Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/97

Այս էջը սրբագրված է

Հայաստանը (որի անունով էլ կոչվել է Ա.)․ Վիրքը, Աղվանքը և Դարբանդը։ Հս–ից նրա սահմանն էր Կովկասյան լեռնաշղթան, հվ–ից՝ Վերին Միջագետքն ու Ատրպատականը, արլ–ից՝ Կասպից ծովը, արմ–ից՝ արաբա–բյուզանդական սահմանային գոտին։ Մայրաքաղաքն էր Դվինը, 789-ից՝ նաև Պարտավը։ IX․ Վերին Միջագետքի, Ատրպատականի և արաբա–բյուզանդական սահմանային գոտու հետ կազմել է հյուսիսային փոխարքայությունը։ Ա․ կառավարել են արաբ կառավարիչները (ոստիկաններ), բուն արաբ, տիրապետության տարիներին (701-855) միմյանց հաջորդել են հարյուրից ավելի ոստիկաններ։ Արաբ աշխարհագիրների ավանդական քառակի բաժանումը (Ա, Բ, Գ և Դ Ա–ներ) վարչական ոչ մի հիմք չի ունեցել և պարզապես եղել է արձագանք մինչ արաբ, նվաճումները գոյություն ունեցող իրողության։ Հայաստանն ու Վիրքը կառավարել են նրանց իշխանները (Հայոց իշխան են), իսկ Աղվանքն ու Դարբանդը՝ տեղական կառավարիչները։ 830-ական թվականներին, երբ Բագարատ Բագրատունին դարձավ Իշխանաց իշխան, հայ Բագրատունիները համարվեցին ոստիկանի տեղապահներ։ Ա․ռազմավարական ավելի մեծ նշանակություն ուներ, քան որևէ այլ նահանգ, քանի որ սահմանակից էր խալիֆայության երկու գլխավոր թշնամիներին՝ Բյուզանդիային ու խազարներին։ Այստեղ էին կենտրոնացած խալիֆայության գլխավոր ուժերը (ըստ աղբյուրների՝ մինչե 150 հզ․զորք)։ Խալիֆայության հարկացուցակներում Ա․ բարձր գումար վճարող նահանգներից էր, ընդ որում, Աբբասյանների ժամանակ վճարել է և՝ դրամական հարկ, և՝ բնահարկ։ Դրամական նվազագույն հարկը կազմել է 4 մլն․ արծաթ դրամ (դիրհեմ), իսկ VIII դ․ վերջին հասել է առավելագույնի՝ 13 մլն․։ 862-ից սկսած, մանավանդ 880-ական թթ․, Ա․ քայքայվել է, նրանից առաջացել են Հայոց (Բագրատունյաց), Վրաց թագավորությունները, Շիրվանի ու Դարբանդի ամիրայությունները։
Գրկ․ Նալբանդյան Հ․, Արաբացի ոստիկանները Հայաստանում, «Տեղեկագիր ՀՍՍՀ ԳԱ, հաս․ գիտ․», 1956, ․N: 8։ Մելիք–Բախշյան Ս․ Տ․, Հայաստանը VII-IX դարերում, Ե․, 1968։
Ա․ Տեր–Ղևոնդյան


«ԱՐՄԻՆԻԸՆ ԴԱՅՋԵՍԹ» («Armenian Diges», «Հայկական բանբեր»), անգլերեն հայագիտական ամսագիր։ Լույս է տեսնում Նյու Յորքում, 1970-ից։ Հրատարակիչ–տնօրենն է Թանգյան–Թադեոսյան հրատարակչական ընկերության ղեկավարներից Հ․ Նազարենցը (Թանգյան), գլխավոր խմբագիրը՝ Ջ․ O’ Բրայլնը։ Ամսագրի նպատակն է ամերիկացիներին և անգլիախոս ամերիկահայերին ծանոթացնել հայ գրականությունը, արվեստն ու պատմությունը, պրոպագանդել սփյուռքի և Սովետական Հայաստանի մշակութային կյանքը։ Հրատարակում է օտար հեղինակների հայագիտության, հայ ժողովրդի պատմության ու մշակութային արժեքներին վերաբերող հոդվածներ։ Հայ դասական գրականությունից թարգմանաբար տպագրել է Հ․ Թումանյանի «Քաջ Նազար»-ը, «Գիքոր»-ը, Ա․ Իսահակյանի «Աբու–Լալա Մահարի»-ն ևն։
Արմինիըն դայջեսթ» ամսագրի շապիկը
Յուրաքանչյուր համարում զետեղում է հայերեն մի երգ։ Աշխատակցում են Ա․ Կարապը, Ա․ Զերեջյանը, Ռ․ Ֆաուքեսը, Պ․ Ժամկոչյանը և ուրիշներ։
Գ․ Քեշիշյան


ԱՐՄԻՆԻԸՆ ՄԻՐԸՐ–ՍՓԵՔԹԵՅԹԸՐ («The Armenian Mirror-Spectator», «Հայկական հայելի–հանդիսատես»), հասարակական–քաղաքական և մշակութային շաբաթաթերթ, լույս է տեսնում անգլերեն, 1932-ից, Ուոթըրթաունում (ԱՄՆ)։ Ստեղծվել է նախկինում լույս տեսնող «Արմինիըն միրըր» և «Արմինիըն սփեքթեյթըր» թերթերի միացումով։ Խմբագիրներ՝ Վ․ Սամվելյան, ապա՝ Վ․ Քելլի։ Հրատարակում է ռամկավար ազատական կուսակցության (ՌԱԿ) Հյուսիսային Ամերիկայի շրջանային վարչությունը։ Լայն տեղ է հատկացնում միջազգային քաղաքական իրադարձություններին, ինչպես նաև սփյուռքահայ, հատկապես ամերիկահայ կյանքին, ջատագովում է Սովետական Հայաստանի մշակութային, գիտական և տնտեսական վերելքը, ԱՄՆ–ի հայերեն չիմացող հայ երիտասարդներին ծանոթացնում է հայրենիքի նվաճումներին, հայ ժողովրդի պատմությանը։ Թերթը նպաստում է ամերիկահայերին Սովետական Հայաստանի շուրջը համախմբվելուն։ Որպես ՌԱԿ–ի հրատարակություն, շաբաթաթերթը զուսպ է կոմունիստական գաղափարախոսության հարցերում, բայց հստակ դիրքորոշում ունի դաշնակցության դեմ։
Գ․ Քեշիշյան
«Արմինիըն միրըր–սփեքթեյթըր» թերթի գլխագիրը


