Եթե ձայնը տարածվում է չկլանող համասեռ անսահման միջավայրում (բացակայում են բեկումն ու անդրադարձումը), ապա ճնշման և արագության միջև փուլերի շեղում չկա, այսինքն՝ տեսակարար իմպեդոն վերածվում է իրական թվի և կոչվում է միջավայրի ալիքային դիմադրություն։ Այն արտահայտվում է միջավայրի խտության և ձայնային ալիքի փուլային արագության արտադրյալով և համանման է էլեկտրատեխնիկայում կիրառվող ալիքային դիմադրություն հասկացությանը։ Միավորների միջազգային համակարգում ձայնական իմպեդոն չափվում է նվրկ/մ5 միավորով, իսկ CGS համակարգում՝ դին•վրկ/սմ5-ով (ձայնագիտական օհմ)։ Իմպեդոյի հասկացությունը կարևոր է ձայնի տարածման միջավայրի հետ ձայնագիտական համակարգի (ձայնաճառագայթիչ, փող, խողովակ և այլն) համաձայնեցման խնդիրներում։
ԻՄՊԵՐԻԱԼԻԶՄ (լատ․ imperium – իշխանություն, տիրապետություն), մոնոպոլիստական կապիտալիզմ, կապիտալիզմի բարձրագույն և վերջին փուլ, սոցիալիստական հեղափոխության նախօրյակ։ Անցումը իմպերիալիզմին տեղի է ունեցել 19-րդ և 20-րդ դարերի սահմանագծում, երբ կապիտալիզմը կրեց որակական փոփոխություններ և գլխավոր կապիտալիստական երկրներում ձևավորվեց մոնոպոլիաների տիրապետությունը։ Կապիտալիզմի նոր դրսևորումների համակողմանի տեսական հետազոտության մեծ ծառայությունը պատկանում է Վ․ Ի․ Լենինին։ Իմպերիալիզմի հարցերը լուսաբանված են նրա մի շարք աշխատություններում, սակայն ամփոփ, խոր ու համակողմանի վերլուծությունը տրված է «Իմպերիալիզմը որպես կապիտափզմի բարձրագույն ստադիա» գրքում, որը դիտվում է իբրև Կ․ Մարքսի «Կապիտալ»-ի անմիջական շարունակությունն ու զարգացումը։ Կիրառելով մատերիալիստական դիալեկտիկայի մեթոդը, տեսական ու փաստական հարուստ նյութի վերլուծության հիման վրա, Լենինը եկավ այն եզրակացության, որ կապիտալիզմի նոր դրսևորումների ամբողջությունը նշանակում է «…անցումը քանակից դեպի որակ, անցումը զարգացած կապիտալիզմից դեպի իմպերիալիզմ» (Երկեր, հատոր 22, էջ 355):
19-րդ դարի վերջին, 20-րդ դարի սկզբին զարգացած կապիտալիստական երկրներում կապիտալի և արտադրության բարձր տեմպերով համակենտրոնացման ու կենտրոնացման հետևանքով, ազատ մրցակցության հիման վրա, առաջացան նոր էական պրոցեսներ։ Հասարակական արտադրությունը հիմնականում կենտրոնացավ սակավաթիվ խոշորագույն ձեռնարկություններում, ստեղծվեցին հզոր մոնոպոլիաներ (տես Մոնոպոլիա կապիտալիստական)։ Համանման պրոցես է տեղի ունենում նաև բանկային գործում։ Մրցակցային պայքարի ընթացքում ավելի խոշոր բանկերը միմյանց հետ համաձայնության են գալիս և իրենց կամքը թելադրում մանրերին։ Նրանք նախկին համեստ միջնորդի դերը կատարելուց վերաճում են տնտեսապես հզոր մոնոպոլիաների, որոնք հսկում և ուղղություն են տալիս արդյունաբերական կապիտալի գործունեությանը։ Խոշոր բանկերը տարբեր միջոցներով