Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/310

Այս էջը սրբագրված է

ղաքային) ժող. դաաարանները, ինչպես նաև զինտրիբունալները։

ԴԱՏԱՐԱՆԱԿԱԶՄՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔ ՀՍՍՀ օրենսդրական ակտ. ընդունվել է ՍՍՀ Միության, միութենական և ինքնավար հանրապետությունների դատարանակազմության օրենսդրության հիմունքների հիման վրա, 1959-ի նոյեմբ. 20-ին։ Վերարտադրելով հիմունքների դրույթները՝ սահմանում է ՀՍՍՀ դատական համակարգի կառուցվածքը՝ շրջանային (քաղաքային) ժողդատարաններ կազմակերպելու կարգն ու դրանց իրավասությունների շրջանակը։ Որոշում է ՀՍՍՀ գերագույն դատարանի տեղը դատական համակարգում նրա ընտրության, կառուցվածքի ու գործունեության կարգը և լուծում այլ խնդիրներ։

ԴԱՏԱՐԱՆԱԿԱԶՄՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐ ՍՍՀ Միության, միութենական և ինքնավար հանրապետությունների դատարանակազմության օրենսդրության հիմունքներ, ընդհանուր միութենական օրենսդրական ակտ։ Հաստատել է ՍՍՀՄ Գերագույն սովետը՝ 1958-ի դեկտ. 25-ին։ Հիմունքները որոշում են սովետական դատարանակազմության ընդհանուր դրույթերը՝ դատական համակարգի կառուցվածքը, սոցիալիստական արդարադատության նպատակները, դատարանի խնդիրները, իրականացման միջոցները, դատարանների կազմակերպման ու գործունեության հիմնական սկզբունքները։ Հիմունքներով սահմանվում է դատարանների ընտրությունների կարգը, դրանց կառուցվածքն ու լիազորությունների շրջանակը։ Նախատեսվում է միութենական հանրապետությունների գերագույն դատարանների համակարգում կազմակերպել պլենումներ։ Սահմանվել է նաև, որ միութենական հանրապետությունների գերագույն դատարանների հիմնական խնդիրները տվյալ հանրապետության բոլոր դատարանների համար միասնական դատական պրակտիկա հաստատելն Է։ Հիմունքներով սահմանված են դատավորների և ատենակալների հավասար իրավունքներ, նրանց ետ կանչելու, դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու դրույթներ։ Հիմունք երը որոշում են նաև դատավորներին ու ժող. ատենակալներին քրեական պատասխանատվության ենթարկելու կարգը։ Հիմունքների համաձայն միութենական հանրապետությունների դատարանների և զինվորական տրիբունալների նկատմամբ կազմակերպական ղեկավարությունն իրականացնում է ՍՍՀՄ արդարադատության մինիստրությունը, իսկ ինքնավար հանրապետությունների ու ազգային օկրուգների, ինչպես նաև շրջանային (քաղաքային) ժող. դատարանների նկատմամբ (մարզային բաժանում չունեցող միութենական հանրապետություններում)՝ միութենական հանրապետությունների արդարադատության մինիստրությունները։ Մ. Թովմասյան

ԴԱՏԵՄ Թադեմ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթում։ XX դ. սկզբին ուներ ավելի քան 200 տուն հայ բն.։ Զբաղվում էին երկրագործությամբ։ Ուներ եկեղեցի (Ս. Աստվածածին) և նույնանուն վարժարան՝ 100 աշակերտով։ Դ-ի մոտակայքում էր Դատեմու վանքը։ Բնակիչները տեղահանվել են 1915-ին՝ Մեծ եղեռնի ժամանակ։

ԴԱՏՈԼԻԹ (<հուն. δατεῖομαι - բաժանել և … լիթ - միներալ), սիլիկատների խմբից. Ca2B2[SiO4].[OH]2: Պարունակում է 21,8% B2O3: Բյուրեղագիտական համակարգը մոնոկլինային է։ Գույնը՝ սպիտակ, բաց կանաչ, բաց դեղին են։ Կարծրությունը՝ 5-5,5, խտությունը՝ 3000 կգ/մ3: Բյուրեղները ավելի հաճախ հատիկավոր ագրեգատների ձևով հանդիպում են հանքային երակներում՝ սուլֆիդների և արտավիժված ապարների դատարկություններում՝ կալցիտի, պրենիտի, ցեոլիտների հետ։ Բորի ստացման կարևոր հումքն Է։ ՍՍՀՄ-ում զգալի կուտակներ կան Ղրիմում, Թբիլիսիի մոտակայքում, Հյուսիսային Ուրալում, արտասահմանում՝ ԱՄՆ-ում և Նորվեգիայում։

