դպրոցներում։ Ճեմարանը պահվում էր հիմնականում Էջմիածնի վանքի եկամուտներով և բարերարների նվիրատվություններով։ Ըստ ուսումնական պլանի, սկզբում ավանդվում էր 23 առարկա, որից 9-ը՝ կրոնական։ Հետագայում վերջիններիս թիվը հետզհետե նվազեց, ավելացան ֆիզիկա–մաթեմատիկական, բնագիտա-աշխարհագրական առարկաները և նրանց հատկացված ժամերը։ Շրջանավարտների քննական շարադրությունների թեմաները կրոնաբարոյականի փոխարեն հիմնականում նվիրվում էին հայոց լեզվին ու գրականությանը, հայ ժողովրդի պատմությանը, մանկավարժությանն ու հոգեբանությանը։ Հակառակ իր հոգևոր բնույթին՝ Գ․ ճ–ում ավելի շատ իշխել է աշխարհիկ ոգին։ Սովորողները հաճախ պայքարել են ուսուցման նոր մեթոդներ կիրառելու, պահպանողական ուսուցիչներին հեռացնելու, աշխարհիկ ոգին ուժեղացնելու համար։ 1878, 1883, 1891, 1894-ին սովորողների բուռն ելույթներ են տեղի ունեցել։ XX դ․ սկզբից հիմնվում են սոցիալ–դեմոկրատական խմբակներ։ 1905-ի հեղափոխության ազդեցությամբ վերացվել են ճեմարանականների կրոնական համազգեստը, պարտադիր եկեղեցի հաճախելը, թերթեր ընթերցելու արգելքները։ Սաները սեփական մամուլ ունևնալու իրավունք են ստացել։ 1915-ից սկսած, իմպերիալիստական պատերազմի տարիներին, Գ․ ճ–ում ուժեղանում է մարքսիստական գաղափարների ազդեցությունը, ծավալվում է բոլշևիկևերի գործունեությունը շնորհիվ Ա․ Հովհաննիսյանի, Ա․ Միկոյանի, Ա․ Շահգելդյանի և ուրիշների։ Աշակերտության շրջանում նրանց եռանդուն աշխատանքի արդյունք էր ճեմարանի ղեկավարությանը ներկայացված բողոքագիրը, որտեղ աշակերտները պաևանջում էին արմատական փոփոխություններ մտցնել ճեմարանի կյանքում։ 1917-ի դեկտ․ 21-ին ճեմարանը փակվեց։
Գ․ ճ․ խոշոր դեր է կատարել հայ մշակույթի պատմության մեջ։ Տարբեր տարիներ այստեղ դասախոսել են Կոմիտասը, Կարա–Մուրզան, Վ․ Սուրենյանցը, Ե․ Թադևոսյանը, Մ․ Աբեղյանը, Հ․ Աճառյանը, Ա․ Լիսիցյանը, Գ․ Լևոնյանը, Հ․ Հովհաննիսյանը, Կ․ Կոստանյանը, Ս․ Մանդինյանը, Գ․ Էդիլյանը, Ա․ Հովհաննիսյանը և ուրիշներ։ Գ․ ճ–ում լուծվել են հայագիտական բազմաթիվ կարևոր հարցեր, մշակվել են հայկ․ դպրոցների ուս․ պլաններ, կազմվել են դասագրքեր և ուս․ ծրագրեր։ Այստեղ են պատրաստվել, քննարկվել և տպագրության արժանացել հայոց լեզվին, պատմությանը, մանկավարժությանը վերաբերող բազմաթիվ բարձրարժեք աշխատություններ։ Շրջանավարտների մեծ մասը նվիրվել է մանկավարժությանը կամ զբաղվել հասարակական–քաղաքական ու գիտական գործունեությամբ։
Գ․ ճ–ում կրթություն են ստացել Կոմիտասը, Մ․ Աբեղյանը, Ս․ Մելիքյանը, Ե․ Թադևոսյանը, Կ․ Տեր-Մկրտչյանը, Գ․ Հովսեփյանը, Ա․ Շահմուրադյանը, Գ․ Լևոնյանը, Ա․ Միկոյանը, Ա․ Մռավյանը, Պ․ Մակինցյանը և ուրիշներ։
ԳԵՏԱԲԵԿ, Գետաբակ, քաղաքատիպ ավան, Ադրբեջանական ՍՍՀ Գետաբեկի շրջանի կենտրոնը։ Գտնվում է Փոքր Կովկասի նախալեռներում։ Գ–ի հարուստ պղնձահանքերի մասին հիշատակել են հայ մատենագիրները։ Գ–ի շրջա–կայքում կան կիկլոպյան ամրոցներ, ուշ բրոնզի և վաղ երկաթի դարի դամբարաններ (հատկապես՝ քարարկղային), որտեղ հայտնաբերվել են բրոնզե գոտիներ (մարդկանց, կենդանիների, բույսերի և այլ նկարներով), զենքեր, զարդեր, քարե նախշազարդ ամաններ, աշխատանքի գործիքներ, խեցեղեն։ XIX դ․ վերջին Գ–ում պեղումներ են կատարել գերմանացի ճարտարապետ Վ․ Քելքը և ռուս հնագետ Ա․ Իվանովսկին։
ԳԵՏԱԲԵՐԱՆ, գետի վերջին հատվածը՝ ծովի, լճի կամ մեկ այլ գետի մեջ թափվելու տեղում։ Տարբերում են հետնյալ տիպերը. կույր, սովորական կամ հասարակ, դելտա, լիման, էստուար։ Սովորաբար Գ–ում են գտնվում խոշոր նավահանգիստները։
