Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/311

Այս էջը սրբագրված է

է։ Յուրաքանչյուր Դ. արտահայտվում է նախադասության միջոցով, բայց միայն այն նախադասությունն է արտահայտում Գ., որը պարունակում է հաստատում կամ ժխտում։ Դ-յան բնույթի քննարկման, տեսակների դասակարգման, տեսության մշակման մեջ ավանդ ունեն Արիստոտելը, ստոիկները, Դավիթ Անհաղթը, Թ. Հոբսը, Ի. Կանտը, Հեգելը, Մ. Ի. Կարինսկին։ Մարքսիզմ-լենինիզմի դասականներին է պատկանում Դ-յան դիալեկտիկամատերիալիստական մեկնաբանումը։

Գրկ. Էնգելս Ֆ., Բնության դիալեկտիկա, Ե., 1969: Բրուտյան Գ.Ա., Ձևական տրամաբանության դասընթաց, 2 վերամշկ. և լրց. հրտ., Ե., 1967: Նույնի, Մաթեմատիկական տրամաբանության փիլիսոփայական ներածություն, Ե., 1968: Ավետիսյան Ս. Հ., Մաթեմատիկական տրամաբանության հիմնական տարրերը, Ե., 1969: Գ

ԴԱՏՎԱԾՈՒԹՅՈՒՆ դատապարտված անձի իրավունքները սահմանափակող իրավական հետևանք։ Դ. նոր հանցագործություն կատարած անձի համար, որպես կանոն, պատիժը ծանրացնող հանգամանք է, օրենքով նախատեսված դեպքերում նաև առանձնապես վտանգավոր ռեցիդիվիստ ճանաչելու հիմք։ Դ. ունեցող անձը կրկին ազատազրկման դատապարտվելիս, որպես կանոն, պատիժը կրում է խիստ ռեժիմի գաղութներում։ Դ-յան հետևանքով սահմանափակվում է անձի որոշակի պաշտոններ վարելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու, ինչպես նաև բնակավայր ընտրելու իրավունքը։ Դատարանի նշանակված պատժի չափից ելնելով՝ ՀՍՍՀ քրեական օրենսգրքի 52 հոդվածը սահմանում է Դ-յան մարման տարբեր ժամկետներ, որոնք հաշվվում են պատիժը (հիմնական և լրացուցիչ) կրելուց հետո։ Տասը տարուց ավելի ժամկետով ազատազրկված անձի Դ. վերացվում է դատարանի որոշմամբ, մյուս դեպքերում՝ օրենքով նախատեսված ժամկետը լրանալուց հետո՝ ինքնաբերաբար։ Դատարանն իրավասու է հասարակական կազմակերպությունների միջնորդությամբ Դ. վերացնել, նախքան օրենքով սահմանված ժամկետներն անցնելը, դրա համար համապատասխան հիմքերի առկայության դեպքում։ Դ. վերացվելուց կամ մարվելուց հետո անձի իրավունքները վերականգնվում են։ Մ Ուզունյան

ԴԱՏՎԱՆ ավան Մեծ Հայքի Տուրուբերան նահանգի Բզնունիք գավառում, Վանա լճի հարավ-արևմտյան եզերքին։ Եղել է Բզնունի նախարարության սեփականությունը։ VIII դ. սկզբներին Դ-ին տիրել է Տեսարան Դատվանից արաբական Շայբանի ցեղը (արաբները Դ. անվանում էին Թայթուանա): X դ. վերջերից մտել է Վասպուրականի Արծրունյաց թագավորության կազմի մեջ։ Ըստ ավանդության, Դ. եղել է Սենեքերիմ Արծրունի թագավորի ամառանոցը։ 1555-ին նվաճել են թուրքերը։ Դ-ում կար նավակայան։ XX դ. սկզբին ուներ մոտ 700 տուն բն., որից ավելի քան 120-ը՝ հայեր։ Ավանում կար եկեղեցի (Ս. Թեոդորոս) և նախակրթական վարժարան։ Հայերը զբաղվում էին երկրագործությամբ, մասամբ՝ անասնապահությամբ, ինչպես և Վանից Բաղեշ տարվող բեռների առաքմամբ։ Դ-ի մոտակայքում եղել է վեց այլ եկեղեցի։ Դրանցից 1915-ին կանգուն էր մնացել միայն մեկը (Ս. Սարգիս): Նրան կից գերեզմանոցում կային խաչքարեր՝ արձանագրություններով։ Դ-ի արևելակողմում, լճափին, երևում էին Սենեքերիմ Արծրունու ամառանոցի ավերակները։ Դ-ի հյուսիսակողմում բխում են մի քանի (այդ թվում և հանքային ջրերի) աղբյուրներ։ Հայ բնակիչների մեծ մասը զոհվեց 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ, մյուսը գաղթեց և ապաստան գտավ Արևելյան Հայաստանում։

Գրկ. Ինճիճյան Ղ., Ստորագրութիւն հին Հայաստանեայց, Վնտ., 1822: Ա-Դ ո, Վանի, Բիթլիսի և Էրզրումի վիլայեթները, Ե., 1912:

ԴԱՐ հասարակագիտական և գրական ժողովածու։ Լույս է տեսել 1889-ին, Կ. Պոլսում։ Հրատարակություն՝ Ասիական ընկերության։ Խմբագիր՝ Ե. Տեմիրճիպաշյան։ Անդրադարձել է կրթական գործի բարելավման, հասարակությանը տնտ. գիտելիքներով զինելու անհրաժեշտության հարցերին։ Տպագրել է գեղարվեստական գործեր։ Աշխատակցել ևն Մ. Չերազը, Հրանդը և ուրիշներ։