ԱՐՄԻՆԻՈՍ (Arminius) Արմին (մ․ թ․ա․ մոտ 18 - մ․ թ․ մոտ 19), գերմանական խերուսկներ ցեղի առաջնորդ։ Հռոմի դեմ խերուսկների ապստամբության ղեկավար։ Մ․ թ․ 9-ին Ա․ Տևտոբուրգյան անտառում պարտության է մատնել Գերմանիայի հռոմեական կուսակալ Կվինտիլոս Վարոսի բանակին։ Բայց դա չի կանխել հռոմեացիների ներթափանցումը Գերմանիա։ Ա․սպանվել է նրա անձնիշխան հակումներից դժգոհ տոհմիկ ավագանու դավադրությամբ։


ԱՐՄԻՍ [Արմենակ Միսիրյան, ծն․ 1901, Ադիյաման (Թուրքիա)], հայ նկարիչ։ Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրում, ապա Հալեպում, որտեղ հաստատվել է 1915-ից հետո։ 1930-ին տեղափոխվել է Փարիզ, հաճախել Ժյուլիան և Գրանդ Շոմիեր ակադեմիաները։ Մասնակցել է ֆրանսահայ նկարիչների «Անի» ընկերության ցուցահանդեսներին։ Իբրև գեղանկարիչ ճանաչում է գտել 1952-ից։ 1959-ին արժանացել է «Պոպուլիստ» սալոնի առաջին մրցանակին։ Մեծ եղեռնի, ինչպես և իր ժողովրդի վերապրումի թեմաներով քսան կտավ նա ցուցադրել է Փարիզում, Ցյուրիխում և Ամստերդամում։ 1956-ին այցելել է Սովետական Հայաստան։ 1964-ին Երևանում կազմակերպվել է Ա–ի անհատական ցուցահանդեսը։ Իր գործերի մի մասը նվիրել է Հայաստանի պետական պատկերասրահին («Երեք բարեկամներ», 1955, «Ընտանիք», 1959, «Սայլը նրբանցքում», 1960, «Երիտասարդություն», 1961, «Կիթառահարը», 1963 ևն)։ 1965-ին Հալեպում լույս է տեսել Ա–ի «Դրվագներ նկարչական կյանքես» գիրքը։
Շ․ Խաչատրյան


ԱՐՄՃԱՆ, Արմջան, գյուղ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Բալու գավառում, Բալու քաղաքից արևմուտք։ 1915-ին ուներ 70 տուն հայ բնակիչ, որոնք զբաղվում էին երկրագործությամբ, այգեգործությամբ և մեղվաբուծությամբ։ Տեղական ճանապարհով կապված էր Բալու քաղաքի հետ։ Ա–ում կար եկեղեցի (Ս․ Սարգիս) և նախակրթական վարժարան։ Ավերվել է առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։ Բնակչության մի մասը զոհվել է։
Ս․ Մելիք–Բախշյան


ԱՐՄՅԱՆՍԿ, Արմյանսկի բազար, Օրբազար, քաղաք Ուկրաինական ՍՍՀ Ղրիմի մարզում։ Ա․ Ղրիմի բարգավաճող քաղաքներից է, հայտնի քիմիական արդյունաբերությամբ։ Իններորդ հնգամյակի վերջում նախատեսվում է Ա–ի բնակչությունը հասցնել 40 հզ․։ Որպես բնակավայր 1330-ական թթ․ հիմնել են Ղրիմ գաղթած մի քանի հայ ընտանիքներ։ 1736-ին ռուսական արշավանքների հետևանքով Պերեկոպի պարանոցում ավերված Օր–Կապուրից դուրս մղված հայերը ևս հաստատվել են Ա–ում՝ ընդարձակելով հայ գաղութը։ Հայերի գործունեության շնորհիվ միջազգային առևտրական հարաբերություններում գնալով մեծացել է Ա–ի դերը։ XVIII դ․ երկրորդ կեսին Ա․հայտնի էր որպես վաճառաշահ կենտրոն։ XIX դ․ երկրորդ կեսին Ա–ում ապրել են շուրջ 500 հայեր, որոնք ունեցել են եկեղեցի (կառուցված 1806-ին) և ծխական դպրոց։ 1861-63-ին հայերը կառուցել են Ս․ Աստվածածին գմբեթավոր, քարաշեն եկեղեցին։ Ա․ XX դ․ սկզբին ուներ շուրջ 5000 բնակիչ (մի մասը հայեր)։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ռմբակոծությունից ավերվեցին քաղաքի հին շինությունները, այդ թվում՝ հայկական եկեղեցին։
Գ․ Գրիգորյան


ԱՐՄՅԱՆՍԿ, հայաբնակ խուտոր ՌՍՖՍՀ Կրասնոդարի երկրամասի Ապշերոնսկի շրջանում, շրջկենտրոնից 34 կմ հարավ։ Բնակչությունը զբաղվում է անտառամշակմամբ։ Ունի տարրական դպրոց,