Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/95

Այս էջը սրբագրված է

բանակաթեմեր» արտահայտությունները, որտեղ նույնպես նկատի է առնված այդ բանակաթեմերի բնակչության ազգային պատկանելությունը։ Բյուզանդական աղբյուրներից (Կեդրենոս–Սկիլիցիա, Կոստանդին Ծիրանածին, Աննա Կոմնենա) երևում է, որ Ա․ բ․ ոչ թե Արմենիակների բանակաթեմն է, որը ընկած է Սեբաստիայից արմ․, այլ Բյուզանդիայի արլ․ սահմաններում գտնվող հայկական շրջաններն են։
Գրկ․ Glукatzi-Ahrweiler H․, Recherches sur 1 ’ administration del’ Empire Byzantin aux IX-XI-е siecles, P․, 1960․
Հ․ Բարթիկյան


ԱՐՄԵՆԻԱԿՆԵՐԻ ԲԱՆԱԿԱԹԵՄ (հանդիպում է ’Άρμενιαχων և ’Άρμενιαχόν ձևերով, առաջինը նշանակում է «հայերի», երկրորդը՝ «հայկական» բանակաթեմ), տարածությամբ և կարևորությամբ Բյուզանդական կայսրության երկրորդ բանակաթեմը։ Ա․ բ–ի անվանումը, ըստ Կոստանդին Ծիրանածնի, ծագել է «տեղում և հարևանությամբ ապրող հայերի» (Բյուզանդական կայսրության և նրա սահմաններից դուրս՝ Արևելյան Հայաստանում ապրող հայերի) անունից։ Բանակաթեմն ստեղծվել է Հերակլիոս կայսեր ժամանակ (610-641)։ Ա․ բ–ի առաջին զորավարն էր Մժեժ Գնունին։ Սկզբնապես Ա․ բ–ի տարածքը եղեք է ավելի ընդարձակ։ Թեոփիլոս կայսեր ժամանակ (829-842) այն բաժանվել է Արմենիակոն, Խարսիանոն և Կապադովկիա բանակաթեմերի, և Ա․ բ–ի մեջ մնացել են Հելենոպոնտոս, Պողեմոնյան Պոնտոս և Առաջին ու Երկրորդ Հայք երկրամասերը։ X դ․ նրա կազմի մեջ մնացել է միայն Հելենոպոնտոսը, քանի որ Պողեմոնյան Պոնտոսի մեծ մասից կազմվել է Խաղտիք բանակաթեմը, Առաջին Հայքից՝ Կոլոնիայի բանակաթեմը, Երկրորդ Հայքից՝ Սեբաստիայի բանակաթեմը։ Կոստանդին Ծիրանածինը Ա․ բ–ի կազմում հիշում է յոթ քաղաք․ Ամասիա, Աբորա (այժմ՝ Թուրհալ), Զալիքոս (այժմ՝ Ալաչամ), Անդրապա (այժմ՝ Վեգիր–Քյոփրու), Ամիսոս (Սամսոն), Նեոկեսարիա (Նիկսար) և Սինոպ։ Արաբ մատենագիր Իբն ալ–Ֆաքիհի վկայությամբ Ա․ բ–ի զորավարն իր տրամադրության տակ ունեցել է 9000 զինվոր, նստավայրը Ամիսոս ամրոցն էր։
Գրկ․ Կոստանդին Ծիրանածին, Ե․, 1970 (Օտար աղբյուրները Հայաստանի և հայերի մասին, 6․ Բյուզանդական աղբյուրներ, 2)։
Հ․ Բարթիկյան


ԱՐՄԵՆԻԵՐՇՏԱԴ, քաղաք Ռումինիայում։ Տես Գեռլա։


ԱՐՄԵՆԻԶՄ, տես Հայկաբանություն։


ԱՐՄԵՆԿՈՄ, տես Ռուսաստանի կոմունիստական (բոլշևիկների) կուսակցության Հայաստանի կոմիտե։


