԱՆ ՀԱՅ ՕՐԻՈՐԴԱՑ ԴՊՐՈՑ, իգական դպրոց Ալեքսանդրապոլում, գործել է 1871 -1921-ին։ Հիմնվել է իշխան Ղահրաման Արղության–Երկայնաբազուկի կտակի համաձայն։ Բազմիցս փակվել է ցարական իշխանության կողմից և վերաբացվել (1879, 1884, 1896 ևն)։ Սկզբում ունեցել է 2 դասարան և 2 նախապատրաստական բաժանմունք (ուսման տևողությունը՝ 4 տարի)։ Ընդունվում էին 8-9 տարեկան աղջիկները։ Դասավանդվում էր կրոն, հայոց լեզու, ռուսաց լեզու, հայոց պատմություն, նկարչություն, ձեռագործ, թվաբանություն, գերմաներեն, վայելչագրություն։
Արղության աղջիկների դպրոց․ Ղ․ Աղայանը սանուհիների հետ
Մեկ տարի հետո դարձել է 6-ամյա, 1905-ին՝ միջնակարգ (214 աշակերտ)։ 1917-ին ունեցել է 385 աշակերտ, դասավանդվել են նաև նոր առարկաներ՝ հայրենագիտություն, ընդհանուր պատմություն, ռուսաց պատմություն, աշխարհագրություն, բնագիտություն, հանրահաշիվ, երկրաչափություն, ֆիզիկա, քիմիա, երգ, առողջապահություն, հայ գրականություն, ֆրանսերեն և մանկավարժություն։
Հ․ Ներսիսյան


ԱՐՃԱԿ, Արճիշակ, անհոսք լիճ Արևմտյան Հայաստանում, Վանա լճից արևելք, 1750 մ բարձրության վրա։ Մակերեսը 100 կմ2 է, խորությունը՝ 5-10 մ։ Գոգհովիտն ունի իջվածքային ծագում, առաջացել է նեոգենում։ Եզրավորված է Ներմիտ, Ախտա, Մահմեդիկ լեռնաշղթաներով։ Լիճն է թափվում Մահմեդիկ (Արճիշակ) գետը։ Ձմռանը սառցակալում է։
Ս․ Բալյան


ԱՐՃԱԿ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթում, Արճակ գավառում, Արճակ լճի հարավ–արևելյան ափին։ 1909-ին ուներ 160 տուն հայ բնակիչ։ Զբաղվում էին այգեգործությամբ, երկրագործությամբ, անասնապահությամբ, մասամբ՝ մեղվաբուծությամբ։ Գյուղը տեղական ճանապարհով կապված էր Վան քաղաքի հետ։ Ուներ եկեղեցի և նախակրթական ուսումնարան։ Բնակիչները գործուն մասնակցություն են ունեցել Վանի 1915-ի հերոսամարտին։ Ա․ ավերվել ու ամայացել է առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։ Բնակչության մի մասը զոհվել է 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ, մյուս մասը գաղթել ու ապաստանել է Արևելյան Հայաստանում և Հյուսիսային Կովկասում։
Ս․ Մելիք–Բախշյան


ԱՐՃԵՇ (Arges), գետ Ռումինիայում, Դանուբի ձախ վտակը։ Երկարությունը 335 կմ է, ավազանը՝ 12, 4 հզ․ կմ2։ Սկիզբ է առնում Ֆեգերաշ լեռնազանգվածից (Հարավային Կարպատներ)։ Ստորին հոսանքում անցնում է Ստորին Դանուբյան դաշտավայրով։ Հորդանում է գարնանը, վարարում՝ ամռանը։ Ա․Ռումինիայի լաստառաք գլխավոր գետերից է։ Ա–ի ափին է գտնվում Օլտենիցա քաղաքը։ Գետն Ա․ է կոչվել հայկական Արճեշ քաղաքի անունով, որը գետափին հիմնադրել են միջին դարերում Տուրուբերանի Արճեշ քաղաքից գաղթած հայերը։


ԱՐՃԵՇ, քաղաք Մեծ Հայքի Տուրուբերան նահանգի Աղիովիտ գավառում, Վանա լճի հյուսիսային ափին։ Ուրարտական շրջանում Ա․ հայտնի էր Արգիշտիունա անունով։ Հետագայում մտել է Արտաշեսյան և Արշակունի հայոց թագավորությունների մեջ։ Պարսկա–բյուզանդական պատերազմներում ունեցել է ռազմական կարևոր նշանակություն։ 624-ին Բյուզանդիայի Հերակլ կայսրը (610-641) Արևելք արշավելիս պաշարեց Ա․, երկար կռիվներ մղեց նրա պարիսպների տակ, գրավեց այն և ավերեց։ VII դ․ 2-րդ կեսին արաբները գրավեցին Ա․, քաղաքը վերածվեց արաբական ամրացված կայանի, ուր, հայկ․ և արաբ. սկզբնաղբյուրների վկայությամբ, կար արաբ. կայազոր։ Կարևոր էր Ա–ի դերը արաբա–բյուզանդական սահմանային գոտում։ Բացի արաբներից, առևտրական և արհեստավորական միջնախավի մեջ կային նաև ասորիներ, հրեաներ և պարսիկներ, որոնք ծառայում էին արաբների վարչական և բանակի մատակարարման մարմիններում։ Քանի որ Ա–ի բնակչության զգալի մասը արաբներ էին, ապա խալիֆայության դեմ 774-75-ի ապստամբության ժամանակ Ա․ չմասնակցեց շարժմանը և նույնիսկ դարձավ նրա դեմ պայքարի զորաճամբար։ Ապստամբները հարձակվեցին Ա–ի վրա, մինչդեռ քաղաքի արաբ բնակիչները այդ մասին տեղեկացրին զորապետ Ամրին, որը ճնշեց ապստամբությունը (տես Արճեշի ճակատամարտ 775)։
IX դ․ կեսից Ա–ում իշխել է Կայսիկների արաբական ցեղը։ 880-ական թթ․ քաղաքը գրավել է Աշոտ Ա Բագրատունին։ Բագրատունյաց օրոք Ա․ զորեղացել և բարգավաճել է՝ դառնալով Հայաստանի հվ–ով անցնող առևտրական մայրուղու կարևոր հանգուցակետերից մեկը։ Ա–ում շարունակեցին իշխել Կայսիկ ամիրաները, որոնք վասալական կախման մեջ էին հայ Բագրատունիներից։ 910-ական թթ․ Կայսիկների տիրույթները միմյանց միջև էին բաժանել երեք եղբայրներ։ Կրտսերը՝ Աբու–լ–Ասվադր, տիրում էր Ա–ին (Արծկեի և Խլաթի հետ)։ Վերջինիս մահից հետո քաղաքին տիրել է նրա հորեղբոր որդին։ 940-ին Ա․գրավել է Համդանյան ամիրա Սայֆ ալ–Դաուլան, որի ենթականերից Նաջանը, անկախանալով, իր իշխանու–