ԳԵՏԱԶԱՏ (մինչև 1948-ը՝ Աղջաղշլաղ, 1948–1967-ը՝ Գետաշեն), գյուղ Հայկական ՍՍՀ Արտաշաւոի շրջանում, Ազատ գետի աջ ափին, շրջկենտրոնից 10 կմ հյուսիս։ Կոլտնտեսությունն զբաղվում է այգեգործությամբ, պտղաբուծությամբ, բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ, անասնապահությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, ակումբ, գրադարան, կինո, կենցաղսպասարկման տաղավարներ։ Գյուղատնտ․ արտադրության հաջողությունների համար կոլտնտեսականներ Դ․ Ս․ Մանուկյանին և Ա․ Ա․ Քարամյանին շնորհվել է սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչում։ Բնակիչները ներգաղթել են Խոյ և Սալմաստ գավառներից, 1923-ին։
ԳԵՏԱԹԱՂ, գյուղ Հայկական ՍՍՀ Սիսիանի շրջանում, շրջկենտրոնից 18 կմ հարավ–արևելք։ Կոլտնտեսությունն զբաղվում է դաշտավարությամբ, այգեգործությամբ և անասնապահությամբ։ Ունի տարրական դպրոց, գրադարան, ակումբ։
ԳԵՏԱԿԻՆՃԵՐ, տապիրներ (Tapiridae), միասմբակավորների կարգի կաթնասունների ընտանիք։ Խոշոր կենդանիներ են, քաշը 225–300 կգ է, մարմնի երկարությունը՝ մինչև 250 սմ, մնդավի բարձրությունը՝ 75–120 սմ: Պոչը կարճ է (5–10 սմ)։ Գլուխը երկարավուն է, փոքր ու շարժուն կնճիթով։ Աչքերը մանր են, ականջները՝ կարճ։ Առջևի վերջավորություններն ունեն 4-ական, ետինները՝ 3-ական մատ։ Մաշկը հաստ է, պատված կարճ մազերով։ Լսողությունը և հոտառությունը զարգացած են։ Մթնշաղային և գիշերային կենդանիներ են։ Ապրում են ճահճոտ անտառներում ու թփուտներում։ Շարժունակ են, լավ լողում ու սուզվում են։ Սնվում են ծառերի, թփերի տերևներով ու ցողուններով, խոտաբույսերով։ Արուներն ու էգերը ապրում են առանձին, մերձենում միայն զուգավորման ժամանակ։ Ունենում են 1 ձագ, որը մինչև 6–7 ամիս լինում է բծավոր։ Պահպանվել է Գ–ի 5 տեսակ (մեկը՝ Հարավ–Արևելյան Ասիայում, չորսը՝ Հարավային Ամերիկայում)։ Օգտագործում են միսը և մաշկը։
ԳԵՏԱՁԻԵՐ (Hippopotamidae), ոչ որոճողների կարգի զույգ սմբակավոր կաթնասունների ընտանիք։ Ընդգրկում է 2 սեռ, 1-ական տեսակներով։ Սովորական գետաձի (Hippopotamus amphibius), խոշոր խոտակեր կենդանի է։ Հասուն արուի մարմնի երկարությունը մինչև 4,5 մ է, բարձրությունը՝ մոտ 1,5 մ, քաշը՝ 3–4,5 տ։ Մարմինը երկարավուն է, մաշկը հաստ, գրեթե մերկ, գորշ։ Գլուխը մեծ է, դունչը՝ լայն, աչքերը փոքր են,ականջները՝ կարճ։ Ոտքերը հաստ են, կարճ, մատները միացած են փոքր լողաթաղանթով։ Ապրում են հոտերով, օրվա մեծ մասը լինում է ջրում և սնվում ջրային բույսերով։ Ունենում են 1 ձագ։ Պահպանվել է միայն Հասարակածային Աֆրիկայում։ Լիբերիական կամ թզուկ գետաձի (Choeropsis liberiensis), մարմինը համեմատաբար փոքր է (երկարությունը՝ 1,5–1,75 մ, բարձրությունը՝ մինչև 1 մ, քաշը՝ 160–240 կգ)։ Գիշերային կենդանի է։ Ապրում է արևադարձային անտառներում, ջրին մոտ։ Սնվում է բույսերի արմատներով ու արմատապտուղևերով։ Չնայած պահպանման համար ձեռնարկված միջոցներին, նրանց թիվը խիստ կրճատվում է։
ԳԵՏԱՄԵՋ (մինչև 1948-ը՝ Քեթրան), գյուղ Հայկական ՍՍՀ Նաիրիի շրջանում, շրջկենտրոնից 9 կմ հարավ–արևելք, Հրազդանի կիրճում, Հրազդան գետի ձախ ափին։ Վարչա–տերիտորիալ կարգով ենթարկվում է Նոր Հաճընի ավանային սովետին։ Ունի թռչնաբուծական գործարան, հանրակրթական ութամյա և միջնակարգ հեռակա դպրոցներ, ակումբ, գրադարան, կինո, բուժկայան, մանկապարտեզ։ Գործում է ճշգրիտ քարերի Արզնու արտադրա–