րել»), 4. իմաստի շրջում, երբ բառը ձեռք է բերում իր նախնական իմաստին հակառակ նշանակություն՝ պահպանելով կամ կորցնելով նախկին իմաստը (պարապել՝ հնում միայն անգործ լինել, այժմ՝ զբաղվել մի գործով, գլխավորապես՝ մտավոր, հետազոտական, նախկին իմաստը պահպանվել է պարապ լինել և նման ժողովրդա-խոսակցական բառերում): Ի-յան ենթարկվում են նաև քերականական ձևերը, կ եղանակիչով կազմված բայաձևերը՝ կասեմ, կուտեմ ևն, սկզբնապես ցույց են տվել ներկա ժամանակ, այժմ գրական արևելահայերենում ունեն ապառնիի իմաստ, իսկ գրական արևմտահայերենում պահել են նախկին նշանակությունը։ Ի. սովորաբար կատարվում է լեզվի պատմական զարգացման ընթացքում, բնական ճանապարհով (բնական Ի.), երբեմն էլ արդյունք է լեզվաբանների և այլ մասնագետների միջամտության (արհեստական Ի.), վերջին դեպքում բառերը (հաճախ մոռացված) որոշակի իմաստով սկսում են գործածվել մասնագիտական գրականության մեջ իբրև գիտական տերմիններ։
ԻՄԱՑԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ իմացության տեսություն, գնոսեոլոգիա (հուն, γνῶσις - իմացություն և …լոգիա), փիլիսոփայության բաժին, ուսումնասիրում է ճանաչողության բնույթը և հնարավորությունները, գիտելիքի հարաբերությունը իրականությանը։ Հետազոտում է ճանաչողության ելակետային նախադրյալները (հիմնական և ընդհանուր պայմանները), որոնք ապահովում են օբյեկտիվ ճշմարտության բացահայտումը։ Ի-յան խնդիրներն ու հարցերը փիլիսոփայության զարգացմանը զուգընթաց փոփոխվել են։ Հին հուն. փիլիսոփայության մեջ կենտրոնական հարցը գիտելիքի ու կարծիքի, ճշմարտության և մոլորության հարաբերությունն էր։ Միջնադարում իմացաբանական խնդիրները ձեռք են բերում աստվածաբանական գունավորում։ Ի-յան մեջ խիստ հետաքրքրական է նոմինալիզմի ու ռեալիզմի վեճը ունիվերսալիաների շուրջը։ Նոր ժամանակում (XVII դարից սկսած) Ի-յան մեջ կենտրոնականը գիտելիքի հիմնավորման և ձեռքբերման խնդիրն է։ Ի. դառնում է փիլիսոփայության ոչ միայն հատուկ, այլև կարևոր բաժիններից։ Ի. կողմնորոշվում է դեպի գիտությունը։ Դիտական ճանաչողության ուղիների փիլ. իմաստավորումը ընդունում է երկու ծայրահեղ ձև՝ ըստ հավաստի գիտելիքի ձեռքբերման տարբեր ըմբռնումների։ Ձևավորվում է էմպիրիզմը (Ֆ. Բեկոն, Ջ. Լոկ, մասամբ՝ Թ. Հոբս): Ավելի ուշ, փորձի սահմանափակությունների և անհատի սուբյեկտիվ-հոգեբանական ճանաչողական հնարավորությունների բացահայտման հիման վրա, որպես ծայրահեղություններ, ծագում են սկեպտիցիզմը (Դ. Հյում) և սուբյեկտիվ իդեալիզմը (Ջ. Բերկլի): էմպիրիզմին հակադրվում է ռացիոնալիզմը (Ռ. Դեկարտ, Բ. Սպինոզա, Գ. Վ. Լայբնից): ճանաչողության սուբյեկտիվ-հոգեբանական հիմքերի արմատական քննադատությունն ամբողջական արտահայտություն գտավ Ռ. Դեկարտի փիլ. ուսմունքում։ Ի-յան առջև ծառացավ ճանաչողական գործունեության նախադրյալների հարցը։ Նախորդ փիլիսոփայությանը բնորոշ մարդու և աշխարհի հակադրումը փոխարինվեց սուբյեկտի և օբյեկտի հակադրումով, որը և դարձավ հետագա ողջ փիլիսոփայության և Ի-յան հիմնական խնդիրներից մեկը։ Սուբյեկտ-օբյեկտ փոխհարաբերության խնդրի նոր ուղղության սկզբնավորումը դրսևորվում է Լայբնիցի փիլ. համակարգում, ուր առաջին անգամ արտահայտվել են գիտելիքի զարգացման ժառանգորդության և սուբյեկտի ներքին ակտիվության գաղափարները։ Գերմ. դասական փիլիսոփայությունը, զարգացնելով սուբյեկտի և օբյեկտի փոխհարաբերության խնդիրը, այն հարստացնում է նոր մոտեցումներով։ Ի-յան խնդիրները աղերսվում են գործնական և ճանաչողական գործունեության ձևերի պատմական զարգացման ուսումնասիրմանը։ Կանտը փորձում էր կառուցել այնպիսի Ի., որը անկախ լիներ ինչպես գոյաբանական, այնպես էլ հոգեբանական իրողությունից։ Նա ենթադրում էր իրականության կախվածությունը ճանաչողությունից. օբյեկտը և սուբյեկտը գոյություն ունեն լոկ որպես ճանաչողական գործունեության ձևեր։ Նա ձգտում էր ստեղծել «զուտ» Ի., անկախ գոյաբանական նախադրյալներից («զուտ գնոսեոլոգիզմը» պատկանում է արդեն նեոկանտականությանը): Կանտից հետո փիլ. մտքի զարգացումն ընթանում էր Ի-յան, տրամաբանության և գոյաբանության միացման ուղիով։ Այսպիսի