թափանցում են արդյունաբերության ոլորտը, իսկ արդյունաբերական կապիտալն իր հերթին ավելի ու ավելի սերտորեն է կապվում բանկերի հետ։ Մոնոպոլիաների տիրապետության պայմաններում տեղի է ունենում բանկային և արդյունաբերական կապիտալի սերտաճում, որն անխուսափելիորեն առաջ է բերում կապիտալի նոր ձև՝ ֆինանսական կապիտալ։ Ֆինանսական կապիտալի մագնատներն իրենց ձեռքում են կենտրոնացնում ամբողջ երկրի տնտեսական ու քաղաքական կյանքի լծակները․ ստեղծվում է քչերի տիրապետություն՝ ֆինանսական օլիգարխիա (տես Օլիգարխիա ֆինանսական), որը, այսպես կոչված «մասնակցության սիստեմի» և անձնական ունիայի միջոցով, վերահսկում է վիթխարի չափերի հասնող կապիտալը։ Այդ կապիտալի մի մասը երկրի ներսում բավարար շահութաբեր կիրառում չգտնելով, որպես «ավելցուկային» կապիտալ, արտահանվում է։ Կապիտալի արտահանումն առաջացնում է վերարտադրության նոր պայմաններ, դառնում արտաքին շուկաների և ազդեցության ոլորտների համար մղվող պայքարի հզոր զենք, սերտորեն կապվում աշխարհի տնտեսական և քաղաքական տերիտորիալ բաժանման հետ։ Կապիտալի արտահանումը, որը իմպերիալիզմի ժամանակ արտաքին տնտեսական կապերի որոշիչ ձևն է, միջազգային մոնոպոլիստական միությունների (տես Միջազգային մոնոպոլիաներ) միջև աշխարհի տնտեսական բաժանումը դարձնում է «անհրաժեշտություն»։ Սակայն աշխարհի տնտեսական բաժանումն այս կամ այն շուկայի և ազդեցության ոլորտի մենաշնորհի պահպանման հաստատուն երաշխիք չի ապահովում և չի վերացնում սուր, մրցակցային պայքարը միջազգային կարտելների անդամների միջև։ Մոնոպոլիաների համար առավել ամուր հիմք է ստեղծում գաղութատիրությունը։ Գաղութներում հիմնականում վերանում է արտաքին մրցակցության առաջացման վտանգը, երաշխավորվում առկա և պոտենցիալ տնտեսական ռեսուրսների շահագործման մենաշնորհը։ Այդ իսկ պատճառով՝ մոնոպոլիստական կապիտալիզմը ձգտում է ընդլայնել գաղութային զավթումների շրջանակները 19-րդ և 20-րդ դարերի սահմանագծում գլխավոր իմպերիալիստական երկրների միջև աշխարհի տերիտորիալ բաժանումը հիմնականում ավարտվեց։ Տնտեսապես թույլ զարգացած երկրների մեծամասնությունը գաղութացվեց կամ խճճվեց տնտեսական, ֆինանսական և քաղաքական կախվածության ցանցում։ Բայց աշխարհի տերիտորիալ բաժանումը վերջնական չէր։ Կապիտալիզմին բնորոշ է զարգացման անհամաչափությունը. ժամանակի ընթացքում իմպերիալիստական երկրների ուժերի հարաբերակցությունը փոխվում է և սկսվում է նոր պայքար՝ աշխարհի վերաբաժանման համար, որն ընդունում է ռազմական կործանիչ բախումների և համաշխարհային պատերազմների տեսք։