ԴԱՐԱ գյուղ Հայկական ՍՍՀ Վարդենիսի շրջանում, Վարդենիս-Շորժա խճուղու մոտ, շրջկենտրոնից 22 կմ հյուսիս-արևմուտք։ Կոլտնտեսությունն զբաղվում է անասնապահությամբ և դաշտավարությամբ։ Ունի ութամյա դպրոց, ակումբ, գրադարան, բուժկայան։ Հիմնադրել են նույն շրջանի Փամբակ գյուղից տեղափոխվածները, 1921-ին։

ԴԱՐԱԼԱԳՅԱԶ, այսպես է կոչվել Մեծ Հայքի Սյունիք նահանգի Վայոց ձոր գավառը պարսկական տիրապետության վերջին շրջանում և մինչև 1930-ական թթ.։

ԴԱՐԱԼԱԳՅԱԶԻ ԼԵՌՆԱՇՂԹԱ տես Վայքի լեռնաշղթա։

ԴԱՐԱՆԱՂԻ Մեծ Հայքի Բարձր Հայք նահանգի առաջին գավառը։ Տարածվում էր Արևմտյան Եփրատի միջին հոսանքի շրջանում և իր տարածքով համապատասխանում է Թուրքիայի այժմյան Կամախի շրջանին (Արևմտյան Հայաստան): Ունի արգավանդ հողեր։ Դ-ում դեռ վաղ ժամանակներից հայտնի էին աղահանքերը։ Հայ պատմագիրներից Դ. առաջին անգամ հիշատակում են Ագաթանգեղոսը և՝ Փավստոս Բուզանդը։ Հեթանոսական շրջանում Դ-ում մեծ տարածություն են գրավել տաճարական կալվածքները։ Դրանց զգալի մասն ընկած էր գավառի կենտրոնական Անի ամրոցի շրջակայքում, որը միաժամանակ հեթանոսական կրոնի ճանաչված կենտրոն էր։ Քրիստոնեությունը պետ. կրոն դառնալուց հետո այդ կալվածքներն անցել են եկեղեցիներին, վանքերին և Հայոց կաթողիկոսներին։ Բացի Անի ամրոցից, որտեղ գտնվում էին Արամազդ աստծու գլխավոր տաճարը և հայ Արշակունի թագավորների պանթեոնը, գավառի պատմական վայրերից հռչակված էին Թորդան ավանը, Մանեա այրք վայրը և Սեպուհ լեռը՝ կապված Գրիգոր Լուսավորչի գործունեության հետ։

ԴԱՐԱՇԱՄԲ Դարաշամ, հայաբնակ գյուղ Իրանի Մակու գավառում։ 1916-ին ուներ 280 (40 տուն) բն.։ Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։ Բնակիչների մեծ մասը Սովետական Հայաստան է ներգաղթել 1928-ին, մնացածը՝ 1946-ին։

ԴԱՐԱՇՐՋԱՆ էպոխա, ժամանակաշրջան, որն ունի միայն իրեն ներհատուկ էական գծեր։ Դ-ի համար հատկանշական են դարակազմիկ իրադարձություններ ու երևույթներ, բնության մեջ, հասարակական կյանքում, գիտության, արվեստի և այլ բնագավառներում տեղի ունեցող որոշակի պրոցեսներ։ Դ. արտահայտում է հասարակական կյանքի զարգացման որակապես նոր աստիճան և, սովորաբար, սկսվում դարագլուխ կազմող անցքերով ու երևույթներով։ Օրինակ, կապիտալիզմի Դ. սկսվում է բուրժուական հեղափոխություններով։ Հոկտեմբերյան հեղափոխությունը բացեց մարդկության զարգացման նոր Դ.։ Ամեն մի Դ-ում առաջադրվել են զարգացման կոնկրետ պահանջներ, որոնց լուծմամբ հնարավոր է դարձել հասարակության առաջընթացը։ Դ-ներում տեղի ունեցող երևույթները օրինաչափ են և պատճառակցված։ Դ-ների միջև գոյություն ունի չընդհատվող հաջորդականություն, կենդանի, օրգանական կապ։ Յուրաքանչյուր նոր Դ. ժխտում է հին սկզբունքները, հաստատում նորերը։ Ամեն մի երկրում տվյալ Դ. ունի իր ուրույն գծերը, օրինաչափությունները։ Միևնույն Դ-ում տարբեր երկրներում ծագում են թեև ժամանակով նույն, բայց տարաբնույթ երևույթներ։ Հիմք ընդունելով մարքս-լենինյան ուսմունքը սոցիալ-տնտեսական ֆորմացիաների մասին, Հայաստանի պատմությունը պարբերացվում է ըստ հետևյալ Դ-ների։ Նախնադարյան-համայնական հասարակարգը ընդգրկում է հին քարի դարից մինչև մ. թ. ա. I հազարամյակի սկիզբը, ստրկատիրության Դ՝ մ. թ. ա. IX - մ. թ. III դ., վաղ ֆեոդալիզմի Դ.՝ IV-IX դդ.։ XV-XVIII դդ. ֆեոդալիզմի դեգրադացիայի շրջանն է, XIX դ. Արևելյան Հայաստանում ֆեոդալիզմի քայքայման և կապիտալիզմի ձևավորման Դ. (Արևմտյան Հայաստանում այս դրությունը հարատևում է ցայսօր), իսկ 1920-ից սկսվել է սոցիալիզմի Դ.։

ԴԱՐԱՇՐՋԱՆ երկրաբանական, հարաբերական երկրաբանական ժամանակագրության սանդղակի առավել մեծ միավոր, որն իր հերթին բաժանվում է ժամանակաշրջանների։ Երկրի երկրաբանական զարգացման պատմության մեջ ընդունված են հետևյալ հինգ Դ-ները՝ արխեյան, պրոտերոզոյան, պալեոզոյան,