ԴԱՏՈՂՈՒԹՅՈՒՆ մտքի ձև, որն արտացոլում է իրականության կապերն ու հարաբերությունները՝ հաստատման կամ ժխտման միջոցով։ Օրինակ՝ «Շփումը ջերմության աղբյուր է», «Թբիլիսին չի գտնվում Երևանից հարավ»: Դ. լինում է իմաստավորված կամ անիմաստ (վերջին դեպքում հաստատումը կամ ժխտումը վերաբերում է տարբեր առարկայական տիրույթների կապերին և հարաբերություններին կամ արտահայտում է անավարտ միտք): Ըստ տեսակների բաժանվում Է. պարզ Դ. (երբ Դ-յան ոչ մի տարր չի կարող հանդես գալ որպես ինքնուրույն Դ.) և բարդ Դ. (երբ Դ. ստացվում է մեկից ավելի պարզ Դ-ների և տրամաբանական շաղկապների միջոցով): Պարզ իմաստավորված Դ. ճշմարիտ է, երբ համապատասխանում է օբյեկտիվ իրականությանը, և կեղծ, երբ չի համապատասխանում։ Բարդ Դ-յան ճշմարտության արժեքները որոշվում են նրա կազմում հանդես եկող պարզ Դ-յան ճշմարտային արժեքներով։ Պարզ Դ-յան տեսակներն են՝ հատկության (ատրիբուտային) Դ., երբ մի որևէ առարկայի որևէ հատկություն է վերագրվում հաստատման կամ ժխտման եղանակով, հարաբերության Դ., երբ երկու կամ ավելի առարկաների միջև հաստատվում կամ ժխտվում է որևէ հարաբերություն։ Հատկության Դ-յան կազմում առանձնացվում է սուբյեկտը (հասկացություն մտքի առարկայի մասին, նշանակվում է Տ տառով) և պրեդիկատը (հասկացություն այն հատկության մասին, որը հաստատվում կամ ժխտվում է մտքի առարկայի վերաբերյալ, նշանակվում է Р տառով): Երբեմն հատկության Դ-յան կազմում առանձնացվում է նաև կապը (copula), որը ժխտող կամ հաստատող մասնիկ է։ Հատկության Դ-յան բանաձևերն են՝ Տ-ը P է, Տ-ը P չէ։ Հարաբերության մասին Դ. արտահայտվում է aRb, R(a, b, с) և նման կարգի բանաձևերով, որտեղ а, b, с … առարկաների նշանակումներն են, իսկ R այդ առարկաների հարաբերության նշանակումը։ Ըստ որակի պարզ Դ. լինում է՝ հաստատական և ժխտական, ըստ քանակի՝ ընդհանուր, մասնավոր և եզակի։ Ըստ որակի և քանակի լինում են՝ ընդհանուր-հաստատական, ընդհանուր-ժխտական, մասնավոր-հաստատական, մասնավոր-ժխտական։ Ըստ մոդալականության Դ. լինում է հավանական և հավաստի (վերջինս իր հերթին կարող է լինել իրականության և անհրաժեշտության): Դ-յան մոդալականության հետազոտությամբ զբաղվում է մոդալ տրամաբանությունը։ Բարդ Դ-յան տեսակներն են՝ կոնյունկտիվ (միացյալ) Դ., դիզյունկտիվ (բաժանարար) Դ., իմպլիկատիվ (պայմանական) Դ., համարժեքության Դ. ևն։ Մաթեմատիկական տրամաբանության մեջ Դ-յանը համապատասխանում է ասույթը։ Ձևական տրամաբանությունն ուսումնասիրում է Դ-յան կառուցվածքը, տեսակները, դրանք դասակարգում է հիմնականում ելնելով Դ-յան կազմում հանդես եկող հասկացությունների ծավալային հարաբերություններից՝ այս կամ այն չափով վերացարկվելով Դ-յան կոնկրետ բովանդակությունից։ Դիալեկտիկական տրամաբանությունը Դ. դասակարգում է՝ ելնելով իմացության պրոցեսում ունեցած նրանց ճանաչողական դերից, այն բանից, թե պատմականորեն և տրամաբանորեն Դ-յան յուրաքանչյուր տեսակ ինչպես է խորացնում մեր գիտելիքները տվյալ բնագավառում։ Նման դասակարգման դեպքում Դ-ների միջև սահմանվում է սուբորդինացիայի հարաբերություն, իմացական տեսակետից Դ-յան բարձր ձևը բխեցվում է ցածր ձևից։ Հեգելն առաջարկել է Դ-յան հետևյալ դասակարգումը՝ առգոյության. որևէ եզակի առարկայի վերաբերյալ հաստատվում կամ ժխտվում է որևէ ընդհանուր հատկություն, ռեֆլեքսիայի՝ սուբյեկտի մասին արտահայտվում է որոշ հարաբերություն, անհրաժեշտության՝ սուբյեկտի մասին արտահայտվում է նրա սուբստանցիոնալ որոշակիությունը, հասկացության՝ սուբյեկտի մասին արտահայտվում է այն, թե նա ինչ չափով է համապատասխանում իր հասկացությանը (իր ընդհանուր բնությանը): Ֆ. էնգելսի դասակարգմամբ Դ-ները լինում են եզակիության՝ արձանագրում է եզակի փաստ, հատկականության՝ ցույց է տալիս, որ մի որևէ հատուկ ձև (ասենք, մեխանիկական շարժումը) որոշակի պայմաններում երևան է բերում մեկ այլ հատուկ ձևի փոխարկվելու հատկություն, համընդհանրության՝ հանդես է գալիս որպես օրենքի վերջին արտահայտություն, որում և՛ ձևը, և՛ բովանդակությունը հավասարապես ընդհանուր են։ Դ-յան լեզվական կրողը նախադասությունն