ուսուցչական կադրեր պատրաստելու գործին: Թեմական դպրոցները եղել են արևելահայերի մշակութային, հասարակական կյանքի և աշակերտության քաղաքական պայքարի կենտրոններ: Սովետական իշխանության հաստատումից հետո Թեմական դպրոցները իրենց տեղը զիջեցին ժամանակակից միջնակարգ դպրոցներին:
ԹԵՄԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ, միջնակարգ կրթական հաստատություն Թավրիզում: Ատրպատականում Թեմական կենտրոնական դպրոց հիմնելու ծրագիրն առաջին անգամ (1894 թ.) ներկայացրել է ազգային կրթական գործիչ Մ. Ավետիսյանը: Հիմնադրվել է 1909 թ.-ին՝ բարերար Զոհրաբյանների կտակով և ժողովրդական միջոցներով: Գործել է մինչև իրանահայ դպրոցների փակումը (1936 թ.): Որպես տեսուչ աշխատել են Հ. Դավթյանը, Կ. Պիոնյանը, Գ. Հակոբյանը և ուրիշներ: Թեմական կենտրոնական դպրոցում դասավանդել են Հ. Աճառյանը, Հ. Տեր–Հակոբյանը (Հ. Իրազեկ), Ա. Հովհաննիսյանը, Լ. Գրիգորյանը, Հ. Թադևոսյանը, Է. Աֆթանդիլյանը, Ա. Ալչուջյանը և ուրիշներ: Գոյության 27 տարիների ընթացքում տվել է հարյուրավոր շրջանավարտներ:
ԹԵՄԱԿԱՆ ՏԵՍՈԻՉ, արևելահայ թեմերում հայկական դպրոցները ղեկավարող անձ: 1869 թ.-ին Ռուսաստանում ժողովրդական ուսումնարանների տեսչության ստեղծումից հետո, Էջմիածնի կաթողիկոսությունը 1873 թ.-ի դեկտեմբերին հաստատել է Թեմական տեսչի պաշտոնը: Յուրաքանչյուր թեմ ուներ մեկ տեսուչ, որին հաստատում էր կաթողիկոսը: Թեմական տեսուչը ենթակա էր թեմի առաջնորդին: Նրա տնօրինության տակ էին ազգային բոլոր դպրոցները (բացի թեմական հոգևոր դպրոցներից), կարող էր նշանակել և ազատել ուսուցիչներին, լուծել դպրոցների հոգաբարձական և ուսուցչական մարմինների միջև ծագած վեճերը, մշակել և առաջարկել ուսուցման նոր եղանակներ, կազմել դասագրքեր և այլն: Թեմական տեսուչ են եղել հայ կրթական գործի նշանավոր դեմքեր (Ղ. Աղայան, Պ. Պռոշյան, Գ. Բարխուդարյան, Հ. Տեր–Միրաքյան, Տ. Ռաշմաճյան և ուրիշներ): Թեմական տեսչի պաշտոնը վերացել է 1918 թ.-ին:
ԹԵՄԵՐ, բանակաթեմեր (հունարեն եզակի թիվ θέμα), ռազմա–վարչական շրջաններ Բյուզանդիայում: Առաջացել են 7-րդ դ. Փոքր Ասիայում Բյուզանդիայի արևելյան շրջանները հարձակումներից պաշտպանելու համար: Թեմերի գլուխ կանգնած էին ստրատեգները, որոնք ունեին ռազմական և վարչական իշխանություն: 9-րդ դ. Թեմերի համակարգը տարածվել է Բալկաններում, Հարավային Իտալիայում, Հարավային Ղրիմում: Թեմեր ստեղծվել են նաև Բյուզանդիայի արևելյան մասերում՝ հայկական հողերի վրա (տես Արմենիական բանակաթեմեր, Արմենիակների բանակաթեմ): 13-րդ դարից կորցրել են իրենց նշանակությունը:
ԹԵՄԶԱ (Thames), գետ Մեծ Բրիտանիայի հարավում: Երկարությունը 334 կմ է, լայնությունը Լոնդոնի սահմանագծում՝ 200–250 մ, ավազանը՝ 15,3 հզ. կմ 2: Սկիզբ է առնում Կոտսուոլդ բարձրությունից և, առաջացնելով ձագարաձև էստուարներ, թափվում Հյուսիսային ծով: Կա ինտենսիվ նավագնացություն: Ծովային նավերը բարձրանում են մինչև Լոնդոն, օվկիանոսային նավերը՝ Տիլբերի: Ջրանցքներով կապված է Բրիստոլյան ծոցի և Իռլանդական ծովի հետ: Թեմզայի ափին են Լոնդոն, Օքսֆորդ, Ռեդինգ քաղաքները:
ԹԵՄԻԴԱ, Թեմիս (հուն. θέμιδα θέμις), իրավունքի, օրինականության և գուշակության աստվածուհին հին հունական դիցաբանության մեջ: Համապատասխանել է հռոմեացիների Յուստիցիա աստվածուհուն: Համարվել է նաև տիտանուհի, Զևսի կինն ու խորհրդատուն, Հորաների ու Մոյրերի մայրը (ըստ Էսքիլեսի՝ Պրոմեթևսի մայրը): Թեմիդան պատկերվել է կապած աչքերով (անկողմնակալության ու անկաշառության խորհրդանշան), արդարության կշեռքն ու առատության եղջյուրը ձեռքին, որը մարդկանց ազդարարում է Զևսի պատգամները: Թեմիդայի տաճարի քրմերը համարվել են օրենքի ծառաները: Փոխաբերական առումով Թեմիդա նշանակում է արդարադատություն և օրենք:
ԹԵՄԻՍ (θέμίς), օրենքն ու արդարությունը հսկող և հովանավորող աստվածուհի հունական դիցարանում, Գեայի և Ուրանոսի դուստրը: Ըստ դիցաբանության Զևսի հրամանով նա է աստվածների հավաք հրավիրել Օլիմպիոսում և ժողովրդական հավաքներ՝ երկրում: Նա մարդկանց հայտնել է նաև Զևսի գուշակումներն ու պատվիրանները: Պատկերվել է աչքերը ժապավենով կապված (որպես անաչառության խորհրդանիշ), մի ձեռքում կշեռք, մյուսում՝ առատության եղջյուր:
ԹԵՄԻՍՏՈԿԼԵՍ (θεμίστοχλής) (մ.թ.ա. մոտ 525 – մոտ 460 թթ.), աթենական քաղաքական գործիչ և զորավար: Մ.թ.ա. 493 թ. կամ 492 թ.-ից բազմիցս ընտրվել է արքոնտ և ստրատեգոս: Եղել է, այսպես կոչված «ծովային կուսակցության» (արտահայտում էր առևտրա–արհեստավորական խավերի և չքավորության շահերը) առաջնորդը: Քսերքսես 1-ինի արշավանքի ժամանակ Թեմիստոկլեսը վճռական դեր է կատարել համահունական դիմադրությունը կազմակերպելու և Սալամինի ծովամարտում (մ.թ.ա. 480 թ.) հույների հաղթանակն ապահովելու գործում: Եղել է Աթենական 1-ին ծովային միության ստեղծման (մ.թ.ա. 478 թ.) նախաձեռնողը: Մ.թ.ա. 487–486 թթ.-ի նրա բարեփոխումները (արքոնտներին վիճակահանությամբ ընտրելը և այլն) խթանել են աթենական ստրկատիրական դեմոկրատիայի հետագա զարգացումը: Մ.թ.ա. 471 թ.-ին վտարվել է Աթենքից, հետագայում՝ հեռակա կարգով դատապարտվել մահվան: Թեմիստոկլեսը փախել է Պարսից արքա Արտաքսերքսես 1-ինի մոտ: Մի շարք անտիկ հեղինակներ (Հերոդոտոս, Արիստոտել) թերագնահատել են Թեմիստոկլեսին և նրա գործունեությունը, մյուսները (Թուկիդիդես, Պլուտարքոս և ուրիշներ) արժանին են հատուցել նրան:
ԹԵՄՈՒՐՅԱՆՆԵՐ, Թամուրյաններ, Մավերաննահրում, Խորեզմում, Խորասանում և այլ տերիտորիաներում 1370–1507 թթ.-ին կառավարած դինաստիա: Հիմնադիրն էր Լենկթեմուրը 15-րդ դ. սկզբին Թեմուրյանները կազմավորեցին երկու պետություն. Լենկթեմուրի կրտսեր որդի Շահռուղինը (1409–1447 թթ.)՝ Հերաթ (Խորասան) կենտրոնով, և նրա որդի Ուլուգբեկինը՝ Սամարղանդ կենտրոնով: 16-րդ դ. սկզբին ֆեոդալական պատերազմներից թուլացած Թեմուրյանների տիրապետությունն անկում ապրեց և նրանց տիրույթները նվաճեցին ուզբեկները: Թեմուրյաններից Բաբուրը (1483–1530 թթ.) Հնդկաստանում հիմնեց Մեծ Մողոլների դինաստիան:
ԹԵՅ (Thea), 1. թեյազգիների ընտանիքի բույսերի ցեղ: Հայտնի է 2 տեսակ՝ չինական թեյ, հնդկական թեյ: Վայրի վիճակում աճում է Հարավ–Արևելյան Ասիայում: Մշակվում է արևադարձային և խոնավ մերձարևադարձային շրջաններում՝ Հնդկաստանում, Շրի Լանկայում, Չինաստանում, Ինդոնեզիայում, իսկ ՍՍՀՄ–ում՝ Վրացական և Ադրբեջանական ՍՍՀ–ներում, Կրասնոդարի երկրամասում: Թեյի մշակության հնագույն կենտրոնը Չինաստանն է: Հոլանդացիները թեյը Եվրոպա են ներմուծել 1641 թ.-ին: Հայաստանում օգտագործվում է 18-րդ դարից: Խաչաձև փոշոտվող, ջերմասեր, խոնավասեր բույս է, ծաղիկները սպիտակ կամ վարդագույն են՝ 5–7 պսակաթերթիկներով: Պտուղը տուփիկ է: Բազմանում է սերմերով, կտրոններով, բողբոջներով (աչքերով): Տերևներն օգտագործում են հատուկ մշակումից հետո: Պարունակում է կոֆեին, տաննիդներ, եթերային յուղեր, վիտամիններ (P, C, B1, B2), պիգմենտներ: 2. Ըմպելիք, պատրաստում են թեյի հատուկ մշակված տերևները թրմելով: Պարունակում է կոֆեին, թեոֆիլին, որոնց շնորհիվ թեյն օժտված է կենտրոնական նյարդային համակարգը գրգռող, օրգանիզմը տոնուսավորող, սրտի պսակաձև արյան անոթները լայնացնող և միզամուղ հատկությամբ: Եթերային յուղերը թեյին տալիս են անուշահոտություն և ունեն գրգռիչ ազդեցություն: Դաբաղանյութերով որոշվում են համը, գույնը, տտիպությունը, P-վիտամինային և հակաբակտերիային ակտիվությունը: Թեյում կան նաև վիտամիններ (C, B1, B2), օրգանական թթուներ և պիգմենտներ:
ԹԵՅԱՐ ԴԸ ՇԱՐԴԵՆ (Teilhard de Chardin) Պիեռ (1881 թ. մայիսի 1-ին, Սարսենա, Կլերմոն–Ֆեռան քաղաքի մոտ – 1955 թ. ապրիլի 10-ին, Նյու Յորք), ֆրանսիացի հնէաբան, փիլիսոփա, աստվածաբան: Սինանթրոպոսի հայտնաբերողներից: Նրա ուսմունքի մեթոդաբանական սկզբունքն էվոլյուցիայի՝ քրիստոնեական էվոլյուցիոնիզմի գաղափարն է: Ըստ նրա, մարդը էվոլյուցիայի գագաթնակետն է: Փորձելով վերացնել հավատի և գիտելիքի հակադրությունը, նա գտնում էր, որ կրոնը պետք է միանա գիտությանը և դառնա առաջնթացի որոշիչ գործոն՝ գործողության կրոն: Գտնելով, որ էվոլյուցիայի շարժումն ու ուղղությունը պայմանավորված է հատուկ էներգիայով, որն ունի հոգևոր բնույթ և ներքնապես բնորոշ է մատերիային, նա իր ըմբռնումներին հաղորդել է աստվածաբանական քրիստոնեական իմաստ: Սակայն, Թեյար դը Շարդենի ուսմունքի՝ թեյարականության մատերիալիստական, դիալեկտիկական կողմնորոշումը, լավատեսությունը, հումանիզմը և կոլեկտիվիզմը այն տարբերում են բուրժուական փիլիսոփայական ուղղություններից:
Երկեր՝ CEuvres, t. 1–9, P., 1955–1965; Феномен человека, nep. c французского, M., 1965.