Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/701

Այս էջը սրբագրված չէ

Նոր կտակարանաց», 1805)։ Ճանապարհորդել է հայկ․ գաղթավայրերում (1791-ին Ուկրաինայի և Լեհաստանի, 1792-ին՝ Մերձավոր Արևելքի)՝ հավաքելով ձեռագրեր, փաստաթղթեր։ Հրատարակել է Եվսեբիոս Կեսարացու «Ժամանակագրութիւն»-ը (1818, լատ․, Ա․ Մայի հետ), «Գիրք պիտոյից»-ը (1796), Ներսես Շնորհալու «Ողբ Եդեսիո»-ն (1827)։ Գրել է «Պատմութիւն Աստվածաշունչ գրոց» (1803) գիրքը։ 1817-ին դուրս է եկել Վենետիկի Մխիթարյան միաբանությունից, տեղափոխվել Ֆրանսիա, աշխատակցել արևելա–գիտական հրատարակությունների։ Եղել է Փարիզի Ասիական ընկերության իսկական անդամ։Յա․ Դաշկևիչ

ԶՈՄԱՆ, նյարդալուծանքային թունավոր նյութ, մեթիլֆոսֆոնաթթվի պինակոլինային էսթեր։ Անգույն, քիչ ցնդող հեղուկ է, եռման ջերմաստիճանը՝ 42°C (0,2 նն սնդ․ սյուն), խտությունը՝ 1040 կգ/մ³։ Զ․ սահմանափակ է լուծվում ջրում, օրգ․ լուծիչներում՝ անսահմանափակ։ Հիդրոլիզվում է ջրով (շատ դանդաղ), թթուների, հիմքերի և ամինների ջրային լուծույթներով (զգալիորեն արագ)՝ առաջացնելով ոչ թունավոր նյութեր։ Մաշկի վրա ընկնելիս առաջացնում է ընդհանուր թունավորում։ Մահացու քանակությունը օդում՝ 0,02 մգ/լ ազդեցության մեկ րոպեի ընթացքում։ Պաշտպանվում են հակագազով և պաշտպանական հագուստով։

ԶՈՄԲԱ (Zomba), Մալավիի նախկին մայրաքաղաքը, Զոմբա լեռան ստորոտին (Աֆրիկայում), 20 հզ․ բն․ (արվարձաններով, 1972)։

ԶՈՄԲԱՐՏ (Sombart) Վեռներ (19․1․1863, Էրմսլեբեն, Հարց․–18․5․1941, Բեռլին), գերմանացի տնտեսագետ, սոցիոլոգ, պատմաբան։ Պրոֆեսոր Բրեսլավլում (1890) և Բեռլինում (1906)։ Սկզբում կրել է մարքսիզմի ազդեցությունը, հետագայում հակադրվել պատմական մատերիալիզմին և Կ․ Մարքսի տնտ․ ուսմունքին։ Զ․ հետազոտել է Արևմտյան Եվրոպայի տնտ․ պատմության, հատկապես կապիտալիզմի զարգացման, սոցիալիզմի և սոցիալական շարժման պրոբլեմները՝ սուբյեկտիվիստական հայեցակետ ցուցաբերելով։ Հակառակ դասակարգային պայքարի մարքսյան տեսության, հասարակության վերընթացի բովանդակությունը համարում էր ազգամիջյան կռիվները, իսկ սոցիալիստական հեղափոխությանը հակադրում կապիտալիզմի խաղաղ վերափոխման պատմափիլիսոփայությունը։ 1920-ական թթ․ սկսած նրա հայացքներն օգտագործեցին Գերմանիայի հետադեմ քաղ․ ուժերը։

