Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/660

Սխալ առաջացավ էջը սրբագրելիս

ջերմաէլեկտրակայանները: Զապորոժեի «Կոմունար» ավտոմոբիլային գործարանն արտադրում է «Զապորոժեց» ավտոմոբիլները, Տոկմակի դիզելաշինական գործարանը՝ դիզելային շարժիչներ, Մելիտոպոլի կոմպենսատորների, մոտորների, «Ավտոցվետլիտ», «Բիտմաշ» հաստոցաշինական գործարանները՝ շարժիչներ, հաստոցներ, կոմպրեսորներ, արդ. սառնարաններ ևն: Բերդյանսկի, Պերվոմայսկի, Օրեխովի մեքենաշինական գործարաններն արտադրում են գյուղատնտ. մեքենաներ: Լայն զարգացում է ստացել էլեկտրատեխնիկական մեքենաշինությունը: Ս. Օրջոնիկիձեի անվ. «Զապորոժստալ», «Դնեպտրոսպեցստալ» էլեկտրամետալուրգիական, ֆեռոմիաձուլվածքների, հրակայուն հյութերի գործարանները (Զապորոժիե) արտադրում են թուջ, բարձրորակ պողպատ, պողպատե թերթ, թիթեղ: Զարգանում է գունավոր մետալուրգիան: Զ. մ-ում աշխատում են «Կրեմնիյպոլիմեր» կոքսաքիմիական, ապակեթելի և նավթայուղի գործարանները: Շինանյութերի արդյունաբերությունը ներկայացված է տնաշինական կոմբինատով, աղյուսի-կղմինդրի և այլ գործարաններով: Զարգացած են սննդի և թեթև արդյունաբերությունը:

Գյուղատնտեսությունը բազմաճյուղ է, մեքենայացված: Զ. մ. հացահատիկային և տեխնիկական կուլտուրաների տնտեսությամբ ու մսակաթնատու անասնապահությամբ Ուկր. ՍՍՀ-ի կարևոր շրջաններից է: Մշակում են հացահատիկ և տեխ. կուլտուրաներ: Կամենսկ-Դնեպրովյան, Մելիտոպոլի, Բերդյանսկի շրջաններում, Զապորոժիեի և այլ քաղաքների շրջակայքում զարգացած է պտղաբուծությունը:Հվ-ում զբաղվում են խաղողագործությամբ: Ոռոգման աշխատանքներին նպաստում են Կախովկայի ջրամբարը, Կամենկայի, Բլագովեշչենսկի, Իվանովկայի ոռոգիչ համակարգերը: Կառուցված է Հյուսիսռոգաչինյան ոռոգիչ համակարգը: Անասնաբուծության մեջ առաջատարը մսակաթնատու անասնապահությունն է: Զարգացած է խոզաբուծությունը, ոչխարաբուծությունը և թռչնաբուծությունը: Ազովի ծովում կա ձկնորսություն: Տրանսպորտի հիմնական տեսակը երկաթուղայինն է, կարևոր նշանակություն ունի նաև ծովային տրանսպորտը: Օդային կապ կա Մոսկվայի, Լենինգրադի, Կիևի, Լվովի և Ուկրանիայի ու Սովետական Միության այլ կենտրոնների հետ:

1970/71 ուս. տարում 1073 հանրակրթական դպրոցներում սովորում էր 310,5 հզ., 39 պրոֆտեխնիկական ուսումնարաններում՝ 15,3 հզ., 26 միջնակարգ մասնագիտական ուս. հաստատություններում՝ 28,3 հզ. աշակերտ, 6 բուհերում՝ 27,2 հզ. ուսանող: Կար 911 մասսայական գրադարան, հայրենագիտական և գեղավեստական թանգարաններ, 883 ակումբ, երաժշտական-դրամատիկական թատրոն, 1109 կինոսարք, 11 սպորտդպրոց: Ուկր. և ռուս. լույս են տեսնում մարզային թերթեր: Կա ռադիո-հեռուստակենտրոն, 169 հիվանդանոց,՝ 19,3 հզ. մահճակալով և 4,9 հզ. բժիշկ:

ԶԱՌ, գյուղ Հայկական ՍՍՀ Աբովյանի շրջանում, Հատիս լեռան հարավ-արևելյան լանջին, շրջկենտրոնից 12 կմ հյուսիս-արևելք: Կոլտնտեսությունն զբաղվում է հացահատիկի մշակությամբ և անասնապահությամբ: Ունի միջնակարգ դպրոց, գրադարան, ակումբ, բուժկայան: Նրանք տեղահանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ:

ԶԱՌԱ, Զարա, գյուղաքաղաք Արևմտյան Հայաստանի Սեբաստիա վիլայեթում, համանուն քաղաքից մոտ 50 կմ արևելք, Կզըլ Ըրմակ (Հալիս) գետի ափին։ Որպես քաղաք հիշատակվում է VII դարից: XX դ. սկզբին ուներ 500 տուն, 300-ը՝ հայ, մնացածը՝ թուրք: Բնակիչներն զբաղվում էին երկրագործությամբ և արհեստներով։ Հայերն ունեին եկեղեցի (Ս. Լուսավորիչ) և վարժարան (Արշակունյան):

ԶԱՌԱՆՑԱՆՔ, տրամաբանական մտածողության խանգարում. բնորոշվում է իրականությանը չհամապատասխանող, կեղծ, հիվանդագին դատողությունների ու պատկերացումներին ամբողջությամբ, որը լրիվ տիրում է գիտակցությանը և ենթակա չէ ուղղման ու վերահամոզման: Զառանցանքը հոգեկան մի շարք հիվանդությունների (շիզոֆրենիա, ալկոհոլամոլություն ևն) ախտանշան է: Ըստ ծագման մեխանիզմի Զ. լինում է «առաջնային», աստիճանաբար զարգացող, սիստեմավորված, մեկնաբանման (դատողության) Զ., որի դեպքում վնասվում է ռացիոնալ, տրամաբանական իմացությունը և օժտված է կայունությամբ ու առաջընթացի տենդենցով: «Զգայական» Զ., սուր ծագումով, ոչ սիստեմավորված, ընկալման Զ., բնորոշվում է անուրջների, երևակայությունների գերակշռությամբ, որի դեպքում զառանցական գաղափարները բեկորային են, անհետևողական, խանգարված է ոչ միայն ռացիոնալ, այլև զգայական իմացությունը: Բուժումը կապված է հիմնական հիվանդության վերացման հետ:

ԶԱՌԻԹԱՓ (մինչև 1935-ը՝ Փաշալու, 1935-1957-ը՝ Ազիզբեկով), գյուղ Հայկական ՍՍՀ Ազիզբեկովի շրջանում: Գտնվում է Վայքի լեռնաշղթայի հս-արլ. լանջին, շրջկենտրոնից 9 կմ հվ-արլ.։ Անասնապահական սովետական տնտեսությունն զբաղվում է նաև հացահատիկային կուլտուրաների, ծխախոտի մշակությամբ և պտղաբուծությամբ։ Զ-ում է գտնվում ծխախոտի շրջանային մթերակայանը: Ունի միջնակարգ դպրոց, հիվանդանոց, կուլտուրայի տուն, գրադարան, մանկապարտեզ, կինո: Գյուղում պահպանվել են խաչքարեր (XIII դ.), հին ամրոցի հետքեր, գերեզմանոց (XVII- XIX դդ.): Զ-ում է ծնվել հեղափոխական գործիչ, հրապարակախոս Ա. Մելիքյանը։