Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/115

Այս էջը սրբագրված է

Գրականություն Մաքսապետյան Մ., Ռաբինդրանաթ Թագորը հայ գրական մտքի գնահատմամբ, Ե., 1975: Гнатюг-Данильчук А. П., Рабиндранат Тагор. Критикобиографический очерк. M., 1961.

ԹԱԳՎՈՐՅԱՆ Սերովբե (ծննդյան և մահվան թվականները անհայտ), XIX դարի հայ հրապարակախոս, հեղափոխական–դեմոկրատ: Կ. Պոլսի «Բարեգործական ընկերության» հիմնադիրներից: 1862 թվականին հիմնել է բարեգործականի ձախ՝ հեղափոխական թևն ընդգրկող «Հայկ» կամ «Օրիոն» ընկերությունը, որն աշակցել է Զեյթունի ապստամբությանը: Մ. Նալբանդյանի միջոցով կապ է հաստատել ռուսական հեղափոխական–դեմոկրատների (Ա. Գերցեն, Ն. Օգարյով) և իտալական ազատագրական շարժման գործիչ Ջ. Մաձինիի հետ: Մշակել է զինված ապստամբության ծրագիր, ըստ որի հայկական զինված ուժերը պետք է կենտրոնանային Կիլիկիայի ծովեզրին (օտարերկրյա օգնությունը հեշտացնելու համար), հրատարակվելու էր լրագիր, արտադրվելու էին զենքեր և այլն: Մասնակցել է «Սեր» մասոնական օթյակի հիմնադրմանը (1866) և գործունեությանը, որը փաստորեն Արևմտյան Հայաստանի ազատագրման համար պայքարող գաղտնի կազմակերպություն էր: 1881 թվականին ֆրանսերեն հրատարակել է «Փորձ լեզվագիտական մի դրության…» գրքույկը (նույն թվականին լույս է տեսել հայերեն):

Գրականություն՝ Հովհաննիսյան Ա. Գ., Նալբանդյանը և նրա ժամանակը, հ. 1, Ե., 1955: Աղայան է. Բ., Հայ լեզվաբանության պատմություն, հ. 1, Ե., 1958:

Վ. Գրիգորյան

ԹԱԴԵԻ ՎԱՆՔ, հայկական ճարտարապետական հուշարձան, սրբատեղի, վանք Իրանի Արտազ գավառի Մակու քաղաքից 20 կմ հարավ–արևելք: Ըստ ավանդության հիմնադրել է (66 թվական) Թադեոս առաքյալը՝ նախկին հեթանոսական տաճարի տեղում: Վանքի մասին հիշատակում են Մովսես Խորենացին (V դար) և Զենոբ Գլակը (VII դար): Ըստ Սամուել Անեցու, 1329 թվականին «Եղև ահագին շարժ և յարևելս ԶԹադեոս Առաքելոյն վանք և զեկեղեցին կործանեաց և զտունս փլոյց»: Վերակառուցվել է Զաքարե եպիսկոպոսի օրոք (XIV դար), հետագայում ընդլայնվել և նորոգվել: Վանքը պարսպապատ է, անկյուններին բոլորաձև աշտարակներ: Բացի հիմնական պարսպից, որի պարագծով տեղադրված են օժանդակ սենյակները (խուցեր, տնտեսական սենյակներ), արևմուտքից կից է երկրորդ պարսպապատ տարածությունը՝ օժանդակ կառույցներով: Հնագույն եկեղեցին՝ Ս. Թադեն, ներկայիս ձևով XII դարում ձևափոխումն է, որը գմբեթավոր 12-նիստանի թմբուկով, Ավագ խորանի կողմերին խորանով և ավանդատնով, ուղղանկյուն, ներքուստ խաչաձև փոքր դահլիճ է՝ կառուցված սրբատաշ բազալտից: Եկեղեցու աղոթասրահն ընդլայնելու նպատակով 1819–1830 թվականներին արևմուտքից, պատի բացվածքը մեծացնելով մույթերի հեռավորության չափով, կցվել է քառամույթ գմբեթավոր, Էջմիածնի Մայր տաճարի (V դար) հորինվածքով (առանց Ավագ խորանի, որին փոխարինում է հին եկեղեցին իր խորանով) դեղնավուն քարից կառույց: Վերջինիս թմբուկը 12-նիստանի է, գմբեթը՝

սրածայր վեղարավոր, արևմուտքից կից է անավարտ զանգակատունը (միայն առաջին հարկը): Զանգակատան և երկրորդ կառույցի ճակատները շրջառված են կամարակապ որմնասյուներից կազմված «խորշերի» գոտիով: «Խորշերի» ներսը նույնպես զարդարված է թեմատիկ որմնաքանդակներով: Այնուհետև դեպի վեր կառույցը երիզվում է քանդակազարդ, երկշար, կենդանական ու բուսական ոճավորված թեմաների գոտիով: Ապա, մինչև ավարտ, կառույցը երիզվում է երեք շարք պարզագույն քիվերով, որոնցից առաջին երկուսով սահմանափակվող մասը մշակված է որմնասյուներով, բարձրաքանդակներով և լուսամուտներով: Ազատ տարածություններում քանդակված են սրբապատկերներ և հայ եկեղեցու նշանավոր դեմքեր: Եկեղեցին արտաքուստ շրջառող հարթաքանդակների համակարգը ավանդաբար կապվում է վաղ քրիստոնեության շրջանի հայկական արվեստին (Զվարթնոց, Աղթամարի Ս. Խաչ): Վանքի մոտակայքում կա հինգ մատուռ: Թադեի վանքը պատմական Հայաստանի մեծագույն հոգևոր կենտրոններից էր: Համալիրը լավ է պահպանված և ուխտավայր է ծառայում ոչ միայն հայ քրիստոնյա համայնքին, այլև իրանցի մահմեդականներին: Հուշարձանը շրջապատի հետ «ՅՈւՆԵՍԿՕ»-ի Թեհրանի հուշարձանների պահպանության ինստիտուտի կողմից վերցված է պահպանության:

Գրականություն՝ Kleiss W., Le monesťère arménien de St. Taddée en Azerbaidjan (Iran), «Archeologica» (Paris), 1967, № 19; Kleiss W., Seihoun H., St. Thadei vank, Milano, 1971 (Documenti di Architettura Armenia,№ 4); H a g հ n a z a r i a n A., Das armenische Thaddäus Kloster in der Provinz Westaserbaidian in Iran, Aachen, 1973.