Ժամանակակից կապիտալիզմի զարգացման պրոցեսը վկայում է իմպերիալիզմի հիմնական տնտեսական հատկանիշների դրսևորումների հետագա խորացման մասին։ Այսպես, 20-րդ դարի սկզբին մոնոպոլիաները գերիշխում էին ծանր ինդուստրիայի որոշիչ ճյուղերում, դարի երկրորդ կեսում՝ ամբողջ նյութական արտադրության մեջ։ Մոնոպոլացման պրոցեսն ընդգրկել է նաև գյուղատնտեսությունը, ձևավորվել է մոնոպոլիստական ագրարային կապիտալը։ Մոնոպոլիստական հսկողության ասպարեզ է դարձել ոչ արտադրական ոլորտը։ Արդի պայմաններում խոշոր կոնցեռնը միավորում է ոչ միայն արդյունաբերական ձեռնարկություններն ու բանկերը, այլև առևտրա–վաճառահանման ցանցը, որը սերտորեն շաղկապված է ծառայությունների ոլորտի հետ։ Մասնագիտացված մոնոպոլիաների փոխարեն առավել տարածուն են դառնում մոնոպոլիստական բազմաճյուղ միավորումները՝ կոնգլոմերատները։ Նման ֆիրմաների մրցունակությունը շատ բարձր է, որը հնարավորություն է տալիս կլանել կամ կախվածության մեջ դնել բազմաթիվ մանր արտադրողների, նույնիսկ՝ իրենց հզոր հակառակորդներին։ Սակայն մանր արտադրությունը ամբողջովին չի վերանում, մոնոպոլիաներն այն օգտագործում են հօգուտ իրենց շահերի։ Իմպերիալիզմի զարգացման սկզբնական շրջանում պետական–մոնոպոլիստական ձեռնարկատիրությունը (տես Պետական–մոնոպոլիստական կապիտալիզմ) նշանակալի տեղ չէր գրավում կապիտալիստական երկրների էկոնոմիկայում։ Ժամանակակից իմպերիալիստական երկրներում կան պետական բազմաթիվ մոնոպոլիաներ։ Առավել արագ տեմպերով է ընթանում բանկային կապիտալի համակենտրոնացումը, կրճատվում է խոշորագույն բանկերի թիվը, մեծանում դրանց ակտիվների ընդհանուր գումարը։ Կառուցվածքային փոփոխություններ է կրել ֆինանսական կապիտալը։ Փոխատվական կապիտալի համակենտրոնացումն ու կենտրոնացումը այժմ իրականացնում են ոչ միայն բանկային մոնոպոլիաները, այլև ինվեստիցիոն տրեստներն ու ապահովագրական ընկերությունները։ Ժամանակակից ֆինանսական կապիտալն ընդգրկում է մոնոպոլիաների բոլոր այդ ձևերը։ Իմպերիալիզմի սկզբնական շրջանում գերիշխողը արդյունաբերական մոնոպոլիաներն էին, արդի փուլում՝ ֆինանսական խումբն է, որն իրենից ներկայացնում է արդյունաբերական, բանկային և ապահովագրական մոնոպոլիաների միավորում՝ դրանցից խոշորագույնի գլխավորությամբ։ Որոշակի փոփոխություններ է կրել նաև ֆինանսական օլիգարխիայի կառուցվածքը։ Մոնոպոլիստական բուրժուազիայի ներսում ձևավորվել է հիերարխիան։ 20-րդ դարի սկզբի համեմատ աճել է կապիտալի արտահանման ծավալը, էապես փոխվել են կառուցվածքը, աշխարհագրական ուղղությունները և զգալիորեն պետականացվել։ Կապիտալի հիմնական արտահանողի դերը 1950–1960-ական թվականներին Մեծ Բրիտանիայից անցել է ԱՄՆ–ին։ Սկզբում կապիտալն արտահանվում էր հիմնականում շահույթ ստանալու համար, ներկայումս՝ գերազանցապես ռազմա–ստրատեգիական նկատառումներով։ Զարգացող երկրներին «օգնություն» ցույց տալու պատրվակով իմպերիալիստները ձգտում են դրանցում նեոգաղութատիրություն սերմանել։ Մինչև առաջին համաշխարհային պատերազմը կապիտալն արտահանվում էր հիմնականում