ԶՈՄՄԵՐՖԵԼԴ (Sommerfeld) Առնոլդ (1868–1951), գերմանացի ֆիզիկոս և մաթեմատիկոս։ Ավարտել է Քյոնիգսբերգի համալսարանը (1891)։ Մյունխենի համալսարանի պրոֆեսոր (1906-ից)։ Աշխատանքները վերաբերում են ատոմի, մետաղների տեսությանը, մաթ․ ֆիզիկային։ Կատարելագործել է Բորի ատոմի մոդելը՝ առաջարկելով քվանտային պայմանների ավելի ընդհանուր ձևակերպում։ Զ․ ստեղծել է ջրածնանման ատոմների նուրբ կառուցվածքի տեսությունը (1916)։ Տվել է Վիդեման–Ֆրանցի օրենքի ավելի ճիշտ բանաձևը և բացատրել մետաղներում դիտվող մի շարք երևույթներ (ջոուլյան ջերմություն, ջերմաէլեկտրական երևույթներ)։ Մշակել է դիֆրակցիայի մաթ․ խիստ տեսությունը (1895), ստացել գլանային ֆունկցիաների ինտեգրալային ներկայացումը (Զոմմերֆելդի ինտեգրալ, 1896), լուծել երկու միջավայրերի սահմանում տեղադրված ուղղահայաց դիպոլի ճառագայթման խնդիրը (1909)։ Զ․ էական ավանդ է ներդրել ռենտգենյան ճառագայթների հետազոտման գործում, մշակել էլեկտրոնների արգելակման ճառագայթման տեսությունը (1931)։
Երկ․ Дифференциальные уравнения в частных производных физики, М․, 1950; Оптика, М․, 1953; Строение атома и спектры, т․ 1-2, М․, 1956․

ԶՈՆԱՅԻՆ ՀԱԼՈՒՄ, զոնային վերաբյուրեղացում, նյութերի զտման բյուրեղա–ֆիզիկական մեթոդ, երբ նեղ, հալված գոտին տեղաշարժվում է զտվող նյութից պատրաստված երկար, կարծր ձողի երկարությամբ։ Զ․ հ–ման կարելի է ենթարկել տեխնիկապես կարևոր համարյա բոլոր մետաղները, կիսահաղորդիչները, դիէլեկտրիկները, անօրգանական և օրգ․ միացությունները (ավելի քան 120 նյութ)։