ԱՐՄԵՆՅԱՆ Արմեն (Իփեկյան Արմենակ) Նուրիջանի (10․9․1871, Կ․Պոլիս - 18․ 7․ 1965, Լենինական), հայ դերասան, ռեժիսոր։ ՀՍՍՀ ժող․ արտիստ (1935)։ Կրթությունն ստացել է Մխիթարյան միաբանության Կ․ Պոլսի գիշերօթիկ դպրոցում, ապա՝ Կեդրոնական վարժարանում։ 1891-ին մեկնել է Թիֆլիս, մասնակցել 1891-92-ի խաղաշրջանի ներկայացումներին (առաջին դերը՝ Գաստոն, Դյումա–որդու «Կամելիազարդ տիկինը» պիեսսում)։
Ն․ Արմենյան
1894-ին Համբուրգում դիտել է Է․ Դուգեի, ապա Ա․ Անտուանի թատրոնի, Բրյուսելում՝ Սառա Բեռնարի ներկայացումները։ Փարիզում մեկ թատերաշրջան աշխատել է Սառա Բեռնարի թատրոնում, 1895-97-ին եղել Պոլ Մունեի դրամատիկական ստուդիայի ուսանող, ապա ռեժիսորի օգնական՝ Փարիզի «Բուֆ դյունոր» թատրոնում, որոշ ժամանակ նաև՝ «Կոմեդի ֆրանսեզ»-ում՝ մոտիկից ուսումնասիրելով XIX դ․ վերջի ֆրանս․ բեմարվեստի սկզբունքները։ 1902-ին «Հայոց դրամատիկական ընկերության» հրավերով մեկնել է Թիֆլիս, բեմադրել Ֆ․ Կոպպեի «Կրեմոնիվնա գործը», Ա․ դը Մյուսսեի «Վաղաժամ վճիռ» և ֆրանս․ այլ պիեսներ, միաժամանակ խաղացել գլխավոր դերեր։ 1902-1903-ին Ա․ Բաքվի հայկական թատերախմբի ռեժիսոր էր և դերասան։ 1904-ին Ա․Նոր Նախիջևանում կազմակերպել է թատերախումբ, շրջագայել Անդրկովկասի, Հյուսիսային Կովկասի ու Ռուսաստանի հայաբնակ վայրերում։ Բեմադրել է Շիրվանզադեի «Պատվի համար»-ը, «Եվգինե»-ն, «Արմենուհի»-ն, «Կործանվածը», Մուրացանի «Ռուզան»-ը, Հ․ Պարոնյանի «Պաղտասար աղբար»-ը, Վրթ․ Փափազյանի «Ժայռ»-ը։ 1908-ին, Հ․ Աբելյանի հետ, ղեկավարել է «Աբելյան–Արմենյան» թատերախումբը։ Ա․ իր բեմադրություններում (Շեքսպիրի «Օթելլո», Շիլլերի «Ավազակներ», Շիրվանզադեի «Պատվի համար», Իբսենի «Դոկտոր Շտոկման» ևն) իրականացրել է դասական ռեալիզմի սկզբունքները՝ դերասանական անսամբլը ներդաշնակելով անհատական ստեղծագործությանը։ Ի հայտ է բերել նաև որոնող ռեժիսորի գծեր՝ ըստ դրամատուրգիական նյութի հակվելով մի դեպքում նատուրալիզմի հասնող հավաստիության (Ա․ Վարդանյանի «Գործադուլ», 1912), այլ դեպքում՝ պայմանականության և պոետական ռեալիզմի (Շանթի «Հին աստվածներ», 1913, երկուսն էլ՝ առաջին բեմադրություն)։
Ա․ Արմենյանը Շայլոկի դերում (Շեքսպիրի «Վենետի վաճառականը»)
Ա․ Արմենյանը Ֆրանցի դերում (Շիլլերի «Ավազակներ»)
Որպես դերասան Ա․ հետևել է հոգեբանական ռեալիզմի մեթոդին՝ մասամբ համադրելով ռոմանտիկական և նեոկլասիցիստական ոճերը։ Լավագույն դերերից են Յագո (Շեքսպիրի «Օթելլո»), Ֆրանց (Շիլլերի «Ավազակներ»), Յուստուս (Ֆուլդի «Հիմար»), Հարպագոն, Արգան (Մոլիերի «Ագահը», «Երևակայականհիվանդ»), Շայլոկ (Շեքսպիրի «Վենետիկի վաճառականը»)։