Ա. Զարյան

ԹԱԴԵՈՍ, Ղեբեոս [(ծննդյան թվականը և տեղն անհայտ-46, Արտազ (Վասպուրականի նահանգում)], ըստ Ավետարանի Քրիստոսի 12 առաքյալներից: Հայաստանում քրիստոնեության առաջին քարոզիչը և Բարդուղիմեոս առաքյալի հետ հայ քրիստոնեական եկեղեցու հիմնադիրը, որի համար և հայ եկեղեցին կոչվել է առաքելական: Քարոզել է հիմնականում Արտազ գավառում: Նա է Հայաստան բերել ս. գեղարդը, այն զենքը, որով իբր խոցել են խաչված Քրիստոսին: Ըստ ավանդության, Թադեոսը Սանդուխտ արքայադստեր հետ նահատակվել է Սանատրուկ թագավորի ձեռքով: Թադեոսի մասին հայ մատենագրության մեջ պահպանվել են վարքեր և ճառեր: Հայ եկեղեցին Թադեոսի հիշատակը տոնում է տարին երեք անգամ: Ըստ ավանդության հիմնադրել է Թադեի վանքը:

Գրականություն՝ Լաբուբնեայ դիւանագիր դպրի Եդեսիոյ Թուղթ Աբգարու, Վենետիկ, 1868: Օրմանյան Մ. Ա., Ազգապատում, հ. 1, ԿՊ, 1912:

Ս. Պետրոսյան

ԹԱԴԵՈՍ ԷՖԵՆԴԻ (իսկական ազգանունը՝ Էքսերճյան, 1858, Կ. Պոլիս - 1913 թվականի մարտի 10-ին, Կ. Պոլիս), հայ ջութակահար, երգաստեղծ: Կատարողական բարձր արվեստի շնորհիվ հռչակվել է Քեմանի Թադեոս անունով: Նվագել սովորել է ջութակահար Մովսես Փափազյանից: Հորինել է շարքիներ, թուրքիներ, բեշրեֆներ, սեմայիներ (բոլորն էլ թուրքերեն), որոնք մինչև այժմ էլ կատարվում են Անկարայում ու Կ. Պոլսում, հաղորդվում ռադիոյով: Նրա հորինած երգերից նմուշներ տպագրվել են տարբեր երգարաններում, այդ թվում՝ Հովսեփ Էպեյանի «Նեշեի տիլ» ժողովածուում (1908):

ԹԱԴԵՎՈՍՅԱՆ Արուս Արշակի (ծնված 1907 թվականի դեկտեմբերի 31-ին, Քութայիսի - 1983 թվականի հուլիսի 14-ին, Երևան), հայ խորհրդային թարգմանչուհի: ՀԽՍՀ կուլտուրայի վաստակավոր գործիչ (1972): Ավարտել է Մոսկվայի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետը: Թադևոսյանի թարգմանությամբ ռուսերեն լույս են տեսել Դ. Դեմիրճյանի «Վարդանանք»-ը (1956), Մուրացանի «Առաքյալը» (1950), Գ. Սևունցի «Թեհրան»-ը (1952), Հ. Քոչարի «Մեծ տան զավակները» (1955), Ս. Զորյանի «Ամիրյանի ընտանիքը» (1967), Հ. Թումանյանի «Հեքիաթներ»-ը (1969) և այլ գործեր:

ԹԱԴԵՎՈՍՅԱՆ Գուրգեն Տիգրանի (1906 թվականի հունիսի 20, Թիֆլիս - 1972 թվականի դեկտեմբերի 18, Երևան), հայ խորհրդային քիմիկոս: Քիմիական գիտությունների դոկտոր (1956), պրոֆեսոր (1957), ՀԽՍՀ ԳԱ

թղթակից-անդամ (1968), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1961): ԽՄԿԿ անդամ 1947 թվականից: 1929 թվականին ավարտել է Երևանի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, 1933 թվականին՝ Երևանի մանկավարժական ինստիտուտի քիմիայի ֆակուլտետը: 1933 թվականից աշխատել է Երևանի պոլիտեխնիկական ինստուտուտում, 1940 թվականից՝ Երևանի քիմիայի կենտրոնական լաբորատորիայում, 1956 թվականից՝ նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտում: Ուսումնասիրել է արոմատիկ բնույթով տեղակալիչների ազդեցությունը էթիլենային կապի փոխազդման ունակության վրա: Վինիլային տիպի քլորիդների ծծմբաթթվային հիդրոլիզով ստացել է բազմակորիզ հիդրոարոմաաիկ կետոններ: Սինթեզել է ինդոլի շարքի ամինամիացություններ, մորֆինի ածանցյալներ, նոր ալկալոիդներ, ինչպես նաև ինդոքինոլիզիդինային, բենզաքինոլիզիդինային և ցիկլոհեքսանային շարքի նոր