ԶՈՆԱՆԵՐ ԲՆԱԿԱՆ, ֆիզիկա-աշխարհագրական զոնաներ, երկրագնդի աշխարհագրական (լանդշաֆտային) թաղանթի օրինաչափորեն իրար հաջորդող խոշոր ստորաբաժանումներ, որոնք պայմանավորված են կլիմայական գործոններով (հիմնականում ջերմության և խոնավության հարաբերակցությամբ)։ Զոնաների ու գոտիների հերթագայումը կատարվում է հասարակածից դեպի բևեռները և օվկիանոսներից՝ մայր ցամաքների խորքը։ Զ․ բ․ սովորաբար ձգվում են լայնական ուղղությամբ ու կտրուկ արտահայտված սահմաններ չունեն։ Յուրաքանչյուր զոնա ունի բնական գործոնների և պրոցեսների (կլիմայական, ջրաբանական, երկրաքիմիական, գեոմորֆոլոգիական, հողաբուսական ծածկույթի, կենդանական աշխարհի) իրեն բնորոշ յուրահատկությունները, այդ գործոնների ու պրոցեսների փոխկապակցությամբ պատմականորեն ձևավորված տեսակը և դրանց համակցության՝ զոնայական բնական տերիտորիալ համալիրների տիրապետող տեսակը։ Բնական շատ զոնաներ ավանդաբար անվանվում են ըստ ամենալավ արտահայտված ինդիկատորի՝ բուսականության տեսակի (անտառային, տափաստանային, սավաննային ևն)։ Այդ զոնաների անվանումները հաճախ տրվում են նրա առանձին բաղադրամասերին (տունդրային, կիսաանապատային, անապատային բուսականություն, անապատային հողեր ևն)։ Սովորաբար ընդարձակ գոտիներ գրավող զոնաներում տարբերում են ավելի նեղ ստորաբաժանումներ՝ ֆիզիկա–աշխարհագրական ենթազոնաներ։ Օրինակ, ըստ տեղումների քանակի և անձրևային ժամանակաշրջանի տևողության, սավաննաների զոնայում տարբերում են խոնավ բարձրախոտային, տիպիկ չորային և անապատացած ենթազոնաներ, բարեխառն գոտու անտառների զոնայում՝ տայգայի (երբեմն այն համարում են ինքնուրույն զոնա), խառը և լայնատերև անտառների ենթազոնաներ։
Եթե Զ․բ․ ձևավորվում են համեմատաբար միատեսակ երկրաբանագեոմորֆոլոգիական (ազոնալ) պայմաններում, ապա նման աշխարհագրական դիրքի դեպքում կրկնվում են տարբեր մայր ցամաքներում։ Այդ պատճառով տարբերում են աշխարհագրական թաղանթի տերիտորիալ դասակարգման միավորներ հանդիսացող զոնաների տիպեր (օրինակ, արևադարձային, արևմտամերձօվկիանոսային անապատներ)։ Միաժամանակ այս կամ այն տերիտորիայի տեղական առանձնահատկությունները (ռելիեֆ, ապարների կազմ, հնէաաշխարհագրական զարգացում ևն) յուրաքանչյուր զոնային տալիս են ուրույն գծեր, որոնցով պայմանավորված կոնկրետ բնական զոնաները դիտվում են որպես ռեգիոնալ միավորներ (օրինակ, Ատակամա անապատ, Նամիբ անապատ, արմ․ ափային Սահարա ևն)։ Աշխարհի ֆիզիկա–աշխարհագրական ատլասում (1964), ըստ Բ․ Պ․ Ալիսովի կլիմայական դասակարգման, առանձնացված է աշխարհագրական 13 գոտի, հասարակածային և երկուական (երկու կիսագնդերի համար) մերձհասարակածային, արևադարձային, մերձարևադարձային, բարեխառն, մերձբևեռային, բևեռային։ Գոտիների ներսում կարելի է առանձնացնել ենթագոտիներ։ Յուրաքանչյուր գոտուն և նրա յուրաքանչյուր խոշոր լայնական հատվածին (մերձօվկիանոսայիններին, ցամաքայինին և դրանց միջև եղած անցումայիններին) հատուկ են իրենց զոնայական համակարգերը։ Օրինակ, անտառատունդրայի զոնան հատուկ է միայն մերձբևեռային (մերձարկտիկական) գոտուն, տայգայի ենթագոնան՝ բարեխառն գոտուն ևն։
Քանի որ Զ․ բ․ որոշվում են հիմնականում ջերմության ու խոնավության հարաբերակցությամբ, ուստի օգտագործվում են տարբեր ջրաթերմիկ ցուցանիշներ (ամենից հաճախ՝ խոնավության ցուցանիշներ)։ Դա օգնում է զոնայականության տեսական հարցերի մշակմանը, ընդհանուր օրինաչափությունների հայտնաբերմանը, զոնաների բնութագրերի և սահմանների օբյեկտիվ ճշտմանը։ Զոնայական համակարգերի կառուցվածքի և ձևավորման վրա մեծ ազդեցություն ունեն նաև մի շարք ազոնալ գործոններ։ Գոյություն ունի երկրագնդի լանդշաֆտային թաղանթի բևեռային անհամաչափություն, որն արտահայտված է ոչ միայն Հարավային կիսագնդի օվկիանոսայնությամբ, այլև միայն նրան հատուկ մերձարևադարձային որոշ ենթագոնաների առկայությամբ և Հյուսիսային կիսագնդին հատուկ շատ զոնաների և ենթագոնաների (տունդրա, անտառատունդրա, տայգա ևն) բացակայությամբ։ Մեծ դեր ունի նաև առանձին լայնություններում ցամաքի գրաված տարածությունը և ուրվագիծը, օրինակ, արե–