1914-17-ին Ա․ բեմական գործունեությունը շարունակել է Անդրկովկասի և Հյուսիսային Կովկասի քաղաքներում, 1917-21-ին՝ Իրանի հայկական գաղութում, 1921-26-ին՝ դարձյալ Հյուսիսային Կովկասում, ապա՝ Բաքվում, Թիֆլիսում, Ալեքսանդրապոլում և այլուր։ 1924-ին Մոսկվայում մոտիկից ծանոթացել է Կ․ Ստանիսլավսկու և Վ․ Նեմիրովիչ–Դանչենկոյի ստեղծագործական աշխատանքին, հետևել թատերական նորագույն երևույթներին, հատկապես՝ Վ․ Մեյերխոլդի փորձերին։ Այս շրջանում նա հիմնականում բեմադրել է սովետական նոր դրամատուրգիայի գործերը (Չարենցի «Կապկազ թամաշա», Լունաչարսկու «Արքայի սափրիչը», ավելի ուշ՝ Շչեգլովի «Բուք»-ը, Յանովսկու «Ցասում»-ը, Լևիտինայի «Դատավճիռ»-ը ևն)։ Ա–ի ամենահետաքրքիր ռեժիսորական փորձը Ա․ Աթայանի «Սասունցի Դավիթ» պիեսի բացօթյա բեմադրությունն է Ալեքսանդրապոլի «Կազաչի պոստ» վայրում (1922)՝ իր տեսակի մեջ ինքնատիպ մի թատերահանդես՝ 150 դերակատարներով (երգչախմբեր, հեծելախումբ, փողային նվագախումբ ևն), ի տես բնական ամֆիթատրոնում տեղավորված հազարավոր հանդիսականների։ Լինելով համաժողովրդական թատերահանդեսի գեղարվեստորեն արդարացված մի փորձ՝ այս բեմադրությունը խորհրդանշել է ժողովրդի սոցիալական և ազգային վերածնունդը։ Ա․ եղել է Ալեքսանդրապոլի Քաղլուսվարի թատրոնի և Սուխումի թատրոնի գլխ․ ռեժիսորը, 1934-ին հիմնադրել է Ալավերդու բանվորական թատրոնը։ 1935-ից աշխատել է Լենինականի Ա․ Մռավյանի անվ․ թատրոնում։ Բեմադրել է ավելի քան 100 պիես և խաղացել շուրջ 150 դեր։ Նա հեղինակ է բեմական արվեստի տարբեր խնդիրներ շոշափող հոդվածների, գրել է «60 տարի հայ բեմի վրա» (1954) հուշերի գիրքը, կատարել է թարգմանություններ, զբաղվել ասմունքով։ Պարգևատրվել է «Պատվո նշան» և Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով։
Գրկ․ Մուրադյան Ն․, Արմեն Արմենյան, Ե․, 1959։ Խալաթյան Լ․, Արմեն Արմենյան, Ե․, 1961։ Մադոյան Ռ․, Թատրոնի ուղին, Ե․, 1967։ Հայ սովետական թատրոնի պատմություն, Ե․, 1967։ Ризаев С․, Режиссура в армянском театре, Е․, 1968․
Ս․ Սարգսյան, Հ․ Հովհաննիսյան


ԱՐՄԵՆՅԱՆ Գևորգ Արտաշեսի (ծն․5․ 1․ 1920, Թիֆլիս), հայ կոմպոզիտոր և երաժիշտ–մանկավարժ։ ՀՍՍՀ արվեստի վաստ․ գործիչ (1965)։ ՍՄԿԿ անդամ 1943-ից։ 1953-ին ավարտել է Երևանի կոնսերվատորիան, 1958-ին՝ Լենինգրադի կոնսերվատորիայի ասպիրանտուրան։