ըմբռնման որոշակի փորձ էր Հեգելի Ի., որը ձգտում էր իդեալիստական դիրքերից հաղթահարել խզումը մտածողության ձևերի ու օրենքների և օբյեկտիվ աշխարհի օրենքների միջև։ Նրա փիլ. համակարգում հիմնականը կեցության և մտածողության նույնության դրույթն էր։ Իդեալիստորեն մեկնաբանված այդ դրույթի հիման վրա նա միացրեց գոյաբանությունը, Ի. և տրամաբանությունը, առաջին երկու բնագավառը տարրալուծելով տրամաբանության մեջ։ Նրա համար բնության օրենքները տրամաբանության օրենքներն են։ Ի-յան խնդիրների գիտ. բացատրությունը հնարավոր եղավ միայն Կ. Մարքսի, Ֆ. էնգելսի և Վ. Ի. Լենինի մշակած դիալեկտիկական մատերիալիզմի հիման վրա։ Նրանք ցույց տվեցին, որ փիլ. որևէ սկզբունքային խնդրի առաջադրում ելնում է փիլիսոփայության հիմնական հարցի լուծումից։ Իմացաբանական տեսակետից այդ հարցը դիտարկում է իմացության արդյունքների հարաբերությունը իրականությանը, բնօրինակ-օբյեկտին։ Փիլիսոփայության հիմնական հարցի մյուս կողմը աշխարհի ճանաչելիության մասին հարցն է։ Դիալեկտիկական մատերիալիզմը, նշելով աշխարհի սկզբունքային ճանաչելիության հնարավորությունը, բացահայտում է ագնոստիցիզմի իմացաբանական արմատները։ Մարքսիստական փիլիսոփայությունը հաղթահարեց գոյաբանության ու Ի-յան խզումը՝ մարդու պրակտիկ գործունեության պրոցեսում սուբյեկտի ու օբյեկտի դիալեկտիկայի ըմբռնման հիման վրա։ Մարքսիստական Ի. սուբյեկտը կապում է օբյեկտին, ելնելով այն իրական հիմքից, որով նրանք միացած են պատմության մեջ։ Սուբյեկտը չի հանգում միայն գիտակցությանը, հետևաբար և նրա դիալեկտիկան չի սահմանափակվում մարդկային մտածողության գործունեությամբ։ Մարդկանց պատմական պրակտիկայում կատարվում է սուբյեկտի և օբյեկտի առավել ամբողջական համընկնում։ Մարքսիստական Ի. զարգացրել է դիալեկտիկայի, տրամաբանության և Ի-յան համընկնման մասին դրույթը։ Մատերիալիստական «…դիալեկտիկան, Մարքսի ըմբռնումով, նաև համաձայն Հեգելի, իր մեջ ներառում է այն, ինչ այժմ կոչում են իմացաբանություն, գնոսեոլոգիա, որը իր առարկան պետք է քննի հավասարապես պատմականորեն, ուսումնասիրելով և ընդհանրացնելով իմացության ծագումն ու զարգացումը, անցումը չիմացությունից իմացության» (Լենին Վ. Ի., երկ., հ. 21, էջ 54): Լենինը բազմիցս նշել է, որ «դիալեկտիկան է հենց (Հեգելի և) մարքսիզմի իմացաբանությունը», որը ուսմունք է զարգացման օրենքների մասին (երկ., հ. 38, էջ 459): Տես նաև դիալեկտիկական տրամաբանություն։ Մարքսիզմի դասականները առաջադրեցին պրակտիկայի գաղափարը և այն ներառեցին Ի-յան մեջ՝ որպես իմացության հիմք ու նպատակ և ճշմարտության չափանիշ։ Դիալեկտիկական մատերիալիզմի Ի-յան հիմքում ընկած է արտացոլման տեսությունը։ Արտացոլումը ըմբռնվում է որպես բարձր կազմակերպված մատերիայի (կենդանիների ու մարդու) և անօրգանական բնության ընդհանուր հատկություն։ Արտացոլումը զգայական ու ռացիոնալ ճանաչողության դիալեկտիկական փոխազդեցությունն է, մտավոր և պրակտիկ գործունեությունը, որի ընթացքում մարդը ակտիվորեն հարմարվում է շրջապատող աշխարհին, ներգործում նրա վրա ու փոփոխում, հարմարեցնում այն իր նպատակներին։ Իմացությունն ընթանում է ոչ թե մեզնից դուրս տրված որոշ օբյեկտների հայեցողությամբ, այլ իրերի էության մեջ խորանալու համար, որոշակի «իդեալական օբյեկտներ» ձևավորելու ուղիով։ Արտացոլման ընթացքը, այսպիսով, ըմբռնվում է մատերիական և իդեալական ստեղծագործության ընթացքի հետ անխզելի կապով։ Ի-յան պատմությունը ապացուցում է, որ փիլիսոփայության այս բնագավառը առավել կապված է գիտությանը, առանձին դեպքերում հանդես գալով որպես քննական վերլուծություն և մեկնաբանություն (ինչպես, օրինակ, Կանտի Ի. դասական մեխանիկայի փիլ. իմաստավորման փորձ էր): Սակայն Ի. գիտությունից վեր կանգնած մետագիտություն չէ. այն ձևավորվել է որպես փիլ. գիտելիքի բնագավառ։ Գիտության իմացաբանական մեկնաբանությունը սկսվում է այն դեպքում, երբ տեսական կառուցվածքները մեկնաբանվում են իրականությանը համապատասխանելու (ճշմարտության) տեսանկյունից։ Ի. միշտ եղել և մնում է փիլ. գիտելիքի հատուկ բնագավառ և այն չի կարելի զատել հիմնական աշխարհայաց֊